ԱՄՆ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սկսված քաղաքական տարվա մի շարք նախանշաններ թույլ են տալիս խոսել ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ հնարավոր արմատական փոփոխությունների մասին։ Խոսքն, առաջին հերթին, գնում է Չակ Հեյգելին և Ջոն Քերրիին Պենտագոնի ղեկավարի և պետքարտուղարի կարևոր պաշտոններում նշանակելու՝ ԱՄՆ նախագահի մտադրության մասին։ Բարաք Օբաման մտադիր է գործադիր իշխանություն բերել այն անձանց, ովքեր դեմ են արտահայտվում Ամերիկայի չափից դուրս ռազմականացմանը և հանդիսանում են արտաքին քաղաքական հիմնախնդիրները գերազանցապես դիվանագիտական մեթոդներով լուծելու կողմնակիցներ։
Սույն հոդվածի շրջանակներում դիտարկենք ԱՄՆ պաշտպանության հնարավոր նոր նախարարի թեկնածությունը, որի առաջքաշումը տեղի է ունենում՝ չնայած ամերիկյան իստեբլիշմենտի իսրայելամետ թևի բողոքներին։ Թեպետ հիմնական պայքարը դեռևս առջևում է, այսօր արդեն կարելի է ասել, որ թեև նշանակման դիմադրությունն ընկճված չէ, սակայն զգալի չափով սասանված է։
ՙNational Jօurnal՚ հանդեսի հարցումների համաձայն, ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում ծառայություն անցնող կամ աշխատող անձանց շրջանում հարցման ենթարկվածների 82%-ը պաշտպանում է Նեբրասկա նահանգի նախկին հանրապետական սենատոր և վիետնամական պատերազմի վետերան Չակ Հեյգելին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը։
Հեյգելի դեմ են հանդես գալիս երկու կուսակցություններից էլ ներկայացուցիչներ, և դա մեծապես կապված է իսրայելական լոբբի հետ նրա բախմանն։ Հեյգելը հրաժարվել է որպես Իսրայելին սատարող քաղաքական գործիչ մտցված լինել ՙՀասարակական կապերի գծով ամերիկա-իսրայելական կոմիտեի՚ (AIPAC)՝ ամերիկյան հասարակական այն կազմակերպության հաշվետվության մեջ, որի նպատակն է հանդիսանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում իսրայելամետ ուղղություն վարելու վրա ներգործելը։ 2006 թվականին դիվանագիտության և հրեական լոբբիի վետերան Ահարոն Միլլերի հետ հարցազրույցում Հեյգելը, խոսելով հրեական լոբբիի մասին, ասել է հետևյալը. ՙԵս միշտ հանդես եմ եկել որոշ բաների դեմ, որոնք նրանք են անում, որովհետև ես չեմ կարծում, որ դա արվում է ի շահ Իսրայելի՚։ ՙԵս իսրայելական սենատոր չեմ։ Ես Միացյալ Նահանգների սենատոր եմ,- արդեն 2008 թվականին իր ՙՉափից դուրս ավետյաց երկիրը՚ գրքի առթիվ ասել է նա։ -Ես սատարում եմ Իսրայելին, բայց իմ առաջին շահը ԱՄՆ-ն է, ես երդում եմ տվել Միացյալ Նահանգների Սահմանադրությանը, այլ ոչ նախագահին, ոչ կուսակցությանը և ոչ էլ Իսրայելին՚։ 2009 թվականին Հեյգելը ստորագրել է մի հանրագիր, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում նպաստել ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից կազմված ազգային միասնության պաղեստինյան կառավարության ստեղծմանը։
Սակայն Իսրայելի համար ամենից ավելի անընդունելի է այն, որ Հեյգելը հանդես է գալիս Իրանի հանդեպ մարտական գործողությունների դեմ և մտադիր է արգելակել տվյալ ուղղությամբ Իսրայելի ջանքերը։ Եթե ասվածին ավելացնենք, որ նա դեմ է սիրիական ճգնաժամին ռազմական միջամտությանը և Մերձավոր Արևելքում քաոսի շարունակվելուն, առաջարկել է կանգնեցնել ՀՀՊ համակարգի ծավալումը, Վրաստանը և Ուկրաինան չընդունել ՆԱՏՕ-ի մեջ և կենտրոնանալ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման վրա, ապա ակնհայտ է դառնում այն հարցը, թե ինչու են տվյալ թեկնածության դեմ հանդես գալիս երկու կուսակցությունների ՙճուռակները՚։
Այնուամենայնիվ, Չակ Հեյգելը կարող է դառնալ Պենտագոնի ոչ սովորական ղեկավար։ Ի տարբերություն իր նախորդների, նա, մնացած ամեն ինչից բացի, վերլուծաբան է և տեսաբան, ով սովոր է կշռադատել իր վճիռները։ Իհարկե, մնում է ՙտեսաբանների՚ և ՙպրակտիկների՚ հիմնախնդիրը, և Պենտագոնի ղեկավարը պարտավոր է գործնական վճիռներ ընդունել, ըստ որում հաճախ դա անել ցայտնոտի պայմաններում, երբ հիմնախնդիրների տեսական իմաստավորման համար շատ քիչ ժամանակ է մնում։
Սակայն այն փաստաթղթերի վերլուծությունը, որոնց հեղինակը կամ համահեղինակն է հանդիսանում Չակ Հեյգելը, թույլ է տալիս պնդել, որ նա արդեն բավականին խորն է կշռադատել ամերիկյան արտաքին քաղաքականությանը և ռազմական ոլորտին վերաբերող հարցերը։ Կարելի է վստահորեն ասել, որ նա ունի ձևավորված հայեցակարգ, թե ինչպես է անհրաժեշտ լուծել ԱՄՆ-ի առջև կանգնած արտաքինքաղաքական և ռազմական բարդ հարցերը։ Որպես օրինակ կարելի է վկայակոչել Իրանի և Աֆղանստանի նկատմամբ Բուշի վարած քաղաքականության վերաբերյալ բանավեճերը Սենատում։ Չակ Հեյգելը եղել է Սենատի այն երկու հանձնաժողովներից մեկի անդամ, որոնք մշակել են ռուսաստանա-ամերիկյան հարաբերությունների ՙվերաբեռնավորման՚ քաղաքականության հիմքերը։ Կարելի է Ցանցում գտնել Հեյգելի արտահայտությունները զանազան արտաքինքաղաքական թեմաներով։ Օրինակ, կարծիքը դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ԱՄՆ-ի վերակողմնորոշման մասին։ Լինելով Ատլանտյան դաշինքի համանախագահ, նա արտահայտվել է միջատլանտյան փոխգործակցության, Պակիստանում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Իրանում տիրող իրադրության հարցերի վերաբերյալ, ինչը նրա համար կարևոր թեմաներից մեկն է դարձել։
Ցանցում մատչելի հիմնական տեքստերից մեկը հանդիսանում է Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ թվագրված 2004թ. դեկտեմբերի 27¬ին և մշակված որպես Ջորջ Բուշի արտաքինքաղաքական վարդապետության (դոկտրինի) այլընտրանք։ Նրանում Չակ Հեյգելը գրում է. ՙՄիացյալ Նահանգներին անհրաժեշտ է հենվել այն ուժերի վրա, որոնք իրենց հետ բերում են վերափոխություններ, այդ թվում և մեր մոլորակի բնակիչների նոր, անհանգիստ և անկանխատեսելի, հասունացման ժամանակաշրջան մուտք գործող սերնդի վրա։ Միացյալ Նահանգների նկատմամբ վստահությունը, նրանց առաջատար դերի ճանաչումը հանդիսանում են կենսականորեն անհրաժեշտ գործոն նոր սերնդի հետ օրգանական գլոբալ կապի ձևավորման գործում՚։ Վարդապետության հեղինակը գտնում է, որ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիքները բխելու են նրա մրցակից համաշխարհային տերություններից, այլ ոչ թե թույլ և փլուզվող պետություններից։ Համաշխարհային հիմնախնդիրները չի կարելի լուծել բացառապես ռազմական միջոցներով, սակայն ուժը պետք է մնա որպես ԱՄՆ-ի ազատության և անվտանգության պաշտպանության առաջին և վերջին գիծը։
Հաջողության հասնելու համար արտաքին քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն ուժեղ, այլև կայուն, ինչն անհնարին է առանց երկրի ներսում համաձայնության, որը ձեռք է բերվում ընդհանուր նպատակներին նվիրվածության հիման վրա։ Այդպիսի համաձայնության բացակայությունը տանում է դեպի անհաջողություններ արտաքին քաղաքական ասպարեզում։ Եվ դրանում է կայանում վիետնամական պատերազմի դասերից մեկը, որի մասնակիցն է եղել Հեյգելը. ՙ...Հանրապետական կուսակցության 21-րդ դարի արտաքինքաղաքական ծրագիրը կպահանջի ավելին, քան ավանդական Realpolitik-ը և ուժերի հավասարակշռության քաղաքականություն վարելը։ Մեր քաղաքական ուղղույթի հաջողությունը կախված է լինելու ոչ միայն մեր հզորության աստիճանից, այլև նրա սահմանների գիտակցումից՚։ Վերն ասվածը ցույց է տալիս, որ Հեյգելը մի քաղաքական գործիչ է, որն իր տեսակետն ունի համաշխարհային հիմնախնդիրների և դրանց հաղթահարման նկատմամբ, որի դեպքում ԱՄՆ-ի ռազմական ու արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ ուրիշ։
Հեյգելի նշանակումը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ հայ ժողովրդի և հայկական պետականության համար՝ 1915 թվականի Մեծ եղեռնի վերաբերյալ նրա կողմից պարզորոշ կերպով և բազմիցս արտահայտված կարծիքի հաշվառումով։ Չակ Հեյգելը հանդես է գալիս տվյալ հարցն ամերիկյան քաղաքականության օրակարգ մտցնելու դեմ՝ այն գնահատելով որպես պատմական հիմնախնդիր։ 2005 թվականի հունիսին հանդես գալով Երևանում կայացած մամլո ասուլիսում, նա փաստորեն կրկնել է Թուրքիայի տեսակետը. ՙԱյն, ինչ պատահել է 1915 թվականին, պատահել է 1915-ին։ Որպես ԱՄՆ-ի սենատոր՝ ես կարծում եմ, որ լավագույն ուղին է հանդիսանում հարցը թողնել պատմաբաններին և այլոց, որոնք պետք է որոշեն, թե ինչ է պատահել և ինչու՚։ Չակ Հեյգելը բազմիցս իր հիացմունքն է արտահայտել Աթաթյուրքի վերաբերյալ։ ՙՀուրրիեթ՚ թերթը մի հատված է մեջբերում 2008 թվականի նրա ճառից. ՙԱթաթյուրքը 21-րդ դարի առավել նշանակալի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ-ում երեխաները ոչինչ չգիտեն այդ մեծ առաջնորդի մասին։ Նրանք պետք է նրան ուսումնասիրեն դպրոցներում, նրա մասին պետք է գրված լինի դպրոցական դասագրքերում։ Աթաթյուրքն առաջատար դեր է խաղացել այսօրվա աշխարհի ձևավորման գործում՚։ Թեև ավելի ուշ Չակ Հեյգելը ներողություն է խնդրել Մեծ եղեռնի հարցում ՙանտարբերության և անուշադրության՚ համար, նրա նշանակումն, անշուշտ, կպահանջի նրա նկատմամբ ուշադիր վերաբերմունք հայկական պետականության կողմից։ ԱՄՆ-ի հայկական համայնքն այս օրերին ծավալում է մի գործունեություն, որը կոչված է Սենատում շրջափակել Չակ Հեյգելի նշանակումը։
Ամեն դեպքում ԱՄՆ-ի քաղաքականությունն արմատապես փոխվելու մասին հետևությունն արդարացի կլինի, եթե Օբամայի նոր թիմն իր մեջ ներառնի մեծամասամբ Հեյգելին համանման հայացքներ ունեցող քաղաքական գործիչների։ ԱՄՆ-ի ապագա արտաքինքաղաքական ուղղույթի համար պայքարը նոր-նոր է սկսել բորբոքվել։ Բավական է վերհիշել, որ Ջոն Քերրիի տեղին հավակնել է Մադլեն Օլբրայթի հովանավորյալ Սյուզան Ռայսը, ում օրոք ամերիկյան քաղաքականությունն, անշուշտ, կմնա ագրեսիվ և կոշտ։ Բարաք Օբամայի կողմից հավաքվող նոր թիմը կազմվում է ոչ թե ըստ կուսակցական պատկանելության, այլ ուրիշ հատկանիշների, որոնց շարքում ոչ նվազ դեր են խաղում հոգեբանական համատեղելիության հարցերը։ Խոսել այն մասին, թե այսօր Օբաման ունի հստակ արտաքինքաղաքական ծրագիր, հարկ չկա։ Տվյալ փուլում նա իր առաջքաշածներին իր դեմ տրամադրված Սենատով անցկացնելու խնդիրն է լուծում, ինչից հետո կարելի կլինի խոսել արտաքինքաղաքական գծի կերտման մասին, որը համապատասխան փոփոխություններ կպահանջի նաև երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մեջ։
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ