Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԱՆ, ՏԵՍԱՆ ԵՎ ԾԼԿԵՑԻՆ

կամ՝ Ղարաբաղյան շարժման կոնովալովյան ընկալումների շուրջ  
Ղարաբաղյան շարժման 25-ամյակին և 1988¬ի փետրվարյան իրադարձություններին Բաքվի քարոզիչներն անդրադարձան ավանդույթը չխախտելով, ասել է թե՝ իրադարձություններն  աղավաղելով,խեղաթյուրելով և ցեխ շպրտելով Արցախում ծավալված համաժողովրդական պայքարին։ Այս անգամ կեղծարարները չբավարարվեցին հայրենական ներուժով։ Ադրբեջանական լրատվական կայքում օրերս հայտնվեց Ադրբեջանի կոմկուսի նախկին Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի ՙմեկնաբանությունները՚ 1988-ի փետրվարի 12-ին  կուսակցության Ստեփանակերտի քաղկոմում տեղի ունեցած նիստի վերաբերյալ, որին ներկա էր ինքը՝ Կոնովալովը։
 Այժմ նա ապրում է Մոսկվայում և, դատելով նրա խոսքերից, կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի լրագրողի պահանջները Մոսկվայի նախկին դրածոն  բավարարել է լիովին ու բարի ժամանակների կարոտախտի թելադրանքով, եթե չասենք՝ ՙեղբայրական՚ զգացմունքներից դրդված։ Սակայն, ինչպես մյուս բոլոր զեղծարարություն-ստախոսությունները, այս մեկը ևս կարելի է դասել զվարճալի պատմությունների շարքը։ 
Այսպես, ադրբեջանական կայքում կարդում ենք, որ 1988թ. փետրվարի 11-ին  Վ. Կոնովալովը, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մուհամեդ Ասադովը ՙայլ պաշտոնյաների՚ հետ  ժամանեցին Ստեփանակերտ։  Ազերական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում մարզի կուսակցական-տնտեսական ակտիվի հետ նրանք պետք է քննարկեին խնդիրները և կանխեին ՙիրավիճակն ապակայունացնելու փորձերը՚։ Նիստը տեղի ունեցավ փետրվարի 12-ին, Ստեփանակերտի քաղկոմի դահլիճում, որին ներկա էր մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը։ Ադրբեջանցի քարոզիչները վկայակոչում են ակտիվը ներկայացնող գործիչների անուններ, ովքեր իբր պաշտպանել են Բաքվից ժամանած պաշտոնյաների դիրքորոշումը և սթափության կոչ  արել։ Նշվում են քաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանի և մի քանի հաստատությունների ղեկավարների անուններ, որոնք իրենց ելույթներում իբր ընդունել են, որ մարզում տեղի ունեցածը ծայրահեղականների և անջատողականների ձեռքի գործն է՚, իսկ Հայրենական մեծ պատերազմի վետերան,  Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայի արհմիության նախագահ Մ. Շահրամանյանը դատապարտել է ազգամիջյան հակասություններ հրահրող ծայրահեղականների գործողությունները՝ սթափության կոչելով նրանց։   
Իրականությունը բացահայտելու և  հիշյալ նիստի մանրամասները վերհիշելու համար, կարծում ենք, պետք չէ առանձնակի ջանքեր գործադրել. բավական է վկայակոչել այդ նիստի գլխավոր ընդդիմախոսին՝ Մաքսիմ Միրզոյանին, ով այն ժամանակ Ստեփանակերտի 2718 ավտոշարասյան պետն էր։  Նրա պարզաբանմամբ՝ նիստի հրավիրումն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում. արձանագրություն կազմել առ այն, որ մարզի կուսակցական-տնտեսական ակտիվը դեմ է այդ Շարժմանը, ինչը թույլ կտար բռնություններ կիրառել Շարժման ակտիվ գործիչների նկատմամբ։ Կոնովալովից և Ասադովից բացի եկել էին հատուկ ծառայությունների, դատական համակարգի, դատախազության և ՆԳՆ-ի բոլոր երկրորդ դեմքերը։ Շենքը շրջապատվել էր. քաղաքացիական հագուստով թվով 200 մարդ իրականում հատուկ հանձնարարություն էին կատարում։ Այդ ուժերը, հավանաբար, ադրբեջանական լրատվամիջոցի նշած ՙայլ պաշտոնյաներից՚ էին։    
Մ. Միրզոյանի վկայությամբ՝ Բ. Կևորկովն իր ելույթում մեղադրել է ՙծայրահեղականներին՚ և ի տես Բաքվի պաշտոնյաների՝ հայտարարել,  որ Ղարաբաղը եղել, մնում է և կլինի Ադրբեջանի կազմում, և թող այստեղ մեկնումեկն իրենից դուրս չգա։ Իսկ Կոնովալովը նրան շարունակել է. ՙՈվ ինչքան ուզում է, թող իրենից դուրս գա, եթե պետք լինի՝ ջարդելու ենք՚։ Ադրբեջանցի քարոզիչների և նրանց ռուս օգնականի նկարագրություններում, պարզ է, այս մասը պիտի շրջանցվեր, քանի որ, ինչպես ասում են, նրանց քիմքին այնքան էլ հաճո չէր։
Մ. Միրզոյանը կարևորում է այն փաստը, որ ակտիվը ներկայացնող ղեկավարներն իրենց ելույթներում  որևէ բացասական խոսք չեն ասել ադրբեջանական ժողովրդի մասին։ Անողոք քննադատության է ենթարկվել հանրապետության ղեկավարության գործունեությունը։
Ելույթի հնարավորությունը Մաքսիմ Միրզոյանին տրվել է դժվարությամբ, քանի որ  այն նախատեսված չի եղել։ ՙԱնընդհատ շեշտում էի Բ. Կևորկովի քաղաքականությունը,-պատմում է Շարժման նվիրյալը,- այդ պատճառով էլ նա երկու անգամ ընդհատեց ելույթս։ Իմ խոսքում շեշտեցի, որ նա փաստորեն ադրբեջանական  իշխանությունների ծրագիրը կյանքի կոչողն է։ Ասացի՝ Բորիս Սարկիսովիչ, ընդամենը մեկ անգամ եք Հադրութի շրջան գնացել, այն էլ ինչ-որ գեներալի և ինչ-որ կանանց հետ։ Որտեղ տաք է եղել, այնտեղ էլ նստել եք՚։ 
Ելույթից հետո Կոնովալովը նրան հարցրել է, թե ինչ է առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ինչին Մ. Միրզոյանը տվել է հստակ պատասխան. ամբողջ աշխարհին հայտնի է նման խնդրի լուծման եղանակը, պետք է հարցնել ժողովրդին, այսինքն՝ հանրաքվե անցկացնել։ ՙՈչինչ, մենք ձեզ ցույց կտանք այդ հանրաքվեն՚,-. հոխորտացել է Կոնովալովը, իսկ Մ. Միրզոյանը նրան ասել է, որ  պետք չէ վախեցնել, մեկ անգամ չէ, որ ղարաբաղցիներին վախեցրել են։ 
Այդ ելույթը մեծ ազդեցություն է ունեցել դահլիճի վրա։ Բոլորը քաջատեղյակ են նաև նիստում ելույթ ունեցած՝ Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանի տնօրեն Վլադիկ Սարգսյանի մտքերին։ Նա հայտարարել է, որ Բաքուն մտադիր է 720-տեղանոց երկրորդ պրոֆտեխուսումնարանը բացել մարզկենտրոնում, այն դեպքում, երբ եղածը լիովին բավարարում է մարզի բնակչության պահանջմունքները։ Ու պարզաբանել է. դա նշանակում է ադրբեջանական շրջաններից մարդկանց ներհոսք Ստեփանակերտ։ Նպատակն այն է, որ ադրբեջանցի սովորողներ ու մասնագետ-ուսուցիչներ բերեն մարզկենտրոն, տներ կառուցեն նրանց համար՝ դրանից բխող հետևանքներով։ 
Իսկ ի՞նչ է կատարվել ադրբեջանական պատվիրակության ժամանման օրը։ Փետրվարի լույս 12-ի գիշերը մարզի ղեկավարները պայմանավորվել էին կուսակցական-տնտեսական ակտիվի մի քանի ներկայացուցիչների հետ, թե ովքեր պետք է նիստի ժամանակ ելույթ ունենային, նաև ծրագրել էին, թե ինչ պիտի ասեին։ Ի դեպ, ծրագրված էր նաև Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանի ելույթը։ Սկզբում նա հրաժարվեց, իսկ հետո Կևորկովի հորդորով վեր կացավ։ Ծոցագրպանից հանեց թղթի մի կտոր, ձեռքում շուռումուռ տվեց, թուղթը նորից դրեց տեղը և հայտարարեց, որ ինքը պաշտպանում է Մ. Միրզոյանի՝ հանրաքվե անցկացնելու առաջարկությունը։ 
Հարկ է շեշտել, որ ինչպես ադրբեջանական քարոզիչները, այնպես էլ Կոնովալովը, չեն խոսում այն մասին, թե ինչով է ավարտվել այդ  նիստը։ Անաչառությունը նրանցից պահանջում է գոնե խոստովանել, որ այն պահին, երբ դահլիճն այլևս անկառավարելի էր դարձել, ՙհյուրերն՚ իրենց կորցրած սուսուփուս հեռացել են այդտեղից։ Ավելի ճիշտ՝ հանկարծակի ծլկել-անհետացել են։ Վայրկյանների ընթացքում առաջին հարկից բարձրացել են չորրորդը՝ Զ. Մովսիսյանի առանձնասենյակը։ Բ. Կևորկովին էլ Մաքսիմ Միրզոյանը գտավ կուսակցության քաղկոմի  երկրորդ քարտուղարի առանձնասենյակում։
Անդրադառնանք նաև Վ. Կոնովալովի գլխավոր ՙմեկնաբանությանը՚, որն ընդամենը փետրվարյան իրադարձությունների թյուրըմբռնման կամ խեղաթյուրման վկայություն է։  ՙՓետրվարի 12-ին, երբ մենք նիստ էինք անցկացնում մարզի կուսակցական-տնտեսական ակտիվի հետ, ինձ կանչեցին հեռախոսի մոտ։ Հեռախոսագծի մյուս ծայրում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովն էր։ Նա պահանջեց, որ Ասադովի հետ շտապ վերադառնամ Բաքու։ Իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, չէ՞ որ իմ այցը լրիվությամբ համաձայնեցված էր նրա հետ՚։ Ըստ Կոնովալովի՝ Բաղիրովն իրեն բացատրել է, որ փետրվարի 11-ին Զավեն Մովսիսյանը Մ. Գորբաչովին բողոք-նամակ է հղել իր և Ասադովի դեմ. նրանում ընդգծված է, որ Բաքվից պատվիրակություն է եկել և խանգարում է մարզի ընկերների աշխատանքը։ Քաղբյուրոյից զանգել են Բաղիրովին և խստորեն հետաքրքրվել, թե ինչու են Կոնովալովն ու Ասադովը մարզում քաղաքական սպանդ կազմակերպում՝ խեղդելով խոսքի ազատության իրավունքը։ Ինքը ստիպված էր ենթարկվել Բաղիրովի կարգադրությանը և վերադառնալ Բաքու։ ՙԲոլոր այն խոսակցությունները, թե իբր Կոնովալովն ու Ասադովը չեն կարողացել մարզի կուսակցական-տնտեսական ակտիվի հետ հարցերը լուծել, դատարկ խոսակցություն է։ Պարզապես մեզ թույլ  չտվին գործը հասցնել ավարտին այն մարդիկ, ովքեր աջակցում էին ղարաբաղյան ազգայնամոլներին Մոսկվայում, Կենտրոնական կոմիտեում... Եթե մեզ հետ չկանչեին Բաքու, եթե Կենտրոնը ցուցաբերեր հաստատակամություն, ամեն ինչ կարող էր ընթանալ այլ հունով՚,-եզրակացնում է Վ. Կոնովալովը։ 
Ադրբեջանի նախկին երկրորդ դեմքի պատմածները Մ. Միրզոյանը նույնպես հորինվածք է համարում։ Նման բան չի եղել։ Փետրվարի 13-ի հանրահավաքից հետո, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները պատրաստվում են հաջորդ օրը 800 ավտոբուսներով մտնել Ստեփանակերտ և անցկացնել հանրահավաք։ Այս լուրը լսելուց հետո Շարժման ակտիվիստների նախաձեռնությամբ հեռագիր է հղվել Մոսկվա, որում դրված էին կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի բյուրոյի անդամների ստորագրությունները։ Նրանում խոսք էր գնում  Ադրբեջանի կողմից չդադարող սպառնալիքների և ընդհանրապես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության մասին։  Պահանջվում էր վերջ տալ այդ ամենին։        
Մեկ դիտարկում ևս. Կոնովալովի խոսքերից հետևում է, որ Ղարաբաղյան շարժման ակտիվիստներին աջակցում էր Մոսկվան, որը նույնիսկ Բաքվի ձեռքից էր բռնել ղարաբաղցիներին չխանգարելու և գործը ավարտին հասցնելու համար։ Այսպես կարող է արտահայտվել մարդը, ով առհասարակ պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունեցել, և մարդը, ով հատուկ պատվեր է կատարում։ Երկրորդ տարբերակն այս պարագայում առավել քան իրական է այն առումով, որ Բաքվում երջանիկ ժամանակներ անցկացրած ռուս կուսակցական գործիչը, ով նավթի երկրի բարիքներից անմասն չէր մնացել, պատրաստակամությամբ է ընդունել ադրբեջանական պատվերը՝ արցախահայության ազատագրական պայքարի ողջ էությունը խեղաթյուրելու համար։ Իսկ այն վարկածը, թե իբր Բաղիրովի կողմից հետ չկանչվելու դեպքում իրադարձություններն այլ հունով կընթանային, մեղմ ասած, ֆանտաստիկայի ժանրից է։ Ըստ հայկական ասացվածքի՝ բանը բանից անցել է...Ո՜չ Բաքուն, ո՜չ  էլ Մոսկվան ի զորու չէին կասեցնել համաժողովրդական պոռթկումը։ Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի հունն այլևս ոչ ոք չէր կարող փոխել. քաղաքական կամքն էր նրան պայքարի մղում,  գլխավերևում  Խաչն էր, ձեռքին՝ փրկության զենքը։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ