Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄՈՍԿՎԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախօրեին՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրեց, զուգահեռ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվեց բազմահազարանոց հանրահավաք։ Նիստի արդյունքում ընդունված հայտարարությունում կային հույժ կարևոր ուղերձներ։ Նախևառաջ, Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որում ինքնիշխան Արցախի գոյությունը կասկածի տակ կդրվի։ ԱՀ խորհրդարանը նաև Ռուսաստանին դիմեց՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով, այդ նպատակով Մոսկվային առաջարկեց քաղաքական ու ռազմական լրացուցիչ մեխանիզմներ ներդնել։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ներկա դրությամբ գոյություն ունեցող տարբերակների շուրջ հայկական լրատվամիջոցի հետ զրույցում արտահայտվել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Նա ասել է, որ Մոսկվայի փորձագիտական շրջանակներում առկա տեղեկատվության համաձայն՝ ռուսական տարբերակով առաջարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ավելի լավ ժամանակների համար և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն ստորագրել առանց Ղարաբաղի։ Ամերիկյան տարբերակով նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում և Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Ներկա իրավիճակում ինչպե՞ս է Ստեփանակերտը պատկերացնում հակամարտության կարգավորումն ու Արցախի ապագան։ Հարցին պատասխանել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ. ՙԱնշուշտ, մենք կուզենայինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման։ Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով, ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան՚։ Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախօրեին ԱՀ նախագահը հույս էր հայտնել, որ այնտեղ կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգմանը, քանի որ Արցախում խաղաղապահների ներկայությունը կենսական նշանակություն ունի։ Հարությունյանի բնորոշմամբ՝ երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։
Եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը ներկա է գտնվել ՙՎալդայ՚ ակումբի քննարկումներին՝ իր դիրքորոշումը ներկայացնելով աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցին՝ Պուտինն ասել է, որ դա, իհարկե, անհրաժեշտություն է, և Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանն ու սահմանազատմանը։ Իսկ թե ո՞ր տարբերակը կընտրի Հայաստանը՝ հայ ժողովրդի և ՀՀ ղեկավարության գործն է։ Ուշադրություն դարձնենք նախագահի հաջորդ մտքին՝ ցանկացած դեպքում, որ տարբերակն էլ ընտրվի՝ եթե այն կբերի խաղաղության, մենք կողմ կլինենք։ Սա պատահական ասված խոսք չէ։ Ներկայում աշխարհի մի քանի տարածաշրջաններ, որոնցում առկա հակամարտությունների ֆոնին բախվել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը, վերածվել են պատերազմի չմարող օջախների։ Աչքի առաջ ունենանք Մերձավոր Արևելքը, Ուկրաինան։ ՙՎալդայ՚ ակումբից մեկ ուրիշ ազդակ էլ Երևանին հղվեց՝ ավելի պարզ տեքստով։ Ռուսաստանի ղեկավարն ասաց, որ եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ընտրի խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, Մոսկվան կսատարի հայ ժողովրդի որոշմանը։ Վաշինգտոնյանը ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն ամբողջ Ղարաբաղի վրա։ Իսկ եթե Հայաստանը համարում է, որ Ղարաբաղն ունի առանձնահատկություններ, որ հարկ է դրանք հաշվի առնել և ներառել ապագա պայմանագրում, դա էլ է հնարավոր, բայց պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ, ինչը բավականին բարդ ու ծանր հարց է։ Այդուհանդերձ, Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և դաշնակիցը, ուստի, Ռուսաստանը նկատի առնելով նաև Ադրբեջանի շահերը, կողմնորոշված կլինի դեպի այն առաջարկները, որոնք Հայաստանը կներկայացնի, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել։ Հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, որոշ բաներ հանվել են նախօրոք մասնագետների կողմից մշակված հայտարարության տեքստից։ Նա ասել է, որ պետք չէ կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք մինչ այժմ չեն կարգավորվել, դրանք պետք է քննարկվեն փակ ռեժիմով։ Կարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում իրականացնելն է, կան նախադրյալներ, որոնք հնարավոր կդարձնեն դրա շուրջ պայմանավորվածության ձեռք բերումը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, Պուտինի խոսքով, արդեն տասնամյակներ է տևում, դրան պետք է ինչ-որ կերպ վերջ տալ։ Այժմ ամենակարևորը խաղաղության հասնելն ու տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծելն է։ Ուշադրություն է գրավում եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի շուրթերով հնչեցված հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է։