[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ, ԿԱՅՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

IMG_3512_1_.jpgԱշխատանքային այցով Արցախ ժամանած ՙՇվեյցարիա-Հայաստան՚ բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ ԴԸ ԲՅՈՒՄԱՆԸ Ստեփանակերտից մեկնելուց առաջ պատասխանել է ՙԱԱ՚-ի հարցերին։ 
Ներկայացնում ենք մեր ճեպազրույցը նրա հետ։ 
-Պարոն դը Բյուման, Դուք արդեն իրազեկել եք, որ Արցախի Հանրապետություն կատարած այցն  առնչվում  է  2013-ին Շվեյցարիայի կողմից  ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հետ։  Թույլ տվեք հարցնել. Ձեր երկիրն այդ կարգավիճակում կարո՞ղ է նոր ազդակներ հաղորդել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
- Շվեյցարական ավանդույթը խաղաղությունը խրախուսելու և առաջ մղելու մեջ է։  Մենք կարողանում ենք դա անել մեր ավանդական չեզոք դիրքորոշման շնորհիվ։ Արդեն 500 տարի է, ինչ այդ ավանդույթը գոյություն ունի։ Եվ հենց այդ նկատառումով էլ  մենք մեր ծառայություններն ու վստահելիությունն ենք  առաջարկում այն ժողովուրդներին, որոնք ցանկանում են դիմել մեզ՝ տևական, կայուն լուծումներ գտնելու համար։ Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավիճակը Կովկասում բավականին բարդ է, և որ շատ ջանքեր են գործադրվել դրությունը փոխելու ուղղությամբ, սակայն դեռևս արդյունքներ չկան։ Ճիշտ է, Շվեյցարիան կորցնելու բան չունի, բայց մյուս կողմից՝  ձգտում ենք լավ հարաբերություններ ունենալ այս տարածաշրջանի բոլոր երկրների հետ, հատկապես նրանց, որոնց հետ մենք բարեկամություն ենք անում։  Դա ենթադրում է բոլոր գործող կողմերի փոխադարձ ըմբռնում, որոշակի փոխզիջումներ, բայց հատկապես կամք՝ բավարար աշխատանք կատարելու համար։ 
- Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին բավական մեծ հարված հասցրեց Հունգարիայում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին։ Կխնդրեինք Ձեզ՝ մանրամասնել, թե ինչպես է Շվեյցարիայի խորհրդարանն արձագանքել  ադրբեջանա-հունգարական այդ խայտառակ գործարքին։  
- Շվեյցարիայի Ազգային խորհրդին հարց է ուղղվել, որին պատասխանել է երկրի  արտաքին գործերի նախարարը։ Նա դատապարտել է այդ բարբարոսական արարքը։ Դրան զուգահեռ՝ ՙՇվեյցարիա-Հայաստան՚ բարեկամության խորհրդարանական խումբը բողոքի հաղորդագրություն է հրապարակել, և միաժամանակ ցույց կազմակերպել Շվեյցարիայում Հունգարիայի դեսպանատան առջև։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է Հունգարիայի նման երկիրն այդքան միամիտ եղել և արտահանձնել Սաֆարովին։ Մենք իսկապես սարսափած ենք, որ հանցագործին կարող են հերոսացնել։ 
- Սա ինչ-որ առումով խնդիր չի՞ դնում Եվրոպայի առաջ։
- Կա մարդու իրավունքների Եվրոպա, այն է՝ Եվրոպայի խորհրդի Եվրոպա, որին անդամակցում է նաև Շվեյցարիան։  Ես այն  կարծիքին  եմ, որ նման պաշտոնական մակարդակով արված քայլն անհետևանք չի մնա։ Ինչ վերաբերում է քաղաքական Եվրոպային, ապա իրավիճակն այս մասով մի քիչ այլ է։ Ասեմ, որ Շվեյցարիան  Եվրամիությանը չի անդամակցում։
- Արցախում օդանավակայան է շահագործվում, ինչը քաղաքացիների՝ միջազգային նորմերով սահմանված ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացման դրսևորում է։ Դրան ևս Ադրբեջանը պատասխանում է սպառնալիքներով։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը։ 
- Կարծում եմ, որ Ղարաբաղի բնակչության համար անհրաժեշտություն է ազատ տեղաշարժվելը և պարզապես այստեղ ապրելը։ Քանի որ ներկա դրությամբ  բոլոր սահմանները փակ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետություն տանող ճանապարհի, անշուշտ, լիովին հասկանալի է օդանավակայանի անհրաժեշտությունը։  
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ