[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ՚

altԼՂՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում վարչապետ Արա Հարությունյանը ներկայացրեց կառավարության գործունեության 2012-17թթ. ծրագիրը։ 
Վարչապետի ելույթից հետո խորհրդարանական խմբակցություններն՝ ի դեմս ղեկավարների, իրենց տեսակետներն արտահայտեցին ծրագրի վերաբերյալ։ Վերջինս  արժանացավ խորհրդարանի հավանությանը։ 
ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության դիտարկումների և գնահատականների շուրջ է խմբակցության ղեկավար Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր զրույցը։
Կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը, Ա. Սարգսյանի բնութագրմամբ, նախորդներից տարբերվում է նախևառաջ կազմակերպվածությամբ։ Ծրագրային դրույթները տրամաբանորեն կապված են մեկը մյուսի հետ, նրանցում նախանշված են ինչպես ռազմավարական նպատակներ, այնպես էլ կոնկրետ հարցեր։ Հետևաբար, այն վերացական չի կարելի համարել։ ՙԿոնկրետ՝ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարությունը թվեր է նախանշում, ուրեմն, եթե գործադիրը չհասնի աշխատավարձերի, թոշակների նշված չափերին, նրա աշխատանքը կհամարվի ձախողված։ Մենք չենք կարող նման աշխատանքը գնահատել դրական։ Այս պարագայում ծրագիրը նախանշում է երկրի զարգացման ռազմավարական ուղղությունը, և միաժամանակ կարևորվում են  ընթացիկ նշանակության հարցերը՚։ 
Ծրագրի առանձնահատկությունը, խմբակցության ղեկավարի գնահատմամբ, կայանում է նաև նրանում, որ այն լոզունգային չէ։ Այսպես, գյուղատնտեսության և գյուղի զարգացումը դիտվում է միասնական հենքի վրա։ Մի շարք մասնագետներ գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագրերը դիտարկում են առանձին-առանձին, մինչդեռ դա անընդունելի է։ Ըստ էության պետք է ընկալվի արցախյան գյուղի ռազմավարական նշանակությունը, երկրորդ՝ խոշոր բիզնեսի զարգացմանը զուգընթաց՝ շատ կարևոր է գյուղատնտեսության ոլորտում մանր ու միջին բիզնեսի զարգացումը, որը կապահովի գյուղական բնակչության ցանկալի թվաքանակը, ասել է թե՝ կնպաստի գյուղերի խոշորացմանը։ Չի կարելի այդ ծրագիրը դիտարկել միայն գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսանկյունից, այլ պետք է  նկատի ունենալ, թե որքանով է այն նպաստելու գյուղի զարգացմանը։ Ի դեպ, կառավարության ծրագրում այդ բաժինն արմատական փոփոխության է ենթարկվել։ Մատնացույց անելով  նաև սոցիալական ոլորտը՝ մեր զրուցակիցը նշեց, որ գործադիրն առկա խնդիրների լուծումը փորձում է տալ՝ ելնելով նախկինում մշակած ծրագրերից։ Խոսքը վերաբերում է հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տրվող ֆինանսական օգնությանը, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին պետության կողմից ցուցաբերվող աջակցությանը։ 
Ա. Սարգսյանն այնուհետև անցավ էներգետիկայի բնագավառին՝ նշելով, որ յուրաքանչյուր երկրի կենսամակարդակի վրա առնվազն երեք գործոններ՝ էլեկտրաէներգիան, հացն ու վառելիքը, ունենում են  իրենց ազդեցությունը։ Ղարաբաղը վառելիքը գնում է ուրիշից, իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի համար դժվար է գների տատանումից խուսափելը։ Հացի տեսանկյունից՝ մեր երկիրը կարող է լինել ոչ միայն ինքնաբավ, այլ նույնիսկ ավելցուկը կարող է արտահանել։ Կարևոր նշանակություն ունի մեր կառավարության կողմից ընդունված այն որոշումը, որը սահմանափակում է ցորենի արտահանումը։ Գործադիրն այդպես փորձում է անփոփոխ պահել հացի գինը։ Խմբակցության ղեկավարը գտնում է, որ մենք մեծ հնարավորություն ունենք՝ կարգավորելու այս հարցը։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա այսօր փորձ է արվում էներգետիկայի գծով հասնել ինքնաբավության։ Գործընթացը հաջող ծավալվելու դեպքում գների կարգավորումը միանգամայն հնարավոր է։ Ընդհանրապես, շատ քիչ երկրների է հաջողվում ինքնաբավ դառնալ այս բնագավառում։ 
Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը խմբակցության անդամները կառավարության ուշադրությունը սևեռել են մի շարք հարցերի վրա։ Գրեթե բոլոր առաջարկություններն ընդունվել են։ Այդ հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է  հետևյալ մոտեցումը. գործադիրը պետք է հաշվետվություն տա ամեն մի նախադասության համար։ Այդ առումով խմբակցության ղեկավարը հարկ համարեց շեշտել, որ առհասարակ, կարելի է հոյակապ ծրագիր ներկայացնել, բայց դրա իրագործումը չապահովել։  Հաշվետվությունը յուրաքանչյուր նախադասության համար ինքնըստինքյան նշանակում է ոչ թե պարզապես ֆինանսների բաշխում՝ ըստ ոլորտների, այլ միջոցների նպատակային տրամադրում՝ տվյալ բնագավառում հստակ քաղաքականություն իրականացնելու համար։ Այս վերջին ծրագիրը, մեր զրուցակցի համոզմամբ, նախորդներից առանձնանում է հենց դրանով։ 
ՙԾրագիրը պետք է դարձնել ժողովրդական,- ընդգծեց Ա. Սարգսյանը՝ հավելելով,- իսկ ի՞նչ է սա նշանակում։ Երբ ծրագիրն իրականացնում են այն կադրերը, որոնք, այսպես ասած, չեն մարսում ծրագրային դրույթները, ապա այն վերածվում է սոսկ հրահանգների։ Հնարավոր չէ արտադրությունում հրահանգներով հարց կարգավորել։ Կադրերը պետք է յուրացնեն ծրագիրը և կարողանան իրագործել այն՝ տիրապետելով բոլոր նրբություններին։ Երկրորդ՝ այս ծրագիրը  կձախողվի, եթե ժողովուրդն ինքը չյուրացնի այն՝ մասնակից դառնալով գործընթացին՚։ Այս տեսակետը նա հիմնավորեց կոնկրետ օրինակով. պետությունը վարկ է տրամադրում գյուղացուն՝ անասուններ ձեռք բերելու համար, բայց գյուղացին ծրագրի էությունը չի ընկալում, և վարկը ծախսում է ոչ թե անասուն գնելու համար, այլ   ձեռք է բերում ավտոմեքենա և այն օգտագործում որպես տաքսի։ Նա, իհարկե, կարողանում է վարկը վերադարձնել կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ պետության տրամադրված վարկը  նպատակին է ծառայել։ Եթե անասնապահության համար վարկ է տրամադրվել, ուրեմն, պարտադիր պետք է անասունները գնվեն, համապատասխան հաշվետվություն պետք է ներկայացվի։ Կառավարությունը բանկ չէ, որ ֆինանսներ տրամադրի և հետո էլ պահանջի վերադարձնել։ Կառավարությունը պետք է ապահովի դրա նպատակային օգտագործումը։ Այդ ուղղությամբ վերջերս քայլեր են ձեռնարկվել, ինչը  Ա.Սարգսյանը ողջունում է։ 
Մասնակցությունից զատ՝ Ժողովուրդը պետք է գիտակցումով վերաբերվի այն բանին, որ հինգ տարիների աշխատանքի արդյունքում ինքն իր կենսամակարդակում փոփոխություն է արձանագրելու։ ՙԴաշնակցություն՚-ն ուշադրություն է հրավիրում հետևյալի վրա. կառավարությունը ներկայացնում է իրական թվեր երկրի զարգացման վերաբերյալ։ Խնդիրը նրանում է, թե ինչպես է կապակցվում այդ զարգացումը ժողովրդի կենսամակարդակի հետ, այսինքն՝ այն 12 տոկոս աճը, որը նախանշում է կառավարությունը, ժողովուրդն իր մաշկի վրա պետք է զգա։ 
Ա. Սարգսյանն առանձնահատուկ նշանակություն է տալիս մանր ու միջին բիզնեսի զարգացմանը, ինչն առաջին հերթին ենթադրում է աշխատատեղերի ստեղծում։ Դա միաժամանակ նշանակում է ժողովրդի կարողությունների դրսևորում։ Հարկ է նկատի ունենալ, որ մանր ու միջին բիզնեսի զարգացումն ամենակարևոր կայունությունն է ապահովում երկրի համար։ Խնդիրը հետևյալն է. հնարավո՞ր կլինի միասնական ջանքերով իրագործել ծրագիրը, և արդյո՞ք այն կդառնա ժողովրդական։  
Խմբակցության անդամները վարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել են, որ ցանկացած ծրագիր՝ լինի դա քաղաքական թե տնտեսական, կարող է կյանքի կոչվել, եթե առկա են առնվազն հինգ պայմաններ. ծրագիրը պետք է կազմված լինի ճիշտ, նույն ճշտությամբ պետք է կատարվի կադրերի ընտրություն, ապահովվի ճիշտ ֆինանսավորումը, աշխատանքի կազմակերպումը և  վերահսկողության սահմանումը։ ՙԵթե նշված բոլոր պայմաններն իրագործվեն, իմ կարծիքով, ծրագիրը շատ ավելի հաջողված կհամարենք՚,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 
Կառավարության ուշադրությունը հրավիրվել է վարկային քաղաքականության վրա և, մասնավորապես, շեշտվել է, որ երկրի համաչափ զարգացման համար պետք է ներդրվեն վարկային արտոնություններ՝ ըստ տարածքների, այսինքն՝ վարկերը պետք է տրամադրվեն տարածքային ուսումնասիրության հիման վրա։ Վարկային քաղաքականության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն։ Վերաբնակեցմանը զուգահեռ՝ ՙԴաշնակցությունը՚ հատուկ նշանակություն է տվել հայրենադարձության խնդրին։ ՙԱմեն ինչ անենք, որպեսզի արտասահմանում ապրող մեր համերկրացիներին վերադարձնենք իրենց հայրենական օջախները,-շարունակեց խմբակցության ղեկավարը՝ հավելելով,- վերաբնակեցում և հայրենադարձություն. այս երկու խնդիրները չի կարելի դիտարկել առանձին-առանձին։ Առաջարկել ենք ուշադրություն դարձնել  ամուսնացող զույգերին այն գյուղերում, որոնք քայքայման վտանգի տակ են։ Ամուսնացող զույգերին արտոնյալ հիփոթեքային վարկեր տրամադրելով՝ հնարավոր կլինի նրանց պահել գյուղում։ Անհրաժեշտ է օգնել մարդկանց՝ իրենց տունը կառուցելու հարազատ հողի վրա՚։ 
Խմբակցությունն առաջարկել է նաև ընդլայնել արտերկրում աշխատող ԼՂՀ ներկայացուցչությունների ցանցը, ինչը Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքների ընդլայնման ու ակտիվացման նպատակ է հետապնդում։ Առաջարկություն է եղել, ըստ որի՝ գյուղատնտեսության զարգացման համար բավական արդյունավետ կլինի կոոպերացիաների տարբեր ձևերի կիրառումը, ինչն ընդունված է աշխարհի շատ երկրներում։ Խոսվել է բուհերում ընդունելության չափանիշները խստացնելու մասին, որովհետև չի կարելի համալսարանի տնտեսական կարիքներից ելնելով՝ կատարել այնպիսի քայլեր, որոնք կարող են ազդել համալսարանի ուսման որակի վրա։ 
Կարևորվել է միջին և ցածր օղակներում՝ ներառյալ գյուղապետերը, վերապատրաստումների կազմակերպումը։ Այդ օղակներում աշխատողները պետք է ընկալեն պետության քաղաքականությունը, այլապես կադրերի անպատրաստության արդյունքում բացասական երևույթներ կարձանագրենք։ Առաջարկվել է խորացնել ապակենտրոնացումը, քանի որ խիստ կենտրոնացված համակարգեր ունեցող երկրներն ունենում են ոչ բնական զարգացում։ 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ