Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՆ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄԸ

Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա այն պատճառով, որ Բաքուն չի ընդունում բանակցային ձևաչափի վերաբերյալ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ադրբեջանական կողմն ասում է՝ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայն է միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով, ապա դա նշանակում է, որ հանդիպում չի լինի։ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ քառակողմ ձևաչափով, Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակներում։ Դեկտեմբերյան հանդիպման չեղարկումն արդյո՞ք չի նշանակում, որ Ադրբեջանի մտադրությունն իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերին խոչընդոտելն է։ Հայ-ադրբեջանական սահմանին և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նոր էսկալացիայի տանող նրա գործողությունները դրա վկայությունն են։ Հրադադարի ռեժիմի չընդհատվող խախտումները և Հայաստանի ու Արցախի հասցեին հնչող մեղադրանքները տրամաբանորեն փոխկապակցված են։ Բաքուն մեղադրում է Հայաստանին՝ պնդելով, թե հայերը տապալում են բանակցային գործընթացը և ցանկանում են այն դարձնել անվերջ, որի նպատակը՝ խաղաղության պայմանագիր չստորագրելն է։ Հայաստանի վարչապետի առաջ քաշած պայմանն Ալիևը որակեց խաղաղ գործընթացի տապալման փորձ։ Պաշտոնական Երևանը հակադարձում է՝ ասելով, որ Ալիևի ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեն։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը, բայց դա պետք է լինի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Հարց է` Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանն, առհասարակ, որևէ միջնորդություն ընդունո՞ւմ է։ Ադրբեջանական հռետորաբանության առանցքում Լաչինի միջանցքն է։ Ասում են՝ Հայաստանն այն օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, իսկ դա նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է։ Ջեյհուն Բայրամովն այս թեման արծարծելով՝ ասել է, որ միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ դրվի։ Նրա պատկերացմամբ՝ 2021թ. Ղարաբաղում տեղադրված ականները տեղափոխվել են Լաչինի միջանցքով։ Ադրբեջանն այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի, սպառնացել է Բայրամովը։ Նրա հայտարարության ետևում Բաքվի՝ նոր էսկալացիայի գնալու անթաքույց մտադրությունն է, ԱՀ բնակչությանը Լաչինի հումանիտար միջանցքից կտրելու հեռահար ծրագիրը։ Նույն շեշտադրմամբ է հայտարարություն տարածել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին, ըստ որի՝ «Հայաստանի ռևանշիստական ուժերը, Հայաստանի ռազմականացումը և նրա կողմից իր ֆինանսական հնարավորությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը խոչընդոտում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։ Եզրահանգումը՝ Հայաստանը հնարավոր բոլոր միջոցներով ձգձգում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այդ կառույցից մեղադրանք է հնչեցվել նաև Ռուսաստանի ուղղությամբ. «Բաքուն փաստեր ունի ռուսական խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման, ինչպես նաև ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման մասին»։ Հարևան երկրի գործողությունները տեղավորվում են ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում։ Հարավային Կովկասում այդ աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան փոխգործակցության ամրապնդմամբ, Իրանի դեմ համակարգված գործողություններով, Հայաստանի ու Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններով, ապատեղեկատվության ինտենսիվ տարածմամբ։ Բաքվի համագործակցությունը Թել Ավիվի հետ դարձել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, որը համադրվում է Իրանի ներսում անկայունություն հրահրելու Արևմուտքի ռազմավարությանը։ Ադրբեջանի պետական քարոզչությունը գեներացնում է Իրանի հյուսիսային հատվածի անջատողականության գաղափարը, որն անվանում է «հարավային Ադրբեջան»։ Դրա հետ մեկտեղ, վիճարկելով Լաչինի միջանցքը, ապատեղեկատվություն տարածելով` Բաքուն հիմք է ստեղծում՝ «թուրանական միջանցքի» թեման արծարծելու համար։ Նոյեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությունն իրազեկեց Ղազախստանի Ակտաու քաղաքում Թուրքիայի, Ղազախստանի և Ադրբեջանի տրանսպորտի ու արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ու Չավուշօղլուի հնչեցրած մտքերի մասին։ Վերջինիս համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի՝ Մերձավոր Արևելքը Կովկասին, Ասիան Եվրոպային կապելու առումով։ Չավուշօղլուն «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանն» աշխարհի հետ կապելու մեծ հնարավորություն է տեսնում։ Վերադառնալով Ադրբեջանի՝ իրավիճակի սրացմանն ուղղված գործողություններին՝ հավելենք, որ կողմերի միջև հանդիպման ձախողումը ավելի է մեծացնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Բանակցություններն, ինչպես ասում են, գերադասելի են զինված բախումից, հետևապես, տարածաշրջանի դերակատարները սրա վրա պետք է կենտրոնանան։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ