Թուրքիայի «աշխարհաքաղաքական դերը» գրեթե կանխորոշում է Հայաստան-Ադրբեջան եւ ԼՂ կարգավորումը
ԱՊՀ եւ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովին հղած տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Պուտինը սկզբունքային նշանակության «ազդակ» է հղել՝ հավաստիացնելով, որ «աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում» եւ փաստացի արձանագրել, որ «աշխարհն արդեն բազմաբեւեռ է»։ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոն կարծես մասնավորեցրել է Պուտինի դիտարկումը եւ ԵԱՏՄ երկրներին հորդորել, որ «վերջնականապես կողմնորոշվեն, թե ում հետ են»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն իր հերթին Եվրամիությանը խորհուրդ է տվել «սուբյեկտություն ցուցաբերել եւ դառնալ աշխարհաքաղաքական բեւեռ»։ Ուշագրավ է, որ Լավրովն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանդես է եկել «Միացյալ Նահանգներին համաեվրոպական պատասխան տալու» նախաձեռնությամբ։ Մակրոնը դեկտեմբերի առաջին օրերին պետական այցով գտնվել է Վաշինգտոնում։ Երեւում է, ֆրանս-ամերիկյան տնտեսական համաձայնություն չի կայացել։
ԱՄՆ նախագահ Բայդենը Կոնգրեսում «անցկացրել է» օրենք, որով ձեռնարկատիրությանը նախատեսվում է 400 միլիարդ դոլարի սուբսիդավորում։ Եվրամիության երկրներում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ը «ինֆլյացիայի դեմ պայքարի պատրվակով» ձգտում է ԵՄ արդյունաբերական ներուժի «զգալի մասը տեղափոխել իր տարածք»՝ առաջարկելով պետական օժանդակություն եւ հարկային որոշակի արտոնություններ։
Այս համապատկերին առանձնանում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պետական այցը Սաուդյան Արաբիա, որտեղ գումարվել է Չինաստան-Պարսից ծոցի երկրներ տնտեսական խորհրդաժողով։ Reuters-ի աղբյուրների վկայությամբ՝ Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել են նավթի առքուվաճառքն իրականացնել ազգային տարադրամով։ Արաբական աղբյուրներն ասում են, որ Չինաստանին վաճառվող նավթի «մի մասի դիմաց հնարավոր է հաշվարկը կատարվի չինական յուանի փոխարժեքով, բայց փաստացի դա կվերաբերվի Չինաստանից ներմուծումներին»։
Ռուսաստանի նախագահի կանխատեսումը, որ «աշխարհն արդեն բազմաբեւեռ է», ըստ այդմ, իրականությանը մոտ է թվում։ Պարզ չէ միայն, թե երբ, որտեղ եւ ինչպես է տեղի ունենալու «ազդեցության գոտիների նոր բաժանումը»։ Ի տարբերություն անցյալ դարասկզբի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դասավորության՝ միջազգային քաղաքականության մեջ նոր եւ ազդեցիկ դերակատարներ են հայտնվել՝ Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, արաբական երկրներ։ Այս շարքում տեղ ունի նաեւ Թուրքիան։
Թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ իշխող կուսակցությունը քննարկում է նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Օրենքով դրանք պետք է տեղի ունենան ամռանը՝ հունիս-հուլիսին։ Արտահերթ ընտրությունները ենթադրաբար կանցկացվեն գարնանը։ Դա նշանակում է, որ եկող տարվա կեսերին կամ վերջին հնարավոր են աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ։ Թուրքիան նախապատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նոր եւ ավելի ուժեղ ու կոնսոլիդացված իշխանությամբ։
Թուրքիայի «աշխարհաքաղաքական դերի» խնդիրը գրեթե կանխորոշում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ ԼՂ կարգավորումը։ Իրանի սահմանին անցկացված «Եղբայրական բռունցք» անվանումով խոշոր զորավարժությունները վկայում են, որ Թուրքիան Ադրբեջանի «կլանման» հարցը ձգտում է հասցնել ավարտին։ Դրան որոշակիորեն նպաստում է Միացյալ Նահանգները, որ միաժամանակ «նրբորեն առաջ է մղում» հայ-թուրքական «պատմական հաշտեցումը»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան անցյալ հինգշաբթի ասել է, որ Մոսկվան «սպասում է Հայաստանի վերջնական դիրքորոշմանը»՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման «սկզբունքների հարցում»։
Բիշքեկում տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հանդիպում, որից որեւէ էական մանրամասնություն հայտնի չէ։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, մինչդեռ, մինչեւ տարեվերջ Փաշինյան-Ալիեւ հանդիպում է անոնսավորել։ Դա, ենթադրաբար, տեղի կունենա ԱՊՀ ավանդական գագաթնաժողովի շրջանակներում, որ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում։ Փորձագետները կարծում են, որ հայ-ադրբեջանական բանակցությունների «բրյուսելյան հարթակը սպառված է»։ Կա կարծիք, որ Հարավային Կովկասի երկրներ այցի է նախապատրաստվում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը։ Ըստ երեւույթին, սկզբունքային որեւէ համաձայնություն այս փուլում չկա։ Դա մեծացնում է նոր էսկալացիայի վտանգը։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ