Logo
Print this page

ՄԱՐԴՆ ՈՒԺԵՂ Է ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐՈՎ

 Մեր ճեպազրույցները փետրվարի 28-ի Սումգայիթի զոհերի  հիշատակի երթի մասնակիցների հետ

Արզիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.¬ ՙԳնումների աջակցման կենտրոն՚ ՊՈԱԿ¬ի գնումների իրավական աջակցման և բողոքարկման բաժնի պետ։
-Ի՞նչ զգացումներով և ի՞նչ ապրումներով եք եկել Հուշահամալիր։
-Այսօր ինձ համար ծանր է վերհիշել այն իրադարձությունները, որ կատարվեցին 25 տարի առաջ Սումգայիթ  քաղաքում, որտեղ ծնվել եմ, որտեղ անցել է իմ մանկությունը մինչև ճակատագրական և ողբերգական 1988-ի փետրվարյան օրերը։ Ես 12 տարեկան էի։ 
¬Այնուամենայնիվ, Ձեր տեսածը, կամ Ձեր ծնողների պատմածներից...
-Նույն այս օրը, փետրվարի 28-ին, ծնողներիս հետ եղել ենք մեր տանը։ Ոճրագործությունը, ջարդը արդեն սկսվել էր, լսել էինք և մնացել տանը։ Բարձրահարկ շենքի մեր պատուհանից երևում  էր, թե դիմացի շենքի հայերի բնակարաններում ինչ է կատարվում։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են  ծեծի ենթարկում 2 կնոջ, որոնք մենակ էին, երևում էր, որ տղամարդիկ տանը չէին, նրանց, հավանաբար, արդեն տարել էին։ Ծնողներս ինձ պատուհանից հետ քաշեցին, որպեսզի չտեսնեմ այն սահմռկեցուցիչ գործողությունները, որ կատարվում էին փողոցում։ Հետագայում նրանք, թեկուզ հիշելը ցավ էր պատճառում, բայց պատմում էին սարսափելի բաներ։ Նույն օրը, ժամը 5-ին, հորս ընկերը, ազգությամբ ազերի, մեքենայով կարողացավ մեզ հանել քաղաքից և թաքցնել մոտիկ վայրում։ 
Ծնողներս պատմել են, որ հենց այդ օրը՝ փետրվարի 28-ին, մորաքրոջս ընտանիքը պատսպարվել էր նկուղում, նրանց չեն գտել, բայց տան ամբողջ ունեցվածքը թալանել ու ջարդել են։ Նրանց հարևանի աղջկան 27-ին սպանել են։ 
-Արմատներով որտեղացի՞ եք։  
-Հայրս Ղարաբաղի Հերհեր գյուղից է, մայրս՝ Բալուջայից։ Քաղաք էին տեղափոխվել շուտվանից, երբ Սումգայիթը թափով կառուցվում էր։ Հայրս ալյումինի գործարանում արտադրամասի պետ էր աշխատում, մայրս՝ նույն տեղում։ 
-Դուք, որպես իրավաբան, ի՞նչ գնահատական կարող եք տալ Սումգայիթում կատարվածին։
-Ես, որպես իրավաբան, կասեմ, որ ամեն տեսակ նորմերի խախտում է տեղի ունեցել։ Այդ ամենը ոչ միայն օրենքից դուրս էր, այլև հումանիզմից։ Դա մարդկության դեմ ուղղված ոճիր էր, որ պիտի հիշվի, այն ուղղված էր ոչ միայն մեզ, այլև ամբողջ հայ ազգին, նաև ամբողջ  մարդկությանը։ Հեմինգուեյի մոտ էլ, չէ՞, այսպիսի տողեր կան. ՙՈ՞ւմ մահն է գուժում զանգը։ Քո մահն է գուժում զանգը՚։
Ցեղասպանության բոլոր հատկանիշները, որ սահմանված են ՄԱԿ¬ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևերով և Կոնվենցիայի դրույթներով (Ժնև, 1948թ), առկա էին Սումգայիթի ջարդերում։ Ոչ միայն մեր ազգի, այլև մարդկության համար աղետալի է, որ մինչև այսօր միջազգային կառույցները և հանրությունը չեն դատապարտել, համապատասխան գնահատական չեն տվել սումգայիթյան ոճրագործություններին։ Դա, կրկնում եմ, մարդկության դեմ ուղղված հանցավոր գործողություն էր։ Մենք պետք է ձգտենք, հասնենք այն բանին, որ ՙսումգայիթը՚  դատապարտվի։  Դա հատուցում կլինի այն զոհերի հիշատակին, որ նահատակվեցին Սումգայիթում։
-Իսկ նյութական հատուցո՞ւմը...
-Ճիշտ է, քաղաքում բնակվող 18 հազար հայերը նյութական հսկայական վնաս են կրել, բայց ես կարևորում եմ բարոյական կողմը, այն ապրումները, այն սթրեսները, որ ունեցան, որոնց հետևանքներն այսօր ևս շարունակում են կրել բռնության ենթարկվածները, այն վերքերը, որ շատ¬շատերի սրտում դեռ չեն սպիացել, հիշվում են, հիշեցնում են, արդար դատ են պահանջում։
-Սումգայիթի դասերի մասին ի՞նչ կասեք։
-Մենք շատ էինք հեռացել մեր արմատներից։ Մենք հոգով կույր և միամիտ էինք, անկեղծորեն հավատում էինք բարեկամությանը, չէինք տեսնում ազգային խտրական քաղաքականությունը, որ մշտապես վարում էր Ադրբեջանը։ Դաժան դաս տվեցին, և մենք սկսեցինք ծանոթանալ մեր պատմությանը։ Արցախի պետական համալսարանում սկսեցի հայերեն սովորել, նույնիսկ  բանաստեղծություններ գրեցի։ Ես հասկացա, որ մարդն ուժեղ է իր ազգով ու ազգայինով, իր հայրենիքով, երկրով, որտեղ ապրում է։ 
 
Ալբերտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, թոշակառու.- Մենք գրեթե մի շաբաթ առաջ տոնեցինք Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, այսօր էլ եկել ենք հարգելու 25 տարի առաջ սումգայիթյան ցեղասպանությանը զոհ գնացած հարյուրավոր անմեղների հիշատակը։ Սումգայիթի ցեղասպանության արմատները շատ խորն են, մեր պատմական հիշողությունից այդ ձեռագիրը հայտնի է։ Խորհրդային տարիներին ինչ¬որ չափով մոռացության էինք մատնել, բայց ազերիները չէին զլանում մեզ հիշեցնել. 1965-70-ականներին 9-ամյա երեխայի՝ Նելսոն Մովսիսյանի՝ դպրոցի ազերի տնօրենի կողմից դաժան սպանությունը, Ստեփանակերտում տեղի ունեցած անարդար դատավարությունը, զանգվածային ցասման ալիքը և հետևանքները դեռ թարմ են մեր հիշողության մեջ։ Զոքանչիս քույրը պատմել է, թե Սումգայիթում ինչպիսի դաժանությամբ են սպանել Խորեն և Ժենյա Օհանյանների 18¬19 տարեկան աղջկան՝ Արեգային։ 
Հիշենք, որ չխաբվենք։ Հիշենք ու համախմբվենք։ Չարենցը ասել է. ՙՈվ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՚։ Իսկ մենք միայն օրհասական պահերին ենք համախմբվում։ Մեր հիշողությունը, Սումգայիթը մեզ կոչում են զգոնության և միշտ արթուն լինելու, քանզի դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու։  
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.