Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Սոչիի «անակնկալները»

 

Ամենեւին էլ պատահական չէր, որ Ստեփանակերտում հանրահավաք կազմակերպվեց Սոչիի եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախօրեին։ Այսօր արդեն կարելի է միանշանակ ձեւակերպել` արցախյան սպասումները չարդարացան։ Եւ, անկեղծ լինենք, դրանում արտառոց ոչինչ չկա։  Այսօր ունենք չափազանց բարդ իրավիճակ եւ հուսալ, թե մի «գագաթնաժողով» կտա բոլոր հարցերի պատասխանը, ընդ որում՝ մեզ համար ընդունելի «հանգուցալուծմամբ», չափազանցություն է։ Սոչիում, որքանով կարելի է պատկերացում կազմել տեղեկատվական «փշրանքներից» եւ մանավանդ Ռուսաստանի նախագահի ամփոփիչ խոսքից, դիվանագիտական «թեժ մրցամարտ» է ծավալվել։

Տարածված պաշտոնական Հայտարարության մեջ, այդուհանդերձ,  «անակնկալներ» կան։ Կողմերը ոչ միայն կարեւորել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը, այլեւ՝ նրա դերակատարության «պահանջվածությունը»։ Բանակցությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել էր, թե պատրաստ է խաղաղապահների ներկայությունը 10, 20 տարով երկարաձգելու մասին փաստաթուղթ ստորագրել։ Ադրբեջանի ընդդիմությունը, մինչդեռ, հակադարձել էր, որ «ժողովուրդը Իլհամ Ալիեւին նման լիազորություն չի տվել», եւ իրենք «պայքարելու են, որպեսզի ռուս խաղաղապահները հեռանան»։ Այս համեմատության մեջ խաղաղապահների դերակատարության «պահանջվածության» պաշտոնական ամրագրումը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիրն ամբողջ խորությամբ քննարկվել է, եւ Ադրբեջանը խաղաղապահների ներկայության երկարաձգման հարցը թողել է բաց։

Դա, իհարկե, երաշխիք չէ, որ Բաքուն երկուսուկես տարի հետո չի առարկի խաղաղապահ առաքելությունը եւս հինգ տարի շարունակելու առաջարկին կամ հենց ինքը նրանց հեռանալու պահանջ չի դնի,  բայց առկա իրավիճակում շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը դուրս է բերվում Հայաստան-Ադրբեջան կարգավորման ընդհանուր համատեքստից։ Եթե ավելի պարզ ասենք, ապա Բաքվում գտնում են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ռուս խաղաղապահների ներկայությունը կորցնում է նշանակությունը։ Սա խորքային ծրագրի հրապարակայնացվող բաղադրիչն է։ Իրականում ԼՂ-ում խաղաղապահ առաքելության չեղարկումը, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում, պետք է հանգեցնի Արցախի պետական ինստիտուտների, կառավարման եւ քաղաքական համակարգի «ապամոնտաժման», ինչին «պետք է հաջորդի վերաինտեգրացիան»։ 

Սոչիի բանակցությունների արդյունքում, ինչպես եռակողմ Հայտարարության տեքստից է հասկացվում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի ստորագրումը եւ ԼՂ-ում խաղաղապահ առաքելության «մանդատի» հարցն առանձնացվում են։ Գոնե ֆորմալ առումով համաձայնեցված երկրորդ էական հանգամանքն այն է, որ կողմերը պարտավորվում են այսուհետեւ ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Ըստ էության, այս սկզբունքը պետք է տեղ գտներ նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ, որովհետեւ երբ մարտական գործողությունները դադարում են, պատերազմն ավարտվում է, բոլոր հարցերը պետք է քննարկվեն եւ լուծում գտնեն խաղաղ բանակցությունների միջոցով, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան՝ երբեք։ 

Այդ ամրագրումը կարելի է հասկանալ նաեւ այն իմաստով, որ պայմանավորվածությունը խախտելու դեպքում Ռուսաստանն արդեն ազատ կլինի Ադրբեջանի հանդեպ պայմանագրային պարտավորվածությունից եւ ուղղակի ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Գործնականում դա բարդ է, բայց քաղաքական առումով, հավանաբար, Իլհամ Ալիեւի համար էլ հասկանալի է դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ ոտնձգություններն արդեն անհանդուրժելի են։ Սոչիի բանակցությունների մի համաձայնություն եւս անակնկալ է։ Կողմերը հայտարարել են Ռուսաստանի միջնորդությամբ կրոնական առաջնորդների մակարդակով շփումների անհրաժեշտության մասին։ Նման հանդիպումներ կազմակերպվել են նաեւ նախկինում, այդ թվում՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո, բայց քաղաքական հայտարարության մեջ առանձնահատուկ ընդգծել դրանց հետագա պահանջվածությունը՝ նշանակում է, որ, գուցե, աշխարհիկ ձեւաչափին զուգահեռ ստեղծվում է նաեւ հոգեւոր-կրոնական «բանակցությունների հարթակ»։

Այս հանգամանքը կարեւորվում է ավելի վաղ միջազգային մամուլում տարածված այն տեղեկատվության համատեքստում, որ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հռոմի պապին խնդրել է ուկրաինական կարգավորման բանակցություններ նախաձեռնելու հարցով խորհրդակցել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարքի հետ։ Նույն աղբյուների տեղեկացվածությամբ՝ Մակրոնը եւ Հռոմի պապը քննարկել են նաեւ «Կովկասի իրավիճակը»։ Դրան հաջորդել է Հայաստանի արտգործնախարարի այցը Վատիկան, որի ընթացքում նրան ընդունել է նաեւ Հռոմի պապը։ Վատիկանը սերտ կապեր ունի Իլհամ Ալիեւի հետ։

ԼՂ կարգավորման հարցում չափազանց սկզբունքային է Արցախի էթնիկ-մշակութային-քաղաքակրթական ինքնության խնդիրը։ Եւ եթե Սոչիի «գագաթնաժողովի» արդյունքում համաձայնեցվել է կրոնական առաջնորդների միջեւ շփումների վերականգնման անհրաժեշտությունը, ապա, թերեւս, պետք է սպասել ավելի ընդգրկուն քննարկումների։ Անշուշտ, սրանք նախնական դիտարկումներ են, գործընթացը շարունակում է մնալ փխրուն, Ադրբեջանի նկատմամբ վստահությունը՝ գրեթե զրոյական։ Շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ, այս դեպքում կախված է ուկրաինական ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հնարավոր համաձայնությունից։ Հակառակ դեպքում մրցակցությունը կտեղափոխվի նաեւ Հարավային Կովկաս։  

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ