Պաթոսից անդին
Ինձ հարցնում են. «Սպասելի՞ էր, որ Ադրբեջանը կփակի Լաչինի միջանցքը»։ Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ մեր պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ «քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը»։ Բաքվի լրատվամիջոցներն օգտագործում են «Շուշի-Ստեփանակերտ» կամ «Լաչինի ճանապարհ» ձեւակերպումը։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հաղորդագրության մեջ նույնպես խոսվում է «Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու» մասին։ Իսկ որտե՞ղ մնաց «Լաչինի միջանցք»՝ նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից իրավաբանորեն ճանաչված, հստակ սահմանումը։
Ստացվում է, որ իրավական առումով Լաչինի միջանցքը փակ չէ։ Պարզապես մի խումբ «ադրբեջանցի բնապահպաններ բողոքի ակցիա են իրականացնում»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարել է, որ «երթեւեկությունը ռուս խաղաղապահներն են արգելափակել»։ Քիչ առաջ Բաքվի թելեգրամ-ալիքները գրեցին, որ «բնապահպանները մարդասիրական միջանցք են բացել, խաղաղապահ զորախմբի մեքենաներն անարգել անցել են դեպի Ստեփանակերտ, երկու բեռնատար էլ՝ հակառակ ուղղությամբ»։ Այս «խմորը շատ ջուր է վերցնելու»։ Իսկ այսպես չէր լինի, եթե մենք ժամանակին նստեինք եւ խաղաղապահ զորախմբի ու ադրբեջանական կողմի հետ քարտեզագրեինք Լաչինի միջանցքը։
Մի քանի անգամ մամուլում, հեռուստատեսությամբ սոցցանցային գրառումներով հարց եմ հնչեցրել. «Որտեղի՞ց է սկսվում Լաչինի միջանցքը եւ որտե՞ղ՝ ավարտվում»։ Եթե միջանցքի մեկնակետը Շուշի-Քարին տակ խաչմերուկն է, ապա ի՞նչ գործ ունեն տասը մետր հեռու կանգնած ադրբեջանական զինվորականները կամ ինչպե՞ս են նրանք անարգել ելումուտ անում Իսահակի աղբյուրի տարածք։ Այս գործնական խնդիրները երբեւէ քննարկվե՞լ են։ Ոչ ոք չգիտի, ոչինչ հայտնի չէ, որովհետեւ մենք «թուրք» չենք։ Մենք բա՜րձր գաղափարների ժողովուրդ ենք, երկրային «կեղտի» հետ գործ չունենք։
Մինչդեռ իրականությունը մեծ հաշվով «կեղտ» է, խարդախություն, նենգամտություն։ Մինչեւ կհասունանա հարմար պահը։ Չեմ հիշում՝ ով, բայց շատ դիպուկ է ասել. «Վրիժառությունը սառը խորտիկ է»։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Ով հինգ րոպեով ամբիոն է զբաղեցնում, հավաքում է գեղեցկախոսության ողջ պաշարը եւ... Կարդացեք միջազգային կառույցի, գերտերության ներկայացուցչի ելույթ, մամուլի համար արված հայտարարություն եւ ոչ մի զեղում, էմոցիա չեք գտնի։ Որովհետեւ հայտնի խոսք է. «Լեզուն դիվանագետին տրված է, որպեսզի թաքցնի մտքերը»։ Ի՞նչ իմաստ ունի իմ ասածը, եթե թշնամին դրանից պիտի կարողանա կռահել իմ իրական միտքը։
Մենք պաթոսի հպատակ ենք։ Այնքան, որ «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի ֆոնին լուսանկարը տարածում ենք որպես հայրանիքին նվիրվածության «անժխտելի վկայություն»։ Մեկ շաբաթ հետո նույն մարդը լուսանկար է հրապարակում արդեն... Փարիզից, բայց նա Արցախում եղել է, չէ՞... Դա բավական է, որ նա այսօր Արցախում ապրողներիս հորդորի «տոկուն եւ համբերող լինել»։ Պաթոս է, ի՞նչ կարող ես անել։ Ինչպես զուտ պաթոս էր (ուզում եմ հավատալ), երբ տարեսկզբին ընդունեցինք «Բռնազավթված տարածքների մասին» օրենք։
Ինչպես Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարին հակադարձեցինք, թե Պաշտպանության բանակը «պետք է դառնա մարտական խնդիրներ լուծելու ունակ զորամիավորում»։ Թուրքն իր նպատակը չի հայտարարագրում, առավելագույնս գաղտնի է պահում։ Մինչեւ գալիս է պահը։ Իրականությունն է այդպես պահանջում կամ ինչպես երիտասարդ քաղաքագետներն են ասում՝ «ռեալ-պոլիտիկը», որ մեզնից պահանջում էր հստակեցնել, թե ո՞րն է Լաչինի միջանցքը...
Այս փորձությունն էլ կանցնի, դիմացողը կմնա։ Բայց եթե մենք չստեղծենք մեր պաթոսազերծ իրականությունը, կյանքը մեզ «դարձյալ շրջանցելու է»՝ ինչպես ձախողակ բանաստեղծի, որ հարբեցողությունը ներկայացնում է իբրեւ «չհասկացված տաղանդի տառապանք»։ Իր խնդիրն է, բայց մի ժողովուրդ չպետք է հավերժական «չհասկացվածության» դատապարտվի...
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ