Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԻՇՎԻ, ՈՐ ՉԿՐԿՆՎԻ

Maksim_Ovanisyan.jpgԸնթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի նախկին խմբագիր, գրող-հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի հոդվածը։ Այն հրապարակվել էր հեռավոր 1989 թվականին, սումգայիթյան ողբերգության տարելիցի առնչությամբ, սակայն մենք անհրաժեշտ գտանք նորից տպագրել այն, քանի որ գրեթե քառորդ դար անց չի կորցրել իր հրատապությունը։ Թերևս դա օրինաչափ է, քանզի նրանում բարձրացվում են բարոյականության այնպիսի հարցեր, որոնք ունեն համամարդկային անանց նշանակություն։ 
Հրապարակման միջով կարմիր թելի պես անցնում է ՙսումգայիթի՚ համար ադրբեջանական հասարակության  ապաշխարանքի թեման։ Ավաղ, ապաշխարանքի կոչն Ադրբեջանում այդպես էլ չլսվեց, այն խեղդվեց ամեն հայկականի նկատմամբ համընդհանուր ատելության մթնոլորտում, որը, դժբախտաբար, այնտեղ իշխում է մինչ այսօր։ 
Տարին նահանջ էր, եւ մեր տագնապների ձմեռն իր մեջ ամփոփեց սումգայիթյան ողբերգության բոլոր երեք օրերը։ Հիմա մենք չենք կարող սեւ շրջանակների մեջ առնել փետրվարի 29-ը, չենք կարող նշել նրա՛նց մահվան տարելիցը, ովքեր իրենց եղեռնական մահկանացուն կնքեցին փետրվարի 29-ին։ Դա կարվի հաջորդ նահանջ տարում։
Այս տարի մեր սուգը կտեւի երկու օր։
Հիշենք նրանց, ովքեր պիտի ապրեին մեզ հետ, բայց այսօր չկան։ Խոնարհենք մեր գլուխները նրանց հիշատակի առաջ, չամաչենք մեր աչքից ցայտող արցունքներից։ Հետո եկեք ուժ ունենանք եւ մեր սեղմված մատները հեռացնենք իրարից, որովհետեւ կան պահեր, երբ պետք չէ, որ մատները միավորվեն։
Վանելով մեր մատներն իրարից, իմ հայացքն ուղղում եմ իմ կոլեգա ադրբեջանցուն եւ ասում.
- Արի միասին նշենք սումգայիթյան ողբերգության տարելիցը, միասին խոնարհվենք զոհվածների հիշատակի առաջ։ Ես հասկանամ քո ամոթանքը, դու կիսիր անպարագիծ իմ վիշտը։ Ազնվածին զգացումը մաքրում է մարդու հոգին, որից հետո ապրելը դառնում է հեշտ, ստանում է իմաստ ու բարձր նպատակ։ Ուրեմն եկ անցնենք այդ քավարանով, որից հետո ես քեզ կկոչեմ իմ դրկից հարեւանը։ Որովհետեւ որպեսզի ես քեզ համարեմ իմ դրկից հարեւանը, քիչ է, որ մենք ապրենք սահմանակից հարեւանությամբ։ Եթե իմ հոգսն ինձ բերել է քո դուռը, եթե քո հոգսը քեզ բերել է իմ դուռը, ապա որպեսզի դու իմ հոգսին կարեկից լինես, ես քո հոգսին կարեկից լինեմ, պետք է ոչ միայն կարողանանք, այլեւ ցանկանանք։ Եթե ես ցանկանամ, եթե դու ցանկանաս, ապա այդ դեպքում կլինենք ԴՐԿԻՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ։
Կա, սակայն, կեցության, հոգու, եթե կուզեք՝ ոգու ավելի վսեմ վիճակ։ Եթե մենք այնպիսի հարեւաններ ենք, որ իրար օգնության ենք դիմում, երբ սպառվել է մեր հնարը, ապա մեր հարեւանությունը երբեք չի լինի բարեկամական։ Բայց եթե ես ներքին կանխատեսությամբ, իմաստուն մի բնազդով զգամ, որ իմ դրկից հարեւանը հոգս ու ցավ ունի, ունի իմ օգնության կարիքը եւ ինքս մտնեմ նրա շեմից ներս ու մեկնեմ իմ ձեռքը, եւ եթե նույնն անի նաեւ նա, ապա մեր փոխադարձ օգնությունը կլինի ԲԱՐԵԿԱՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ։
Այս ի՛նչ աղետ եկավ մեր երկու ժողովուրդների գլխին։ Մեր հոգու կամուրջները խարխլվեցին։ Ի՞նչ նյութով սնենք մեր դաժանացած հոգիները, ի՞նչ կամարներ շինենք՝ մենք այս կողմից, դուք այն կողմից, որ հանդիպեն իրար։ Ո՞րն է լինելու այն շաղախը, որ այլեւս դիմանա ամենադաժան ցնցումներին։ Երեւի այդ նյութն Արդարություն անունն ունի։ Այնտեղ, միայն այնտեղ կարող է աճել բարեկամության ծառը։ Արդար լինենք մեր մեծ ու փոքր հարցերում, լինենք իմաստուն մեր պահանջներում, մեր արմատները սնենք արդարամտության ու վեհանձնության կենարար հյութով, բարձրանանք ազգային էգոիզմից, ինքներս մեզնից։
Իմ դրկից հարեւան ադրբեջանցի, եթե ինձ եւ քեզ պետք է բարեկամություն, եթե դու ցանկանում ես, որ քեզ իմ բարեկամը համարեմ, պիտի այսօր միասին դատապարտենք նրանց, ովքեր մեկ տարի առաջ, փետրվարի 27-ին, 28-ին, 29-ին զանգվածային սպանություն կազմակերպեցին Սումգայիթում։ Դատապարտենք բոլոր նրանց, ովքեր անմիջապես, թե կողմնակի ճանապարհով, նպաստեցին, որ տեղի ունենա ՙսումգայիթը՚։ Թույլ մի տուր, որ ե՛ս ասեմ, ինձնից առաջ դո՛ւ ասա, ինձնից ավելի վրդովված ու խիստ բառերով դատապարտիր մարդասպաններին։ Ավելի դատապարտիր նրանց, ովքեր հրապարակավ պաշտպանության էին վերցնում հանցագործներին։ Հիշիր, որ լռությունն էլ պաշտպանության ընդունված ձեւ է։
Դառն է ասել, սակայն դաժան իրատեսությամբ ընդունենք իրողությունը. տարփողված մեր բարեկամությունը սեյսմադիմացկուն չեղավ, եւ սումգայիթյան երկրաշարժից բարեկամության կամուրջը, լեզուս չի գնում ասելու՝ փլվեց, եթե չփլուզվեց, ապա ասենք, որ այդ կամուրջը այնպես խախտվեց, որ այնտեղով երթեւեկելն այսօր չափազանց վտանգավոր է դարձել։
Մինչդեռ այդ կամուրջը պետք է վերականգնվի, ամրակապերով ամրապնդվի, զորանա, որպեսզի անցումը լինի անվտանգ եւ ապա ցանկալի։ Այստեղ ԱՆՎՏԱՆԳԻՑ ավելի ՑԱՆԿԱԼԻՆ է կարեւոր։
Առիթ է եկել դատապարտելու այն հանցագործ ձեռքը, որ ընդհատեց այս գեղեցիկ աշխարհում մարդու ապրելու՝ բնության տված հազվագյուտ պարգեւը։ Բայց ավելի խիստ դատապարտիր այն խոսքն ու այն կարգախոսը, որ հնարավոր դարձրին, որ քո ցեղակիցը ձեռք բարձրացնի իմ ցեղակցի վրա, նրան, ով թշնամանք սերմանեց մեր ազգերի միջեւ։ Նորի՞ց հիշենք Ս. Վուրղունին, նորի՞ց մեջ բերենք Թումանյանին։ Ի դեպ, օրերս լրացավ Հովհ. Թումանյանի ծննդյան 120-ամյակը, արդյոք չե՞ք մոռացել նշել նրա հոբելյանը։
Այսօրվա իմ գլխավոր միտքն ուրիշ է, սակայն։
Խմբագրի իրավունքները շատ են, պարտականությունները՝ մեծ։ Մեկ տարի է անցել, սակայն ադրբեջանական ոչ մի պարբերականում չկարդացի, որ որեւէ գրող, արվեստագետ, հասարակական գործիչ քո ժողովրդի անունից իմ ժողովրդին ներողություն խնդրի Սումգայիթի համար։ Գուցե դո՛ւ անես։ Հանուն մեր հարեւանության, հանուն մեր բարեկամության, հանուն եղբայրության բարձր նպատակների։ Հավատա. դա ավելի շատ քո ժողովրդին է պետք, ադրբեջանական ժողովրդին, որին, ինչպես նաեւ իմ ժողովրդին, 1988 թվականն անսպասելի ծանր հարվածներ հասցրեց։
Ի սեր Աստծո, չփորձենք հաշվել, թե ով է սպանել եւ քանի հոգի են սպանվել։ Սպանությունը մեծագույն անբարոյականություն է, իսկ ազգային խտրականությամբ սպանությունը՝ հանցագործություն մարդկության հանդեպ։ Քաջություն ունեցիր եւ խոստովանիր քո մեղքը, որպեսզի ես էլ կուլ տալով արցունքս, սեղմված մատներս ետ արձակեմ ու բռնեմ քո պարզած ձեռքը։
Դա դժվար կլինի ինձ համար։ Դա դժվար կլինի նաեւ քեզ համար։ Բայց մենք պարտավոր ենք անել, որովհետեւ իրերի բերումով, ժամանակի հրամայականով, մեր երկու ժողովուրդների գալիքի մտահոգության վերին պահանջով պետք է իրար պարզած մեր ձեռքերը տարածության մեջ գտնեն իրար, սեղմվեն մեկմեկու որպես հայտնություն, որպես պատգամ մեր երկու ժողովուրդներին։
Ես մեղավոր այն զգացումը չունեմ, թե սումգայիթյան դեպքերը պետք է կապել ադրբեջանական ժողովրդի հետ։ Դրանք հղացել եւ իրականացրել են հակահասարակական տականքները, որոնց համար, ավա՛ղ, պետք է պատասխան տա ադրբեջանական ժողովուրդը։ Ամեն ժողովուրդ պետք է պատասխան տա իր բոլոր դրսեւորումների համար՝ իմ ժողովուրդը, քո ժողովուրդը, բոլոր ժողովուրդները։ Բարոյական պատասխանատվությունը ժողովուրդն է կրում։ Այսօր եւ հետագայում։ Միշտ։
Այսօր փետրվարի 28-ն է։ Անցյալ տարի եղել է նաեւ փետրվարի 29-ը։ Մեկ տարի առաջ կատարվել է մեծագույն ոճիր, որի զոհը եղան իմ արյունակիցները, որոնք նաեւ քո դրկից հարեւաններն էին, բարեկամները, եղբայրները։
Ճակատագրական ժամանակներ ենք ապրում։ Այսօր, քան երբեւէ, մենք պետք է իմաստուն լինենք, կարողանանք նյութն ու ոգին հավասարակշռել այնպես, որ մեր մեջ թագավորի արդարության, ըմբռնումի, իրար զիջելու, իրար ներելու կամքը։
Աշխարհագրականորեն մենք հայտնվել ենք կողք-կողքի, պատմական ճակատագրով կապված ենք իրար, մենք պետք է քայլենք նույն ճանապարհով, նույն ուղղությամբ։ Եթե այսօր պետք է վերադառնանք մի նոր ելակետի, ապա միայն սխալները պարտադիր ուղղելու համար՝ որպես համատեղ ընթանալու պայման։ 
Մեր հնամյա Արցախ աշխարհը գտնվում է նոր ճամփաբաժնում։ Մեզ ո՞ւր է տանելու այս նոր ճանապարհը։ Կանխագուշակ չեմ, բայց ես իմ երկրամասի ապագային նայում եմ լավատեսորեն։ 
Մեր հողը բարեբեր է, մեր մարդիկ՝ աշխատասեր։ Մենք պետք է մեր արգասավոր տքնանքով լուծենք ոչ միայն տնտեսական, սոցիալական, կուլտուրական հարցերը՝ նույնքան, գուցե թե առավել կարեւոր է հաղթահարել խորթացումի, վանումի, հոգու օտարության ուծացնող զգացմունքները։
Եթե այսօր հիշում ենք Սումգայիթը, ապա միայն նրա համար, որպեսզի այն չկրկնվի։ Երբե՛ք։ Ո՛չ մի տեղ։ Ո՛չ մի պայմանով։ Այս է մեր համատեղ գոյատեւումի պարտադիր պայմանը։
 
Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Փետրվար, 1989թ. 
 
(Տպագրվում է 
որոշ կրճատումներով)