[ARM]     [RUS]     [ENG]

News.am: ՀՅԴ. Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի բանաձեւը քայլ էր` ի շահ Ղարաբաղի

 ՀՅԴ. Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի բանաձեւը  քայլ էր` ի շահ ՂարաբաղիԼեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհրդի ընդունած բանաձեւը բացահայտ ուղղակի ճանաչում չի նախատեսում, սակայն եթե նման ճանաչումների թիվն ավելանա, դա կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը: 

Այդ մասին  նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` նշելով, որ դա ԼՂՀ-ն ճանաչած ավստրալական առաջին նահանգն է, բայց թվով երրորդն է `ԱՄՆ-ի 2 նահանգներից հետո:

Ըստ  Մանոյանի` այդկերպ կձեւավորվի  ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը նպաստող մթնոլորտ.  «Դա քայլ էր` ի շահ Ղարաբաղի: Բացի այդ, տվյալ բանաձեւը թույլ կտա հարաբերություններ հարթել ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի եւ ԼՂՀ-ի միջեւ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հոկտեմբերի 25-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը  բանաձեւ էր ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Բանաձեւն ընդունելով՝ Օրենսդիր խորհուրդը  «Ավստրալիայի կառավարությանը կոչ էր արել պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը եւ խորացնել  Ավստրալիայի հարաբերությունները ԼՂՀ-ի եւ նրա քաղաքացիների հետ»: