Logo
Print this page

ՙՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԵՆՔ ԵՂԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄՇՏԱՊԵՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆՔ ԴՐԱՆ՚

DSC_3281.jpgՀայտարարեց Խորխե Օռիկոն՝ հավաստիացնելով, որ ուրուգվայցիներն ըմբռնումով և համակրանքով են ընկալել արցախահայության ազգային-ազատագրական ձգտումները
Նոյեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ  ԱԺ պատգամավորական կազմի հետ։ 
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի իշխանությունների անունից ողջունելով Խ. Օռիկոյին, պատվիրակության անդամներին և բոլոր ներկաներին, ասաց, որ Օռիկոն ներկայացնում է Լատինական Ամերիկայի մի երկիր ու ժողովուրդ, որը, գտնվելով մեզանից շատ հեռու՝ շուրջ մեկդարյա սերտ կապեր ու առնչություններ ունի հայ ժողովրդի հետ։ ԱԺ խոսնակը խոր երախտագիտության զգացումով նշեց, որ Ուրուգվայն աշխարհի առաջին երկրներից է, որն առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով՝ առանձնահատուկ հոգածությամբ ապաստան տվեց 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հազարավոր հայրենակիցների՝ նրանց հնարավորություն տալով իր հյուրընկալ հողում նոր կյանք կերտելու, ապրելու ապահով և արժանավայել։ Ա. Ղուլյանն ուրախությամբ փաստեց, որ այսօր Ուրուգվայի հոծ հայկական համայնքը երկրի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման ու պետականության ամրապնդման բավական գործուն դերակատարներից է, ինչի մասին տարբեր ժամանակներում բազմիցս գոհունակությամբ նշել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ղեկավարները, հասարակական ու քաղաքական գործիչները։ Այդ երկիրն առաջինը 1965թ.  պետականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝  սկիզբ դնելով 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին։ Նաև առաջին երկրներից էր, որ 1992թ. մայիսի 27-ին ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ։ Կարելի է ասել, որ  հայ ժողովրդի մայիսյան հոբելյանների շքահանդեսում ընթացիկ տարում նշվեց ևս մեկ կարևոր հոբելյան՝ Ուրուգվայի և Հայաստանի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Ուրուգվայը նաև աշխարհի այն երկրներից է, որն ըմբռնումով և համակրանքով է ընկալել արցախահայության ազգային-ազատագրական ձգտումները, նրա կամքը՝ ինքնուրույն տնօրինելու իր կյանքը, այդ ուղղությամբ գործադրած հսկայական ու անձնուրաց ջանքերը և դրա արդյունքում՝ անկախ պետականության ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները։ Այդ ջերմ և բարեկամական վերաբերմունքի վկայությունն է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի, նրա գլխավորած պատվիրակության այցն Արցախ և ԱԺ-ում տեղի ունեցող հանդիպումը։ 
Ա. Ղուլյանը ներկայացրեց Խ. Օռիկոյին ուղեկցող անձանց. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Ռուբեն Մարտինես Ուելմո, Դանիել Ռադիո, Ռիկարդո Պլանշոն և Ռիչարդ Սանդերս։
Ելույթ ունենալով ԼՂՀ ԱԺ ամբիոնից՝ Խորխե Օռիկոն ասաց. ՙՇատ շնորհակալություն ողջույնի համար, շնորհակալություն, որ այսօր ձեզ հետ եմ։ Մեզ համար շատ հաճելի է գտնվել այստեղ, մեզ համար պարտավորություն է դա անելը՚։ Նա անհրաժեշտ համարեց տեղեկություններ հաղորդել Ուրուգվայի մասին՝ աշխարհագրական և աշխարհաքաղաքական իմաստներով երկիրը ներկայացնելու համար, ասելով, որ այն գտնվում է Լատինական Ամերիկայի հարավում, տարածվում է Պլատա գետի երկայնքով և ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Արգենտինայից բաժանվում է Ուրուգվայ գետով։ ՙՈւրուգվայի՚՝ նշանակում է  թռչունների գետ. այդպես պետք է հնչեցնել երկրի անունը։ ՙՄեր երազներում մենք թռչում ենք՚,- բացատրությանը  հավելեց նա։ Երկիրը շրջապատված է երկու հսկայական տերություններով՝ Արգենտինա և Բրազիլիա։ Շատ դեպքերում, Օռիկոյի խոսքերով, դա խոչընդոտում է իրենց ինքնությանը, մանավանդ երբ օտարերկրացիներ են այցելում երկիր։ Համեմատության համար նա  նշեց, որ Ուրուգվայի բնակչությունը կազմում է 3 մլն 300 հազ. մարդ, իսկ Բրազիլիայում տարեկան 3,5 մլն մարդ է ծնվում։  Խ. Օռիկոյի բնորոշմամբ՝ Ուրուգվայն այն երկիրն է, որն անընդհատ հիշեցնում է միջազգային իրավունքի մասին։ Երկրի բնակչությունը սերում է աշխարհի տարբեր ազգերից, ինչը Ներկայացուցիչների պալատի նախագահը հատկանշական է համարում։ Բնակչության 50%-ը սերում է իսպանացիներից, 40%-ը՝ իտալացիներից, 10%-ը կազմում են այլ ազգեր՝ հայեր, գերմանացիներ և այլք, որոնք գաղթել են Ուրուգվայ։ 1915թ.-ից ի վեր Ուրուգվայ են սկսել գաղթել Հայոց ցեղասպանությունից փրկված հայեր։ 
Խ. Օռիկոն մեկ շեշտադրում ևս արեց՝ ընդգծելու իր երկրի բարյացակամությունը հայ ժողովրդի հանդեպ։ 1920թ. Հայաստանը դիմեց Ազգերի լիգային՝ նրան անդամակցելու խնդրանքով։ Խնդրանքն ընդունվեց 11 ձայնով, որոնցից մեկը Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանն էր։ Սա հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունք է, որը գալիս է նախնիներից, ասաց նա։ Այդ նրանց ժառանգներն էին, ովքեր 1965թ. օրենքի ուժով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ 
Դա պարտավորություն էր ուրուգվայցիների համար։  
Խ. Օռիկոյի հավաստմամբ՝ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք հավաքվում են խորհրդարանում, որը կոչվում է Ժողովրդավարության տուն, և հարգանքի տուրք  մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 
Վերջերս Ուրուգվայի խորհրդարանականների նախաձեռնությամբ, որոնցից մեկը Ռուբեն Մարտինես Ուելմոն է, Ուրուգվայում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի թանգարան։ ՙՄենք մեր փոքրությամբ միշտ մեզ ազատ ենք զգացել,- շեշտեց Օռիկոն՝ հավելելով,- մենք մշտապես նվիրված ենք եղել ազատությանը և մշտապես կողմնակից ենք դրան։ Նաև մտածում ենք, որ կան գաղափարներ, որոնք չպետք է հարգվեն։ Նացիստները և նրանք, ովքեր հավակնում են դառնալ նացիստներ, արժանի չեն հարգանքի՚։ Ուրուգվայում չեն հարգում նաև կրոնական հողի վրա ծագած հակասությունները։ Յուրաքանչյուրն իրավունք ունի դավանել այն արժեքները, որոնք կարևորում է։  
Ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքերով՝ իրենց համար միանգամայն հասկանալի են այն իրողությունները, որոնք այստեղ առկա են։ Նա ներկաներին իրազեկեց, որ Արցախ է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը և արտահայտել իր կարծիքը։ ՙՄեր հանրապետությունը չունի պաշտոնական դիրքորոշում այս հարցի կապակցությամբ, բայց ոչ մեկն էլ չի հակադրվում այն իրողությանը, որ այսօր կա այստեղ։ Մենք փոքր երկիր ենք, բայց պատրաստակամ ենք օգնել՚,- ընդգծեց Օռիկոն։ Եվ ի հավելումն նշվածի՝ ասաց, որ իրենք  հակասությունների և վեճերի խաղաղ կարգավորման կողմնակից են, ինչպես նաև պատրաստակամ՝ համագործակցել այն բոլոր հարցերում, որոնք միտված են խաղաղ ճանապարհով դրանց լուծմանը։ 
Եզրափակելով ելույթը՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ խորհրդարանում գտնվելու պատվին իրեն արժանացնելու համար։ Ապա ասաց, որ Ուրուգվայը ներգաղթյալների երկիր է, որ իրենց պապերը, նախապապերը դժվարին պայմաններում ներգաղթել են մի երկիր, որի մասին ոչ մի պատկերացում չունեին։ Նրանք խոսում էին տարբեր լեզուներով։ Շնորհիվ մի մարդու, ում անունը Պեդրո Վարելա էր, 19-րդ դարում մի բարեփոխում իրականացվեց, ինչի արդյունքում կրթությունը երկրում դարձավ անվճար և պարտադիր։ Այդ ժամանակից ի վեր բոլորը խոսում են իսպաներեն։ 
ՙՄեծ պատիվ ու հարգանք է այստեղ գտնվելը, մենք խաղաղության երկիր ենք և խաղաղության առաքելությամբ ենք գտնվում այստեղ։ Շնորհակալություն, հարգելի՜  եղբայրներ և քույրեր, մեզ հետ հանդիպելու համար։ Մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, եթե մեր կարիքն ունենաք՚,- խոսքն այսպես ավարտեց Խ. Օռիկոն։ 
ԼՂՀ ԱԺ նախագահն իր կողմից շնորհակալություն հայտնեց պարոն Օռիկոյին՝ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Օրը դարձավ հիշարժան ԼՂՀ ԱԺ տարեգրության մեջ։ Նոր գործընթացի սկիզբն ազդարարված է, որն անպայման շարունակություն կունենա։ Ա. Ղուլյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ուրուգվայցի գործընկերներին՝ ժամանելու Արցախ. ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Ուրուգվայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչներին։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.