[ARM]     [RUS]     [ENG]

ԲՐԻՏԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐՆ» Է

 

Թուրքիայի արտգործնախարարն Աշխաբադում գտնվելու օրերին պատասխանել է թուրքմենական ու ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին՝ չշեղվելով Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններից։ Հընթացս էլ Մոսկվային ազդակ է հղել առ այն, որ միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է, ռուսներն այնտեղ առաքելություն ունեն, բայց, մյուս կողմից, դա միջազգային իրավունքին չի համապատասխանում։ Հակասական իրավիճակը, ըստ նախարարի, ստեղծվել է այն պատճառով, որ «Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում... Ուրեմն, Բաքուն իրավացի է, Թուրքիան էլ այդ իրավացի պայքարում աջակցում է Ադրբեջանին»։ Չավուշօղլուն այսպես արտահայտվեց Աշխաբադում թուրք-ադրբեջանական գազային դիվանագիտության ձախողումից հետո։ Մոսկվային ուղղված մեսիջն էլ պատահական չէ. Թուրքիայի հաջողություններում ու ձախողումներում Ռուսաստանի դերակատարությունն անվիճելի է։ Գնալով ավելի հասկանալի է դառնում Լաչինի միջանցքի փակման աշխարհաքաղաքական ենթատեքստը։ Գազամատակարարման վերականգնման օրը ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը բավականին վստահ հայտարարեց, որ օրվա ընթացքում կբացվի նաև Ստեփանակարտ-Գորիս ճանապարհը։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց. նույն օրը Երևան ժամանեց Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ MI 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը։ Տեղեկատվական հոսքերի վերլուծությունը տանում է այն մտքին, որ Լաչինի միջանցքում քաղաքական ակցիա կազմակերպողները նաև Մեծ Բրիտանիայի շահերի պաշտպաններն են։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է մի շարք հանքավայրեր, այդ թվում՝ Կաշենը, հանձնել բրիտանական Anglo Asian Mining ընկերությանը՝ 3 միլիարդ դոլարի դիմաց։ Ընթացիկ տարվա հուլիսին Ադրբեջանն այդ ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքել։ Թեմայի հետ կապված՝ ուշագրավ տեղեկություններ է հրապարակել իրանական parstoday կայքը՝ վկայակոչելով բրիտանական Open Demokracy ինստիտուտի ուսումնասիրությունները։ Դրանց համաձայն՝ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Anglo Asian Mining ընկերությունը նամակ է հղել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանին, որում նկարագրված էին Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից տարածքներում առկա ոսկու հանքավայրերը։ Նամակում Արցախն անվանել են «Հնարավորությունների երկիր»։ Ռիչարդ Մուրը նախկինում Անկարայում եղել է բրիտանական դեսպանության ղեկավարը, Էրդողանի ամենամոտ ընկերներից է, համարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում բրիտանական կապիտալի պատասխանատուն։ Հետաքրքիր դիտարկում է ներկայացնում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Armeniasputnik»-ի հետ զրույցում՝ նշելով, որ վերջին 30 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան երբեք ցույց չի տվել, որ Հայաստանին որևէ դրվագով բարեկամ է։ Ուստի, եթե ՀՀ իշխանությունները շփվում են Մուրի հետ, ապա այստեղ երրորդ կողմն էլ կա։ Ինչ-որ առումով դա անուղղակի շփում է Թուրքիայի հետ։ Նա վկայակոչում է այն տեսակետը, ըստ որի՝ 2020թ. աշնանը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում Մուրի նշանակումը կապված էր 44-օրյա պատերազմի հետ։ Ի՞նչ օրակարգի շուրջ է նա բանակցել ՀՀ վարչապետի հետ, հայտնի չէ: Իսկ թե ինչու է հատկապես այս ժամանակահատվածում ժամանել Հայաստան, Միքայելյանը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի իրական հետաքրքրությունը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։ Քաղաքագետի խոսքով՝ մոտ մեկուկես ամիս առաջ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարների փակ հանդիպումը, որի հիմնական թեման եղել է Իրանը։ Այնտեղ այդ պահին ժողովրդական հուզումներով պայմանավորված պայթյունավտանգ իրավիճակ էր։ Բրիտանաթուրքական հետաքրքրությունների առանցքում նաև Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հարցն է, որի համատեքստում է դիտարկվում Հայաստանը։ Ռուսաստանը տարածաշրջանում ռազմական ներկայություն ունի միայն ՀՀ-ում և Արցախում։ Չի բացառվում, որ կա նաև երրորդ ուղղությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում հօգուտ Ադրբեջանի։ Լոնդոնը մրցակցում է Ֆրանսիայի հետ և անվերապահորեն հանդես է գալիս Ադրբեջանի պաշտպանության դիրքերից։ Այն, որ Մուրի այցը շոշափում է նաև Արևմուտք-Իրան հարաբերությունները, երևում է Թեհրանի վերջին հայտարարություններից։ Դեկտեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ-ի խոսնակն արձագանքեց Կենտրոնական հետախուզական վարչության (ԱՄՆ) ղեկավար Ուիլյամ Բերնսի հայտարարությանը, ըստ որի՝ Իրանը Ռուսաստանին տրամադրել է ԱԹՍ-ներ՝ Ուկրաինայի հետ պատերազմում կիրառելու համար։ Խոսնակը նշել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ընդլայնվում է ընդհանուր շահերի շրջանակներում և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Վերադառնալով Լաչինի միջանցքին՝ հավելենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, Հայաստանի հարցապնդմամբ, պատրաստվում է դեկտեմբերի 20-ին նիստ հրավիրել՝ քննարկելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ ուշադրության կենտրոնում Լաչինի միջանցքի իրադարձություններն են։ Հիշեցնենք, որ օրեր առաջ իրազեկվել է Անվտանգության խորհրդում փակ ռեժիմով քննարկում անցկացնելու մասին։ Անցած շաբաթ Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և ներկայացրել միջանցքում ստեղծված իրավիճակը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ