[ARM]     [RUS]     [ENG]

Ավստրալական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

 Ավստրալական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունըԱվստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդն այսօր` հոկտեմբերի 25-ին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ է ընդունել:

Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, Խորհրդի անդամ Մարի Ֆիկարոյի ներկայացրած բանաձեւն ընդունվել է միաձայն:

Բանաձեւն ընդունելով` Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ խորացնել Ավստրալիայի հարաբերությունները  Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ»:

Փաստաթղթում ընդգծված են  ազատ եւ ժողովրդավարական հանրություն ստեղծելու Լեռնային Ղարաբաղի ջանքերը` խորհրդարանական արդար ընտրությունների միջոցով, սատարվում է միջազգային հանրությունում  Լեռնային Ղարաբաղի ընդգրկվածությունը: Բանաձեւում նաեւ կոչ է արվում տարածաշրջանային խնդիրները լուծելու, խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար փոխգործակցել միջազգային հանրության հետ: Խորհուրդը նաեւ կոչ է անում շարունակել Ղարաբաղին մարդասիրական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերելը: