Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Հարավային Կովկասի «պարեկության» Ռուսաստանի երկու հաղթաթուղթը

 

Սոչիի եռակողմ հանդիպումից, ինչպես Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Տարասովն է ձեւակերպել, Ռուսաստանի վերլուծաբանական հանրության համար անակնկալն այն էր, որ Պուտինը չի հակադրվել հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ «առավելագույն չեզոքություն է որդեգրել»։ Տարասովը նաեւ արձանագրել է, որ Ռուսաստանը «այլեւս հայ-ադրբեջանական բանակցությունների միակ մոդերատորը չէ, մոդերատորներից մեկն է»։  Ռուսաստանյան մամուլում տեղեկություն է շրջանառվել, ինչը նաեւ Տարասովն է հաստատում, որ «Փաշինյանը եւ Ալիեւը դեկտեմբերին կմեկնեն Բրյուսել»։ Տպավորություն կա, որ «հնարավոր է ինչ-որ համաձայնագիր ստորագրվի»։ Ըստ երեւույթին, դա կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «սկզբունքների մասին» Հռչակագիր։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը համարում է, որ Սոչիում «հաջողվել է համադրել Պրահայի եւ ռուսական կողմի մոտեցումները»։ Ըստ երեւույթին, դա այդպես է։ Սոչիի բանակցությունների արդյունքում տարածված եռակողմ Հայտարարությունը, ինչպես դա արձանագրված է Պրահայի հանդիպման ամփոփագրում, վերահաստատում է կողմերի հանձնառությունը՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության եւ ԱՊՀ կազմավորման Հռչակագրի։ Սոչիում կողմերը նաեւ պարտավորվել են հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից եւ վիճելի հարցերը կարգավորել վերոհիշյալ սկզբունքների հիման վրա։

Սոչիի բանակցություններով, որքան հասկացվում է, Ռուսաստանին հաջողվել է ամրագրել իր համար չափազանց սկզբունքային երկու «դիրք»։ Առաջինն այն է, որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը», որտեղ էլ այն ստորագրվելու լինի, չի կանխորոշում երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացը։  Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն, ըստ ԱՊՀ կազմավորման Հռչակագրի, նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատում կարող են անցկացնել միայն խորհրդային շրջանի վարչատարածքային իրողությունների հիման վրա, իսկ այդ քարտեզները պահվում են միայն Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ-ում։ Երկրորդ էական հարցը վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելությանը, որի ներկայությունը տարանջատվում է հայ-ադրբեջանական «կարգավորումից» եւ կապվում բացառապես Արցախի անվտանգության ապահովման հետ։

Եթե այս հարցերում Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են Ռուսաստանի միանշանակ դերակատարությանը, ապա, իրոք, Մոսկվայի համար այլեւս էական չէ, թե որտեղ եւ ում հովանու ներքո կստորագրվի «խաղաղության պայմանագիրը»։ Հայաստանի պարագայում, մինչդեռ, սկզբունքային է հայ-ադրբեջանական կարգավորման երաշխավորի հարցը։ Ադրբեջանի նկատմամբ արդարացի անվստահությունը չափազանց խորն է, իսկ, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, ՀԱՊԿ-ը լիովին տարանջատվել է Հայաստան-Ադրբեջան «վեճից»։ Այս իմաստով ուշագրավ է, որ Սոչիի բանակցություններից տառացիորեն ժամեր անց Հայաստանի վարչապետը աշխատանքային այց կատարեց Թեհրան։ Հայ-իրանական էներգետիկ համագործակցության մասին հուշագիրը դիվանագիտական «շղարշ» է։

Իրականում Նիկոլ Փաշինյանի թեհրանյան այցը կապված է Հարավային Կովկասի «անվտանգության ճարտարապետության» հեռանկարի հետ։ Իրանի նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Թեհրանի համար «տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը ընդունելի չէ», իսկ Նիկոլ Փաշինյանը՝  հավաստիացրել, որ կիսում է այդ մոտեցումը։ Ի՞նչ է դա նշանակում։ Այսօր Իրանը եւ Ռուսաստանը ոչ միայն էներգետիկ համատեղ ծարգրեր են մշակում, այլեւ ռազմական սերտ համագործակցության մեջ են։ Վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Սոչիի բանակցություններից առաջ տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց։ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույց։ Նույն ձեւաչափով շփվել են նաեւ երկու երկրների նախագահները։

Եթե Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանազատման եւ ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցերում պահպանում է բացառիկ դերակատարությունը, իսկ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» հարցում մոդերատորությունը կիսում այլ դերակատարների հետ, ապա ծագում է Հարավային Կովկասի անվտանգային համակարգին Իրանի եւ Թուրքիայի ներգրավվածության հարց։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Թուրքիայի ներկայությունը ձեւակերպված է Աղդամի մոնիտորինգային կենտրոնի ստեղծման մասին ռուս-թուրքական «արձանագրությամբ»։ Հարց է, թե ինչպե՞ս է ներգրվելու Իրանը։

Հայկական մամուլում գաղափար է շրջանառվել, որ Շուշիի թուրք-ադրբեջանական Հռչակագրին պետք է այլընտրանք լինի հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը։ Փաշինյան-Ռեիսի բանակցություններում նման թեմաներ շոշափվե՞լ են՝ մնում է ենթադրել։  Դիտարկվում է իրավիճակ, երբ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, կենտրոնացած լինելով ուկրաինական ուղղության վրա, Հարավային Կովկասի ռազմաքաղաքական «պարեկության» հարցում կարող են թույլ տալ «միջանկյալ լուծում»։ Չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչպես են համադրվելու Թուրքիայի եւ Իրանի շահերը։ Բաքվում վերստին բացահայտվում է Իրանի նկատմամբ խոր կասկածամտությունը, իսկ Հայաստանը որեւէ վստահություն չի կարող ունենալ կամ նույնիսկ ակնկալել Թուրքիայից։

Հավելյալ բաղադրիչ է ռուս-իրանական համագործակցությունը, որով, ըստ էության, Ռուսաստանը փորձելու է «զսպել» Թուրքիայի հավակնությունները թե՛ Սեւ ծովի ավազանում, թե՛ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։  Հայաստանի համար գերխնդիր է, որպեսզի Իրանի հետ հնարավոր համագործակցությունը դուրս բերվի Իրան-Արեւմուտք դիմակայության տիրույթից։ Հավասարակշռության բաղադրիչ կարող է լինել հայ-վրացական երկխոսությունը, որտեղ Իլհամ Ալիեւը փորձում է ներգրավվել որպես Հարավային Կովկասի «լոկոմոտիվ երկրի առաջնորդ»։ Առաջիկա օրերին սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա։ Եթե հաջողվի Անկարային «վերադարձնել» եվրաատլանտյան անվտանգության համակարգ, ինչի հավանականությունը մեծ չէ, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում բարդություններ կունենա։ Ռուսաստանը Հարավային Կովկասի պարեկության երկու հաղթաթուղթը՝ հայ-ադրբեջանական սահմանազատման քարտեզները եւ ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը ամուր պահպանում է։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ