[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Սիվիլիթաս հիմնադրամը և Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը փետրվարի 14-ին Ստեփանակերտի ՙՊարկ Հոթել Արցախ՚ հյուրանոցում ներկայացրել են Սիվիլիթաս հիմնադրամի ՙՀայաստան 2012. ընտրության տարի՚ տարեկան զեկույցը հայերեն և անգլերեն: Ըստ կազմակերպիչների մտահղացման` զեկույցի ներկայացումից անմիջապես հետո  պետք է տեղի ունենա հանրային քննարկում ՙՀայաստանի ընտրությունները և Ղարաբաղյան հակամարտությունը՚ թեմայով:
 Քննարկմանը հրավիրված էին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը: Զեկույցը ներկայացնում, ինչպես և քննարկումները վարում էր Հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Համառոտ ներկայացնելով  ՙՀայաստան 2012. ընտրության տարի՚ զեկույցը` Թ. Հակոբյանն ասաց, որ Հիմնադրամն  իր հիմնադրման 5-րդ տարին թևակոխել է բավականին մեծ բարդություններով, որոնք, նրա համոզմամբ, կհաղթահարվեն հաջողությամբ: Զեկույցում ներկայացված է Հիմնադրամի գործունեությունը վերջին` 2012 տարում: Այն վերաբերում է  Հայաստանում անցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև պարունակում է տեղեկություն նախորդ տարիներին անցկացված ընտրությունների մասին: Զեկույցը, ինչպես և նախորդ տարիներինը, բաղկացած է չորս մասից: Առաջին մասում վերլուծվում է Հայաստանի արտաքին քաղականությունը: Առանձին մի գլուխ ղարաբաղյան հակամարտության մասին է` թե տարվա ընթացքում ինչեր են տեղի ունեցել հիմնախնդրի վերաբերյալ: Երկրորդ գլուխը վերաբերում է Հայաստանի ներքին իրավիճակին` թե ինչ զարգացումներ են եղել, երրորդը` Հայաստանի տնտեսական վիճակին։ Եվ չորրորդ մասում ներկայացված է ՀՀ բյուջեի ծախսերի պատկերավոր գրաֆիկը, այսինքն` պետությունը որ ոլորտում ինչքան գումար է ծախսում:
Ներկայացնելով Հիմնադրամի գործունեությունը Արցախում` Թ. Հակոբյանը կարևորեց կազմակերպության տարեկան հաշվետվության շնորհանդեսի անցկացումը Ստեփանակերտում: ՙՄենք մեր տարեկան հաշվետվությունը ներկայացնում ենք հիմնականում չորս վայրում` Երևան, Ստեփանակերտ, Վանաձոր և Գյումրի՚,- նշեց զեկուցողը և հիմնավորեց` քանի որ այս վայրերում կա քաղաքական միտք, ինչի մասին վկայում է լեցուն դահլիճը:
Ի՞նչ սպասելիքներ կան 2013թ. Հայաստանի նախագահական ընտրություններից ղարաբաղյան հակամարտության հարցում։ Ի՞նչ տեղ է գրավում ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի լուծման հարցը նախագահի թեկնածուների ծրագրերում։ Արդյոք, չի՞ տուժում բանակցային գործընթացն այն բանից, որ Ղարաբաղը ներկայացված չէ որպես բանակցությունների լիարժեք կողմ: Այս և այլ հարցադրումներ արեցին քննարկման մասնակիցները` փորձելով գտնել առողջ հատիկը հնչած կարծիքներից:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ