Անկախության մասին
Ինչքան գիտեմ՝ հայերս քաղաքագիտության կորիֆեյներ չունենք, եւ անգամ 21-րդ դարի երրորդ տասնամյակում գերազանցապես ապավինում ենք գրական, մշակութային գործիչներից մեջբերումներին։ (Գարեգին Նժդեհը բացառություն է)։ Բայց սա չէ ասելիքս։
Մարդու արժանապատվության մասին Հրանտ Մաթեւոսյանը մի պատում ունի։ Եթե կարճ ասեմ՝ կստացվի, որ գյուղացի պատանին Կիրովականի սովից փախչում է գյուղ, բայց այնտեղ «սրբած աղքատություն է»։ Տանը կես տոպրակ (վերջին) ցորենը բովում, երկանքաքարով աղում, հաց են թխում, որ, ինչպես հայրն ու մայրն են հաշվարկում, պիտի գոնե մի շաբաթ հերիքի, բայց խմորի վրա քույրը դարձյալ աղ է ցանում։ Եւ Կիրովական քաղաքում այդ հացը չի ուտվում, տղան հիվանդանում է «սառը ջուր խմելու պատճառով»։
Ցնցողը կուլմիանացիան է․ տանտերը, որ Հայրենական մեծ պատերազմից փրկված մեկն է, գյուղացի պատանուն հրավիրում է կեսօրահացի կամ ընթրիքի՝ կարեւոր չէ։ Սեղանին դնում է Շուլավերից բերած օղի, տաք ճաշ, տղայի հացը․․․ Եւ ստացվում է «հավասարը՝ հավասարի սեղան»։ Թաքնագի՞ր է։ Չեմ համարձակվում ասել՝ այո։ Աղի, կոշտ, քուսպի նման այդ հացը, երեւի, 1940-50-ականների Հայաստանի խորհրդանիշն է, կիրովականցու համեմատաբար ապահովությունը՝ խորհրդային երկրի։ Մեկը զրկանքն է բերում, մյուսը՝ «փրկչի» առաքելությունը, բայց գյուղացի տղան իր հոր գործած տրեխն արժանապատվորեն միայն իրենն է ճանաչում։
Հավասարությու՞ն է ստացվում։ Իհարկե՝ ոչ։ Աշխարհում հավասարներ չկան, այլապես պատերազմներ չէին լինի։ Սեղանին, պարզապես, Շուլավերի օղին եւ Ծմակուտի աղի հացը դրվում են ճիշտ իրենց տեղում։ Եւ ստացվում է, որ «քո դառնությունը նաեւ իմն է, իմ հարաբերականորեն կարգավորվող կենցաղը՝ քոնը»։ Եւ ինչ էլ անես, չի հեռանում տպավորությունը, որ Հրանտ Մաթեւոսյանը «գաղտնագրել է» կենտրոն-գավառ հարաբերությունների իր տեսլականը, երբ մեկը շնորհակալ է նվիրումի, մյուսը՝ ապահովության ստույգ երաշխիքների համար։
Իսկ, առհասարակ, ամեն ինչ գեղեցիկ-իդեալական կլիներ, եթե այդ մասին ոչինչ չասվեր։ Ո՛չ Շուլավերի օղին լիներ «բարեգործություն», ո՛չ գյուղացի տղայի մեկուսիությունը՝ «կենտրոնախույս ձգտում»։ Աշխարհում, մինչդեռ, գեղարվեստական հղումը երբեք չի կանխել ռազմաքաղաքական որեւէ ծրագիր։ Եւ մեր Հրանտ Մաթեւոսյանը, որքան էլ ուզենար, չէր կարող կանխել «Շուլավերի օղու եւ աղի հացի բարեկամության» փլուզումը։ Որովհետեւ «շուլավերյան ապահովությունը» ենթադրում է հաջորդ քայլ դեպի «Թիֆլիս», իսկ աղի հացը փոխարինվում է փռի «մատնաքաշով»։
Կարեւոր չէ, որ երեւանյան «մատնաքաշի» ալյուրը գալիս է Կուբանից, իսկ աշխարհը Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի իմացած Թիֆլիսն արդեն ոչ թե Ռուսաստանի փոխարքայանիստ, այլ՝ Կովկասի «դեմոկրատիայի միջնաբերդ» է տեսնում։ Գերխնդիրը «աղի հացի» իմաստի մերային ընկալումն է։ «Շուլավերի օղի» միշտ էլ կարելի է գտնել։ Շուլավերի չստացվի՝ կուբանյան «բրագան» կա ու կա։ Հացի եւ օղու արժանապատվությունը կարելի՞ է պահել։ Անկախության «սահմանը», ըստ երեւույթին, սա է։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ