[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԱՌԻԹ` ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

C9nNTtKnRTYtreGM4G9VkNhN9b.jpgԼրագրողների համահայկական 6¬րդ  համաժողովում
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող և հոկտեմբերի 4-6-ն անցկացված` ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՚ խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը հոկտեմբերի 4-ի երկրորդ կեսից իր աշխատանքը շարունակեց Աղավնաձորում:
Հատուկ նշենք` համաժողովը հավաքեց ամբողջ աշխարհից հայկական Սփյուռքում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Նպատակը թելադրում էր  մոտեցումը` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ մշակել միասնական ռազմավարություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, մեր  հողերի, նյութական ու հոգևոր ահռելի կորուստների համար պահանջատեր լինելու հարցերում:
Առաջին նիստը` նվիրված Հայոց ցեղասպանության հիմնախնդրին, վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս առումով խիստ արդիական էր ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. թուրք-ադրբեջանական մարտահրավերները և հայկական կողմի անելիքները՚ ծրագրային զեկույցը, ինչպես նաև Համաժողովի համակարգող մարմնի նախագահ, ՙԱզդակ՚ թերթի (Լիբանան)  խմբագիր Շահան Գանտահարյանի ՙՀաշվետվություն Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովին հաջորդած ժամանակաշրջանում համաժողովի համակարգող խորհրդի կատարած աշխատանքների մասին՚, ՙԿալիֆոռնիա կուրիեր՚ թերթի (ԱՄՆ) գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի ՙՑեղասպանության ճանաչում, թե արդարության հետապնդում՚, ՙՕրեր՚ ամսագրի (Չեխիա)  գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի ՙՉեխիան և Հայոց ցեղասպանության խնդիրը, նոր մոտեցումների անհրաժեշտությունը՚, ՙԱլիք՚ օրաթերթի (Իրան) խմբագիր Դերենիկ Մելիքյանի  ՙՀայկական ԶԼՄ-ները և համահայկական նշանակություն ունեցող խնդիրները՚ ելույթները, որից հետո տեղի ունեցած քննարկումներն առաջ քաշեցին  հիմնախնդիրներին ուղղված լուծումներ ու առաջարկություններ: Ներկայացնում ենք դրվագներ Հ. Դեմոյանի զեկույցից, ապա՝ քննարկումների արդյունքը:
Այս հանդիպումը հրաշալի առիթ է միասնական ռազմավարություն մշակելու և տարբեր գաղափարների շուրջ բաց ու շիտակ քննարկումներ անցկացնելու համար, կարևոր այս գաղափարից սկսեց իր ելույթը Հ. Դեմոյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  ընդառաջ կազմակերպվող միջոցառումները, նախևառաջ, պետք է վերացնեն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ առկա անհամաձայնությունները: Սփյուռքում գործող լրատվամիջոցների հետ փոխգործակցությունը, ընդգծեց թանգարան-ինստիտուտի տնօրենը, կարևոր խթան պետք է դառնա նաև  Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և Թուրքիայի պատասխանատվության հարցին առնչվող  հիմնավորումներին հստակ ձևակերպումների համար: Ասել է թե` օրակարգում համահայկական մեկ միասնական ռազմավարություն մշակելու և գործողությունների համադրված քայլերի իրականացման հրատապ խնդիրն է: Ստիպված ենք արձանագրել, խոստովանում է պատմաբանը, որ շատ հարցերում ուշացել ենք, և դա աններելի է: Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որը կազմավորվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2011թ. ապրիլի 23-ի հրամանագրով, կոչված է կարևոր պատմական առաքելություն իրականացնել մեր պատմության էջերի ողբերգական տարելիցն արժանապատվորեն հիշատակելու, ոգեկոչելու և դատապարտելու, ինչպես նաև դրա հետևանքների վերացման համար անդադար պայքար մղելու: Պետության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  կապակցությամբ մշակվող միջոցառումները, որոնք ունենալու են թե՜ տեղական, թե՜ միջազգային նշանակություն ու հնչողություն, խիստ անհրաժեշտ է իրականացնել կուռ հայեցակարգային դիրքորոշումների հիման վրա, և այս առումով կարևոր է Հայոց ցեղասպանության թեման` դրա դասերը և հետևանքները համաշխարհային ու տեղական պատմության  համատեքստում ներկայացնելն ու մեկնաբանելը: Այս տեսակետից, կարևորում է Հ. Դեմոյանը, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման շուրջ հայեցակարգային հիմնավորումների մշակումը, միջազգային իրազեկության բարձրացումը պետք է իրականացնել նոր մոտեցումներով և եղանակներով: ՙՀայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին  մնացել է շատ քիչ ժամանակ, սակայն սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ 2015-ը լինելու է խորհրդանշական մի տարի` լի սպասելիքներով, հույսերով և ակնկալիքներով՚,¬ ասաց Ցեղասպանության թանգարան¬ինստիտուտի տնօրենը:
Բուռն քննարկումներ տեղի ունեցան նաև համաժողովի երկրորդ օրը: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ  պաշտպանության  նախարարի հետ: Կարծում ենք, այս ամենը վկայում է  քննարկվող խնդիրների հույժ կարևորության ու հրատապության մասին: Հոկտեմբերի 6¬ին՝ համաժողովի երրորդ օրը, մասնակիցներն ընդունեցին հայտարարության տեքստը։  
Կարևորելով հայկական լրատվամիջոցների և հատկապես օտարալեզու մամուլում գործող հայ լրագրողների վճռական, ազդեցիկ և մասնագիտական դերը Հայոց ցեղասպանության, արդարության վերականգնման, Հայ Դատի հիմնախնդիրները  ներկայացնելու, միջազգային ատյաններ հասցնելու և տարբեր երկրներում պետական, հասարակական կարծիքի ձևավորման գործում, մասնակիցները հայտարարեցին, որ համաժողովի ընթացքում ներկայացված` Ցեղասպանությանը նվիրված մասնագիտական 3 տասնյակից ավելի զեկուցումները, դրանց քննարկումները և մտքերի փոխանակումը հերթական անգամ հաստատեցին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի հայ լրագրողների հետզհետե ակտիվացող համագործակցությունը` ի շահ համազգային հիմնախնդիրների լուծման և ի շահ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման: Հայտարարության տեքստում հայկական լրագրողական համայնքի անդամները դիմեցին միջազգային հանրությանը և այն պետությունների իշխանություններին, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, թոթափել անտարբերությունը` չմոռանալով, որ հենց այդ ախտանիշն է բոլոր կործանումների և չարիքների հիմքը: Ճանաչել և դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, նշանակում է մարդկությանը հեռու պահել հետագա չարիքներից, ցեղասպանություններից: Իրենց հայտարարությամբ մասնակիցները Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններից պահանջում են ընդունել և հատուցել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը և տարբեր ժամանակներում հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները: Մասնակիցները վստահություն են հայտնում, որ Ցեղասպանության 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակին առաջիկայում կծնվեն նույնքան հայ մանուկներ, կոչ արվեց 100 հազար հարկադրաբար ծպտյալ կրոնափոխ հայերին վերադառնալ իրենց հայկական ինքնությանն ու արմատներին:
Միաժամանակ գիտակցելով Ցեղասպանության հետևանքով բռնագաղթ վերապրողների ժառանգորդներին առաջինն ընդունած Սիրիայում տիրող ներկա տագնապալի վիճակը, համաժողովի մասնակիցներն իրենց անվերապահ և լրիվ աջակցությունը հայտնեցին նրանց:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Երևան¬Ստեփանակերտ