Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ռուսաստան-«Թուրքական աշխարհ կոնֆեդերացիան» չկայացավ․ մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն

 

Մեկ ամիս առաջ Աստանայում Թուրքիայի նախագահը անոնսավորեց  «Թուրքական երկրների կազմակերպության» գագաթնաժողով եւ հույս հայտնեց, որ ներկա կգտնվի նաեւ Ռուսաստանի նախագահը։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Լավրովը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը «կարող է այդ կազմակերպության դիտորդ անդամ լինել»։ Նոյեմբերի 12-ին, սակայն, Վլադիմիր Պուտինը Սամարղանդ չմեկնեց։ Քննարկումներին գոնե առցանց ձեւաչափով նրա մասնակցության մասին տեղեկություն չի տարածվել։  Խիստ ինտրիգային է, որ «Թուրքական երկրների կազմակերպության» գագաթնաժողովի բացման օրը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ադրբեջանը համարում է դաշնակից երկիր եւ նրան «կօգնի Իրանի սպառնալիքներից»։

Վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերություններում նոր երանգներ են ի հայտ եկել։ Խոսք է գնում ռազմաքաղաքական դաշնակցության մասին, որ, հնարավոր է, մինչեւ տարեվերջ ձեւակերպվի որպես նոր պայմանագիր։ Դա չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին։ Լարվում են Ռուսաստան-Իսրայել հարաբերությունները։ Ադրբեջանին «իրանական սպառնալիքից» ապահովագրող հայտարարությունը, որ պետական դեպարտամենտն է արել, անկասկած, ուղղված է Հարավային Կովկասում ռուս-իրանական ռազմաքաղաքական դաշինք թույլ չտալու նպատակի ձեւակերպմանը։ Այս իրավիճակում մեզ համար կարեւոր է երկու հանգամանք․ «Թուրքական երկրների կազմակերպության» Սամարղանդի գագաթնաժողովին մեկնելուց առաջ Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից եւ տեսակետ զարգացրել, որ «ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայկական շրջանակները ճնշում են գործադրում, ընտրություն պետք է կատարի Հայաստանի իշխանությունը»։

Նման հայտարարություն Էրդողանը անում է համահայկական առաջին գագաթնաժողովից հետո։ Այդ միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցին եւ ՀՅԴ-ն՝ երկու ազգային ավանդական կառույցներ, չմասնակցեցին։ Հանրային հեռուստատեսության հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց պետություն-եկեղեցի, Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների ձեւավորման մասին։ Ըստ երեւույթին, Սփյուռքի մասին Էրդողանի եւ Փաշինյանի դիտարկումների զուգադիպությունը բոլորովին էլ պատահական չէ։ Եւ այստեղ հարկ է ընդգծել, որ «Թուրքական երկրների կազմակերպության» գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն Հայաստանի պաշտոնակցի հետ հանդիպման ցանկություն է հայտնել։

Հայ-թուրքական հարաբերությունները պաշտոնապես մնում են Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմնագրով» կապակցված։ Ըստ երեւույթին, Թուրքիան փորձ է անում գործընթացները տարանջատել կամ գոնե դնել «զուգահեռ գծերի վրա»։ Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդների ներգրավումը, բայց մանավանդ ԵԱՀԿ «գնահատողական խմբի» առաքելությունը, ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի այցը Երեւան, երեւում է, Բաքվում շատ նյարդային են ընկալում։ Regnum-ի մեկնաբան Տարասովը, որ լավատեղյակ է Ադրբեջանի «փորձագիտական խոհանոցին», կարծում է, որ Իլհամ Ալիեւին «չի հաջողվել դիվանագիտական արգելափակոց դնել ԼՂ հարցի քննարկման առջեւ» եւ մտահոգություն ունի, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարող է վերագործարկվել»։

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, նոյեմբերի 9-ի Հայտարարությունից հետո որոշակի ռազմական ներկայություն է ապահովել Լեռնային Ղարաբաղում, բայց ամեն ինչ կարող է «գլխիվայր շուռ գալ», եթե Իրանի շուրջ «մկանների խաղ» սկսվի։ Ինչու՞ է Ռուսաստանի նախագահը «մեկուսացել» Սամարղանդում «Թուրքական երկրների կազմակերպության» գագաթնաժողովից։ Տպավորություն է, որ ուկրաինական ուղղությամբ «ինչ-որ բան է նախապատրաստվում»։ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաջողությունը, Եվրամիության երկրներում աճող դժգոհությունները, երեւում է, միջավայր են ստեղծում, որպեսզի Միացյալ Նահանգները գոնե ժամանակավորապես «իրավիճակ սառեցնի»։

Անշուշտ, դրանից չի հետեւում, թե Ռուսաստանի նախագահի «մեկուսացումը» չի ընդհատվի որեւէ արմատական որոշման մասին հայտարարությամբ։ Բայց «Թուրքական երկրների կազմակերպության» գագաթնաժողովին նրա բացակայությունը արդեն իսկ ազդանշանային է, որ ռուս-թուրքական հարաբերությունների «դրական քիմիան սպառվելու վրա է»։ Իրավիճակի երկու սցենար է հնարավոր։ Առաջինը․ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը նստում են բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվում «խաղի ընդհանուր կանոնների» շուրջ։ Երկրորդ․ Ռուսաստանը փորձում է Չինաստանի հետ հասնել ռազմական դաշինքի կնքման՝ ներգրավելով նաեւ Իրանին։ Երկրորդ դեպքում մեր տարածաշրջանը կդառնա ուժային կենտրոնների բաց առճակատման դաշտ։

Նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայից իրեն հետ է պահում ոչ թե Հայաստանի դաշնակիցների որեւէ հայտարարություն, այլ՝ իր սեփական քաղաքականությունը։ Ըստ էության, դա հիմնականում ճիշտ է։ Բայց այն նաեւ մատնում է Ադրբեջանի վախերը, որ իրեն կարող են Իրանի դեմ օգտագործել, ինչպես Ուկրաինան՝ Ռուսաստանի։ Ճիշտ է, Թուրքիան Ադրբեջանի երաշխավորն է, բայց լայնածավալ պատերազմի դեպքում դա կլինի անբավարար։ Իրավիճակը «սպասողական» է։ Նոյեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան։ Հաջորդ օրը կգումարվի ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Սա, թերեւս, Ռուսաստանի համար պոստխորհրդային տարածքում դոմինանտություն ունենալու կամ ազդեցություն պահպանելու վերջին հնարավորությունն է։ ՀԱՊԿ-ի երկու անդամ պետություն՝ Ղազախստանը եւ Ղըրղզստանը «Թուրքական երկրների կազմակերպության» անդամ են։ ՀԱՊԿ օրակարգում կա՞ ԱՊՀ-ն դիտորդ ընդունելու հարց։ Ադրբեջանը կմիանա՞, թե՞ կգերադասի մնալ թուրքական «հովանոցի» ներքո։ Անհավանական չէ, որ Միացյալ Նահանգները Բաքվին ՆԱՏՕ-ին անդամակցության օրակարգ առաջարկեն։ Ռուսաստան-«Թուրքական աշխարհ կոնֆեդերացիան», կարելի է հստակ արձանագրել, չկայացավ։ «Թուրքական աշխարհը» կթեքվի Չինաստանի՞, թե՞ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի կողմը։ Մեզ համար դա մարտահրավե՞ր է, թե՞  հնարավորություն։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ