[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱԼԻՇՆԵՐԸ, ԼԵԶԳԻՆԵՐՆ ՈՒ ԱՎԱՐՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴՎԶՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՅԼԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Իսկ Բաքուն դարձել է  միջազգային մարդասիրական համաժողովի անցկացման վայր
Անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններից ամենազավեշտականը  Բաքվում միջազգային մարդասիրական երկրորդ համաժողովի անցկացումն էր, որի համահիմնադիրներն էին Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Ի. Ալիևն ու Վ. Պուտինը։ ՙԱզատություն՚ ռադիոկայանի փոխանցմամբ՝ համաժողովի մասնակիցների թվում էին պետական գործիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, արվեստի և գիտության հեղինակավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
 Վ. Պուտինի ուղերձն ընթերցեց ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Համաժողովում ելույթներ ունեցան Լատվիայի և Էստոնիայի նախկին նախագահներ Վալդիս Զատլերսը և Առնոլդ Ռյույտելը։ Լատվիայի նախկին նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լրագրողների հետ ունեցած զրույցում կարծիք է հայտնել՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի մասին պետք է միշտ խոսել՝ հրատապ դարձնելու նպատակով և, բացի այդ, ցանկացած սառեցված հակամարտություն, ըստ էության, մնում է որպես չլուծված խնդիր։ Նրա գործընկեր՝ Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է, և խորհուրդ է տվել հակամարտության կարգավորման գործընթացում հաշվի առնել պատմական հանգամանքները։ Չենք կասկածում, որ Էստոնիայի նախագահը ղարաբաղյան խնդրի պատմական հիմքերը լավ  պատկերացնելով է նման խորհուրդ տվել՝ իրատեսության կոչելով Ադրբեջանի նախագահին։
Մերձբալթյան այս պետությունների նախագահներին հասկանալ կարելի է այն իմաստով, որ նրանց ներկայացրած պետությունները խաղաղ կարգավորման գործընթացում մշտական ներգրավվածություն չեն ունեցել և տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր չեն հետապնդում։ Այլ տեսանկյունից պետք է դիտարկել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի այն խոսքը, համաձայն որի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար պետք է լուրջ աշխատանք տանել, իսկ դրա համար պահանջվում է երկու երկրների նախագահների քաղաքական կամքը։ Այս  հայտարարությանը կարելի է նորմալ վերաբերվել, եթե, իհարկե, այն զերծ լիներ կողմերին ՙհավասարեցնելու՚ քաղաքական միտումից։ Ստացվում է, որ հանցավոր գործարք իրականացրած և հանցագործությունից տուժած կողմերը հավասարապես  պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։ Մի՞թե քաղաքական կամքի դրսևորում կարելի է ակնկալել մի պետության ղեկավարից, ով չի հարգում մարդու իրավունքները, անտեսում է միջազգային հանրության կարծիքը և չի հրաժարվում  ռազմական սպառնալիքներից։ Թերևս տեղին է մեջբերել ուրբաթ օրը ՙՌոյթերս՚ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ հրադադարի կնքումից արդեն 18 տարի անց Ադրբեջանը սպառնում է մեզ նոր պատերազմով։ Այս պարագայում Ադրբեջանին զսպում է միայն հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանը։ 
Ռազմական ճանապարհով իրավիճակը փոխելու Ադրբեջանի նպատակը բոլորին է հայտնի. հարց է, սակայն, Ալիևը համոզվա՞ծ է, որ նոր պատերազմում ինքը կարող է հաղթանակ ապահովել։ Բաքվի համաժողովի մասնակիցները լավ գիտեն հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոս դարձնելու  բոլոր մանրամասները, և հակամարտող երկու կողմերին քաղաքական երկխոսության կոչ անելուց առաջ պետք է նաև հիմնավորեին դրա հնարավորությունը։ Միջազգային կառույցները դատապարտել են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքը, բայց դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր դեռևս չեն ձեռնարկվել։ Մարդասպան Սաֆարովը մնում է Բաքվում, ապրում հերոսի կարգավիճակով՝ ավելի սրելով լարվածությունը հակամարտող կողմերի միջև, բանակցային գործընթացը մղելով հետին պլան։ ՙՍաֆարովի գործը՚ միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Ադրբեջանն իզուր է աղմկում Լեռնային Ղարաբաղի շուրջ, որ մարդասպան հերոսացնող երկիրն իրավունք չունի հավակնություններ ցուցաբերել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով զբաղված ժողովրդի նկատմամբ, առավել ևս` իր իշխանությունը տարածել նրա վրա։ Այնպես որ՝ Բաքվի համաժողովում հնչած հերթապահ կոչերն իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Դարձյալ մեջբերենք ՀՀ նախագահի հայտարարությունը. ՙԵս համոզված եմ, որ այլևս երբեք չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղի առկայությունն Ադրբեջանի կազմում։ Իսկ դա արդեն մեծ հաջողություն է՚։ Հիշյալ լրատվական  գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահը միաժամանակ արտահայտվել է բանակցությունները շարունակելու օգտին, չնայած Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ ավելացնելով սպառազինությունները։
Բաքվի համաժողովի տրամաբանական շարունակությունը պետք է համարել անցած շաբաթ Ադրբեջանի տարածքում բնակվող թալիշների, լեզգիների և ավարների համատեղ քաղաքական հայտարարություններն ու ելույթները, որոնցով այդ ժողովուրդներն իրենց վերաբերմունքն արտահայտեցին ՙմիջազգային մարդասիրական համաժողովի՚ քաղաք Բաքվի այլատյաց քաղաքականության վերաբերյալ։ Այս ժողովուրդներն, ունենալով իրենց պատմական անցյալն ու էթնիկ նկարագիրը՝ միանգամայն հիմնավոր ադրբեջանական իշխանություններից պահանջում են հարգել իրենց իրավունքները և տրամադրել ինքնավար վարչական միավորի կարգավիճակ։ Երևանում անցկացված՝ Կովկասի ազգերի գիտաժողովում այդ ժողովուրդների ներկայացուցիչները խոսել են Ադրբեջանի պետական կարգը փոխելու և համադաշնություն (կոնֆեդերացիա) ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ասիմիլյացիայից փրկվելու և ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը դիտվել է որպես անհետաձգելի խնդիր։ Գիտաժողովում կարևորություն է տրվել այն փաստին, որ Ադրբեջանի տարածքում մի ժամանակ գոյություն է ունեցել Ավարական  անկախ պետություն։ Պատմությունն, իրոք, վկայում է, որ 6-րդ դարում ավարները, դաշինք կնքելով Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Առաջինի հետ, հիմնադրել են մի հզոր թագավորություն՝ Ավարական խականաթը, որի սահմանները ձգվում էին Դանուբից մինչև Ալպեր։ Մինչև 8-րդ դարի վերջերն այդ պետությունը եղել է բավական կենսունակ և ինքնուրույն։ Ավարներին կարողացել է հնազանդեցնել միայն ֆրանկների թագավոր Կարլոս Մեծը։ Հին աշխարհի թատերաբեմում գոյատևած և մինչև մեր օրերը հասած ավարական ժողովուրդը, ու նաև Կովկասի ազգերի ընտանիքում իրենց ուրույն տեղն ունեցող թալիշներն ու լեզգիներն իրավունք ունեն բարձրաձայնել Ադրբեջանի ազգահալած, բռնատիրական քաղաքականության դեմ։           
Այնպես որ, Էստոնիայի նախագահի` համաժողովի մասնակիցներին ուղղած խորհուրդը միանգամայն տեղին էր. Ադրբեջանին պարբերաբար պետք է հիշեցնել պատմական փաստերը։ Եվ ամենակարևորը` Բաքուն միջազգային մարդասիրական համաժողով անցկացնելու փոխարեն կոնկրետ գործերով պիտի ցույց տար իր վերաբերմունքը բոլոր այն ժողովուրդների հանդեպ, որոնք բնակվում են իր երկրի տարածքում։ Բայց քանի որ Ադրբեջանն ընդունակ չէ դրան, ուստի առայսօր շարունակում է անհանդուրժողականության, էթնիկ զտումների և այլատյացության  քաղաքականությունը՝ հարուցելով այդ ժողովուրդների  զայրույթն ու ընդվզումը։    
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ