Ի՞ՆՉ ԴԵՐ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆՁՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Արցախն արտաքին աշխարհի և Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններն ակամայից բացահայտում են Ադրբեջանի հեռահար քաղաքական նպատակները։ «Բնապահպանական» ելույթներն էլ կարելի է որակել Բաքվում նախապես ծրագրված գործողությունների մեկնարկ, ինչին պետք է հետևեր Լաչինի միջանցքի փակումը։ Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է հայտարարությունը, թե իբր Ղարաբաղի բնական պաշարները շահագործվում են ապօրինի՝ բնապահպանական ռիսկեր առաջացնելով։ Իրականում այդ պաշարները պատկանում են Արցախի Հանրապետությանը, որն առկա հանքավայրերը շահագործում է միջազգային գործող նորմերին համապատասխան։ Բայց քանի որ «բնապահպանության» ենթատեքստում Ադրբեջանի քաղաքական ծրագրերն են, Բաքվում որոշեցին խնդիր ստեղծել՝ հիմքում դնելով Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերի շահագործումը։ Տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմն ինչ-որ քայլեր համաձայնեցրել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, այլապես հնարավոր չէր լինի մեջտեղ բերել հանքավայրերի մոնիտորինգի հարցը։ Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպման են գնացել Շուշիից։ Հանդիպումը կայացել է Իվանյանում տեղակայված ռուսաստանյան զորակազմի շտաբում։ Այդ ժամանակ է ադրբեջանական կողմը բարձրացրել «հանքավայրերի ստուգման, ապօրինի շահագործման կանխարգելման, մոնիտորինգի և գույքագրման, գույքի կադաստրային հաշվառման կազմակերպման ու գնահատման հարցերը»։
Արցախի շուրջ ընթացիկ վտանգավոր զարգացումները ցույց են տալիս, որ հակառակորդը գործադրում է բոլոր ջանքերը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Արցախի խնդիրն Ադրբեջանի ներքին խնդիրն է, որի քննարկման համար միջազգային ձևաչափերի կարիք չկա։ Դեկտեմբերի 10-ին Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկեց, որ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրել է այցելություն իրականացնել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Հրամանատարության կողմից թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց նշված հանքավայրեր։ Քանի որ առաջարկված ծրագիրը սահմանված կարգով համաձայնեցված չի եղել արցախյան կողմի հետ, տեղում հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից արգելափակվել է մի խումբ ադրբեջանցիների մուտքը հանքավայրերի տարածք։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Բաքուն նոտա հղեց Մոսկվային՝ կոչ անելով ռուսական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր՝ մոնիտորինգ իրականացնելու համար։ Նոտայում ընդգծված էր «ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը»։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները հերթական սադրանքին դիմեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա՝ փակելով այն կրկին բնապահպանական պատճառաբանությամբ։ Ադրբեջանցիների գործողությունները հետապնդում են Արցախի ժողովրդին ահաբեկելու, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, ապագայի նկատմամբ անվստահություն առաջացնելու նպատակ։ Դրանից զատ՝ նաև վարկաբեկել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Ի դեպ, ավելի վաղ ադրբեջանական աղբյուրներն ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր Վոլկովը ադրբեջանցի լրագրողներին ասել է, թե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում ադրբեջանական «մինի մաքսակետ» է գործելու։ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքեց այդ կեղծ լուրը՝ վկայակոչելով Վոլկովի խոսքը, ըստ որի՝ նախատեսվում է տեղադրել միայն տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու նպատակով։ Ադրբեջանական սադրանքներն ավելի ակտիվացան այն ժամանակ, երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ էր անցկացնում Ֆրանսիայի Հանրապետությունում։ Արցախյան պատվիրակության այցը տեղի ունեցավ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող խորհրդատվական բանաձևերի ընդունումից հետո։ Փաստաթղթերում կարևոր ձևակերպումներ կային, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտություն, հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջ, նաև Արցախում հումանիտար գրասենյակ բացելու վերաբերյալ պատգամավորների՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հորդոր։ Այդ երկրի օրենսդիր մարմնի պահանջը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է պաշտպանված լինի միջազգային իրավունքով, արդեն իսկ Բաքվին ուղղված մարտահրավեր է, որովհետև դա վերահաստատումն է այն իրողության, որ ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց միջազգայնացված է։
Չի կարելի շրջանցել նաև այն կարևոր մեսիջները, որոնք Ֆրանսիայից աշխարհին հղեցին ԱՀ պատվիրակության անդամները։ Եվս մեկ անգամ հայտարարվեց, որ ԱՀ տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահներին այլընտրանք չկա, որ Ստեփանակերտում խորապես գիտակցում են խաղաղապահների դեմ Ադրբեջանի սադրիչ քայլերի նպատակներն ու հետևանքները։ Այնտեղ ԱՀ արտգործնախարարը շեշտել է, որ Արցախը չի դիտարկում որևէ այլ երկրի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը, այլ ցանկանում է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ամրագրվի միջազգային մանդատով։ Կարևոր ազդակ էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը. այսօր Արցախում խաղաղությունը երաշխավորում է ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով։ Դրանից բխող տրամաբանական հարցը՝ նման երաշխիքների ապահովման հարցում Ֆրանսիան կարո՞ղ է ինչ-որ դերակատարություն ստանձնել, այլ կերպ ասած՝ ռուս-ֆրանսիական փոխգործակցությունն, արդյո՞ք, հնարավոր է։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ