ՙԱՄՆ-ԻՐԱՆ՚ ՌԱԶՄԱԿԱՆ ԽԱՂԸ

Ava_1.jpgՄերձավոր Արևելքում լարվածության շարունակվող սրման  համապատկերին հետաքրքրություն է ներկայացնում ՙԱՄՆ-Իրան՚ ռազմական խաղը, որն անցկացվել է վերջերս Վաշինգտոնում։ Ռազմական խաղի ձևաչափը ենթադրում է երկու կամ ավելի թիմերի ստեղծում,  որոնք նմանակեղծում են կողմերի քայլերը։ 
Միջոցառումը կազմակերպել էր Վաշինգտոնի Բրուկինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող  Քեննեթ Պոլակը։ Նշված հաստատությունը մտնում է համաշխարհային առավել հայտնի ուղեղային կենտրոնների առաջին տասնյակի մեջ։ 
Խաղին մասնակցել են ինչպես ԱՄՆ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ քաղաքագետներ, Իրանի գծով ականավոր փորձագետներ։ Ամերիկյան հայտնի լրագրող Դեվիդ Իգնատիոսին (ազգությամբ հայ, ինչպես նրան անվանում են՝ ԿՀՎ-ի ոչ պաշտոնական մամուլի քարտուղար) թույլատրվել է հետևել խաղին՝ պայմանով, որ նա չի հրապարակի մասնակիցների անունները։ Արդյունքը եղավ ՙՎաշինգտոն փոստ՚-ում հրապարակված հոդվածը, որը թույլ է տալիս ծանոթանալ միջոցառման որոշ մանրամասների։
Խաղի գլխավոր ու անակնկալ արդյունքը դարձավ այն, թե ինչպես երկու կողմերն իրենց քայլերով որքան հեշտ են մեկը մյուսի նկատմամբ մեսիջներ կազմավորում, որոնք սխալ էին հասկացվում։ Եվ դա այն դեպքում, որ խաղացողներն ամերիկացիներ էին, պատկանում էին նույն մշակույթին, ունեին նույն հոգեկերտվածքը և այլն։ Կողմերը ձեռնարկում էին, ըստ իրենց, զուսպ քայլեր, որոնք, սակայն հակառակ կողմը գնահատում էր որպես  կարմիր գծի անթույլատրելի հատում, երբ պահանջվում է անհապաղ ու խիստ պատասխան։ Գրոհներն ավելի կործանարար էին, քան սպասվում էր, և առաջ էին բերում չնախատեսված հետևանքներ։ Ուղղակի կապի ալիք  ստեղծելու փորձերը ոտնահարվում էին, իսկ դաժան երևալու ցանկությունը ստիպում էր ձեռնարկել գործողություններ, որոնք երկու կողմի համար էլ հանգեցնում էին անցանկալի հետևանքների։ Խաղի մասնակիցներն ընթանում էին դեպի պատերազմ, չնայած խաղացողները վստահ էին, որ իրենք ընտրում են  հակառակ կողմին այդ քայլից զսպող տարբերակներ։ 
Ըստ բեմագրի, խաղը ծավալվում է 2013թ. հուլիսին՝ հետևյալ տարբերակներով։ Ենթադրվում է, թե նախագահ Օբաման ընտրվել է երկրորդ անգամ։ Բանակցություններն Իսլամական Հանրապետության և P5+1 (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ, ինչպես նաև` Գերմանիա)  խմբի միջև մտել են փակուղի։ Իսրայելը միակողմանիորեն հարված չի հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։ Հավելվել են հետևյալ ՙդետալները՚. շարունակվում են իրանական գիտնականների սպանությունները, Միացյալ Նահանգները, Իսրայելը և Մեծ Բրիտանիան մշակում են նոր կիբերզենք, որը թույլ կտա վնաս հասցնել Իրանի միջուկային ու ռազմական հզորությանը։ Այդուհանդերձ, Իրանի գերագույն ղեկավարը (Ռահբար) գտնում է, որ ԱՄՆ-ն թղթից պատրաստված վագր է։ Դիմելով օգնականներին` նա ասում է. ՙԱմերիկացիները հոգնել են պայքարից և ղեկավարվում են թույլ մարդու կողմից, որն ի վիճակի չէ պայքարել՚։ Մինչդեռ Իրանն ուժեղացնում է  իր միջուկային ծրագիրը  և կարող է 3-4 ամսվա ընթացքում ստանալ գերհարստացված ուրանի բավականաչափ քանակություն`  2 խումբ ստեղծելու համար։ Աշխատանքներ են տարվում նաև կրողի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտար միջուկային լիցքը հասցնել նպատակին,  և կոշտ մանրօրինակն  արդեն ստեղծվել է։
Խաղի գործողությունն սկսվում է հուլիսի 6-ին Իրանի կողմից ահաբեկչական հարձակմամբ։ Պայթյունն ավերում է Կարիբյան ծովի հարավային մասում, Վենեսուելայի ափերի մոտակայքում գտնվող ոչ մեծ կղզում,  ինքնակառավարվող պետական կազմավորում հանդիսացող Արոբիում տեղակայված տուրիստական հյուրանոցը։ Արդյունքում զոհվում է 137 մարդ, որոնց մեծ մասն ամերիկացիներ են, այդ թվում` միջուկաբան գիտնականը։ Ավերածությունների և զոհերի չափն անհամեմատ շատ էր, քան նախատեսում էր Իրանը։ 
ԱՄՆ-ի կողմից խաղացող թիմը հրահանգում է ուժեղ պատասխան քայլեր, որոնք պետք է ահազանգեին Իրանին, որ ինքը հատել է ՙանթույլատրելի շեմը՚։ Միացյալ Նահանգները ռմբակոծում են Իրանի արևելյան մասում գտնվող Հեղափոխական գվարդիայի ճամբարը,  անցկացնում կիբերհարձակում, որն ավերում է Իրանի անվտանգության 40 օբյեկտների էներգետիկ համակարգը,  ինչպես նաև նախազգուշացնում իրանական օպերատիվ աշխատակիցների 38 երկրներում, որ իրենք բացահայտված են ու խոցելի։ Լարվածության ուժգնացումը հանգեցնում է նավթի գների աճին. դրանք հասնում են 200 դոլարի՝ բարելի դիմաց։  
Ռազմական շրջանակներ ներկայացնող ամերիկյան թիմի մի մասը բողոքում էր, որ ձեռնարկված քայլերը պետք է գնահատվեն որպես կիսամիջոցներ։ Պետք է ռմբակոծել Իրանը, քանի որ նա հատել է կարմիր գիծը, այն էլ՝ ամերիկյան կողմի համար անսպասելի ձևով։ Իրանական թիմը ժխտում է Օբամայի գաղտնի ուղերձը, որը տեղ է հասցվել Ռուսաստանի միջոցով։ Ուղերձի հեղինակը նախազգուշացնում է Իրանին՝  նրա համար ՙահավոր հետևանքների՚ մասին, եթե միջուկային ծրագիրը չկանգնեցվի։ Իրանի պաշտպանության նախարարի դերակատարը   նախազգուշացումն անվանում է ՙբլեֆ՚։
Արդյունքում Իրանն ընդունում է ԱՄՆ-ի վրա Հեղափոխական գվարդիայի ճամբարի գրոհին ուժով պատասխանելու որոշում, բայց  այդ  պատասխանը պետք է լինի ոչ մեծ՝ միջուկային օբյեկտների լայնածավալ գրոհ չառաջացնելու համար։ Իրանական թիմն ընտրում է տարբերակ, որը, ինչպես պարզվեց, ճակատագրական սխալ եղավ։ Հրաժարվելով առավել ագրեսիվ տարբերակներից, ինչպես, օրինակ,  Բահրեյնում ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի շտաբի վրա գրոհից, Իրանն ընտրում է ՙպատահական ականապատումը՚  Օրմուզյան ջրանցքում և ՙհետապնդումը՚, Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի նավերի ագրեսիվ ուղեկցումը։ Իրանի մեկ այլ քայլը եղավ ուրանի պաշարների կեսի ապակենտրոնացումը, ինչը պետք է ահազանգեր միջազգային հանրությանը, որ նա, ինչպես և նախկինում,  պատրաստ է շարունակել բանակցությունները։ Սակայն հաղորդագրությունն այդ քայլի մասին հաշվի չէր առնվել, բաց էր թողնվել կամ անտեսվել ԱՄՆ-ի թիմի կողմից։
Իրանի գործողություններն ԱՄՆ թիմի կողմից մեկնաբանվում են որպես ջրանցքը փակելու և ամերիկյան ռազմանավերի վրա գրոհելու որոշում։ ՙՆրանք հատել են մեր կարմիր գիծը՚,-ասում է ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդականի դերակատարը՝  արտահայտելով խմբի սխալ կարծիքը։ Զինվորականների առաջարկած` արձագանքման տարբերակները գտնվում էին ՙկոշտից մինչև չափազանց կոշտ՚-ի միջակայքում. անհրաժեշտ է ուժի օգնությամբ բացել Օրմուզյան նեղուցը  և Իրանին ուլտիմատում ներկայացնել. 24 ժամվա ըկնթացքում կանգնեցնել միջուկային ծրագիրը. գերդաժան արձագանքն իր մեջ ներառում էր Իրանի միջուկային օբյեկտների վրա հարված՝ նեղուցի միաժամանակյա բացումով։ ԱՄՆ-ի թիմը վերջին հաշվով քվեարկում է հետևյալ կերպ. 5՝ դեմ, 3՝ կողմ`չափազանց կոշտ տարբերակ, որի մեջ ներառվում էր գրոհն Իրանի վրա՝ միջուկային ծրագիրը կանգնեցնելու, ափի պաշտպանությունը վերացնելու նպատակով։ 
Խաղի կազմակերպիչները և մասնակիցներն այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչպես կարելի էր լարվածությունը կանգնեցնել սկզբնական փուլում՝ դրանով իսկ խուսափելով վատթար բեմագրից, ինչին հասան կողմերը։ ՙԽաղի գլխավոր դասը,-ասում է Պոլակը, կայանում է նրանում, որ ՙփոքր բացթողումները շատ արագ մեծանում են՚։ Այդ եզրահանգումը նոր չէ, և արդեն լավ է ուսումնասիրված բարդ համակարգերի տեսության շրջանակներում՝ համաշխարհային քաղաքական համակարգի  նկատմամբ։
Քաղաքական գիտությունը ներմուծել է ՙճգնաժամային անկայունություն՚ հասկացությունը՝ փոքր իրադարձությունների նկատմամբ առավելագույն զգայուն վիճակի և  ՙճգնաժամային կայունություն՚ հասկացությունը`հարաբերական կայունության նկարագրման համար։ Ակնհայտ է, որ նույն համակարգը կարող է ճգնաժամային կայունություն ցուցադրել` մի դեպքում և ճգնաժամային անկայունություն՝ մեկ այլ դեպքում, երբ համակարգը հայտնվում է քաոսի եզրին։ Քաոսային վիճակում հայտնվել` նշանակում է ընկնել ՙկցկտուր հավասարակշռության՚ վիճակ, որը հրահարվում է ինքնակազմակերպվող քննադատականությամբ։ ՙՓոխներգործող խոշոր համակարգերն անընդհատ ինքնակազմակերպվում են դեպի քննադատական վիճակ, որում փոքր իրադարձությունը կարող է առաջ բերել շղթայական ռեակցիա, ինչը կարող է հանգեցնել աղետի...՚,- ասում է բարդ համակարգերի հայտնի հետազոտող Պեր Բակը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այդպիսինն է բարդ համակարգերի էությունը, և օրենքները, որոնք հանգեցնում են ճգնաժամային անկայունության վիճակի, նույնն են, ինչը թույլ է տալիս դրան` պահպանել կայունությունը, որին, պարզվել է, պատրաստ չեն, և որը հաշվի չեն առել անցկացված խաղի մասնակիցները։ 
Այսպիսով, նոր պայմաններում հասարակ որոշումների և պարզ, ունիվերսալ սխեմաների ժամանակներն անցնում են, և քաղաքագետների նոր սերունդը պետք է պատրաստ լինի աշխատելու մշտափոփոխ պայմաններում, երբ քաղաքական հարթությունն ինքը դառնում է էլաստիկ և կարող է փոխել իր կառուցվածքը` իբրև արդյունք քաղաքական գործընթացների մասնակից խաղացողների ջանքերի, կամքի ու վարքագծի։ Ճգնաժամային անկայունության պայմաններում անհնար է դառնում ՙլավ ռազմավարության որոնումը և դրա հակադրումը ՙվատ ռազմավարությանը՚. խոսքը  ՙհամապատկերային-հարմար ռազմավարության և այն քայլերի մասին է, որոնք ձեռնարկվում են այսօր, հիմա, կոնկրետ ստեղծված իրավիճակում, որը վաղը կարող է արմատապես փոխվել։ Բավականաչափ են նախանշաններն այն բանի, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մոտենում է ճգնաժամային անկայունության վիճակի։ Նման պայմաններում հասարակությունը կարիք ունի ճկուն քաղաքագետների, զինվորականների, դիվանագետների, որոնք պետք է ի վիճակի լինեն համարժեքորեն արձագանքել երկրում, տարածաշրջանում, աշխարհում արագ փոփոխվող իրավիճակին։ 
 
 
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ