[ARM]     [RUS]     [ENG]

1989. ՙԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋ, ՈՉ ՄԻ ՆԱՀԱՆՋ՚

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության  հրամանագրով հունվարի 12-ից ԼՂԻՄ-ում մտցվեց կառավարման հատուկ ձև, և ստեղծված Հատուկ կառավարման կոմիտեն ԼՂԻՄ-ում իր գործունեությունը սկսեց հունվարի 20-ից։ 
Տեղում ծանոթանալով իրադրությանը՝ Կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին հունվարի 26-ին մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադր. ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի հետ, որի  ընթացքում քննարկվեցին ԼՂԻՄ-ում իրադրության նորմալացման և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասին ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի որոշումների կատարմանն առնչվող հարցեր։
Հունվարի 28-ին Արկադի Վոլսկին մեկնեց Երևան և հանդիպեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ս. Հարությունյանի հետ, ներկայացրեց Հատուկ կառավարման կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրները, հույս հայտնեց, որ առաջիկայում սերտ կապեր կստեղծվեն երկու հանրապետությունների և Կոմիտեի միջև։ 
ՙՄիացումը՚ քանի դեռ հնարավոր չէր, ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում Կոմիտեի գործունեությանը, նշմարվում էր հույսի որոշակի նշույլ, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
Իսկ մինչ այդ զգալի էին համագործակցության առաջին քայլերը, ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեի  հրամանով հունվարի 27-ից Ստեփանակերտում արդեն գործում էր տարածքային խմբագրաարտադրական միավորումը, հունվարի կեսերին Ստեփանակերտ է ժամանում ԽՍՀՄ ներքին  գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Վ. Բակատինը, և որոշվում է ներքին գործերի ԼՂ մարզային վարչությունը ենթարկեցնել ԽՍՀՄ ՆԳ նախարարությանը։ 
Բայց կառավարման հատուկ ձև մտցնելուց հետո  մարզում դադարեցվել է իշխանության տեղական մարմինների գործունեությունը, որն էլ տեղիք է տվել ժողովրդի արդարացի դժգոհությանը։
Փետրվարի 13. Արցախում մեկօրյա գործադուլ է հայտարարվել Ղարաբաղյան շարժման ակտիվիստների ազատ արձակման և ԼՂ մարզային խորհրդի լիազորությունների վերականգնման պահանջով։
Փետրվարի 16. Հրապարակվել է Հայաստանի Նախարարների Խորհրդի տեղեկագիրը, ըստ որի՝ գաղթականների թիվը հասնում է 166 հազարի, Ադրբեջանից գաղթականների հոսքը շարունակվում է։
Փետրվարի 19. Երևանում մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի  հիմնադիր-անդամ Իգոր Մուրադյանի (բանտարկյալ) պաշտպանության կոմիտե։
Փետրվարի 26. Ստեփանակերտում ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Ա. Վոլսկու մասնակցությամբ տեղի է ունեցել Սումգայիթի եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացումը։
Մարտի 2. Ժնևում ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբին Երևանում, Մոսկվայում և Կիրովաբադում բանտարկված՝ Արցախյան շարժման ղեկավարներին ազատ արձակելու խնդրանքով։
Մարտի 6-15. Արցախահայությունը գործադուլ է հայտարարել և պահանջել, որ Հատուկ կառավարման կոմիտեն իր անելիքների ու արածի մասին  պարբերաբար զեկուցի ժողովրդին, վերջ տա Արցախի ժողովրդական տնտեսությունը կրկին Ադրբեջանի հետ կապելու փորձերին, ժողովրդին թույլ տա ընտրել իր ցանկացած թեկնածուներին, վերացնել պարետային ժամը։ 
Հայկական ԽՍՀ պետական աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանից գաղթած  հայերի թիվը մարտի վերջին կազմել է 168 հազար 408 մարդ։
Մարտի 26. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների ընթացքում Արցախից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ են ընտրվել Արկադի Վոլսկին, Զորի Բալայանը, Հենրիկ Պողոսյանը, Վաչագան Գրիգորյանը, Բորիս Դադամյանը և Վագիֆ Ջաֆարովը։
Ապրիլի 23. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել։ Իսկ ներքին գործերի նախարարությունը ծանուցել է, որ Երևանի քաղաքային խորհուրդն արգելում է ապրիլի 24-ին որևէ հանրահավաք կամ ցույց անցկացնել։
Ապրիլի 24. Ժողովուրդը  շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող՝ պարզելով եռագույն դրոշն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը։ 
Մայիսի 1. ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամների ազատ արձակման և Ղարաբաղը Հայաստանին անհապաղ վերամիավորելու պահանջով հարյուր հազարանոց ցույց է տեղի ունեցել Երևանում։
Մայիսի 2. Արցախահայությունը կրկին հայտարարել է ընդհանուր գործադուլ՝ պահանջելով ԼՂԻՄ-ը վերամիավորել Հայաստանին, վերացնել պարետային ժամը, դադարեցնել ադրբեջանցիների կողմից սկսված  անօրեն շինարարական աշխատանքները։
 
(Շարունակելի)