Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՑՄԱՆ ԼԵԶՈՒՆ

  Մեր օրերում տեղեկատվական դաշտը հզոր դեր է խաղում մարդկանց գիտակցության և հասարակական կարծիքի ձևավորման գործում: Ըստ էության, տեղեկատվական դաշտը, մասնավորապես ԶԼՄ-ները, կարելի է համարել կարծրատիպացման  գործակալներ:
 Հոգեբանական կարծրատիպերի և դրանց ընկալման հիմնախնդիրը միջէթնիկական հարաբերությունների համատեքստում խիստ արդիական է, մասնավորապես այն առումով, որ կարծրատիպերով են պայմանավորված կոնֆլիկտի լարվածության ու կայունության աստիճանն ու փոխադարձ թշնամանքի ուժը:
Ադրբեջանական մամուլի գործունեության մեջ առանձնանում է մանիպուլյացիայի ընդհանուր տեխնոլոգիան, որն, ինչպես կտեսնենք, երբեմն հիմնվում է նաև  միֆերի վրա: Եվ միֆը, որպես պատրանքային գաղափար, գալիս է հաստատելու որոշակի արժեքներ ու նորմեր, որոնք ընկալվում են առավելապես հավատի հիման վրա: Վերջինս ենթադրում է մարդկանց գիտակցության վրա ազդելու այնպիսի կոնկրետ մեթոդներ, ինչպիսիք են ոչ միայն փաստերի ուղիղ նենգափոխումը, ոչ ձեռնտու տեղեկատվության մասին լռելը, ստի և   զրպարտության տարածումը, այլև ավելի նուրբ միջոցներ: 
  Սոցիալական հոգեբան Է. Արոնսոնը գրում է.ՙԱնորոշության իրավիճակում մարդիկ հակված են այնպիսի վերագրումների, որոնք համապատասխանում են իրենց համոզմունքներին ու նախապաշարմունքներին՚: Տվյալ պարագայում ադրբեջանական լրատվամիջոցներն, անշուշտ, իրականացնում են հայերի նկատմամբ ագրեսիվ կարծրատիպերի էսկալացիա, որի նպատակը թշնամանքի սերմանումն ու դրա թուլացումը թույլ չտալն է: Սեփական և թշնամական խմբի իմպլիցիտ (թաքնված) սոցիալական համեմատությունը հանգում է հակառակորդի  մարդկային պատկերի ծայրահեղ վարկաբեկմանը. մի բան, որի արդյունքում սեփական խմբի դիմագիծը գծագրվում է դրական գունավորումներով: Այստեղ ակնհայտ է վերագրման հիմնական սխալի դրսևորումը խմբային փոխհարաբերությունների հարթությունում, որն էլ պայմաններ է ստեղծում մի կողմից հոգեբանական ինքնապաշտպանության, իսկ մյուս կողմից` ագրեսիվ էսկալացիայի համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ների լեզուն նպաստում է էթնիկ նախապաշարմունքների տարածմանը, ինչը հանգեցնում է այլատեցության: ԶԼՄ-ներում կարծրատիպերի ձևավորման վրա մեծապես ազդում է հոգեբանական նույնացման երևույթը, որը հիմնականում կրում է խմբային ինքնապաշտպանության բնույթ: Ադրբեջանական մամուլի միջոցով տարածվող կարծրատիպերը նպաստում են ադրբեջանցիների խմբային ինքնագիտակցության մեջ դրական հատկանիշներով օժտված ՙմենք՚ համակարգի ձևավորմանը, որը տեղի է ունենում լրատվամիջոցներով ներկայացվող դրական մոդելի հետ նույնացման արդյունքում: Ըստ որում, ախտաբանական սուբլիմացիայի (ինքնավեհացման) վրա հիմնված այդ խմբային ինքնապաշտպանության բնույթ կրող նույնացման պաշտպանական գործառույթը ծնում է խմբային վտանգավոր, ոչ իրատեսական հավակնություններ:  ՄարդասպանՍաֆարովին առանձնաշնորհումներ տալու երևույթը ասվածի վառ օրինակն է: Սեփական խմբի գերագնահատումը՝ որպես կարծր դիրքորոշում, դառնում է վարքի կարգավորիչ: Այստեղ մենք տեսնում ենք էթնիկական կարծրատիպերի բացասական դերակատարությունը միջանձնային ընկալումներում, որը տվյալ էթնոսի մասին չտեղեկացվածության փաստ է:
Հոգեբանական վերլուծության բավականին ուշագրավ նյութ են պարունակում ադրբեջանական թերթերի ստախոսությունները: Խորհրդային մամուլում ադրբեջանցիների և Ղարաբաղի հայերի շահերը նույնացվում էին, և այս ուղղությամբ, որպես սոցիալական ազդեցության միջոց, նորից գործում էին ԶԼՄ-ները: Ադրբեջանական ԶԼՄ-ների գործունեությունը պարտադրվող մշակութային համակարգի մի մասն էր, որ վերածվել էր ազգային ճնշում իրականացնող գործիքի և ներծծված էր բացահայտ և քողարկված ագրեսիվությամբ:  Սա ևս մեկ հզոր գործոն էր, որը խորացնում էր միջէթնիկական լարվածությունը և դրանից բխող հոգեբանական դեզադապտացիան: Նյութերի մատուցման ձևերը, նրանց մեջ տրվող գնահատականների ու նկարագրությունների ինտենսիվությունը բացահայտում են կարծրատիպերի մեխանիզմները և այն ուղիները, որոնք սկսել են հոգեբանական նոր կաղապարներ ձևավորել Ղարաբաղի հայերի մոտ: Դիտարկումներից հստակեցվում է նոր կաղապարների տարածման ինտենսիվությունը, ինչը չէր կարող չանդրադառնալ սերունդների սոցիալականացման վրա: Ադրբեջանական մամուլում աչք են ծակում ազգային տարբերությունների արհեստական համահարթեցմանն ուղղված լրագրողների փորձերը: Մամուլի այսօրինակ ազդեցության պայմաններում պարարտ հող էր առաջանում թշնամական միջէթնիկական կարծրատիպերի առաջացման համար, որոնք ուղեկցվում էին դրական ինքնավերագրումներով: Համաձայն խմբային ֆավորիտիզմի սկզբունքների, սեփական էթնոսի կամ էթնիկական խմբի մասին կարծրատիպերն ի հակադրություն այլ խմբերի նկատմամբ ունեցած կարծրատիպերի, որպես  կանոն, դրական բնույթ են կրում, իսկ ահա բացասական կարծրատիպերն առավել հաճախ ակտուալացվում են այնպիսի պայմաններում, երբ երկու էթնոսների միջէթնիկական շփումներում  ծագում է մրցակցային պայքար կամ գերադասի ու ստորադասի հարաբերությունների խնդիր:
Ադրբեջանական մամուլի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ  այն այսօր  ևս վերածվել է մեքենայությունների (մանիպուլյացիայի) գործիքի և հայերին ծայրահեղորեն վարկաբեկող գերագրեսիվ կարծրատիպերի առաջացման յուրատեսակ ՙգեներատորի՚:  Այսօր այդ նույն մամուլում եռանդուն կերպով տպագրվում են էթնակոնֆլիկտածին հրապարակումներ, որոնք հայերի նկատմամբ թշնամական և վարկաբեկող կարծրատիպեր են մշակում և տարածում ինչպես սեփական հանրույթի, այնպես էլ այլ ժողովրդների շրջանում: Ադրբեջանական մամուլի կոնֆլիկտածին ազդեցություններ պարունակող նյութերը միտված են էթնիկական շփումներում անհանդուրժողական, բացասական դիրքորոշումների ձևավորմանը: Սա պետք է համարել ադրբեջանցիների  էթնիկական հոգեբանական  ագրեսիվ ինքնապաշտպանությունը` ներկայումս ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակում: Հայի` որպես թշնամու, կերպարի ձևավորումը կատարվում է հետևողականորեն և ինտենսիվ կերպով։ Այդ  կերպարի և դրան համարժեք հայատեցության որակի ձևավորումն արդեն իսկ դառնում է ադրբեջանցի թուրքի ինքնագիտակցության բաղադրամաս, հիշողություն, կարծրատիպ, էթնիկական ինքնագիտակցության բովանդակային կազմավորում: Ինֆոլոգեմը (կեղծ, խեղաթյուրված ինֆորմացիա)  դառնում է հիվանդագին ինքնավեհացման, նախահարձակ մղումների ենթագիտակցական կազմավորումների հիմք: Ըստ էության, ոչ միայն ադրբեջանական ԶԼՄ-ների, այլև գիտնականների  աշխատությունների  հիմքում ընկած է ինֆոլոգեմի բաղադրիչը: Զ. Բունիաթովի աշխատությունը ասվածի վառ ապացույցն է:
Տեղեկատվական դաշտում որպես առավել համապարփակ մանիպուլյատիվ տեխնոլոգիա առանձնացվում են կերպարների ձևավորումն ու տարածումը: Ադրբեջանական մամուլում մեծ հմտությամբ է աշխատում հայերի բացասական կերպարների ձևավորման մեխանիզմը։ Էթնակոնֆլիկտածին հոդվածների հրապարակումները աչքի են զարնում տպագրման մեծ պարբերականությամբ: Սա անխուսափելիորեն հանգեցնում է անհատական մակարդակում ադրբեջանցու ինքնագիտակցության, դիրքորոշումների համակարգում ագրեսիվության բարձրացմանը, որի թիրախը հայերն են: Գրեթե բոլոր հրապարակումների հիմքում ընկած է ագրեսիվ կարծրատիպացումը, ըստ որում ագրեսիվ մղումներն աներկբա են նույնիսկ պետական պաշտոնյաների մոտ: Միլլի մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը գրում է.ՙԵս միշտ էլ Թուրքիայում ռազմական վարպետություն սովորող մեր սպաներին ասում եմ, որ դուք պետք է նրանց (հայերին) Ղարաբաղում սպանեք և ոչ թե ուրիշ երկրում՚ (http:/www.zerkalo.az): Հետերոկարծրատիպեր ձևավորող հրապարակումները կատարում են  էթնիկական ագրեսիվ  ինքնապաշտպանության գործառույթ: Բավականին ուժեղ է գործում պրոյեկտիվ վերագրման (ատրիբուցիայի) պաշտպանական գործառույթը: Հայերը մեղադրվում են ՙագրեսիայի՚, ՙհողեր զավթելու՚, ՙգողության ու թալանի՚, ՙեղեռնագործության՚, ՙահաբեկչության՚, ՙդիակապտության՚ և այլ բացասական որակների մեջ: 
Ադրբեջանական ԶԼՄ-ների քարոզչությունն արդեն իսկ ունի տեղեկատվական կառավարման (informational Management) որակ, որը, սակայն,  նպաստում է միջէթնիկական լարվածությանն ու փոխադարձ ընկալման թշնամանքի ուժին:
Պետք է նկատի ունենալ, որ  թշնամի երկու էթնոսների փոխհարաբերություններում մինչ ագրեսիվ գործողությունների դրսևորումները հոգեբանական պլանում տեղի է ունենում այնպիսի ագրեսիվ դիրքորոշումների ձևավորում, որը  վեր է ածվում ագրեսիվ խոսքային (վերբալ) կարծրատիպերի, որոնք կատարում են հոգեբանական ինքնապաշտպանական գործառույթ: Այս ամենն, անտարակույս, ի սկզբանե դրսևորվում է առանձին անհատների ինքնագիտակցության համակարգում և հետո միայն ստանում խմբային նկարագիր:
Կարծրատիպացման սոցիալ-հոգեբանական գործընթացը պետք է դիտել միջխմբային տարբերակման համատեքստում: Միջխմբային տարբերակման շնորհիվ ապահովվում է անձի դրական խմբային նույնացման երևույթը: Կարծրատիպացումը հոգեբանական այնպիսի գործընթաց է, որի ընթացքում անձի հոգեկանում ձևավորվում կամ յուրացվում են կարծրատիպերը, և այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ առանց հոգեբանական այնպիսի երևույթի, ինչպիսին նույնացումն է:
Ինչպես տեսնում ենք, հոգեբանական կարծրատիպերի և դրանց ընկալման հիմնախնդիրը անձի ինքնագիտակցության համակարգում և միջէթնիկական հարաբերությունների համատեքստում խիստ արդիական է, մասնավորապես, այն առումով, որ, ինչպես  արդեն  նշվել է, կարծրատիպերով են պայմանավորված կոնֆլիկտի, լարվածության ու կայունության աստիճանն ու փոխադարձ թշնամանքի ուժը:
Այսպես, կարծրատիպը անձի ինքնագիտակցության համակարգի բաղադրամաս է` պատկերացումների, համոզմունքների, դիրքորոշումների օրգանական ամբողջություն, որն ուղղվածություն է հաղորդում այն կրող անձի ինչպես իմացական ու հուզական գործընթացներին, այնպես էլ վարքային ու նպատակաուղղված գործունեությանը: 
 
 Լուսինե     ՂԱՐԱԽԱՆՅԱՆ  
Հոգեբանական գիտ. թեկնածու