Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ Մոսկվան, Վաշինգտոնը եւ Փարիզը կհասնե՞ն այս հարցում կոնսոլիդացիայի

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, տեղեկացնում է, որ ամիսներ շարունակ նախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Սալիվանը «բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահի բարձրաստիճան օգնականների հետ»։ Ըստ տեղեկությունների, Սալիվանը քննարկումներ է ունեցել արտաքին քաղաքական հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւի հետ։ Բանակցությունների առարկա է երկու հարց՝ միջուկային զենքի չկիրառումը եւ ուկրաինական «ճգնաժամի գոտու սահմանափակումը»։ Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան այս տեղեկությունը չեն հաստատել, բայց եւ չեն հերքել։ Ընդ որում, դիտարժան է, որ տեղեկատվական արտահոսքը ժամանակային առումով համընկել է Սալիվանի Կիեւ այցին, որտեղ նա փակ քննարկումներ  է ունեցել Ուկրաինայի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ։

Նույն օրը Ռուսաստանի նախագահը չեղարկել է Սեւ ծովում «հացահատիկային միջանցքը» փակելու որոշումը։ Դա հիմնավորվել է նրանով, որ Ուկրաինան «ամուր երաշխիքներ է տվել, որ ՌԴ ռազմածովային ուժերի Սեւաստոպոլի հենակայանը հարձակման այլեւս չի ենթարկվի»։ Բացառված չէ, որ Զելենսկին այդ երաշխիքների մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի հետ բանակցությունների արդյունքում։ Փաստացի դա կարելի է համարել ռուս-ամերիկյան ոչ հրապարակային համաձայնություն, ինչը վկայում է, որ երկու երկրները, չնայած սուր դիմակայությանը, այնուամենայնիվ, պահպանում են  կապի կարեւորագույն ուղիները, որպեսզի խուսափեն ուղղակի առճակատումից։ Արեւմտյան մամուլը նաեւ տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգները «ոչ հրապարակային խողովակներով Ուկրաինայի նախագահին հորդորում է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել եւ գոնե հասնել հրադադարի համաձայնության»։

Տեղեկատվական այս համատեքստը մեզ համար հետաքրքրական է այն առումով, որ ռուս-ամերիկյան բանակցող պաշտոնյաները ներգրավված են նաեւ հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման շուրջ քննարկումներում։ Մասնավորապես, Սոչիի եռակողմ հանդիպման մասին առաջինը հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։ Դա վկայում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախապատրաստական հարցերը քննարկվել են հենց նրա միջոցով։ Ավելի դիտարժան է, որ հոկտեմբերի 27-ին Վաշինգտոն այցի շրջանակներում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փակ հանդիպում է ունեցել  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Սալիվանի հետ։ Մի քանի օր առաջ Արմեն Գրիգորյանը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը նույնպես բանակցություններ են վարել։

Խոսելով Սոչիի եռակողմ հանդիպման մասին, ռուսաստանցի փորձագետները նկատել են տալիս, որ Ռուսաստանը «չի մերժում հայ-ադրբեջանական բանակցությունների մյուս հարթակները»։ Ըստ էության, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը հաջորդել է 2021թ․ նոյեմբերի 26-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ բանակցություններին։ Ընդ որում, բրյուսելյան հարթակի մասին այդ օրը հայտարարել է հենց Ռուսաստանի նախագահը՝ Փաշինյանին եւ Ալիեւին ասելով․ «Այնտեղ ձեզ սպասում են»։ Անշուշտ, դա չի նշանակում, թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ տարաձայնություններ չկան նաեւ Հարավային Կովկասի հարցերում։

Այդուհանդերձ, վերջին շրջանի քննարկումներից, մանավանդ ԼՂ խնդիրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկելու մտադրության մասին Աստանայում Վլադիմիր Պուտինի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը հակված են ճանաչելու նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, ինչպես նաեւ զինադադարի հաստատման համար Ռուսաստանի ներգրավվածությունը։ Դա շատ որոշակիորեն համապատասխանում է ռուսական կողմի շահերին, քանի որ իրավիճակը հմտորեն եւ արդյունավետ կառավարելու դեպքում Մոսկվան կարող է հասնել ԼՂ-ում խաղաղապահ առաքելության միջազգայնորեն լեգիտիմացման։

 Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներում Ռուսաստանի ներկայացուցչի  առաջարկությունը, որ ԱԽ-ն հղում անի նոյեմբերի 9-ի Հայտարարությանը, աջակցության չի արժանացել։ Բայց պետք է նկատի ունենալ, որ քննարկումների արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ընդունվել, իսկ դա նշանակում է, որ թեման փակված չէ։ Ավելին, ամենեւին էլ պատահական չէ, որ Պրահայում ընդունված ամփոփագրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության ճանաչման հիմք է ընդունվել ԱՊՀ Ալմաթայի Հռչակագիրը։

Խնդրի նման ձեւակերպումը բխում է Ռուսաստանի շահերից։ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է։ Հետեւաբար հայ-ադրբեջանական սահմանազատման եւ հարաբերությունների կարգավորման հարցերում Մոսկվային շրջանցել պարզապես հնարավոր չէ։ Անհնար է  նաեւ Ուկրաինայում հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ Նույնիսկ ամերիկյան փորձագետներն են ընդունում, որ «Ղրիմն այսուհետեւ ուկրաինական չի լինի»։ Մարտավարական նահանջի տեղ Ռուսաստանը պահպանում է։ ԱՄՆ-ի հետ համաձայնության համար, իհարկե, դա ուժեղ ռեսուրս չէ, բայց միջուկային առճակատման սպառնալիքն ավելի առարկայական է։ Մեր դեպքում սկզբունքային է, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Փարիզը ընդունում են Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը։ Կկարողանա՞ն նրանք կոնսոլիդացված տեսքի բերել այս հավաստագրումը՝  ամենաէական հարցը դա է։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ