[ARM]     [RUS]     [ENG]

... ՇԱՐԺՈՒՄ-88-Ը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՊՍԱԿՎԵԼ

stepa.jpgՀարցազրույց Արցախի պետական համալսարանի ռեկտոր, պատմաբան, 
պրոֆեսոր Ստեփան ԴԱԴԱՅԱՆԻ հետ
-Պարոն Դադայան, ե՞րբ է Ձեզ համար սկսվել Շարժում-88-ը:
- Կարծում եմ՝ ոչ միայն ինձ, այլ ընդհանրապես մեր հասարակության համար, Շարժումն սկսվել է այն ժամանակ, երբ Արցախը բռնի կերպով հանձնվել է Ադրբեջանին:
 Կոնկրետ ինձ համար Շարժումն սկսվել է 1974թ., երբ աշխատանքի անցա Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Լինելով պատմաբան` ես ամեն մի, անգամ փոքր, հնարավորության դեպքում ուսանողներին հասցնում էի ղարաբաղյան հարցի ակունքները և պնդում, որ վաղ թե ուշ՝ այդ խնդիրը կլուծվի, որովհետև ստի և կեղծիքի վրա կառուցված քաղաքականությունը պարտության է մատնված: 
Մյուս կողմից, մենք` հայ դասախոսներս, 70-80-ական թթ. ուսանողներին անհնազանդության չէինք հրահրում խորհրդային իշխանությունների դեմ` քաջ  գիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ: 
Իրավիճակը կտրուկ փոխվեց վերակառուցման տարիներին: Ուսանողներն ստեղծեցին ընդհատակյա կազմակերպություն, ակտիվորեն մասնակցում էին ստորագրահավաքներին, Մարտակերտի շրջանում հիմնեցին Քաջավանը…
Դասախոս Արարատ Ներսիսյանի հետ միասին պաստառներ էինք գրում ծրագրվող առաջին ցույցի համար: Բոլորը գիտեն, որ 88-ի փետրվարի 13-ին  կենտրոնական  հրապարակում առաջինը տրիբունա բարձրացավ ինստիտուտի դասախոս Գրիգորի Աֆանասյանը...
- Հայտնի է, որ Արցախի պետական համալսարանը` այն ժամանակ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, եղել է Շարժման գաղափարաքաղաքական կենտրոնը: Պատմեք, խնդրեմ, այդ մասին...
- Կան կարծիքներ, իբր նախկին մանկավարժական ինստիտուտի հայ դասախոսներն ու ուսանողները, մեղմ ասած, ՙխղճուկ, ոչ ձեռներեց մի բազմություն են՚: Միանշանակ, դա անհիմն է: Նման կարծիք ունեցող մարդիկ իրավունք չունեն մտավորական կոչվելու: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտն ստեղծվել է թուրք-ազգայնամոլների դեմ արցախահայության մղած երկար ու  անհավասար պայքարում: Մեր մանկավարժականը տառապանքն է Ղարաբաղյան շարժման: Անցյալ դարի 70-80-ականներին և՜ հայ դասախոսները, և՜ հայ ուսանողները միշտ եղել են իշխողի դերում:  Հիշեցնեմ, որ ԼՂԻՄ-ը մինչև 1969 թվականը ԽՍՀՄ-ում միակ ինքնավար մարզն էր, որը չուներ բարձրագույն ուսումնական հաստատություն, այն դեպքում, երբ բուհ ունեին բոլոր ազգային միավորումները:
Նախկին մանկավարժական ինստիտուտը, որի իրավահաջորդն է Արցախի պետական համալսարանը, դարձավ Շարժման գաղափարաքաղաքական կենտրոնը: Այդ տարիներին ինստիտուտում էին աշխատում Ժան Անդրյանը, Շահեն Մարտիրոսյանը, Արմո Ներսիսյանը, Յուրի Մարտիրոսյանը, Համլետ Մովսիսյանը, Շահեն Աբրահամյանը, Արզիկ Մխիթարյանը, Սոկրատ Խանյանը, Համլետ Գրիգորյանը, Սերգեյ Բաղդասարյանը… Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էին նշյալ  ընկերները հանդուրժող լինել... 
Բերեմ մեկ-երկու փաստ 1985թ.։ Դասախոս Համլետ Մովսիսյանն ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը: Կուսակցական ժողովում նրան հարց են տալիս` ինչի՞ համար եք ուզում ընդունվել կուսակցության շարքերը: Պտասխանում է. որպեսզի իմ պայքարը պրոռեկտոր Նաջաֆ Կուլիևի դեմ լինի ավելի հստակ և արդյունավետ: 
Պատմության դասախոս Սերգեյ Սայինյանը ծրագրով նախատեսված ՙԱդրբեջանի պատմություն՚ առարկայի փոխարեն ՙՀայ ժողովրդի պատմություն՚ էր դասավանդում... Եվ բոլորը գիտեին դրա մասին ու ոչ մի բան չէին կարողանում անել։ Կամ՝ Ղարաբաղի մասին Վարդգես Սաֆարյանի հոդվածն  ուղարկել են Բաքու՝ գիտությունների ակադեմիայում քննարկելու։ Ակադեմիայի տնօրեն Իգրակ Ալիևը նամակ է հղում մեր ինստիտուտի ղեկավարությանը, որտեղ նշում է, թե Վարդգես Սաֆարյանը քաղաքական վտանգավոր անձնավորություն է և նրան չպետք է թույլ տալ մտնել լսարան։ Այդ ժամանակ մենք էլ մեր հերթին պահանջեցինք հարցը քննարկել նաև մեզ մոտ։ Ազերիները կրկին վայնասուն բարձրացրին, բայց մենք՝ հայ դասախոսներս, կարողացանք նրանց հակահարված հասցնել և լռեցնել... 
Ընդհանրապես բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունեցել ազգային-ազատագրական շարժումներ, նրանց համալսարանները միշտ էլ դարձել են գաղափարական կենտրոն: Հենց այդ պատճառվ է, որ նույն` 1988թ. հոկտեմբերին$ Մոսկվան Ադրբեջանի ցուցումով փակեց ինստիտուտը` հաշվի առնելով, որ դրանից հետո Շարժումը կմարի:
- Հետաքրքիր է` սկզբնական շրջանում ինչպե՞ս ընդունվեց արցախյան զարթոնքի մասին լուրը Ստեփանակերտի մանկավարժականում աշխատող ազերիների  կողմից:
- Ադրբեջանցի թե՜ դասախոսների և թե՜ ուսանողների շրջանում, բացի մեկ-երկու հոգուց, անտարբերություն էր տիրում: Առաջին շաբաթվա ընթացքում ոչ մի ակտիվություն չկար: Կային ադրբեջանցի դասախոսներ, որոնք անգամ Ստեփանակերտի Լենինի հրապարակում կանգնած` լսում էին ելույթները: Հիշում եմ` մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Բալախան Կուլիևը հայտարարեց, որ ինքը եղել է միտինգում, և ելույթ ունեցողները ոչ մի հակաադրբեջանական բառ չեն ասել: Ադրբեջանցի դասախոսներից ոմանք էլ ոչ թե բողոք էին հայտնում, այլ, ընդհակառակը, նույնիսկ ճշմարիտ արտահայտություններ էին անում: Պատմության ամբիոնում աշխատող Շախլար Քերիմովն այդ օրերին ասում էր. ՙՈ՜վ չգիտի, որ Աղդամից մինչև Եվլախ եթե պեղենք, կհայտնաբերենք հայկական տառ և խաչ՚, ՙԵրբ մենք գալիս ենք Ստեփանակերտ  աշխատելու, ասում էինք` գնում ենք Հայաստան՚, ՙԻնչ կա որ, 70 տարի Ադրբեջանի կազմում էր Ղարաբաղը, հիմա էլ թող լինի Հայաստանի կազմում՚…
Բայց դա երկար չտևեց: Ասկերանի վրա Աղդամի խաժամուժի հարձակման օրը` փետրվարի 22-ին, ինստիտուտում ադրբեջանցի չկար: Նրանք հայտնվեցին Սումգայիթի դեպքերից մեկ շաբաթ անց` արդեն լկտիացած. ՙՀիմա հանգստացա՞ք, ձեր միացումը մահացումով ավարտվեց՚… Այս և նման արտահայտություններ էին հնչում ազերիների կողմից։
- Արտակարգ ի՞նչ կարող եք հիշել Շարժման տարիներից:
- Հիշում եմ մի դեպք, որն ինձ համար անհավատալի երևույթ էր և հայտնություն: Ինչպես գիտեք, Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության գումարտակը 1989թ. տեղավորվել էր մանկավարժական ինստիտուտի շենքում: Այդ ժամանակ ուսանողներն արդեն վերադարձել էին Վանաձորից  (Սպիտակի երկրաշարժից հետո): Ասեմ, որ մենք այդ փաստը` զորքերի տեղավորումը ինստիտուտի շենքում, բացատրում էինք Շարժման մեջ հենց ուսանողների և դասախոսների ակտիվ դերի առկայությամբ: Զինվորները, բացի հերթափոխային գործողությունից, զբաղված էին նաև սեփական միջավայրի ՙվերակառուցմամբ՚. ինչ որ ընկնում էր իրենց ձեռքը, քանդում էին, կոտրում… Այս անգամ վերցրել էին մի ցուցադրափեղկ, որի վրա տեղադրված էր Լենինի դիմանկարը, և սղոցով այդ ցուցափեղկը, Լենինի նկարի հետ միասին, բաժանել երկու մասի: Իմ  հարցին՝ այդ ի՞նչ եք անում, մենք ձեզ դատի կտանք, կողքին կանգնած սպան պատասխանեց. ՙՄի՜ վրդովվեք, Լենինի դարն արդեն ավարտված է: Ձեր Շարժումը հենց դրա վկայությունն է՚: Հետո եկավ գեներալ Ստարիկովը և հանգիստ ասաց. ՙծպ ՉՏսվցռՑպրՖ, վՈրՑցտՈþՑ  վՏՉօպ տՏսՌՑՌփպրՍՌպ ՉՐպՎպվՈ Ռ, ՉՏջՎՏՋվՏ, Վօ ՏՑՍՈՋպՎրÿ ՏՑ խպվՌվՈ Ռ պչՏ ցփպվՌÿ՚: Հիրավի, այդպես էլ եղավ:
- Պարոն Դադայան, երբ Արցախում ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե Արկադի Վոլսկու ղեկավարությամբ, Դուք աշխատում էիք որպես նրա գաղափարախոսական բաժնի վարիչ։ Ընդհանրապես, ինչպիսի՞ն էր Վոլսկու տրամադրվածությունը, վերաբերմունքը ղարաբաղյան հարցի նկատմամբ։ 
- Հետաքրքիր հարց է։ Արկադի Վոլսկին, բնականաբար, ներկայացնում էր ԽՄԿԿ Կենտկոմը։ Նա եկավ 1988թ. մայիսին՝ կոմկուսի հանձնարարականները կատարելու։ Բայց շուտով համոզվեց, որ միայն սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ իրականությունը չես փոխի, քանզի ցավը խորն էր և պահանջՆ արդարացի։ Համոզվելով դրանում՝ նա սկսեց ձեռնարկել հայանպաստ քայլեր, ինչը ձեռնտու չէր թե՜ Բաքվին և թե՜ Մոսկվային։ Եվ մեկ տարի անց դադարեցվեց Հատուկ կառավարման կոմիտեի գործունեությունը։ Ասեմ, որ Վոլսկու ժամանակ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Մենք ուղիղ կապեր ունեինք Հայաստանի և Մոսկվայի հետ։ Ինչ վերաբերում է գաղափարախոսական հարցերին՝ Լեռնային Ղարաբաղը դրանք լուծում էր Հայստանի կոմկուսի ծրագրերին համահունչ։ Վոլսկու հետ աշխատելու ժամանակ տարբեր հարցերով մի քանի անգամ դիմել եմ նրան, և նա իսկույն ընդառաջել է։ Առաջին հարցը, որ բարձրացրել եմ, մարզում Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիային կից հայագիտական կենտրոն և ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի մասնաճյուղ ստեղծելու մասին էր։ Նա անմիջապես ստորագրեց իմ կողմից ներկայացված գրությունը՝ ուղղված ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին։ Կարճ ժամկետում Ստեփանակերտում բացվեց հայագիտական կենտրոնը՝ 10 հաստիքով, որն ամբողջությամբ ֆինանսավորվում էր Հայաստանից։ Ինչ վերաբերում է ֆունդամենտալ գրադարանին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանակերտում տվյալ պահին չկար համապատասխան շենք, իսկ իրավիճակն էլ 1989-ի աշնանը սրվեց, խնդիրը մնաց չլուծված... Մեկ այլ հարցի կապակցությամբ, որը Արցախի մշակույթի վերաբերյալ գիտական  կոնֆերանս հրավիրելու մասին էր, Վոլսկին դարձյալ տվեց իր համաձայնությունը։ Ես մեկնեցի Երևան և ԳԱ ինստիտուտների հետ մշակեցինք համապատասխան ծրագիր, ճշտեցինք կոնֆերանսի անցկացման ժամկետները (դա պետք է տեղի ունենար 1989թ. նոյեմբերին, մինչ այսօր այդ ծրագիրը պահվում է), բայց այն չկայացավ՝ կրկին իրավիճակը սրվելու պատճառով։ Պետք է նշեմ, որ Հայաստանի մեր գործընկերները դա չմոռացան$ և նման կոնֆերանս Արցախում տեղի ունեցավ 2012թ. հունիսին՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։      
-.Տարիներ առաջ, երբ պայքարի դրոշ էինք բարձրացնում, ինչպե՞ս էիք պատկերացնում Արցախի, նաև` Մայր Հայաստանի ապագան:
- Անկասկած, բոլորս կարծում էինք, որ Մոսկվան չի կարող ձգձգել հարցի լուծումը, և ինչ-որ տեղ ըմբոստանում էինք, որ այն հետաձգվում է: Այդ ժամանակ կար միայն  մեկ կարգախոս` ՙՄիացում՚: 1988-ից մարզի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները չէին ենթարկվում Ադրբեջանին, իսկ 1989-ին պայմանագրեր էին կնքվել Խորհրդային Հայաստանի համապատասխան հիմնարկ-ձեռնարկությունների հետ: 1991-ի ամռան վերջին պարզվեց, որ Խորհրդային Միությունը հոգեվարքի մեջ է և գնում է դեպի իր վախճանը: Արցախահայությունը որոշեց, որ պայքարը շարունակելու համար մարզի կարգավիճակը բավարար ելակետ չէ, պետք է հռչակել անկախություն և ստեղծել հանրապետություն (1991թ. սեպտեմբերի 2): Մենք հասկացանք, որ արցախահայության փրկությունը Խորհրդային Միության քաղաքական ասպարեզից հեռանալու մեջ է:
Անկասկած, Շարժում-88-ի ամենագլխավոր ձեռքբերումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն է, հայոց պատմական տարածքների ազատագրումն ու վերաբնակեցումը:
Այսօր հայ ժողովուրդն ունի երկու հանրապետություն` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Ցանկացած ժողովուրդ իր ազգային խնդիրները կարող է լուծել միայն ու միայն պետականություն ունենալով: Մենք հստակ կարող ենք հայտարարել, որ Շարժում-88-ը հաղթանակով է պսակվել, և մեր երկու հանրապետություններն ունեն պայծառ ապագա:
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ