[ARM]     [RUS]     [ENG]

«Հայկական խաչմերուկի» աշխարհաքաղաքական ենթատեքստը

Միջազգային լրահոսի առանցքային թեմաներից մեկը Չինաստանում նոր կառավարության կազմավորումն է, որ տեղի կունենա եկող տարեսկզբին։ Վերլուծաբանները, սակայն, կանխատեսում են, որ չինական կոմկուսակցության «համագումարից ամերիկյան սպասելիքները չեն արդարացել»։ Մինչ այդ արեւմտյան մամուլը նույնիսկ «վստահություն ներշնչող» տեղեկատվություն էր տարածել Պեկինում «պետական հեղաշրջման մեծ հավանականության» մասին։ Համագումարը, մինչդեռ, եւս հնգամյա ժամկետով կուսակցության առաջնորդ է վերընտրել Սի Ծինփինին, իսկ դա նշանակում է, որ նա կշարունակի զբաղեցնել նաեւ Չինաստանի նախագահի պաշտոնը։ Մեկնաբանները հատկապես կարեւորում են չինական կոմկուսի համագումարի որոշումը, ըստ որի՝ «չի բացառվում Թայվանի խնդրի ռազմական ճանապարհով կարգավորումը»։

Ամերիկյան The National Interest-ը, որ գերազանցապես  Հանրապետական կուսակցության տեսակետներն է արտահայտում, խստորեն քննադատել է Չինաստանի նկատմամբ Սպիտակ տան «անփույթ քաղաքականությունը», ինչը մեկնաբանի հայացքով չին-պակիստանյան «աննախադեպ մերձեցման հնարավորություն է ստեղծել»։ Հայտնի է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմագործողություն» սկսելուց մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինը Մոսկվա էր հրավիրել Պակիստանի վարչապետ Իմրան Խանին։ Այդ բանակցություններից կարճ ժամանակ անց Պակիստանի խորհրդարանը անվստահություն հայտնեց Իմրան Խանին, եւ նա թողեց վարչապետի պաշտոնը։ Արեւմտյան վերլուծաբանական հանրությունը դա գնահատեց «Միացյալ Նահանգների դիվանագիտական լուրջ հաղթանակ»։ Այսօր, սակայն, ամերիկյան հիշյալ պարբերականը ահազանգ է հնչեցնում՝ արձանագրելով, որ պաշտոնում վերընտրվելուց հետո Չինաստանի նախագահն առաջինը հյուրընկալել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին։

Ի՞նչ են քննարկել կողմերը՝ մանրամասնությունները հայտնի չեն։ Մամուլը միայն փոխանցում է, որ Չինաստանի նախագահը հավաստիացրել է, որ իր կառավարությունը «կսատարի Պակիստանի ամբողջականությանը, կայունությանը եւ տնտեսական զարգացմանը»։ Գարնանը Պակիստանը ենթարկվել է բնական խոշոր աղետի, տնտեսությունը մեծ վնասներ է կրել։ Չինաստանը կարող է վարկեր կամ նույնիսկ նվիրատվություն տրամադրել, բայց առանցքային է, որ նախագահ Սի Ծինփինը վարչապետ Շարիֆին խոստացել է «սատարել Պակիստանի ամբողջականությանը»։ Պակիստանը Հնդկաստանի հետ տասնամյակներ տեւող տարածքային վեճ ունի՝ կապված  Ջամու-Քաշմիրի «վիճելի շրջանի» հետ։ Աջակցել Պակիստանին՝ նշանակում է հակադրվել Հնդկաստանին, որի հետ Չինաստանն ինքն էլ ունի տարածքային խնդիրներ։

Այս իրավիճակը  կարեւոր է նաեւ Հարավային Կովկասում կամ նրա շուրջ ենթադրվող փոխակերպումների դիտանկյունից։ Պակիստանը լուրջ կապեր ունի Ադրբեջանի հետ, համարվում է Թուրքիայի մերձավոր դաշնակիցներից մեկը։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Չինաստանը եւ Ադրբեջանը «լոգիստիկ փոխաջակցության» մասին համաձայնություն են ստորագրել, որը ենթադրում է Բաքվի նավահանգստի եւ երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացում։ Ծրագիրը պետք է սպասարկի դեպի Թուրքիա, այնուհետեւ՝ Եվրոպա չինական բեռնափոխադրումները։  Սյունիքում «տրանսպորտային միջանցքը», որ համառորեն շահարկում է Ադրբեջանը,  նախատեսված է հատկապես Չինաստան-Եվրոպա ապրանքաշրջանառության իրականացման համար։

Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ միջուկային գերտերություն է, որի ապրանքաշրջանառության տարեկան ծավալները մոտ են 8 տրիլիոն դոլարին։ Միացյալ Նահանգների «Ազգային անվտանգության Դոկտրինը», որ Բայդենի իշխանության օրոք վերախմբագրվել է, ամերիկյան տնտեսության եւ տեխնոլոգիական գերիշխանության գլխավոր սպառնալիք է համարում Չինաստանը։ Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը Ռուսաստանին բացահայտ չի աջակցում, բայց եւ չի միանում նրա դեմ պատժամիջոցներին։ Առեւտրատնտեսական հարցերում նույն կեցվածքն է դրսեւորում նաեւ Հնդկաստանը, բայց Նյու-Դելին քաղաքական առումով  հակված է արեւմտյան ալյանսին եւ պնդում է, որ «մեր դարը պատերազմի չէ»։ Հնդկաստանն իր հերթին քննարկում է Իրան-Հայաստան-Վրաստան «միջանցքով» Եվրոպայի հետ կապի հեռանկարը։ Սյունիքում, այսպիսով, խաչվում են «Արեւելք-արեւմուտք» եւ «Հյուսիս-հարավ» հաղորդակցության նախագծերը։

Հայաստանի հարավում «միջանցքի նախագիծն», այսպիսով, ավելի խորքային է, քան թվում է կամ ինչպես ներկայացնում է Իլհամ Ալիեւը։ Դա ամենեւին էլ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ «ցամաքային անխոչընդոտ հաղորդակցության» հարց չէ։ Ալիեւը տվյալ իրավիճակում «շախմատային խաղատախտակի զինվոր» է միայն։ Բայց դրանից չի հետեւում, թե իրավիճակի սրացումը բացառված է։ Ընդամենը պետք է նկատի ունենալ, որ գլոբալ համաձայնության դեպքում «միջանցքների» գործարկման երաշխավոր կլինեն արդեն գերտերությունները։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան նախորդեց Շանհայի համագործակցության կազմակերպության Սամարղանդի գագաթնաժողովին, որին հրավիրված էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Կայուն տպավորություն է, որ ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ Հայաստանի եւ Հնդկաստանի վարչապետերի, ինչպես նաեւ հայ-չինական որեւէ մակարդակի շփում տեղի չունենա։ Հայ-հնդկական հարաբերությունների մասով «շտկում» մտցրեց Հայաստանի պաշտպանության նախարարի Հնդկաստան այցը։ Ըստ երեւույթին, հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ գործի դնի՝ ապահովելու նաեւ հայ-չինական երկխոսության ռեսթարթ։ Դա Սյունիքի «տրանսպորտային միջանցքների» աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու ռեսուրս է։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ