[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՈՒՄԳԱՅԻԹԸ՚ ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթի ողբերգության մասին բազմաթիվ գրքեր ու գրքույկներ, ժողովածուներ ու փաստաթղթեր, հարյուրավոր հոդվածներ կան։ Սամվել Շահմուրադյանի ՙՍումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններում՚ երկհատորյակի մեջ ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին։ Եվ մեղքը հեղինակինը չէ։ Ողջ ընտանիքը զոհվել էր փետրվարի 29-ին։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից սկսած։ Եվ չնայած դրան, բարձր ամբիոնից հայտարարեց, թե զորքերն ուշացել են երեք ժամով, իսկ Մելքումյանների ընտանիքը  ոչնչացվել է փետրվարի 29-ին։
Մեկ այլ հետազոտող՝ Հրայր Ուլուբաբյանը հրատարակել է երեսուն փաստաթղթեր մահվան մասին։ Դրանց մի մասը լրացված է ռուսերեն տեքստով՝ ՙԲժշկական տեղեկանք մահվան մասին՚ վերնագրով բլանկների վրա, մյուս մասը՝ ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով ՙՄահվան վկայականների՚։ Բոլորի ախտորոշումը համարյա թե միանման է. ՙանգոսկրի բեկորային կոտրվածքներ, որովայնի ներթափանցիկ կտրված-ծակված վերք, այրվածքներ՚։ Այդ ախտորոշումներն ունեին Մելքումյանների ընտանիքի բոլոր հինգ անդամները, որոնք ապրում էին Սումգայիթի 42ա թաղամասի 26 շենքի 21-րդ բնակարանում։ Հայրը՝ Սողոմոն Մարգարի Մելքումյանը, ծնված 1931 թվականին, մայրը՝ Ռաիսա Արսենի Մելքումյանը, ծնված 1934 թվականին, որդիները՝ Իգորը և Էդվարդը, ծնված 1957, 1960 թվականին, դուստրը՝ Իրինան, ծնված 1961 թվականին։ Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում տեղի ունեցած դատավարությունների ժամանակ ականատեսները ցուցմունքներ են տվել, որոնց համաձայն բոլոր հինգ  Մելքումյաններին ծեծից ու ծանակումներից հետո ողջ-ողջ վառել են հենց փողոցում։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ջիլան փոքրիկ գյուղից էին։ Արցախի իրենց հայրենիքում հիմա մնացել են միայն մի քանի հեռավոր ազգականներ։ Այդպես 1988 թվականի փետրվարի 29-ին անհետացավ մի ողջ տոհմ։ Հենց սա է ցեղասպանությունը (գենոցիդ)։ Հունարենից թարգմանված ՙգեն՚՝ նշանակում է ՙտոհմ՚, իսկ լատիներեն ՙցիդ՚՝  ՙսպանել, ոչնչացնել՚։ Նրանք վերջին զոհերից էին։ ուցե յուրովի ճի՞շտ էր որբաչովը. եթե զորքերը երեք ժամ շուտ գային, կփրկվեին եղբայրներ Վալերի և Ալբերտ Ավանեսյանները, հայր և որդի Արմո և Արթուր Արամյանները, շատ-շատերը։ Ի դեպ, Արամյանները ծնունդով արցախյան Քյաթուկ գյուղից էին և իմ ազգականները՝ մայրական գծով։ Դժվար է նկարագրել մորս վիճակը այն արյունոտ օրերին։
Ականատեսները պատմում են, որ անպատժելիությունը այդ հոգեառների ժամ առ ժամ ավելի լկտի ու համարձակ էր դարձնում։ Պատահական չէ, որ ամենից շատ զոհեր ու ջարդեր եղան հենց չորրորդ օրը, փետրվարի 29-ին։ Եթե Տուլայի օդադեսանտային դիվիզիայի 137-րդ ռյազանյան գունդը վերջապես չհասներ Սումգայիթ, ապա զոհերի թիվն անհաշվելիորեն կաճեր։ նդապետ Ալեքսանդր Լեբեդը, որը մարտին ընդունեց դիվիզիայի հրամանատարությունը, Սումգայիթ եկավ այն ժամանակ, երբ դեռ օդում ճենճերահոտ էր կանգնած։
Իր ՙՏերության համար եմ ցավում՚ գրքում արդեն գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Լեբեդը գրելու էր. ՙԱյն ժամանակ, 1988 թվականի փետրվար-մարտին սկսեց գրվել անկանխատեսելի, անսպասելի, վայրի, տեղ-տեղ՝ արյունոտ, տեղ-տեղ էլ ծայրահեղ ստոր էջ և՜ զինուժի, և՜ հայրենիքի պատմության, և՜ իմ անձնական կենսագրության մեջ։ Ամենացավալին կայանում է նրանում, որ միջոցների ընտրության մեջ ստորությունը, անազնվությունն ու տհասությունը բխում էին մարդկանցից, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում պետությունում։ Նրանք այնտեղ, վերևներում ինչ-որ սեփական բարձր ռազմավարական նպատակներ էին հետապնդում, խարդավանքներ հյուսում, կնքում ցանկացած գործարքներ, այդ թվում նաև սատանայի հետ, իսկ ներքևում, հենց նրանց մատուցմամբ, նրանց ակտիվ մասնակցությամբ կամ դիտավորյալ անմասնությամբ տեղի էր ունենում ժողովուրդների թունավորումը, աճում ու ծավալվում էր արյունալի անօրինությունը, դրվում էին մեծ պետության փլուզման ու կործանման հիմքերը (եթե կարելի է դրանք հիմքեր անվանել)…Սումգայիթում  ես առաջին անգամ Աֆղանստանից հետո, իմ հարազատ հողի վրա (այն ժամանակ այդպես էի կարծում) տեսա հրկիզված բեռնատարներ ու ավտոբուսներ, այրվող տներ, մարդկանց բնականից սև, բայց կրած սարսափներից ճերմակած մազեր և աչքեր, աչքեր…Այդ ժամանակ էլ առա միջնադարյան սադիզմի հոտը, գազանային, անմարդկային դաժանության հոտը, թանձր միայուսված տխմարության հետ…՚։
1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան կուսակցության Հայաստանի Կենտկոմ հրավիրեցին  ՙմտավորականության մի քանի ներկայացուցիչների՚։ Հեռախոսով հայտնեցին, որ մեզ հետ ցանկանում են հանդիպել իր՝ Գորբաչովի կողմից գործուղված Վ.Ի.Դոլգիխը և Ա.Ի.Լուկյանովը։ Հանդիպումը տեղի ունեցավ Կենտկոմի առաջին քարտուղար Կ.Ս.Դեմիրճյանի աշխատասենյակում։ Առույգ, առանց որևէ նախաբանի սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. ՙԴե ինչ, ստացա՞ք՚։ Մենք երևի առաջիններն էինք, ովքեր իմացան ՙսումգայիթի՚ մասին։ Դոլգիխն ահավոր թվեր նշեց։ Իսկ ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ տեղեկատվության իմաստն ու էությունը ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս։
 
Սակայն շփոթմունքս վայրկյանից էլ քիչ տևեց։ Չէ՞ որ ոչ այլ ոք, այլ ինքը՝ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարը, քաղբյուրոյի անդամության թեկնածուն էր խոսում. ՙԵրեկ չէ առաջին օրը Բաքվին մերձակա Սումգայիթում սկսվել են անկարգություններ, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր։ Մոտ քսան հոգի սպանվել է, տասներկուսը՝ բռնաբարվել։ Հրդեհված, կողոպտված ու թալանված են ավելի քան երկու հարյուր բնակարաններ։ Հրկիզված են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ՚։ 
Հանդիպմանը ներկա, Ղարաբաղյան շարժման ամենահեղինակավոր և ակտիվ անդամներից մեկը՝ Իգոր Մուրադյանը, թեթևակի կակազելով ասաց (Իգորն ի բնե կակազում է). ՙՀենց այդ է, որ կա, չի կարելի ժողովուրդների բախտը հանձնել անսանձ ու վայրի տարերքին, գազաններին, որոնք ընդունակ են միայն կոտորածների ու ցեղասպանության և ոչ թե խաղաղ ցույցերի՝ Գորբաչովի դիմանկարներով և վերակառուցման կարգախոսներով։ Ստեղծված իրավիճակում ստիպված եք լինելու Ղարաբաղը վերցնել Մոսկվայի պաշտպանության տակ՚։
Նույն օրը Երևանում սկսեցին վայրէջք կատարել Սումգայիթի փախստականները։ Երեկոյան մենք շատ մանրամասներ գիտեինք XXդարի հերթական ցեղասպանությունից։ 72 ժամ անընդմեջ, երեք լրիվ օր, գիշեր ու ցերեկ իրագործվել էր հայերի կազմակերպված ցեղասպանություն, ինչպես որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում։ Ոչնչացրել էին, ողջ-ողջ այրել, բռնաբարել, թալանել բացառապես ազգային սկզբունքով։ Իսկ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում ողջ երկրով մեկ հայտարարեց, թե ՙՍումգայիթի ողբերգությունը՝ կազմակերպված խուլիգանների կողմից, չէր լինի, եթե զորքը չուշանար երեք ժամով՚։ Հետաքրքիր է, ինչ՞ վրա էր հույսը դրել Գորբաչովը, երբ այդքան բաց ու բացահայտ ստեց։ Ես ունեմ  մի այսպիսի փաստաթղթի քսերոպատճենը. ՙԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի 1988 թվականի փետրվարի 29-ի նիստի ելույթների աշխատանքային գրառում՚։ Կնիք-մակագիրը՝ ՙՀույժ գաղտնի։ Միակ օրինակ՚։ Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի խնդիրը։ Միաժամանակ, այսպես ասած՝ ձեռքի հետ, խոսակցություն է գնում նաև Սումգայիթի մասին։ Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են ջարդերը, սակայն, դատելով ըստ ամենայնի, Քաղբյուրոյի անդամները, Քաղբյուրոյի անդամության թեկնածուները, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարները, որոնք, իհարկե, տեղյակ են սումգայիթյան սպանդին, դեռևս այնքան էլ չեն վերահսկում իրավիճակը։ Եվ այնժամ գլխավոր քարտուղարը, որպես իրավաբան՝ լավ իմանալով, որ ՙԱստված մանրուքների մեջ է՚, դիմում է մարշալ Յազովին. ՙՊատմի՜ր, Դմիտրի Տիմոֆեևիչ, թե ինչպես են սպանում՚։ ՙԵրկու կանանց կուրծքն են կտրել,-պատասխանում է Յազովը,- մեկի գլուխն են կտրել, իսկ աղջկա կաշին են հանել։ Այ, այդպիսի վայրենություն։ Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում՚։
Ես պատկերացրեցի, թե ինպես, հանգիստ ու հարմարավետ տեղավորված փափուկ բազկաթոռներում, մարդիկ, որոնց խոր կնճիռներից ու աչքատակերի պարկերից ռետուշված դիմանկարները կախված են ահռելի երկրի աշխատասենյակներում և ակումբներում, հրապարակներում և շենքերի պատերին, արծաթե գավաթակալներով բյուրեղապակե բաժակներից թեյ են խմում։ Եվ իմանալով, թե ինչպես են կուրսանտներն ուշաթափվում տեսածից, թոթվում են ուսերը, իբր թե՝ ի՛նչ թույլիկ է ներկայիս երիտասարդությունը։ Համենայն դեպս նրանցից ոչ մեկը զայրույթ չարտահայտեց։ Չէ՞ որ ճեպագիրն ՙաշխատանքային՚ է, այսինքն, ոչ մեկը չի հասցրել այն մաքրագրել, խմբագրել, ինչ-որ ռեպլիկներ հանել։
Այնինչ, կարող էին գոնե մարշալ Յազովից հետաքրքրվել, թե ո՞վ էր այդ կինը, որի կուրծքը կտրել են, այն մյուսը, որի գլուխն են հատել, այն աղջիկը, որին մաշկահան են արել։ Չէ՞ որ դրանք կոնկրետ մարդիկ էին, իրենց հայրենակիցները։ Ես համոզված եմ, որ դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարի մոտ կային տվյալներ այն մասին, որ Սումգայիթի 45-րդ թաղամասի 10/13 շենքի 37-րդ բնակարանի 27-ամյա բնակչուհի  Լոլա Պավելի Ավագյանը դուրս է բերվել փողոց։ Նրան լրիվ մերկացրել են, ստիպել են պարել, բռնաբարել են, ծակծկել են դանակներով, կտրել են կուրծքը։ Այդ նիստի ժամանակ Քաղբյուրոյի անդամները կարող էին իմանալ, որ մաշկահան էին արվել մի քանի հոգի, այդ թվում 86-ամյա Երսիլիա Բախշիի Մովսեսովան, որ 27-ամյա Իրինա Սողոմոնի Մելքումյանի դիակը ածխացած էր ու գլխատված։ Աստվա՛ծ իմ, որքան  ծանր է շարադրել այդ ողջ սարսափը…
 
 
(Սկիզբը՝ թիվ 22, 23)
Զորի ԲԱԼԱՅԱՆ