[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, որ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) սահմանապահ ծառայության մարմինները։ Հիշյալ հայտարարությունը չի ենթադրում ՀՀ տարածքով Ադրբեջանին ինչ-որ միջանցքի տրամադրում, փաստաթղթում կա հիշատակում միայն Լաչինի մարդասիրական միջանցքի մասին։

Պատերազմից հետո, սակայն, Ալիևը շրջանառության մեջ դրեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, ըստ էության, ցուցադրելով իր՝ միջանցք՝ միջանցքի դիմաց տեսլականը։ Այն, ինչ ուզում են Ալիևն ու Էրդողանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցքի ստեղծում միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքով, նշանակում է վտանգի տակ դնել Հայաստանն ու Արցախը։
Ալիևի այդ պահանջը մեկնաբանելով՝ ԱՀ արտգործնախարարն ասել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը միայն Արցախը խեղդելը չէ։ Ավելի գլոբալ խաղի մասին է խոսքը, բնականաբար, Թուրքիայի մասնակցությամբ։ Հայաստանի համար նման միջանցքի առկայությունը նշանակում է ինքնիշխանության կորուստ իր տարածքի կարևոր գծերի նկատմամբ։ Արդեն կա «միջանցքի» երկու հիշատակում՝ երկաթգիծ Մեղրիով և ավտոճանապարհ Սիսիանով։ Ադրբեջանի նպատակը Հայաստանը մասնատելն է, Իրանի հետ կապը խաթարելը, Սյունիքն ամբողջությամբ շրջափակելը։ Այս դեպքում թուրքերի և ադրբեջանցիների անարգել անցումն ապահովված է, այսինքն՝ ճանապարհ է բացվում այդ տարածք հետագայում զորքեր մտցնելու համար։ Այդկերպ ապահովվում է նաև կապը Նախիջևանի և Քարվաճառի միջև, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց հսկողության տակ են դնում Արևելյան Անդրկովկասը, ինչը կհանգեցնի խորը փոխակերպումների Հյուսիսային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և այլուր։ Դա հենց այն «ճանապարհային քարտեզն» է, որը միջազգային հանրությանը ներկայացրին Էրդողանն ու «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարը։ Միջանցքի թեմայով մի շարք հայտարարություններ է հնչեցրել Ալիևը, որոնք ի վերջո վերածվել են սպառնալիքների։ Ս.թ. նոյեմբերի 8-ին Շուշիում կազմակերպված հերթական տոնակատարության ժամանակ նա ելույթ է ունեցել և մեղադրել Հայաստանին, որն իբր չի կատարում ստանձնած պարտավորությունները, իսկ ադրբեջանական կողմը «երկու տարի է՝ ձեռք չի տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին»։ Ալիևն ասել է, թե՝ Հայաստանը պարտավորվել էր ճանապարհային կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց երկու տարի է անցել՝ չկա գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Զուգահեռներ է անցկացրել Լաչինի և «Զանգեզուրի միջանցքի» միջև՝ թափանցիկ ակնարկ անելով թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրի մասին։ Հիշյալ ելույթը, թերևս, ազդակ էր առ այն, որ ադրբեջանական կողմն արդեն չի պարտավորվում ձեռք չտալ Լաչինի միջանցքով երթևեկող մեքենաներին։ Հայաստանին նախապես մեղադրելով՝ Ադրբեջանի նախագահը փորձել է իրենից հեռացնել ադրբեջանական կողմից ձեռնարկվելիք սադրանքների պատասխանատվությունը։ Բաքվից մի քանի անգամ հայտարարել են Լաչինի միջանցքի նկատմամբ հսկողություն սահմանելու, այսինքն՝ մաքսակետեր ու անցակետեր տեղադրելու մասին։ Իսկ դա փաստացի նշանակում է հումանիտար միջանցքի կարգավիճակի կորուստ։ Վերջին ժամանակներս էլ սկսել են մեղադրանքներ հնչեցնել ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին՝ պնդելով, թե մարդասիրական օգնության անվան տակ սպառազինություն է տեղափոխվում միջանցքով։ Բայրամովն էլ սպառնացել է, թե պետք է վերջ տրվի Հայաստանի կողմից միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը, հակառակ դեպքում Ադրբեջանը համապատասխան քայլերի կդիմի։ Բայրամովի կարծիքով՝ ՙ2021 թվականին Ղարաբաղում տեղադրված ականները տեղափոխվել են հենց Լաչինի միջանցքով՚։ Տեղեկատվական նման նախապատրաստությունից հետո ադրբեջանական կողմը պետք է անցներ սադրանքի, և այս առումով դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում տեղի ունեցածն ամենևին անսպասելի չէր։ Ստեփանակերտը քաղաքական գնահատական տվեց միջադեպին՝ մասնավորապես նշելով, որ այդ ահաբեկչական քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ։ Դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները հերթական սադրանքին դիմեցին Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում, որն ավարտվեց հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուքով։ Ի դեպ, երկու սադրանքների ժամանակ ադրբեջանցիները եղել են քաղաքացիական հագուստով, բայց իրականում նրանք ուժային կառույցների ծառայողներ էին։ Ադրբեջանական սադրանքները շարունակվելու են, դրանց պետք է պատրաստ լինել։ Բաքվում ծրագրվող գործողությունները նաև Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հեղինակությունը նվաստացնելու միտում ունեն, ավելին՝ ոչ պաշտոնական մակարդակով կոչ է արվում չսպասել մինչև 2025 թվականը, ամբողջությամբ վերցնել Ղարաբաղը և տարածաշրջանից հեռացնել խաղաղապահներին։ Իրադարձությունների ընթացքը մի բան է հուշում՝ ուժեղացնել հսկողությունը ոչ միայն Լաչինի միջանցքի, այլև ամբողջությամբ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ