[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիան «կկլանի՞» Ադրբեջանը, թե՞ Իրանը «կօկուպացնի» Նախիջեւանը

«Եղբայրական բռունցք»՝ այսպես են անվանվել Իրանի սահմանի գրեթե ողջ երկայնքով անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Գլխավոր «վարժանքը», որ փորձարկվել է, գետանցումն է եւ «պայմանական հակառակորդի խոր թիկունքում դեսանտի իջեցումը»։ Զորավարժությունները դիտարկել է Թուրքիայի ռազմական բարձրաստիճան պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը, ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հրամանատարները։

Անկասկած, դա աշխարհաքաղաքական նշանակության ազդակ է, որ Թուրքիան հղում է միաժամանակ ե՛ւ Իրանին, ե՛ւ Ռուսաստանին։ Ընդ որում, իրավիճակի նման փոփոխություն կանխատեսվել էր դեռեւս 2021թ․-ին, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը», որով Թուրքիան փաստացի ստանձնեց Ադրբեջանի ինքնիշխանության երաշխավորություն։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններով, կարելի է ասել, Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք հիպերտարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դեմ «երկրորդ ճակատ է բացվում»։

Պատահական չէ, որ Արաքսի հովտում ծավալված «վարժանքը» համընկավ Ռուսաստանի տարածքում ռազմավարական նշանակության հենակայաններում ուկրաինական ԱԹՍ-ների իրականացրած հարվածներին։ Դրանք Ռուսաստանի համար աղետալի են ոչ այնքան կոնկրետ վնասներով, որքան՝ վարկանիշային հեղինակազրկմամբ։ Ըստ էության, աշխարհը տեսավ, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը հնարավոր է խոցել։ Արդեն կարեւոր չէ՝ ԱԹՍ-ն արձակվել է Ուկրաինայի՞ց, թե՞ «դիվերսիոն խումբ է ներթափանցել»։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանը մոտակա օրերին Իրանից պետք է միջին հեռահարության հրթիռներ եւ ԱԹՍ-ների հերթական խմբաքանակ ձեռք բերի։ Կողմերի համագործակցությունը հասնում է ռազմավարական դաշնակցության մակարդակի, ինչը Սիրիայում եւ Իրաքի հյուսիսում սահմանափակում է Թուրքիայի ազդեցությունը, ինչպես նաեւ կարող է հանգեցնել համաձայնության, որի դեպքում «թուրքական միջանցքի» ծրագիրը կխափանվի։

Բարդ է ասել, թե որքանո՞վ է Միացյալ Նահանգների շահերին համապատասխանում Իրանի սահմանի երկայնքով թուրք-ադրբեջանական զորավարժության անցկացումը, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները վստահաբար աջակցում է Իրանի ներքին այլախոհներին, իսկ էթնիկ թուրք բնակչության գործոնը չափազանց կարեւոր է։ Ի պատասխան՝ իրանական կողմից հնչել է Նախիջեւանն օկուպացնելու եւ թուրքական «շղթան կտրելու» սպառնալիք։

Վերջին օրերին Բաքուն Նախիջեւանի ուղղությամբ մի քանի քայլեր է ձեռնարկել։ Լուծարվել է ինքնավարության Մաքսային կոմիտեն եւ վերակազմավորվել որպես Ադրբեջանի մաքսային կոմիտեի վարչություն։ Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, հրաժարական է տվել Գերագույն մեջլիսի նախագահ Թալիբովը, որ Նախիջեւանի անփոփոխ ղեկավարն էր 1993 թվականից ի վեր՝ որպես Հեյդար Ալիեւի իրավահաջորդ։

Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Ալիեւը «հետեւողականորեն գնում է Նախիջեւանի ինքնավարության լուծարման»։ Հնարավոր է՝ դա նույնպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու նպատակ ունի․ Նախիջեւանը որպես ինքնավար կազմավորում Ադրբեջանի պրոտեկտորատին է հանձնվել ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» 1921թ․ մարտի 16-ի պայմանագրով։ Ռուսաստանը Նախիջեւանի կարգավիճակի իրավական երաշխավորն է։

Ի՞նչ է ծրագրվում։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան գնում է Հարավային Կովկասում նոր ստատուս-քվոյի «օրինականացման», երբ Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը կամ կչեզոքացվի, կամ կհասցվի «օպտիմալ նվազագույնի»։ Հայկական դիվանագիտությունը բախվում է ծանրագույն մարտահրավերների։ Ռուսաստանը դեռ երկար է «խրված մնալու ուկրաինական ճահճում», եւ Թուրքիան պատմական պատեհությունը բաց չի թողնելու, որպեսզի «կլանի» Ադրբեջանը։ Ալիեւը համարձակվում է լինել տարածաշրջանային անկայունության հրձիգ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ