Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Մերձավորարեւելյան «նոր կոմունիկացիաների» ադրբեջանական «ավետաբերները»

«Նյու-Յորք թայմսը», հղելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Միլիի եւ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Գյուլերի «վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպումը արդյունավետ չէր»։ Ըստ տեղեկությունների, Գյուլերը Միացյալ Նահանգներ էր մեկնել՝ ամերիկյան կողմից Սիրիայի հետ սահմանին «քրդական զինված խմբավորումների հետ կապված հարցով»։ Ենթադրաբար՝ Թուրքիան փորձել է քրդերի դեմ «ցամաքային ռազմագործողություն սկսելու համաձայնություն ստանալ, բայց Վաշինգտոնը մերժել է»։

«Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը, թեեւ որոշակի վերապահումներով, բայց հավանական է համարում, որ Թուրքիան ԱՄՆ-ից մերժում է ստացել եւ հիմնավորում, որ Գյուլերի Վաշինգտոն այցից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայի նախագահ Ասադի հետ ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ հանդիպման առաջարկի մասին։ Ավելի վաղ Մոսկվայից այդ նորությունը չէին մեկնաբանում։ Անցած շաբաթավերջին ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովը ոչ միայն հաստատեց, որ թուրքական կողմից նման առաջարկ ստացվել է, այլեւ հավելեց, որ Ռուսաստանը «ներկայումս սիրիացի բարեկամների հետ այդ հարցով խորհրդատվություններ է անցկացնում»։

Բոգդանովը համարում է, որ Թուրքիան եւ Սիրիան «կարող են վերադառնալ Ադանայի համաձայնագրի պայմանավորվածություններին»։ Դա ենթադրում է միմյանց տարածքային ամբողջականության, գոյություն ունեցող սահմանների անխախտելիության եւ քաղաքական ռեժիմի փոխադարձ ճանաչում։ Թուրքիան այդ դրույթները դրժել էր Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց ի վեր՝ բացահայտ աջակցություն ցուցաբերելով երկրի հյուսիսում բնակվող թուրքմեն փոքրամասնությանը։ Թուրքիան նաեւ տարածքային հավակնություններ ունի եւ շարունակում է օկուպացված պահել սիրիական տարածքի մի զգալի հատված։

Regnum-ի վերլուծականը ռուս-թուրք-սիրիական հնարավոր համաձայնությունը գնահատում է որպես Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական «ազդեցության մեծացման հնարավորություն»։ Չինաստանը ծրագրում է Պարսից ծոցի արաբական երկրներում տասնյակ միլիարդավոր դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել։ Սիրիայում եւ Իրաքում մեծ է նաեւ Իրանի ներկայությունը։ Մերձավոր Արեւելքում տնտեսական ներկայությունը մեծացնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են կոմունիկացիոն նոր հնարավորություններ։

Ուշագրավ է, որ ռուս-թուրք-սիրիական բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին ՌԴ փոխարտգործնախարարի կողմից «տեղեկատվական արտահոսքը» գրեթե համընկնում է արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ կազմակերպելու Հարավային Կովկասի հարցերով 3+3 ձեւաչափի գագաթնաժողով։ Մամուլում տեղեկություններ կան, որ «ընթանում են ռուս-վրացական փակ բանակցություններ», եւ երկու երկրները «եկող տարի կարող են վերսկսել ուղղակի ավիահաղորդակցությունը»։

Հայաստանի հետ օդային սահմանը բացելու եւ ավիաբեռնափոխադրումներ սկսելու հավանականության մասին գրել է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը, իսկ հայկական ընդդիմադիր մամուլում տեղեկություններ կան, որ «վերանորոգվում է Մարգարայի կամուրջը»։ Դա Թուրքիայի հետ սահմանին է, ուստի ենթադրվում է, որ կողմերը քննարկում են նաեւ «ցամաքային սահմանի առնվազն մեկ անցակետ բացելու» հնարավորությունը։

Ըստ երեւույթին, Լաչինի միջանցքի խնդիրը դիտարկվում է տարածաշրջանային կոմունիկացիաների  ենթադրվող «վերաբաշխման» տիրույթում։ Թուրքիայի պաշտպանության նախարարը խորհրդարանում հայտարարել է, որ Ադրբեջանի կողքին կլինեն՝ «ընդհուպ մինչեւ «Զանգեզուրի միջանցքի» բացումը»։ Նա նաեւ խոսել է Լեռնային Ղարաբաղում «հրադադարի պահպանման ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի կարեւորության» մասին։ Բաքվի «էկոակտիվիստները» Մոսկվայի հետ Էրդողանի «խոշոր գործարքի ավետաբերնե՞րն են»։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ