[ARM]     [RUS]     [ENG]

Ռուսաստանի «ազատ մանեւրի» հնարավորությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը այցելել է Պեկին։ Ֆորմալ առումով նա հրավեր է ստացել Չինաստանի կոմունիստական կուսակցությունից, որի առաջնորդը երկրի նախագահ Սի Ծինփինն է, որ վերջերս վերընտրվել է պաշտոնում։ Կայացել է Սի Ծինփին-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպում, որի ընթացքում վերջինս Չինաստանի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը։ Կարեւորվում է, որ Մեդվեդեւը Չինաստան է ուղեւորվել Պուտինի Մինսկ կատարած այցից հետո։

Դիտորդները չափազանց մեծ կարեւորություն են տալիս Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների բանակցություններին։ Ամերիկյան մամուլը բաց տեքստով արձանագրել է, որ «Բելառուսը հայտնվեց Ռուսաստանի միջուկային հովանոցի տակ»։ Խոսքը Բելառուսի տարածքում C-400 ՀՕՊ  եւ «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգերը մարտական հերթապահության ռեժիմի փոխադրելու մասին է։ «Իսկանդեր-Մ» համակարգը կարող է գործածել ոչ միայն բալիստիկ, այլեւ միջուկային մարտագլխիկով հագեցած թեւավոր հրթիռներ։

Ամերիկյան ռազմական փորձագետները բավական բարձր են գնահատում Ուկրաինայի դեմ պատերազմին Բելառուսի ներգրավվելու հավանականությունը։ Մինսկում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ բելառուս օդաչուները նախապատրաստական դասընթացներ են անցնում, որպեսզի տիրապետեն «նորագույն հրթիռներով զինված օդանավերի կառավարման նրբություններին»։ Ուկրաինայում արձագանքել են, որ առաջիկա ամիսներին «Ռուսաստանը հյուսիսային ուղղությամբ կգրոհի Կիեւը»։

Դմիտրի Մեդվեդեւը, ամենայն հավանականությամբ, Չինաստան է ուղեւորվել՝ փոխանցելու Պուտինի ուղերձը, որ Ռուսաստանը չի պատրաստվում առաջիկա ամիսներին Ուկրաինայում հրադադար հաստատել։ Չնայած քարոզչական համապատկերին, Արեւմուտքում, կարծես, ամրապնդվում է տեսակետ, որ մարտի դաշտում «Ռուսաստանի պարտությունը չափազանց նվազ հավանական է»։ Փորձագետները դրանով են բացատրում նախկին պետքարտուղար Քիսինջերի հոդվածը, որտեղ նա առաջարկում է «վերադառնալ մինչեւ 2022թ. փետրվարի 24-ի գծին, իսկ վիճելի հարցերը կարգավորել միջազգային հովանու ներքո հանրաքվեով»։

Մեդվեդեւի Պեկին կատարած այցին գրեթե զուգահեռ Վաշինգտոն է այցելել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն ծրագրում է Ուկրաինային ռազմական նոր աջակցություն ցուցաբերել։ Փորձագետները, մինչդեռ, շատ «խորհրդանշական» են գնահատում Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգի մեկ մարտկոց հատկացնելու որոշումը։ Մանավանդ որ, այն մարտական հերթապահության ռեժիմի բերելու համար տեւական ժամանակ է պետք՝ մինչեւ ուկրաինացի մասնագետները համապատասխան պատրաստություն կանցնեն։

Արեւմտյան մամուլում տեսակետ է շրջանառվում, որ ԱՄՆ նախագահը ուկրաինացի պաշտոնակցին Վաշինգտոն է հրավիրել, որպեսզի նրան ներկայացնի «քաղաքական կարգավորման նախագիծ»։ Ըստ տեղեկությունների՝ մոտ երկու ամիս է, ինչ դրա շուրջ աշխատում են ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները։ Մանրամասնություններ հայտնի չեն։ Ակնարկներ կան, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Կիեւին առաջարկում են «հաշտվել Ղրիմի կորստի հետ, համաձայնել Դոնբասի ռուսախոս շրջաններում հանրաքվե անցկացնելու հեռանկարի հետ»։

Ուկրաինան առայժմ դիմադրում է եւ «մինչեւ վերջ մարտը շարունակելու» պատրաստակամություն հայտնում։ Արեւմուտքում, սակայն, անհանգստացած են, որ Եվրապայում կարող է նոր լարվածություն առաջանալ։ Լեհաստանը հավակնում է Ուկրաինայի արեւմտյան որոշ տարածքների, իսկ դա կարող է լեհ-գերմանական դիմակայության բերել։ Ըստ երեւույթին, Մեդվեդեւը Չինաստան է մեկնել, որպեսզի Ռուսաստանը Պեկինից դիվանագիտական աջակցություն  ունենա։ Չինաստանի առաջնորդը վերջերս է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահին։

Մեր տարածաշրջանի համար ռուս-չինական հարաբերությունները կարեւոր են Թուրքիայի հավակնությունների դիվանագիտական «զսպման» հեռանկարի առումով։ Եթե Չինաստանը միջնորդի ռուս-ամերիկյան բանակցություններին, ապա առաջիկա ամիսներին ուկրաինական կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը կտրուկ կնվազի։ Դա հնարավորություն կտա, որ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում «ազատ մանեւր» ունենա։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ