[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԵՏՔ Է ՀԱՍՆԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱԿ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱԳՐԵՍՈՐ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՉԻ՚

altՌազմատուգանքն էլ, որպես կանոն, վճարում է պատերազմ սանձազերծած կողմը
Վերջին շաբաթվա լրահոսից տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի դիվանագիտական ծառայությունների  ղեկավարների հետ հերթական խորհրդակցությունն էր անցկացրել, որի ժամանակ ադրբեջանական պատմաբանների առաջ խնդիր էր դրել աշխատել ՙղարաբաղյան հակամարտության պատմական հիմքերն ուժեղացնելու ուղղությամբ՚։
Ըստ Ալիևի՝ իրավական հիմքերն ամուր են, հետևաբար,  առանձնակի անհանգստանալու կարիք չկա, բայց, ահա, պատմական կողմը հատուկ ուշադրություն է պահանջում։ 
Սույն տեղեկատվությանը ծանոթանալուց հետո կարող է բնական հարց ծագել. ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը որոշեց ուշադրությունը սևեռել հատկապես պատմության վրա։ Մեզ համար ամենևին էլ նորություն չեն ադրբեջանական վայ-պատմաբանների կատարած գործերը, որոնք ոչ այլ ինչ են, քան՝ պատմական փաստերի խեղաթյուրման կատարյալ նմուշներ։ Ադրբեջանի նախագահի հրահանգով հակահայկական ուղղվածության հազարավոր գրքեր են տպագրվում ու անվճար տարածվում աշխարհով մեկ։ Նպատակը մեկն է՝ միջազգային հանրության շրջանում թյուր կարծիք ստեղծել Արցախյան ազատամարտի մասին։ Այդ ուղղությամբ Ադրբեջանը ծախսում է միլիոնավոր դոլարներ, այդ քարոզչությանն են լծված աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական խոշոր նավթային ընկերությունների ոչ երկրորդական դեմքերը։ Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահի հանձնարարականում պետք է նկատել հակասականություն, որը նույնպես մեկնաբանության կարիք ունի։ Եթե չունես համոզիչ պատմական փաստարկներ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային հանրությանը ներկայացված՝ հիմնավորելու տարածքային պահանջներդ, ապա ինչպե՞ս ես հայտարարում, թե հակամարտության իրավական հիմքերն ամուր են։       
     Ադրբեջանի նախագահի սույն  հայտարարության  վերաբերյալ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆՆ իր կարծիքն ունի. ՙԻլհամ Ալիևը, որքան գիտեմ, պատմական գիտությունների թեկնածու է: Բայց քանի որ և՜ միջնակարգ, և՜  բարձրագույն կրթությունը ստացել է ռուսաց լեզվով, ըստ երևույթին, սեփական երկրի և ժողովրդի ՙպատմությունից՚ կատարյալ անտեղյակ է՚: Հանձնաժողովի նախագահը խորհուրդ է տալիս բացել Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը`( www. president.az,), որտեղ կարելի է կարդալ. ՙՍելջուկ թուրքերը, որոնք քոչվորական  կյանքով էին ապրում, 11-րդ դարում հայտնվեցին Արևելյան Անդրկովկասում՝  հանդիպելով հարուստ մշակութային արժեքների՚: Վ. Աթանեսյանի խոսքերով՝ դրանով, թերևս, ամեն ինչ ասված է. ադրբեջանցիներն իրենց ՙթուրք՚ են համարում: Իլհամ Ալիևին տանջում է քոչվորական կյանք ապրած սելջուկ թուրքի ժառանգ լինելու բարդույթը, ուստիև, մարդը մտադրվել է ազատվել դրանից: Բայց նրա մտավարժանքները, որ տիրաժավորվում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Բաքիխանովի անվան պատմության ինստիտուտում, Արցախի պատմական անցյալը և, մանավանդ ներկան, ոչնչով չեն կարող խեղաթյուրել: Վ. Աթանեսյանն ուշադրություն է հրավիրում այդ հանձնարարականի քաղաքական կողմի վրա՝ ասելով, որ Արցախի խնդրում Ադրբեջանը չունի իրավական հիմքեր: Եթե այդպիսիք լինեին, պատմությունը ՙնորովի գրելու՚ կարիք չէր զգացվի:
   Վերջին օրերի ադրբեջանական բարբաջանքներից մեկն էլ այդ երկրի տնտեսական զարգացման նախարարության հայտարարությունն էր, որը, բանից պարզվում է, հաշվարկել է այն վնասը, որ հանրապետությունը կրել է Հայաստանի կողմից իր տարածքների ՙօկուպացման՚ արդյունքում։ Գումարը կազմել է 431,5 մլրդ դոլար։ Ադրբեջանի ներկայացրած ֆինանսական պահանջների առնչությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն էր տվել ՙԱրմենպրես՚ լրատվական գործակալությանը, որում մասնավորապես ընդգծել է. ՙՀնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ՝ գնահատելու այն վնասը, որն Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ պաշտոնյան նշել է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության զանգվածային ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց, որը բերեց բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոյնչացման և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային։
    Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության հայտարարությունը, մեր խնդրանքով, մեկնաբանեց նաև  ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ում բնորոշմամբ, դա աբսուրդ է՝ թե՜ տնտեսագիտական և թե՜ իրավաքաղաքական առումով: ՙԵս հատուկ նայեցի և պարզեցի, որ ԽՍՀՄ 1990թ. պետական բյուջեն ծախսային մասով կազմել է մոտավորապես այնքան, որքան Ադրբեջանի ֆինանսական պահանջներն են։ Ստացվում է, որ ՙԼՂ-ի շուրջ ադրբեջանական շրջաններում՚ այնքան հարստություն է եղել, որքան ԽՍՀՄ-ը մեկ տարում ծախսո՞ւմ էր: Համեմատության համար ասեմ, որ նախակոնֆլիկտային վերջին տարում` 1987թ. , ԼՂԻՄ համախառն բյուջեն ընդամենը 71 մլն ռուբլի էր: Այս թվերը վկայակոչում են, քանի որ հարց է ծագում՝ ինչի՞ հաշվին է գոյատեւել ողջ խորհրդային տնտեսությունը:  Պետական բյուջեից արվող կապիտալ հատկացումների և պետգնումների հաշվին միայն, իսկ այդ գումարները նույնպես հաշվարկվել են ԽՍՀՄ-ի, միութենական հանրապետությունների և ինքնավար կազմավորումների բյուջեներում: Այնպես որ` դա ՙօդից վերցված՚ թիվ է՚,- ընդգծեց Արցախի խորհրդարանականը: 
Վ. Աթանեսյանի կարծիքով՝ դա չէ, սակայն, ամենաէականը. միջազգային պրակտիկայում չկա նախադեպ, երբ պատերազմ սանձազերծած կողմը մյուսին ներկայացնի փոխհատուցման պահանջ: Ընդհակառակը, ագրեսորին են պարտադրում ռազմատուգանք վճարել: Ուստիև, մենք պետք է այդ իրողությունը միջազգայնորեն ճանաչելու նպատակադրվածություն ցուցաբերենք և հասնենք նրան, որ ՄԱԿ-ը Ադրբեջանին ճանաչի ագրեսոր երկիր` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ