[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ ՀՐԱՀՐՎԵԼ ԷԻՆ ՎԱՏ ՖԻԼՄԻ՞, ԹԵ՞ ՎԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Մուհամմեդ մարգարեին ծաղրող և իսլամը վարկաբեկող ամերիկյան սիրողական ֆիլմն անցյալ շաբաթ զանգվածային և կատաղի հակաամերիկյան ցույցերի սանձազերծման պատճառ դարձավ ամբողջ աշխարհում։  
Մոլեգնող ցույցերը մահացու ավարտ ունեցան, երբ անհայտ հարձակվողները գրոհեցին Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող՝ Միացյալ Նահանգների հյուպատոսարանը՝ սպանելով  Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին և երեք աշխատակիցների։ 
Մի շարք երկրներում անվտանգության ուժերը սպանեցին տասնյակ ցուցարարների, քանի որ նրանք այրել էին ամերիկյան դրոշները և բարձրացել ԱՄՆ դեսպանատների պատերի վրա։
Կրակի վրա յուղ լցրեց սկզբնական հաղորդման մեջ հնչած այն կեղծ պնդումը, թե ֆիլմը նկարահանել և ֆիանասավորել են իսրայելցիները։ Իրականում այն նկարահանվել էր Հարավային Կալիֆոռնիայում՝  եգիպտացի քրիստոնյա դատապարտյալի կողմից, ում ֆիլմը խստորեն քննադատել էր Լոս Անջելեսի ղպտի եկեղեցու եպիսկոպոս Սրապիոնը։
Սակայն իսկական խնդիրը գարշելի ֆիլմից և դրա անխոհեմ ռեժիսորից ավելի հեռուն է գնում։ Ֆիլմը ցուցարարների համար պարզապես պատրվակ ծառայեց` արտահայտելու տասնամյակների ընթացքում կուտակած իրենց հակաամերիկյան ցասումը Միացյալ Նահանգների արատավոր և անարդյունավետ քաղաքականության հանդեպ։ Սակայն սա չի արդարացնում ամերիկյան դիվանագետների սպանությունն ու ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները։
 Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի լուրջ բացթողումների բավականին երկար ցանկը կարող է բազմաթիվ հատորներ լրացնել։ Անկախ նրանից, թե այն կկոչվի ՙարաբական գարուն՚ կամ ՙդժգոհության ձմեռ՚, երրորդ աշխարհի պետությունների ոտնահարված զանգվածները, ի վերջո, հակաամերիկյան զայրույթով բռնկվեցին՝ երկար ժամանակ հանդուրժելուց հետո Վաշինգտոնի կողմից  հովանավորվող դաժան բռնակալներին։ Հաճախ ամերիկյան քաղաքական գործիչները կարճատև և անհեռատես նպատակների հասնելու համար վնասում են Միացյալ Նահանգների հեռագնա շահերը։
Միացյալ Նահանգների մեկ այլ ցավալի սխալը օտարերկրյա կոռումպացված ղեկավարների գրպանները միլիարդավոր դոլարներով լցնելն է՝  մարիոնետների վարչակարգերին նեցուկ կանգնելու և նրանց բարեկամությունը գնելու համար։ Ցավոք, ամերիկյան այս շռայլության չնչին մասն է հասնում աղքատներին և կարիքավորներին։ Ի վերջո, զանգվածները տապալում են բռնակալներին և իրենց զայրույթը թափում Միացյալ Նահանգների մոտակա թիրախի՝ ամերիկյան դեսպանատան և դրոշի վրա, դրանք համարելով իրենց կեղեքման և թշվառության խորհրդանիշները։
Այնուհետև Վաշինգտոնում երկարատև կոնգրեսական լսումներ են տեղի ունենում, քանի որ օրենսդիրների մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ են այսքան շատ օտարերկրյա ղեկավարներ դարձել հակաամերիկյան, և նրանց կոռումպացված նախորդներն ի՞նչ են արել Միացյալ Նահանգների արտաքին օգնության միլիարդավոր դոլարները։ Փոխանակ քայլեր ձեռնարկելու՝ համոզվելու համար, որ Միացյալ Նահանգների կողմից հատկացված օգնությունը հասնում է հասարակության ամենակարիքավոր խավերին, Կոնգրեսը հաճախ սպառնում է կասեցնել ամբողջ օգնությունը՝ նոր ղեկավարներին դաս տալու համար, դրանով իսկ նրանց էլ ավելի շատ թշնամացնելով։
Առավել խնդրահարույցն այն վտանգավոր դերն է, որ Միացյալ Նահանգները խաղում է տարածաշրջանային հակամարտություններում։ Շահերի թյուրըմբռնման պատճառով ամերիկյան պաշտոնատարները շատ հաճախ օգտագործում են իրենց երկրի ծանր կշիռը` ամենուրեք խրվելով անհարկի պատերազմների մեջ կամ կողմնակալ դիրք բռնելով, մինչդեռ հավասարակշռված մոտեցումը կարող էր ավելի արդյունավետ դարձնել հակամարտությունների խաղաղ կարգավորման միջնորդությունը։
Շրջահայեցությունը հատկապես անհրաժեշտ է ընտրական տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների նախագահական թեկնածուները չափազանց կողմնակալ հայտարարություններ են անում քվեարկող տարբեր շրջանակների շահերն առաջ քաշելու համար։ Մի անզգույշ ելույթ կարող է հեռահար հետևանքներ ունենալ՝ գցելով Ամերիկայի վարկանիշը և վանելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
Արաբների և մահմեդականների մեծ մասը համոզված է, որ Ամերիկան անաչառ միջնորդ չի եղել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման մեջ։ Դրա հետևանքով նրանք մեծ վրդովմունքով և խորը զայրույթով են համակված Միացյալ Նահանգների հանդեպ։ Ցանկացած սադրանք, ինչպիսին Ղուրանի այրումն է կամ հակամահմեդական ֆիլմերի նկարահանումը, առաջ կբերի կատաղի հակազդեցություն։ Քանի որ Միացյալ Նահանգների օրենքները պաշտպանում են անգամ ամենագարշելի խոսքերը, մարդիկ պետք է գիտակցեն, որ խոսքը հետևանք ունի, և պարզապես, եթե ինչ-որ բան ասելն օրինական է, դա չի նշանակում, որ խոհեմ է ամեն բան ասելը։ 
Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ աշխարհի ոչ բոլոր թշնամական գործողությունների համար պետք է մեղադրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Յուրաքանչյուր ռասա, կրոն և ժողովուրդ ունի թշնամական գաղափարախոսությամբ ոգեշնչված ծայրահեղականներ, որոնց միակ նպատակն անխնա ոչնչացնելն է։ Ցավոք, արևմտյան իշխանությունները և հասարակությունները հաճախ սխալմամբ մեղադրում են բոլոր նրանց, ովքեր ծայրահեղականների ռասայական և կրոնական նույն պատկանելիությունն ունեն, դրանով իսկ թշնամացնելով միլիոնավոր խաղաղ քաղաքացիների։ 
Բարեբախտաբար, համալսարաններում` մասնագետների և պետական կառույցներում՝ փորձագետների պակաս չի զգացվում, որոնք կարող են խորհուրդ տալ և դաստիարակել Միացյալ Նահանգների ղեկավարներին, որոնցից շատերը տարրական գիտելիքներ չունեն միջազգային հարաբերություների վերաբերյալ։ Դրա վառ օրինակն է նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի զրույցը իրաքցի երեք ամերիկացիների հետ։ Երբ նախագահին տեղեկացրել են, որ Իրաքում առկա են տարբեր տեսակի իսլամներ, նա իր հյուրերին հայտնել է, որ չգիտեր, թե այդ երկրում սունիներ և շիաներ կան։ ՙԵս կարծում էի, որ իրաքցիները մահմեդական են՚, պատասխանել է նախագահ Բուշը։
Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին։
 
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ 
թերթի հրատարակիչ և խմբագիր