Հարավկովկասյան «տրիո՞», թե՞ աշխարհաքաղաքական «էսպերանտո»
Սոչիի եռակողմ բանակցություններից ժամեր անց Հայաստանի վարչապետը Թեհրանում էր։ Իրանի նախագահը բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանի վարչապետի այդ այցը երկու երկրների հարաբերություններում «կարող է շրջադարձային լինել»։ Թե ինչ ենթատեքստ ունի ձեւակերպումը՝ մնում է միայն ենթադրել։ Մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին բացահայտեց, որ Իրանի նախագահին տեղեկացրել է Սոչիի քննարկումների մասին։ Դա երկու երկրների առաջնորդների միջեւ բավական բարձր վստահության վկայություն է։ Ըստ երեւույթին, այստեղ մեծ է ռուս-իրանական համագործակցության նշանակությունը։ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցին հաջորդեց Հայաստանի կառավարության որոշումը՝ Թավրիզում բացել գլխավոր հյուպատոսություն։
Թավրիզը պատմականորեն Իրանի Ատրպատական նահանգի կենտրոնն է, շահական Պարսկաստանում եղել է փոխարքայանիստ քաղաք։ Մինչեւ Անդրկովկասի ռուսական գրավումը Թավրիզից են կառավարվել այսրարքսյան խանությունները։ Բաքվի վարկածով՝ Թավրիզը «Հարավային Ադրբեջանի մայրաքաղաքն է», որտեղ անկախությունից ի վեր Ադրբեջանը բավական ազդեցիկ ներկայություն ունի։ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հաստատումն այս իմաստով ոչ միայն խորհրդանշական, այլեւ քաղաքական լուրջ նշանակություն ունի․ Իրանը փաստացի գերազանցապես թրքախոս այդ քաղաքը «բացում է» Հայաստանի համար։ Վաղնջական ժամանակներից Թավրիզը (հայերեն անվանմամբ՝ Դավրեժ) եղել է Ատրպատականի հայության տնտեսական եւ հոգեւոր-մշակութային կենտրոնը։
Հայ-իրանական հարաբերությունները, կարծես, մոտենում են սկզբունքային համագործակցության մակարդակի, եւ էներգետիկայի բնագավառին վերաբերող համաձայնության երկարաձգումը, թերեւս, միայն հրապարակման ենթակա մասն է։ Նման ենթադրության օգտին է խոսում իրանա-ադրբեջանական՝ արդեն ամիսներ տեւող եւ խորացման միտումներ դրսեւորող սառնությունը։ Միմյանց լրտեսության մեջ մեղադրելուց զատ կողմերը սահմանամերձ տարածքներում լայնածավալ զորավարժություններ են անցկացրել։ Բաքվում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ անորոշ ժամանակով հետաձգվում է ԻԻՀ խորհրդարանի նախագահի Ադրբեջան այցը, որ նախապատրաստվում էր ամիսներ շարունակ։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի փոխարեն նա կայցելի Հայաստան։
Թեհրանը շարունակում է պնդել, որ Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական եւ սահմանային փոփոխություններ չեն կարող լինել»։ Իրան-Ադրբեջան լարվածությունը հաջորդում է «Հյուսիս-հարավ»՝ ռուս-իրանական «տրանսպորտային միջանցքի» շուրջ համաձայնությանը, որտեղ Բաքվին որեւէ նշանակալի դերակատարություն չի վերապահվում։ Ըստ երեւույթին, Սոչիում Իլհամ Ալիեւին չի հաջողվել եռակողմ Հայտարարության տեքստում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթ ամրագրել։ Այդ պատճառով է, թերեւս, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական նաեւ պետական քարոզչամիջոցներն են տեղեկատվական արշավ նախաձեռնել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի դեմ։ Թիրախային է «մարդասիրական օգնության անվան տակ Լեռնային Ղարաբաղ զենք եւ ռազմամթերք տեղափոխելու» թեման, որը ենթատեքստով ցույց է տալիս, որ Սոչիում Իլհամ Ալիեւին չի հաջողվել նաեւ ամրագրել «Ղարաբաղից հայկական զինված ուժերը լիովին դուրս բերելու» նարրատիվը։
Չպետք է բացառել նաեւ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների դեմ Բաքվի քարոզչությունը կապված է Արցախի ներքաղաքական իրավիճակի հետ։ Հոկտեմբերի 30-ի հզոր հանրահավաքը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ստորագրությամբ Հայտարարությունը, մի քանի օր անց պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը, սահմանադրական փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումը միջազգային հանրությանը հղած հստակ ուղերձներ են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ։ Մոսկվան եւ Թեհրանը, իհարկե, այս զարգացումներին ուղղակի չեն արձագանքել եւ, ամենայն հավանականությամբ, չեն արձագանքի։ Բայց հայ-իրանական համագործակցությունը, որ ուղղակիորեն զուգորդվում է ռուս-իրանական «առանցքի ձեւավորմանը», չի կարող Բաքվին չանհանգստացնել։
Իլհամ Ալիեւի համար ստեղծվել է բարդ իրավիճակ։ Մերժելով թե՛ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու ռուսաստանյան, թե՛ Ստեփանակերտի հետ միջազգային մեխանիզմների ներգրավմամբ բանակցություններ սկսելու արեւմտյան առաջարկությունները, Ադրբեջանը կարող է հավելյալ բարդությունների բախվել։ Ըստ երեւույթին, Ալիեւի Վրաստան այցի նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի «բանակցությունների պահեստային հարթակ» ապահովվի։ Նոյեմբերի 6-ին կայացել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի հեռախոսազրույցը։ Վրացի փորձառու քաղաքագետ Վասա Գելաձեն տեսակետ է հայտնել, որ «Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը պահանջված է»։
Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այդ առթիվ կողմերը տարածել են բառացիորեն նույնական հաղորդագրություն։ Նման դեպքերում սովորաբար ենթադրում են, որ բանակցություններն առնվազն ձախողված չեն։ Ձեռք է բերվել առաջիկա շաբաթներին եւս մեկ ռաունդ անցկացնելու համաձայնություն։ Եթե դա կազմակերպվի Թբիլիսիում, ապա, թերեւս, հավանականությանը շատ մոտ է փորձագիտական այն տպավորությունը, որ հարաբերությունների կարգավորման «շրջանակային համաձայնություն» Հայաստանը եւ Ադրբեջանը «կստորագրեն Վրաստանի մայրաքաղաքում»։
Դա, կարծես, տեսանելի ապագայի հնարավորություն չէ։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը շարունակելու են դիվանագիտական եւ ազդեցության այլ լծակներ գործի դնել, որպեսզի Հարավային Կովկասում «արտատարածաշրջանային ուժեր չներգրավվեն»։ Թուրքիայի պարագան, ամենայն հավանականությամբ, կախված կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններից։ Առայժմ դրանք սառն են, եւ Թուրքիան, կարծես, Հարավային Կովկասում Ռուսաստանի «հետ է»։ Բայց ռուս-իրանական «առանցքը» եւ Միացյալ Նահանգների հետ «հարաբերությունների պարզաբանումը» կարող են Անկարային մղել այլ ուղղության։ Բարդ «խճանկար» է։
Հայաստանից պահանջվում է դիվանագիտական ողջ ռեսուրսի գերլարված ներդրում, որպեսզի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային դերակատարների շահերը ԼՂ եւ Սյունիքի հարավի հարցում արմատապես «չխաչվեն»։ Հակառակ դեպքում կունենանք «գլոբալ կոնֆրոնտացիայի» շոշափելի սպառնալիք։ Միայն սեփական հնարավորություններով Հայաստանը նման «կոնսենսուսային իրավիճակ» ստեղծել չի կարող։ Միացյալ Նահանգները Հունաստանում եւ Արեւելյան Եվրոպայում մեծացնում է ռազմական ներկայությունը, ներգրավվում է նաեւ Ֆրանսիան։ Դա Հարավային Կովկասին բավական մոտ ներկայություն է։ Տարածաշրջանի «դռները բախում է» նաեւ Իրանը, իսկ Իսրայելը եւ Թուրքիան վաղուց Ադրբեջանում են։ Ո՞վ է կառավարելու Հարավային Կովկասի անվտանգությունը։ Հնարավո՞ր է ռուս-թուրք-իրանական «տրիումվիրատ»։ Նման մի փորձ ձեռնարկվել է Մերձավոր Արեւելքում, բայց՝ անհաջող։ Կունենանք Արեւմուտքի հովանավորության հարավկովկասյան «տրիո՞», թե՞ աշխարհաքաղաքական «էսպերանտո»՝ կախված է ուկրաինական «ճակատում» Ռուսաստանի ռազմաքաղաքական հաջողությունից կամ անհաջողությունից։ Ընդսմին, երկրորդի հավանականությունը բոլոր հաշվարկներով չափազանց նվազ է։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ