[ARM]     [RUS]     [ENG]

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՙՀՐԱՇՔԻ՚, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ Է

Ava.jpgՄի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն իրազեկեցին, որ նախագահ Ի. Ալիևը նախարարների խորհրդի նիստ է հրավիրել, հանդես եկել ճառով և  հրապարակել սեփական երկրի վերջին ձեռքբերումները։ 
Ծանոթանալով այդ ճառին՝  տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի նախագահն  ունեցել է ընդամենը մեկ նպատակ՝ աշխարհին ներկայացնել հերթական սուտը ՙերկրի տնտեսական անշեղ առաջընթացի և միջազգային վարկանիշի բարձրացման՚ մասին։ 
Եվ քանի որ նրա ներկայացրած տեղեկատվությունը զուրկ է եղել իրական հիմքերից, այսինքն՝ հետապնդել է զուտ քարոզչական նպատակ, ինչը չէր կարող համոզիչ լինել ինչպես իր հասարակության, այնպես էլ արտաքին աշխարհի համար, ուստի և դիմել է արտասահմանյան փորձված բարեկամների օգնությանը։ Նա վկայակոչել է մի քանի միջազգային կազմակերպությունների, որոնց ուսումնասիրություններն, իբր, վկայել են Ադրբեջանի տնտեսական զարգացման բարձր տեմպերի մասին, ինչն էլ երկրում  իրականացվող բարեփոխումների արդյունք է։ Ալիևն առանձնակի հպարտությամբ իրազեկել է, որ միջազգային վարկանիշային երեք   գործակալությունները բարձր են գնահատել նաև Ադրբեջանի  մակրոտնտեսական կայունությունն ու միջազգային վարկանիշը։  
Այն, որ մակրոտնտեսական կայունությամբ աշխարհի մասշտաբով Ադրբեջանը 18-րդ տեղում է, այնքան անլուրջ է, որքան այդ երկրի միջազգային վարկանիշի բարձրացման մասին դատարկախոսությունը։ Ոչ մի անկաշառ միջազգային կազմակերպություն Ադրբեջանին նման գնահատականների չէր արժանացնի։ Եվ, բացի այդ՝ ՙՍաֆարովի գործը՚ աշխարհին համոզեց, որ Ադրբեջանը միջազգային հարթակում բոլոր հարցերը լուծում է կաշառքի միջոցով, առավել ևս՝ սեփական վարկանիշին վերաբերող հարցերը։  Ադրբեջանի նախագահի ստախոսության վառ դրսևորումներից մեկն էլ համաշխարհային մասշտաբով մեծ աջակցություն վայելելու հորինվածքն էր։ Ինքնագնահատանքի բարձրակետում գտնվելով՝ նա միաժամանակ մեղադրել է ՙԲրիտիշ պետրոլեում՚ նավթագազային ընկերությանը՝ նավթի արդյունահանման ծավալները նվազեցնելու մեջ, ինչը ՙմեծ վնաս է հասցրել երկրի տնտեսական առաջընթացին՚։ Եթե այդ նվազեցումը չլիներ, Ադրբեջանն աշխարհի ամենահեղինակավոր տնտեսական կառույցներից մեկի՝ Դավոսի համաժողովի կողմից  հրապարակված մրցունակ երկրների վարկանիշային սանդղակում ավելի առաջատար  դիրքեր կզբաղեցներ, հետևաբար, համաշխարհային մասշտաբով ավելի մեծ աջակցություն կվայելեր։      
Բնական հարց է ծագում. ինչո՞ւ Ի. Ալիևին անհրաժեշտ եղավ հերթական սուտը հորինել տնտեսական առաջընթացի և միջազգային բարձր վարկանիշի մասին՝ համեմելով այն միջազգային կազմակերպությունների կեղծ գնահատականներով։ Անտարակույս, հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահին խիստ մտահոգում է իր երկրի միջազգային վարկանիշը։  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՙՍաֆարովի գործի՚ քննարկումից հետո Ադրբեջանը լիովին խայտառակվեց, իսկ դրան դիմադրելու համար Ալիևը  ստերի տոպրակը բացելու սուր զգացողություն ունեցավ։ Արժե ուշադրություն դարձնել նրա կողմից նշված  ֆանտաստիկ թվերին. 2004 թվականից առ այսօր երկրում բացվել է 1 միլիոն 100 հազար աշխատատեղ, իսկ մարզերում, որոնցում, Ալիևի գնահատմամբ, գործերն ավելի լավ են ընթանում, տարվա սկզբից բացվել է 94 հազարը։ Քանի որ այս ամենը ֆանտաստիկայի ժանրից է, երևի թե մեկնաբանելու կարիք էլ չկա։ 
Ալիևին մտահոգում է նաև միջազգային ասպարեզում քաղաքական առևտրով զբաղվող  պետական գործչի տխրահռչակ իմիջը։ Եվրոպան կոնկրետ օրինակով համոզվեց, որ Ադրբեջանի ազգային հարստության զգալի մասը նպատակաուղղվում է միջազգային ասպարեզում ամենատարբեր քաղաքական խնդիրների լուծմանը։ ՙՍաֆարովի գործի՚ քննարկումը բավականին ուշագրավ բացահայտումներ արեց և մասնավորապես ցույց տվեց, որ  միջազգային հարթակում այդ երկրի նախագահին ընդունում են այնպես, ինչպես սովորական մի առևտրականի։ ՙԽավիարային դիվանագիտությունը՚ նոր երանգներ հաղորդեց այդ իրողությանը։ Վեհաժողովում հնչած ադրբեջանա-հունգարական կեղտոտ գործարքը մերկացնող ելույթների շարքում հարկ է առանձնացնել Նիդեռլանդները ներկայացնող  պատգամավորի գնահատականը, ըստ որի՝ ՙՍաֆարովի գործի՚ քննարկումն ինքնին եվրոպական այդ կառույցի արժեքների ոտնահարում է։ Վկայակոչենք նաև վերջերս Ստեփանակերտ ժամանած՝ ՙՇվեյցարիա-Հայաստան՚ բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանի խոսքը, որ ադրբեջանա-հունգարական գործարքը չի կարող անհետևանք մնալ։ ՙՄի՞ թե Հունգարիան այնքան միամիտ էր, որ գնաց այդ քայլին՚. զարմանք է արտահայտել շվեյցարացի պատգամավորը։ Իսկ ԵԽԽՎ-ում  հունգարական պատվիրակության անդամներից մեկը հարկ է համարել իրազեկել, որ իր գործընկերներից ոմանք անհայտ նպատակներով  հաճախակի են Բաքու մեկնում ու վերադառնում, բայց չեն բարձրաձայնում իրենց այցերի մասին։  Նրանց ճանապարհածախսը, հյուրանոցային ծախսերը հոգում են բաքվեցի բարեկամները, ընդ որում՝ այդ բարեկամները պարտադիր գնում են չվերթի առաջին կարգի տոմսեր։ ԵԽԽՎ նստաշրջանում ծավալված քննարկումների արդյունքում Ադրբեջանի միջազգային վարկանիշը զրոյից էլ իջավ։ 
Վերադառնանք նախարարների խորհրդի հոկտեմբերի 11-ի նիստին, որտեղ Ի. Ալիևը կարևորել է ոչ միայն իր երկրի ՙտնտեսական առաջընթացը՚։ Պաշտոնական Բաքվի ՙհամաշխարհային հաջողություններն ու աջակցությունը՚ հիմնավորելու համար նախագահ Ալիևը վկայակոչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կատարած գործերը՝ ասելով. ՙՄեր դիրքորոշումն ընկալվում է մեծ համակրանքով ու մեծ հարգանքով։ Մենք պաշտպանում ենք արդարությունն ու միջազգային իրավունքը՚։  Նման ինքնամեծարումը ևս պատահական  չէ. մի շարք պետություններ, ինչպես հայտնի է, բաց տեքստով հայտարարել էին, որ միջազգային իրավունքի ոտնահարում պետք է համարել  Ադրբեջանի իշխանությունների կողմից ցմահ դատապարտված հանցագործի արտահանձնումը նման ձևով կազմակերպելն ու հանցագործին հերոսացնելը։ Ինչ խոսք, այդ նախատինքներից հետո Ի. Ալիևին մնում էր իրեն ներկայացնել որպես արդարության ու միջազգային իրավունքի պաշտպան։ 
 Ադրբեջանի նախագահի ճառի եզափակիչ մասը վերոշարադրյալ աբսուրդի ամբողջացումն էր. Լատինական Ամերիկա աշխարհամասում նկատվում է մեծ հետաքրքրություն Ադրբեջանի նկատմամբ։ Նման հետաքրքրությունը հուշել է Ալիևին, որպեսզի նա  փոխադարձաբար առաջարկի իր ՙանկեղծ՚ բարեկամությունն ու ՙինտենսիվ հարաբերություններ հաստատելու՚ պատրաստակամությունը։ Մնում է ենթադրել, որ լատինաամերիկյան աշխարհամասում Ալիևը հեռանկարային առևտրի օբյեկտ կամ սուբյեկտ է գտել։ Ժամանակը ցույց կտա։ 
Ալիևի հայտարարությունների, նախարարների խորհրդի նիստի, տարածած ստերի  այս ամբողջ պատմության մեջ հարկ է շեշտել ամենագլխավորը. Ադրբեջանում հաջորդ տարի սպասվում են նախագահական ընտրություններ, հետևաբար, Իլհամ Ալիևը սեփական ժողովրդին պետք է ներկայանա անփոխարինելի առաջնորդի կեցվածքով և առաջին հերթին իրեն ներկայացնի որպես միջազգային բարձր վարկանիշ ունեցող պետական գործիչ։ Բացի այդ՝ միջազգային ասպարեզում նավթադոլարների օգնությամբ քաղաքական առևտուրն արդարացնելու համար իր ժողովրդին պետք է ապացուցի, որ ինքը պետական միջոցներն աննպատակ չի վատնում։ Բայց այդ ժողովուրդը գիտի, որ ամբողջ ազգային հարստությունը կենտրոնացված է Ալիևների, ինչպես նաև նախագահի կնոջ հարազատների՝ Փաշաևների ձեռքում, և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, կրքերը կբորբոքվեն նաև դրա շուրջ։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ