[ARM]     [RUS]     [ENG]

Էրդողանի աշխաբադյան «ֆիասկոն» տարածաշրջանին «անսպասելի լուծումնե՞ր» է թողնում

 

Դեկտեմբերի 14-ին Աշխաբադի մերձակա «Ավազ» կառավարական նստավայրում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների գագաթնաժողով։ Ինչպես հայտնի է դարձել, երեք նախագահների բանակցություններին միացել է նաեւ Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որ մեկ տարի առաջ է իշխանությունը փոխանցել որդուն։ Ավագ Բերդիմուհամեդովը մի քանի ամիս առաջ այցելել էր Մոսկվա, որտեղ նրան ընդունել էր ՌԴ նախագահ Պուտինը եւ պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ Հենց այդ ժամանակ էլ փորձագետները կարծիք էին հայտնել, որ Թուրքմենստանը «կտրուկ փոփոխությունների չի գնա»։

Այդ կանխատեսումն արդարացավ Թուրքական պետությունների կազմակերպության Սամարղանդի գագաթնաժողովում, երբ Թուրքմենստանը ոչ միայն կազմակերպության լիիրավ անդամ դառնալու որոշում չընդունեց, այլեւ, ըստ հավաստի տեղեկությունների, արգելափակեց, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» անդամակցությունը։ Իսկ Էրդողանը եւ Ալիեւը Թուրքմենստան էին ուղեւորվել՝ վստահ լինելով, որ նախագահ Բերդիմուհամեդովին կհամոզեն թուրքմենական գազը Եվրոպա տարանցելու հարցում։ Ինչպես հայտնի է դարձել «Նեզավիսիմայա գազետա»-ին, կողմերը մի քանի համաձայնագիր են ստորագրել կրթության, մշակույթի եւ մաքսային ոլորտներում համագործակցության մասին, իսկ գազի հարցում «բանակցել են, որ կբանակցեն»։

Ստեղծված կացությունը չափազանց «դելիկատ» է Ադրբեջանի համար։ Ալիեւը Եվրամիությանը խոստացել է եկող տարի գազի արտահանման ծավալը հասցնել 27 միլիարդ խորանարդ մետրի, իսկ հումք չունի։ Ըստ տեղեկությունների, կա թուրքմենա-իրանա-ադրբեջանական պայմանավորվածություն՝ «սվոփ» եղանակով գազի հավելյալ պաշարներ ներմուծելու ներքին կարիքների համար, իսկ սեփական ծավալները՝ արտահանելու Եվրոպա, բայց Իրանի հետ ներկա լարվածության պայմաններում դա «չափազանց խնդրահարույց է թվում»՝ ինչպես կարծում է թուրքմեն փորձագետ Սարդար Այթակովը։

Անշուշտ, չի կարելի խոսել թուրք-ադրբեջանա-թուրքմենական համաձայնության վերջնական ֆիասկոյի մասին։ Մեզ համար էական է, որ թուրք-ադրբեջանական «գազային դիվանագիտությունը» փաստացի հաջողություն չի արձանագրել։ Թե ի՞նչ «ներդրում է ունեցել» դրանում Ռուսաստանը՝ կարելի է միայն ենթադրել։ Բայց դա նաեւ վկայություն է, որ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական էներգետիկ նախագծերը, մեղմ ասած, մրցակցային են։ Տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերի շուրջ տարաձայնությունները, բնականաբար, պայմանավորում են քաղաքական հարաբերությունները։ Ռուսաստանի եւ հատկապես Իրանի դեմ Ալիեւի վերջին դեմարշները, հնարավոր է, Հարավային Կովկասում ռուսական եւ իրանական ներկայությունը սահմանափակելուն ուղղված քայլեր են։

Ռուսաստանյան աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը Թուրքմենստանի հետ համաձայնության է եկել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի «արեւելյան թեւ» ստեղծելու հարցում։ Ավելի վաղ խոսքը Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան «միջանցք» ստեղծելու մասին էր։ Երեւում է, Ռուսաստանը ձգտում է ավելի վստահելի եւ անվտանգ կապ հաստատել Իրանի հետ։ Անորոշ ակնարկներ կան, որ Վրաստանը կարող է համաձայնել «Աբխազիայի հետ տնտեսական սահմանի բացմանը»։ Դա նշանակում է, որ չի բացառվում աբխազական երկաթուղու վերագործարկումը։ Տարածաշրջանում հնարավոր են «շատ անսպասելի լուծումներ»։ Եթե, իհարկե, ուկրաինական «ճակատում» Ռուսաստանը հասնի «գետնի վրա իրավիճակի» կայունացման։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ