[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՆԱՎԹԸ

191001.jpgԷներգապաշարները, և մասնավորապես՝ նավթը, ռազմական ու քաղաքական հզորության հետ միասին դեռ երկար են մնալու աշխարհաքաղաքականության անկյունաքար։ Երբեմն հենց ՙմեծ նավթի՚ գործոնով կարող են բացատրվել այս կամ այն գործողություններն աշխարհաքաղաքական ասպարեզում։ 
Այս թեման բացելու համար մեծ օգնություն կարող է ցույց տալ ամերիկացի պահպանողական քաղաքագետ և Հուվերի ինստիտուտի գիտաշխատող Պիտեր Շվեյցերի՝ 1994 թվականին լույս տեսած և վերջերս ռուսերեն թարգմանված ՙՀաղթանակ. Ռեյգանի վարչակազմի գաղտնի ռազմավարությունը, որն արագացրեց Խորհրդային Միության լիակատար փլուզումը՚ գիրքը։ Այդ գիրքն առաջ է բերել բավականին բուռն արձագանք և խիստ քննադատության ենթարկվել ոչ միայն ձախ, այլև պահպանողական հրապարակախոսների կողմից։
Գիրքը բացահայտում է ԱՄՆ¬ի քաղաքականությունն ու ռազմավարությունը նախագահ Ռեյգանի ժամանակներում, որոնց նպատակն է եղել ԽՍՀՄ¬ը քայքայելը նրա խոցելի կետերին հասցվող նպատակաուղղված հարվածների միջոցով։ Եվ եթե մինչ այդ Սառը պատերազմը ծավալվում էր միջազգային ասպարեզում և Երրորդ աշխարհի երկրներում, ապա Ռեյգանի օրոք ՙսկսվեց ռազմավարական հարձակում, որը նպատակ ուներ գերտերությունների ճակատամարտի կենտրոնը տեղափոխել խորհրդային դաշինք և նույնիսկ հենց Խորհրդային երկրի խորքը՚։ Աշխարհաքաղաքական հարվածները հասցվեցին Աֆղանստանում և Լեհաստանում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ համատեղ նավթային շուկայում։
Ի՞նչը հնարավոր դարձրեց Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ¬ի դաշինքը, որն այն տարիներին քիչ հավանական էր թվում։ Պատասխանը ձևակերպվում է բավականին պարզ՝ անվտանգությունը։ Սաուդյան Արաբիան կրոնական ու պատմական պատճառների բերումով խիստ բացասականորեն էր վերաբերվում ԽՍՀՄ¬ի ուժեղացմանը Մերձավոր Արևելքում։ Լինելով բացարձակ միապետություն, նա տագնապով էր վերաբերվում կարմիր գաղափարախոսության ներթափանցմանը, որն իր հետ բերում էր ԽՍՀՄ¬ը։ ԽՍՀՄ¬ի մուտքը Աֆղանստան Սաուդյան Արաբիայի կողմից գնահատվել է որպես ՙքայլ դեպի Պարսից ծոց՚։ Իսլամական հեղափոխությունն Իրանում նույնպես տագնապ էր հարուցում, քանի որ այաթոլլա Հոմեյնիի կոչերն արձագանք էին գտնում Սաուդյան Արաբիայի առնվազն շիա բնակչության շրջանում։ Կողքին սկսվեց իրանա¬իրաքյան պատերազմը, որում Իրանի հաղթանակը ծանր պարտություն կդառնար և Սաուդյան Արաբիայի համար։ Գերմանացի պատմաբան և քաղաքագետ Միխել Շտյուրմերը՝ 80-ական թվականներին ԳՖՀ ֆեդերալ կանցլեր Հելմուտ Քոլի խորհրդականը, գտնում է, որ Սաուդյան Արաբիան ՙնպատակ չի ունեցել քայքայել Խորհրդային Միությունը։ Դա արվել է, որպեսզի Իրանին թույլ չտրվի շահել պատերազմը Մերձավոր Արևելքում՝ իրանա¬իրաքյան պատերազմը՚։
Այդպիսով, Սաուդյան Արաբիան ԱՄՆ¬ի կողմից անվտանգության երաշխիքների կարիքն էր զգում, և վերջինս պատրաստ էր դրանք տրամադրել ի փոխ համաձայնության՝ միասնացնել քայլերը նավթի գնի հարցում։ Պայմանավորվածությունը ձեռք բերվեց, և թագավորությունը դարձավ ՙկրիտիկական բաղադրամաս խորհրդային դաշինքի դեմ հարձակողական ռազմավարության մեջ՚։ Բանակցությունները բավականին երկար տևեցին, և միայն 1985¬ի օգոստոսին, Գորբաչովի օրոք, ՙխորհրդային տնտեսության սիրտը հանկարծակի դանակ խրվեց՚։ Սաուդյան Արաբիան շեշտակիորեն, մի քանի ամսվա ընթացքում, եռապատիկ մեծացրեց նավթի հանույթը՝ փլցնելով գները նավթի շուկայում։ Դա դարձավ նվեր ԱՄՆ¬ի և Արևմուտքի տնտեսության համար և աղետ՝ ԽՍՀՄ¬ի համար։
Սակայն նավթի գները փլցնելը բավական չէր, և այդ պատճառով ռազմավարությունը ներառում էր ևս երկու տարր։ Խոսքը ԽՍՀՄ¬ի ֆինանսական ակտիվների և ոսկեարժութային պաշարների մասին է։ ԱՄՆ¬ի համար գերխնդիր էր սասանել բանկիրների հավատը ԽՍՀՄ¬ի վճարունակության նկատմամբ։ Եվ ԱՄՆ¬ը դրանում հաջողության հասավ։ Գրքում նկարագրվում է, թե ԱՄՆ¬ն ինչ ձևով էր մղում պայքարը արևմտյան բանկերի դեմ՝ ՙԽՍՀՄ¬ին վարկային  օղակի մեջ սեղմելու՚ նպատակով։ Դա էլ նրան հաջողվեց։ Առաջին հերթին՝ Ուրենգոյ¬Պամարա¬Ուժգորոդ գազամուղի շինարարությանը արևմտաեվրոպական վարկերի դրույքների կտրուկ բարձրացման միջոցով։ ԽՍՀՄ¬ի քայքայման ռազմավարության երրորդ տարրն է դարձել ՙՌազմավարական պաշտպանական նախաձեռնության՚ (Աստղային պատերազմների) ծրագրի շուրջ սպառազինությունների մրցավազքի հերթական գալարը նախաձեռնելը, որից ԽՍՀՄ¬ը չէր կարող հրաժարվել։
Այդ երեք տարրերի միակցումը թույլ տվեց հասնել կումուլյատիվ (կուտակային) աշխարհաքաղաքական արդյունքի. ՙԽորհրդային Միությունը փլուզվեց ոչ թե հանգամանքների զուգադիպության արդյունքում, ոչ թե այն բանի շնորհիվ, որ ժամանակը բարենպաստ էր մեզ համար։ Եթե Կրեմլին հարկ եղած չլիներ դիմակայել ՙռազմավարական պաշտպանական նախաձեռնության՚ ծրագրի  ամբողջական էֆեկտին  և  պաշտպանական  զինանոցի ընդլայնմանը, Լեհաստանում և Աֆղանստանում աշխարհաքաղաքական անհաջողություններին, տասնյակ  միլիարդ դոլարի կայուն արժույթի կորստին, որը ստանում էր էներգիայի արտահանումից, և տեխնոլոգիա ստանալու հնարավորության սահմանափակմանը, կարելի կլիներ, սխալվելուց չվախենալով, ենթադրել, որ նրան կհաջողվեր գոյատևել։ Դա հենց իսկ ամերիկյան քաղաքականությունը կարող էր փոխել և փոխեց պատմության ընթացքը՚։
Խորհրդային Միությունն անցյալ դարձավ, սակայն նավթի գործոնը մնում է որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքականության կարևորագույն տարրը և գոյատևման հարց ԱՊՀ¬ի նավթարդյունահանող երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի համար։ Տվյալ տեսանկյունից Շվեյցերի գիրքը կարևոր է նրանով, որ ցույց է տալիս, որ նավթի շուկայում աշխատում է ոչ այնքան ՙշուկայի  անտեսանելի ձեռքը՚, որքան լիովին ստույգ խաղացողների մյուս՝ կուլիսների հետևում մնացող ձեռքերը, որոնք որոշում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները։
Գիրքը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է օգտագործված լինել նավթի գործոնը։ 1985-86 թվականներին երկու խաղացողների՝ ԱՄՆ¬ի և Սաուդյան Արաբիայի քաղաքական շահերի համընկնելը թույլ տվեց փլուզել նավթի գները և կործանման հասցնել ԽՍՀՄ¬ը։ ԱՄՆ¬ը առանց կրակոցի կարողացավ ձերբազատվել իր հիմնական աշխարհաքաղաքական մրցակցից։ Եվ եթե դա այդչափ արդյունավետ գտնվեց, ապա ինչո՞ւ նույն գործիքը չի կարող օգտագործվել մեկ անգամ ևս՝ հիմա էլ Ռուսաստանի կամ, ասենք, Չինաստանի նկատմամբ։ 
Այն դասերից մեկը, որոնք կարելի է քաղել այդ գրքից, կայանում է նրանում, որ մեկ խաղացողը, նույնիսկ եթե խոսքը  գերտերության մասին է, չի կարող մեն¬մենակ նավթի գործոնն օգտագործել  աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Առանց Սաուդյան Արաբիայի այդ պլանը հաջողության շանսեր չէր ունենա։ Սակայն Վաշինգտոնի և Էր Ռիյադի համաձայնեցված քայլերն իրենց պտուղները տվեցին։ Հարց է ծագում. ովքե՞ր են հանդիսանում այն ակումբի անդամներ, որի գործողությունները կարող են լրջորեն ազդել նավթի գների վրա։ Ակնհայտ է, որ նավթ արդյունահանող յուրաքանչյուր երկիր չէ, որ կարող է այդպիսին համարվել, և կարելի է առանձնացնել չորս խոշոր խաղացողների. ՕՊԵԿ¬ի երկրները, որոնք վերահսկում են նավթի համաշխարհային պաշարների 2/3¬ը, Կանադան (նավթի պաշարներով աշխարհում երկրորդ երկիրը), ԱՄՆ¬ը և Ռուսաստանը։  Ակումբին անդամակցելուն չափազանց մոտ է Չինաստանը։
Բավականին մեծ համոզվածությամբ կարելի է խոսել յուրօրինակ գաղտնի նավթային դիվանագիտության և որոշ պայմանավորվածությունների մասին, որոնք Ռուսաստանի և ԱՄՆ¬ի միջև կնքվել են մոտավորապես 2001 թվականին, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը խոսք բացեցին ռազմավարական գործընկերության հեռանկարների մասին։ Այսպիսի  եզրակացության օգտին է խոսում այն փաստը, որ, չնայած ԱՄՆ¬ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես վատթարանալուն, նավթային բնագավառում ոչ պաշտոնական դիվանագիտությունը շարունակել է գործել։ Մասնավորապես, հենց նավթի բարձր գներն են Ռուսաստանին թույլ տվել ՙչոքած տեղից ոտքի կանգնել՚։
Այսպիսով, ՙնավթի շուկան երբեք չի եղել ոչ լիովին ազատ, ոչ էլ խստիվ կարգավորվող՚,¬ գրում է Շվեյցերը։ 20-րդ դարի առաջին կեսին մշակվել են խաղի կանոնները նավթի բնագավառում և պահպանվել, այսպես կոչված՝ ՙՅոթ քույրերի՚՝ անգլոսաքսոնական  խոշորագույն նավթային ընկերությունների (Anglo-Persilan Oil Company (ներկայումս՝ BP), Gulf Oil-ի, Standard Oil of California, Texaco-ի (ներկայումս՝ Chevron), Royal Dutch Shell¬ի, Standard Oil Company of New York¬ի (ներկայումս՝ Exxon), Standard Oil of  New Jersey¬ի (ներկայումս՝ Esso) կողմից։
Այնուհետև վրա հասավ ՕՊԵԿ¬ի և ՙգների պատերազմի՚ դարաշրջանը, որի արդյունքում մշակվել է ռազմավարություն՝ հիմնված նավթի շուկայի զանազան խաղացողների միջև քաղաքական պայմանավորվածությունների ու աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար նավթի գների փոփոխության օգտագործման վրա։ Ակնհայտ է, որ այդպիսի պայմանավորվածությունները լայն հասարակայնության սեփականությունը չեն դառնում։ Հազվագյուտ դեպքերում դրանք ընկնում են հետազոտողների ուշադրության ոլորտը, ինչպես դա կատարվեց Պիտեր Շվեյցերի գրքի հետ։ Իսկ մեծամասամբ՝ դիտորդները հնարավորություն ունեն հետևել բանակցությունների մասնակիցների ձգած ստվերներին՝ ջանալով հասկանալ, թե դրանք ինչ հետևանքների կարող են հանգեցնել։ 
 
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ