[ARM]     [RUS]     [ENG]

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

altԱյստեղ ես պարզապես պարտավոր եմ մի անհրաժեշտ շեղում կատարել։ Վերակառուցման թեժ պահին հաճախ էր վիճակվում կարդալ և լսել, թե ինչպես են ոմանք, ժամանակի բարձրությունից հեգնում Չարենցին և Իսահակյանին, Շիրազին ու Կապուտիկյանին և շատ ուրիշների, թե՝ տեսեք-տեսեք, չափազանց մեծարական նամակներ կամ բանաստեղծություններ էին գրում՝ նվիրված Ստալինին կամ այլ առաջնորդների։ Մինչդեռ այդ դեպքերում նույնպես պոետները մտածում էին ավելի շուտ հայրենիքի, և ոչ թե իրենց մասին։ 
Ավագ սերունդը լավ գիտեր, որ ոչ միայն իրենցից յուրաքանչյուրի, այլև յուրաքանչյուր հանրապետության բախտն էր կախված մազից, և, հետևաբար՝ յուրաքանչյուր ժողովրդի։ Օրինակ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված նոր (Ստալինյան) սահմանադրության մեջ միանգամից բարձրացվեց մի քանի ինքնավար կազմավորումների կարգավիճակը։ Ինքնավար մարզերը վերածվեցին ինքնավար հանրապետությունների, իսկ ինքնավար հանրապետությունները՝ միութենականների։ Եվ դա արվեց մեկ մարդու՝ Ստալինի գրչի մեկ հարվածով։ Այսինքն, թանաքի կաթիլից կախված էին ժողովուրդների ճակատագրեր։ Բավական էր, ասենք, հայերը հոսանքին դեմ գնային, որպեսզի գրչի մեկ հարվածով Հայկական ԽՍՀ-ն վերածեին Հայկական ԻԽՍՀ-ի։ Մոսկվայի Պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը այդ առիթով գրել է. ՙՍտալինը լավ էր հասկանում, որ Անդրկովկասի իր գծած քարտեզը Հայաստանը խոցելի է դարձնում ՌՍՖՍՀ-ի հետ սահմանի բացակայության պատճառով, ինչը նրա ձեռքը փաստարկ էր տալիս հայերին շանտաժելու և նրանց դեմ սադրանքներ կազմակերպելու համար՚։  Այնպես որ՝ մեր հանճարների ու պայծառ գլուխների վերամբարձ խոսքը ավելի շուտ  ոչ այնքան վարվեցողության տուրք էր, որքան պարտադրված դիվանագիտություն։ Ճիշտ է, երբ Սերո Խանզադյանի տանն աշխատում էինք նամակի վրա, ժամանակներն այլ էին։ Հետևաբար, վերաբերմունքի և դիմելաձևի ոճն էլ ուրիշ էր։ Եվ այդ մասին լավ գիտեր Սերո Խանզադյանը (և ոչ միայն նա. Սիլվա Կապուտիկյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Լեոնիդ Հուրունցը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջոն Կիրակոսյանը և շատ ուրիշներ), որն առաջարկեց ինձ. ՙԵկ տրորենք այդ դեմագոգների քիթը։ Բայց դրա համար դու պետք է գտնես համապատասխան մեջբերում հենց հասցեատիրոջից՝ Բրեժնևից՚։ Մեզ պետք էր համարժեք պատասխան տալ Կևորկովի փարիսեցիական նախադասությանը, թե միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող վատ ապրեմ, բայց լինեմ Հայաստանի հետ։
Եվ ահա թե ինչ տեսք ուներ հատվածն այն տեքստից, որի տակ իր ստորագրությունը դրեց հայ գրող-ռազմաճակատային, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության գրողների միության սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը. ՙԻսկ չէ՞ որ այդ նախադասությունը կապ ունի ոչ թե պարզապես Հայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի հետ։ Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքը, ասացիք. ՙԽորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները և անկուսակցականները, բանվորները, գյուղացիները և մտավորականությունը հիանալիորեն զուգակցում են հայրենասիրության ոգին մեկ այլ, խորհրդային մարդու համար ոչ պակաս կարևոր հատկության՝ ինտերնացիոնալիզմի հետ՚։ Այդ մեջբերումը ոչ միայն զինաթափեց սադրիչին, այլև թույլ տվեց ողջ աշխարհով մեկ հայտարարել ամենագլխավորի մասին. ՙԼեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը երբեք իր կամքով չի ընտրել իր ներկայիս ՙբախտը՚, որով նա փաստորեն զատված է հայրենիքից։ Եվ նման ՙբախտն՚, իհարկե, ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի՚։
Սերո Խանզադյանի նամակը՝ վերլուծական մեկնաբանությամբ, առաջինը տպագրեց Բեյրութի ռամկավարների ՙԶարթոնք՚ թերթը։ 1977 թվականի սեպտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում նամակը տպագրվեց նաև այնտեղի դաշնակցական ՙԱզդակ՚, հնչակյան ՙԱրարատ՚ սոցիալիստների ՙԿանչ՚  թերթերում։ Եվ ապա շղթայական ռեակցիայով ՙԱրցախի գտնվելու իսկական տեղի մասին հարցը՚ բարձրացվեց բոլոր հինգ աշխարհամասերում, որտեղ կային հայկական գաղութներ։ 
Իսկ ՙԱմերիկայի ձայնի՚ հայկական բաժինը կես տարի շարունակ, համարյա թե ամեն օր հատուկ հաղորդումներ էր պատրաստում՝ մեկնաբանություններով և արձագանքներով։ Արտասահմանյան երկրներից նամակներ էին գալիս ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ արտգործնախարարություն։ Խնդրով զբաղվում էին ՊԱԿ-ում։ Մոսկվան հանգիստ չէր տալիս Կարեն Դեմիրճյանին և գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին։ Պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ իրենց արժանավայել էին պահում։ Նամակի հանդեպ Դեմիրճյանի արձագանքի մասին մանրամասն պատմել եմ իմ ՙԴրախտ և դժոխք՚ գրքում։
Մեր այդ քայլը մեկ ավելորդ անգամ հաստատեց, որ նամակագրական ժանրը մարտական, ռազմավարական զենք է։ Ծանր քարի տակով ջուր չի հոսում։ Բաքվում երկար ժամանակով սսկվեցին։ Նման յուրաքանչյուր ալիք հրում էր դեպի Ղարաբաղյան շարժման սկիզբ։ Յոթանասունականների վերջին, ութսունականների սկզբին Երևանում, գործնականում բոլոր հերթական կուսակցական ժողովներում կոմունիստները (այո, այո՜, հենց կոմունիստները) բարձրացնում էին Ղարաբաղի և Նախիջևանի հարցը։ Այդ ժամանակ արդեն տարբեր հիմնարկներում հայտնվել էին քսերոքսները, ինչը հնարավորություն էր տալիս հազարավոր օրինակներով թռուցիկներ տարածել։
Թռուցիկները մեծ մասամբ ռուսերեն էին։ Դրանք թարգմանվում էին հայերեն միան նրա համար, որ ուղարկվեն սփյուռք։ Հեղինակները գրողներ էին, գիտնականներ, տնտեսագետներ, պատերազմի վետերաններ, սոցիոլոգներ, ի դեպ, ոչ միայն Հայաստանից, այլև Մոսկվայից, Լենինգրադից, Ռյազանից, Դոնի Ռոստովից և բազմաթիվ այլ քաղաքներից։ Նյութերը ոչ միայն տեղեկատվական, այլև լուսավորչական բեռ էին կրում։
…Ամենատարածված բառը Վերակառուցման շրջանում, բացի ՙհրապարակայնություն՚, ՙժողովրդավարություն՚, ՙարագացում՚ բառերից, ՙբնապահպանությունն՚ էր։ Ճիշտ է, ԽՄԿԿ Կենտկոմի ապրիլյան պլենումից դեռ շատ առաջ, որը 1985 թվականի ապրիլի 23-ին հռչակեց վերակառուցման սկիզբը, ԽՍՀՄ-ում բուռն կերպով քննարկում էին բնապահպանական խնդիրներ։ Բայց այստեղ հայտնվեց  շրջակա միջավայրի պահպանման համար պայքարի մեկ այլ տարր՝ ցույցերը։ Խորհրդային Միությունում առաջին ցույցերը տեղի ունեցան Հայաստանում։ Դրանք սկզբում անցկացվում էին կուսակցական հավաքներում դեռևս 1986 թվականին, իսկ մեկ տարի անց, 1987-ի աշնանը ինչ-որ մեկը Երևանի Թատերական հրապարակի մեջ  տեսնելու էր լոնդոնյան Հայդ Պարկի իմաստը, որտեղ կարելի էր  հավաքվել և ասել այն ամենը, ինչ կուտակվել էր սրտումդ։ Այնտեղ առաջին անգամ հնչեց լուրն այն մասին, թե ինչպես են վանդալները Չարդախլուում ավերել ու թալանել Խորհրդային Միության մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի թանգարանները։ Մեր ժողովրդի սրտում կուտակվել էին ոչ միայն Սևանի ու Երևանի խնդիրները, որոնց մասին հատուկ հենց այդ ժամանակ շատ էին գրում տեղական ու կենտրոնական մամուլում, այլև Նախիջևանի և Ղարաբաղի խնդիրները։ Այստեղ արդեն անգնահատելի դեր կատարեց Իգոր Մուրադյանը, մանրազնին նախապատրաստվելով յուրաքանչյուր բնապահպանական ցույցի, որն ավարտվում էր երթով՝ ցուցապաստառներով, կարգախոսներով և Գորբաչովի դիմանկարներով։
…Հենց այդ ժամանակ էր, որ Արցախի և Նախիջևանի տարածքում բազմաթիվ ակտիվիստներ սկսեցին ստորագրահավաքը։ Յուրաքանչյուր մեքենագիր էջի վերևում գրված էր. ՙՀանուն Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի միացման Հայաստանին՚, և ապա հաջորդում էին անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը և ստորագրությունը։ Ավելի քան ութսուն հազար մարդ Արցախում և Նախիջևանում մասնակցեց խորհրդային իրականության համար այդ եզակի հանրաքվեին, որը համարվում է ժողովրդական քվեարկության անվիճելի ձև։ Քաղաքական թռուցիկների  ամենաբեղուն հեղինակներից մեկը՝ Սուրեն Այվազյանը, այդ բոլոր ստորագրություններն ամբողջացրեց ամուր կազմ ունեցող տասը ահռելի հատորներում։ Մոսկվա ուղարկվելուց առաջ դրանք ցուցադրվեցին Հայաստանի գրողների միության կուսակցական ժողովում։
Գուցե Ղարաբաղյան շարժումն սկսվեց Խանզադյանի նամակի՞ց։ Իսկ գուցե բնապահպանական և մուրադյանական ցույցերի՞ց։ Իսկ գուցե մի ողջ ժողովրդի ստորագրահավաքի բուն գործընթացի՞ց։ Գուցե։ Սակայն, իմ խորին համոզմամբ, Շարժումը եղել է միշտ, սկսած, թերևս, տասնյոթ թվականից։ Հնարավոր է ՝ տասնութից, երբ Դաշնակցական հանրապետության (սա պատմական անվանումն է) առաջնորդները սկսեցին Գորիս-Լաչին-Շուշի ճանապարհի շինարարությունը։ Դա նման էր հզոր գետի շարժման, որը յուրաքանչյուր վերստի հետ ավելի ու ավելի հորդահոս և կենսարար էր դառնում։ 
Ինձ թվում է, պետք է խոսել ոչ թե այդ գետի ակունքի, այլ վտակների մասին։ Մի՞թե վտակ չդարձավ իսկապես քաջարի մարդու՝ Հայաստանի ԿԿ(բ) Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Արուտինովի՝ Ստալինին ուղղված նամակը 1945 թվականի նոյեմբերին, երբ բոլոր ժամանակների ու ժողովուրդների առաջնորդը հաղթանակից հետո, Զևսի պես, բարձրացվել էր աստվածների աստվածի աստիճանին։ Գրիգորի Արտեմևիչը շատ էլ լավ գիտեր, որ հենց Ստալինն էր անձամբ, 1921 թվականի հուլիսի հինգին ստիպել ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամներին չեղյալ համարել նախկինում ընդունված որոշումը և վառել մի խարույկ, որը վերածվելու էր անվերջանալի հրդեհի։ Արուտինովը չէր կարող չիմանալ, որ, բացի ամենայնից, բախվելու է Ստալինի հիվանդագին փառամոլությանը։ Նամակը մեծ չէ։ Հինգ փոքրիկ պարբերություն։ Կներկայացնեմ միայն մեկը. ՙԼեռնային Ղարաբաղի մարզը Հայաստանի կազմ մտցնելը հնարավորություն կտար տեղական կադրերին բարձրագույն կրթությունը շարունակել մայրենի լեզվով, Հայաստանի բուհերում։ Մյուս կողմից, Հայկական ԽՍՀ-ը կարող էր Լեռնային Ղարաբաղի մարզից ստանալ ազգային կադրեր, որոնք աչքի են ընկնում իրենց գործնականությամբ, և այս պահին, բնականաբար, չեն կարող լիովին օգտագործված լինել Ադրբեջանում՚։ Հայկական ԽՍՀ ղեկավարն իր նամակն ավարտում է տրամաբանորեն արդարացված մի մտքով այն մասին, թե ՙայս հարցի դրական լուծման դեպքում Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Ժողկոմխորհը առաջարկությամբ կմտնեն կառավարություն՝ վերականգնելու նախկին կենտրոն Շուշի քաղաքը, որն ավերվել էր խորհրդային կարգերի հաստատումից առաջ՚ (ՊԱԱՖ, ֆ. 1, օպ. 25, գ. 42)։ Նամակը գրվել է 1945 թվականի նոյեմբերին, այնպես որ՝ ցանկության դեպքում այդ ժամանակն էլ կարելի է նշել որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ։
Հիշեցնենք, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կազմում էր 137 հազար մարդ՝ ընդհանուր 157 հազարից։ Մնացած 20 հազարի մեջ էին մտնում ադրբեջանցիներ, քրդեր, ռուսներ, հույներ, հրեաներ և ուրիշներ։
 
(Շարունակելի)