[ARM]     [RUS]     [ENG]

Մայքլ ՔԱՄԲԵՔ. ՙԽԱՎԻԱՐՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ՚ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

 695555.jpg Ադրբեջանական ՙխավիարային՚ քաղաքականությունը քննարկումների լայն առիթ հանդիսացավ միջազգային տարբեր կառույցներում:

 Եվրոպացի որոշ պաշտոնյաներ ցավով ընդունեցին իրենց գործընկերների ՙգնված՚ լինելու հանգամանքը: Ադրբեջանական նավթադոլարները հակահայկական նպատակներով ծախսելու, ապատեղեկատվության բացասական ազդեցության ու եվրոպական տարբեր կառույցներում ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ միջազգային կազմակերպության հայանպաստ գործունեության մասին ՙԱրմենպրես՚-ի թղթակիցը զրուցել է կազմակերպության գլխավոր քարտուղար, դոկտոր Մայքլ ՔԱՄԲԵՔԻ հետ:3_1.jpg
-Դոկտոր Քամբեք, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, հայկական լոբբին հաճախ նկարագրում են որպես իրենց համար ամենամեծ սպառնալիք: Մինչդեռ իրականում ամբողջովին այլ իրավիճակ է Բրյուսելում: Ադրբեջանական տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական ադրբեջանական հասարակության դաշինքն (TEAS) ու Ադրբեջանի հաղորդակցության գրասենյակը (OCAZ) լուրջ հակահայկական գործունեություն են իրականացնում:
-Ճիշտ է, բայց եթե ես որևէ կարծիք արտահայտեմ նրանց գործունեության մասին, ապա իմ կարծիքն անաչառ չի համարվի: Այդ պատճառով, առավել նպատակահարմար է, որ ես հղում կատարեմ մի հետաքրքիր հոդվածի, որը հրատարակվել է Լոնդոնում գործող ոչ կառավարական կազմակերպության կողմից, որը կոչվում է Հետախուզական լրագրության բյուրո: Նրանք ներկայացրել են, թե ով է կանգնած TEAS-ի հետևում՝ նշելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի որդու՝ Կամալադին Հեյդարովի անունը: Հոդվածում վերլուծվել է  ՙխավիարի քաղաքականությունը՚: Մեր փորձից և դիտարկումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ հիմնականում լոբբինգի այս տեսակն արդյունավետ է, սակայն ներգրավված անձինք շատ կարճ ժամանակահատվածում հասկանում են, որ իրենց օգտագործել են և այսպիսով՝ հավատարիմ չեն մնում համագործակցությանը երկարաժամկետ կտրվածքով: Շատ քչերն են շարունակում իրենց հավատարմությունն Ադրբեջանի հանդեպ՝ կախված նրանից, թե ինչն է նրանց շահադրդում դրան: Սա բացահայտելն արդեն հետախուզական լրագրության գործն է:
-Ինչպե՞ս են նրանք իրենց լոբբինգն իրականացնում Եվրոպական խորհրդարանում:
 -Նրանք իրենց սեփական խորհրդարանի անդամներին են ուղարկում, և նրանց միջոցով խորհրդարանի ներսում համակարգում են ադրբեջանական գաղտնի բարեկամական խումբ: Ես այդ խմբին ՙգաղտնի՚ եմ անվանում, քանի որ այնտեղ անդամակցությունը գաղտնի է: Խորհրդարանի անդամ Եվգենի Կիրիլովը  (Սոցիալ-դեմոկրատների միության խմբակցություն (S&D), Բուղարիա) մեկ անգամ նշեց, որ նա այդ խմբի անդամ էր, թեպետ չնշեց իր կոնկրետ գործառույթն այնտեղ: Մինչ այսօր հայտնի չէ, թե ով է այս խմբի ծախսերը ֆինանսավորում, և ոչ մի տեղ հանրությանը հասանելի տեղեկատվություն տրամադրված չէ դրա մասին: Մենք կարծում ենք, որ այս տեսակի գործողությունները չեն համապատասխանում եվրոպական լոբբինգի կանոնների հոգուն և տառին:
 -Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներ բերել:
 -Հայաստանի վերաբերյալ երկու բանաձև էր քննարկվում ԵԽ-ի գարնանային նստաշրջանում (ապրիլին, Ստրասբուրգյան շաբաթ: Բանաձևի փոփոխությունների տարբերակ էր շրջանառվում, որը տարօրինակաբար համընկնում էր Ադրբեջանի կառավարության կողմից հրապարակված հայտարարությունների հետ՝ անգամ ներառելով քերականական սխալները: Սա իրականացվել է ամբողջովին տարբեր խմբակցությունների, տարբեր մարդկանց կողմից: Ակնհայտորեն, այդ փոփոխությունները մշակվել էին ԵԽ-ից դուրս, և մշակողները խորհրդարանի անդամները չէին: Առավել թարմ օրինակ է խորհրդարանի անդամ Ինես Վադերը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP), Լատվիա), ով Եվրախորհրդարանում էլեկտրոնային փոստով սեպտեմբերի 12-ին (բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) Սաֆարովի դեպքի վերաբերյալ մի նամակ էր տարածել, ակնհայտորեն ադրբեջանական աղբյուրից ստացված՝ կեղծ տեղեկություն տրամադրելով Վարուժան Կարապետյանի մասին: Չնայած ադրբեջանական քարոզչամեքենային՝ այս նյութը չներառվեց բանաձևի վերջնական տեքստում, քանի որ մի շարք խորհրդարանականներ խնդրեցին և՜ մեզ, և՜ այլ աղբյուրների՝ հավաստելու պարոն Կարապետյանի վերաբերյալ այս տեղեկությունը:  Երբ ԵԽ-ի անդամները տեսան, որ զուգահեռներ հնարավոր չի անցկացնել այս երկու դեպքերի միջև, նրանք ջնջեցին բանաձևից համապատասխան տողերը: Դժբախտաբար, Եվրոպական պառլամենտը միակ հաստատությունը չէ, որտեղ Ադրբեջանի կողմից փորձ է արվում հայատյաց ռազմավարություն իրականացնել: Նրանք փորձում են որքան հնարավոր է շատ եվրոպական ազգային խորհրդարաններում գործունեություն ծավալել, և սա շատ վտանգավոր մեխանիզմ է: Եկեք դիտարկենք այն դեպքերը, երբ Ադրբեջանը փորձում է Եվրոպական ազգային խորհրդարաններում անարժանահավատ տեղեկություն տրամադրել՝ առաջ տանելով այն, ինչ նրանք անվանում են ՙԽոջալուի եղեռն՚. օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթերն այդ մասին: Որոշ միամիտ և քիչ տեղեկացված պատգամավորներ, անգամ լավագույն մտադրություններով՝ հավատում են այս ամենին: Սա միամտության և ինֆորմացիայի պակասի չարաշահում է: Մենք վերջերս կանգնեցրել ենք այս տիպի բանաձևի ընդունումը Հռոմում:
Հանրությունը տեղեկացված չէ, թե քանի գործակալություն է Ադրբեջանը վարձել եվրոպական մայրաքաղաքներից շատերում իր ծավալած գործունեությանն աջակցելու համար: Օրինակ, մենք տեղյակ ենք, որ Հանս-Դիտրիխ Գենշերը՝ Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարարը և փոխկանցլերը, զանգահարել է մի պատգամավորի՝ ապրիլյան բանաձևերի մասին զրուցելու համար: Նա Consultum-ի՝ Բեռլինում Ադրբեջանի համար աշխատող հասարակայնության հետ կապերի (PR) գործակալության խորհրդի անդամ է:
Վատ լոբբինգ իրականացնելու մեկ այլ օրինակ նշեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր և ԵԽ-ի Հարավկովկասյան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի (ԵԺԿ, Լիտվա) դեպքը: Ես նրան հարգում եմ այն ամենի համար, ինչ նա արել է իր երկրի համար: Ինչևէ, նրա տարիքը և հայացքները հաշվի առնելով՝ նա թողնում է ռուսատյաց և հայատյաց անձնավորության տպավորություն: Որպես կանոն, նա, առողջական պատճառներից ելնելով, չի ճանապարհորդում: Սակայն ապրիլին ստրասբուրգյան շաբաթվա ընթացքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ԵԽ-ի բանաձևերն էին քննարկվում, նա, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, եղել էր Բաքվում և հանդիպել էր նախագահ Ալիևի հետ: Ապա նույն շաբաթվա ընթացքում, քվեարկության օրը, ներկայացել է ԵԽ-ի լիագումար նիստին: Այսպիսով, ստացվում է, որ նա ջանք չէր խնայել մեկնելու Բաքու և ապա վերադառնալու ճիշտ ժամանակին Ստրասբուրգում քվեարկության օրը ներկա գտնվելու համար, ինչն ակնհայտորեն շատ բարդ է: Աղբյուրներից մեկը հայտնել է մեզ, որ նա այդ նպատակի համար օգտագործել է մասնավոր ինքնաթիռ, բայց մենք ի վիճակի չենք եղել ստուգելու այդ տեղեկատվությունը: EU Observer լրատվական ծառայությունը հարցեր է ուղղել նրան այս նույն թեմայի շուրջ, սակայն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ո՞վ է վճարել դեպի Բաքու և հետ կատարած ուղևորության համար:
Այնուհետ նա ներկայացրեց բանավոր լրացում՝ բանաձևի տեքստի մեջ, այդպիսով ներառելով Ադրբեջանի պաշտոնական պահանջը՝ ՙառաջին հերթին՚ զորքերը Ղարաբաղից դուրս բերելու մասին, ինչը հակասում է Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքներին, որոնց ԵԽ-ն միշտ մեծապես սատարել է: Համաձայն կանոնակարգի՝ նման բանավոր ուղղումները չեն կարող ընդունվել Եվրախորհրդարանում, եթե պատգամավորների մի խումբ համաձայն չէ դրա հետ, ինչը և տեղի ունեցավ տվյալ դեպքում: Սակայն ԵԽ-ի անձնակազմը սխալ կատարեց և թույլ տվեց քվեարկություն անցկացնել, այդպիսով՝ սխալմամբ փոփոխելով վերջնական տեքստը, չնայած այն փաստին, որ արդեն համաձայնեցվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձևերն էլ պետք է պարունակեն միևնույն ձևակերպումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, այսինքն՝ պետք է համահունչ լինեն  Մինսկի խմբի սկզբունքներին: Բանաձևի տեքստն անմիջապես հայտնվեց ադրբեջանական լրատվամիջոցներում, որտեղ նշվում էր, որ զորքերի անվերապահ դուրսբերման հարցում ԵԽ-ն լիովին սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը:
Եվրախորհրդարանում տարիներ շարունակ աշխատած պատգամավորներից շատերը ցնցված էին այս ամենից, քանի որ Լանդսբերգիսը տեղյակ էր այն մասին, որ իր սեփական խումբը դեմ է նման լրացմանը: Բայց, ըստ երևույթին, նա պատճառներ ուներ ցույց տալու, որ փորձում է ադրբեջանամետ ՙինչ-որ՚ բան անել, և սխալի շնորհիվ, նրան անգամ հաջողվեց դա անել: Մի քանի օր հետո Նախագահների համաժողովը ուղղեց այս սխալը, և Լանդսբերգիսը զգուշացում ստացավ ԵԺԿ-ի խմբում իր վարքագծի համար: Ամբողջ Եվրոպայով մեկ Հայաստանը մշտապես բախվում է նման գործողությունների: Ադրբեջանի դեսպանությունները շատ լավ ապահովված են և ունեն ավելի մեծ թվով աշխատակիցներ, քան հայկական դեսպանությունները: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ինչքան հնարավոր է շատ ամրապնդի Եվրամիությունում գտնվող իր դեսպանությունների դիրքերը:
- Կարո՞ղ եք ավելի մանրամասն անդրադառնալ Սաֆարովի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու ՙԱԼԴԵ՚-ի (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք) վերջին րոպեի որոշմանը: Նրանք այդ բանաձևի նախաձեռնողներից մեկն էին. Եվրախորհրդարանում հարցեր չե՞ն բարձրացվել, արդյոք, թե ինչո՞ւ այդպես տեղի ունեցավ:
- Այո, դա զարմացրեց շատերին, և այս հարցը լիագումար նիստի քննարկումների ժամանակ բարձրացվեց: Բանաձևը քվեարկության դնելուց մեկ օր առաջ Եվրանեստի ադրբեջանական պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովն ադրբեջանական մամուլում հոդված հրապարակեց, որում նա հրապարակայնորեն պարծենում էր, որ հետ է պահել ԱԼԴԵ խմբին իրենց իսկ նախաձեռնած բանաձևի օգտին քվերակելուց՝ օգտագործելով Եվրախորհրդարանի պատգամավոր Նորիցա Նիկալային (Ռումինիա, ԱԼԴԵ):
-Ինչպե՞ս եք դուք պայքարում նման ապատեղեկացվածության դեմ:
-Մենք ցույց ենք տալիս որոշում կայացնողներին, որ որոշ ուժեր փորձում են օգտագործել իրենց: Մենք տրամադրում ենք փաստեր և թվեր, վստահելի աղբյուրներ, որոնց տրամադրած տեղեկատվությունը կարող է ստուգվել: Տարիներ շարունակ մենք հանդիսանում ենք տեղեկատվության վստահելի աղբյուր, և մարդիկ մեզնից հարցնում են մեր տեսակետների մասին: Եվրախորհրդարանի պատգամավորները և այլ որոշում կայացնողները արդեն գիտեն, որ կարող են ապավինել մեզ: