[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԼԵՖԸ

Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Թուրքիայի  վարչապետ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի տեսնում ՙորևէ խոչընդոտ երկու  երկրների միջև համագործակցության ընդլայնման համար՚, և որպես  օրինակներից  մեկը բերել է TANAP  գազամուղային  նախագծի փաստաթղթերի  ստորագրումը։ Ադրբեջանի  ղեկավար  Իլհամ Ալիևն էլ  իր հերթին  նշել  է, որ  TANAP նախագիծը հանդիսանում է կարևոր  քայլ համաշխարհային  տնտեսական  քաղաքականության վերանայման  ուղղությամբ՚։ 
Միևնույն  ժամանակ նա  արձանագրել է. ՙԵրկար տարիներ քննարկվել  են ադրբեջանական  գազը Եվրոպա հասցնելու զանազան  տարբերակներ ու  նախագծեր, բայց դրանցից  ոչ մեկը չի իրացվել՚։ Խոսքը  NABUCCO  հայտնի  նախագծի  մասին է, որն արևմտյան  ընկերությունները մշակել  են Ադրբեջանի և Թուրքիայի  ներգրավումով և որը նախատեսված էր թուրքմենական  ու ադրբեջանական  գազը Թուրքիայով  Եվրոպա  տեղափոխելու համար։ 
NABUCCO   նախագծի  ճակատագիրը միշտ է  հարցականի տակ եղել,  ամենից առաջ, իր աշխարհաքաղաքական  բեռնվածության պատճառով։ 
Նրա վրա, ինչպես շամփուրի  վրա, շարվում էին տարածաշրջանում ՙնոր կարգի՚  հաստատման  ամենաանհավատալի բեմագրեր։ Իսկ Ադրբեջանը ղարաբաղյան  հակամարտության  կարգավորման հույս էր կապում  նրա հետ։ 
Բայց սեփական  էներգետիկական  պաշարները ազգային մակարդակի խնդիրների լուծմամբ  փոխանակել  կարողանալ է պետք. որոշ երկրների համար  էներգապաշարների գործոնը  հսկայական  հարստություն  է, ուրիշների համար՝ ազգային ողբերգություն։ Կոնկրետ Ադրբեջանի  համար ՙնավթագազային դիվանագիտությունն՚ արդեն վերածվում է Ղարաբաղի փաստացի  կորստի, ՙարաբական գարնան՚ ընթացքով երկրի  մասնատման կամ նրա  ներկայիս սահմանների  արմատապես  փոփոխման հավանականության։ Ի դեպ, Թուրքիան  արդեն իր վրա զգում է  նման աշխարհաքաղաքական  ճնշում։ Այսպես, Նավթային  հետազոտությունների  կենտրոնի  նախագահ Իլհամ Շաբանը գտնում է, որ TANAP-ը ինչպես և ավելի  վաղ NABUCCO-ն, քաղաքական նախագիծ է  հանդիսանում, և օտարերկրյա  ընկերությունները չեն մասնակցելու նրա իրացմանը։ 
ՙՇատ տարիներ ի վեր Տրանսկասպիական գազամուղի նախագծի իրացման ուղղությամբ  Արևմուտքի  կողմից  իրական քայլեր մենք չենք տեսել՚,- ընդգծում է  Շաբանը։- Վերջին 12 տարվա ընթացքում արևմտյան ոչ մի  ընկերություն  տվյալ նախագծի  մեջ ներդրումներ  կատարելու  պատրաստակամություն  չի հայտնել։ Նույնիսկ  հայտարարություններ չկան այդ  նախագիծը մոտ ապագայում  իրացնելու  պատրաստակամության մասին՚։ 
Այդ պատճառով հարց է  ծագում.ՙՈրտեղի՞ց են  Իլհամ Ալիևի մոտ  այդպիսի  գոռոզամտությունները, և ինչո՞ւ է նա ենթադրում, թե TANAP-ը գործի կընկնի  և կարող է  ՙմիջազգային  կարգավիճակ  ձեռք բերել՚, այն դեպքում, երբ նա  առաջներում  հայտարարում էր,  թե այդ նախագիծը  բացառապես  թուրքական  ու  ադրբեջանական  է՚, և  որ այն  իրացվելու է իրենց  ուժերով, իրենց  փողով ու  սեփական  տեխնիկական  հնարավորություններով՚։ 
Գուցե այն պատճառով, որ TANAP-ը սատարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը  տարածաշրջանի  երկրներին ակտիվորեն  ներգրավում է  Մեծ Մերձավոր Արևելքի  իր բեմագրի մեջ։ Պատահականորեն  չէ ԵՄ-ն TANAP-ի վերաբերյալ առաջ քաշել  մի պայման, ըստ որի՝ նա կարող է  սատարել  այդ նախագիծը.  այն է՝ մատակարարումների  ծավալների  երաշխիքների առկայությունը  Աշգաբադի կողմից։ Հակառակ  դեպքում նա իր մասնակցությունը  դիտում է որպես չափազանց ռիսկային՝ տնտեսական, բայց գլխավորապես՝ աշխարհաքաղաքական տեսակետից։ 
Եվրոպայում արդեն կասկածանք է  ստեղծվում, թե ԱՄՆ-ի, Թուրքիայի  և Ադրբեջանի  միջև, այսպես կոչված՝ ՙմեծ փոխըմբռնում՚ է ծագում,  որպեսզի, մի կողմից, Ռուսաստանին  դուրս մղել  Կովկասից, մյուս կողմից՝ փոխարինել  Եվրոպային, որի դիրքերը թուլանում են  այնտեղ։ Հենց  դրանում կարող է  արտահայտվել  Անկարայի և Բաքվի ռազմավարական սխալ հաշվարկը. ԵՄ-ն կարող է պաշտպանել ծնվող  Քրդստանի անկախությունը՝ Ղարաբաղի հետ միասին։ 
Բայց հիմնախնդիրը միայն դրանում չէ։  Չկա Թուրքմենստանի  համաձայնությունը TANAP¬ի նախագծին մասնակցելու  մասին։  Փորձագետները գտնում են, որ առանց  թուրքմենական  գազի  Ադրբեջանն ընդունակ չէ ապահովել պլանավորվող հումքային բեռնվածությունը։ 
Վերջերս Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Թաներ  Յըլդըզն այցելել է  Աշգաբադ, որտեղ նրան  ընդունել  է  Թուրքմենստանի  նախագահ  Գուրբանգուլի  Բերդիմուհամեդովը։ Էներգետիկայի  և բնական  պաշարների  թուրքական  նախարարի հետ բանակցությունների ընթացքում Թուրքմենիայի  ղեկավարն ընդգծել է, որ  Թուրքմենստանը, ունենալով  նավթի ու գազի  խոշորագույն  պաշարներ,  ՙշահագրգռված է զանազան ուղղություններով  էներգապաշարների  փոխադրման հուսալի, կայուն համակարգի ստղեղծմամբ, այդ թվում և  եվրոպական  ուղղությամբ՚։ ՙԿայուն՚  և ՙհուսալի՚  բառերի վրա  Թուրքմենստանի ղեկավարի կողմից  քաղաքական շեշտադրումները  հնչում են  ոչ պատահականորեն։ Տվյալ դեպքում պարադոքսային  իրավիճակների  փունջ է ստեղծվում։ 
Առաջին պարադոքս. Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Յըլդըզն Աշգաբադում հանդիպման արդյունքների վերաբերյալ  հայտարարել է, որ պլանավորվում է Թուրքմենստանը մտցնել TANAP նախագծի մասնակիցների ցուցակը։ Բայց ավելի ճիշտ կլիներ, եթե Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը Թուրքիան մտցներ իր գազի հավանական սպառողների ցուցակը, քանի որ այդ ծրագրի մեջ նրա մտնելն ինքնաբերաբար չի թելադրվում։
Երկրորդ պարադոքս. ըստ Յըլդըզի խոսքերի, ԵՄ¬ն իրական քայլեր չի ձեռնարկում նախագծի իրացման համար, այն ժամանակ, երբ Թուրքիան պատրաստ է մասնակցել դրան։ Բայց բանն այն է, որ Բրյուսելում, ինչպես և Աշգաբադում, նույնպես հետևում են ապակայունացման այն ալիքին, որը ողողում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, և մտադիր չէ ռիսկի դիմել։
Երրորդ պարադոքսը. Թուրքմենստանից Ադրբեջանով Թուրքիա և Եվրոպա գազի փոխադրման ճանապարհին կան մեծաթիվ, այսպես կոչված՝ ՙտաք կետեր՚, առանց դրանք հանգցնելու՝ հազիվ թե որևէ մեկը միջոցներ ներդնի այդ նախագծի մեջ։ Այդ պատճառով այն զգացումն է ստեղծվում, թե Բաքվի և Անկարայի խողովակաշարային քաղաքականությունը կտրվում է աշխարհաքաղաքական իրողությունից։
Վերջապես, ևս մեկ կասպիական պետություն՝ Ղազախստանը, պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում նախագծի վերաբերյալ։ Ղազախստանը հանդիսանում է Մաքսատնային միության անդամ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական տնտեսական միության ստեղծման նախագծի ներուժային մասնակիցը։ Ղազախստանն ունի պատմական այլ ճակատագիր։
Ահա թե ինչու, Շաբանի խոսքերով՝ ՙայն ամենը, ինչ լսում և տեսնում ենք՝ TANAP ¬ի վերաբերմամբ զանազան քաղաքական գործիչների հայտարարությունները, միայն քաղաքական հռչակումներ են, այլ ոչ թե առաջխաղացում նախագծի իրականացման գործում՚։
 Իսկ մենք էլ ավելացնենք, որ, ցավոք, մեն¬միայն քաղաքական հռչակումների վրա կառուցված դիվանագիտությունը, ինչպես որ ավելի վաղ NABUCCO¬ի հետ է եղել, լրացուցիչ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում, որն առանց այդ էլ  ծանրաբեռնված է զանազան հակամարտություններով։ 
 
Ստանիսլավ  ՏԱՐԱՍՈՎ