[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ

Այսօր, երբ հանրապետությունում նշվում է Ղարաբաղյան շարժման նոր  դարաշրջանի  25-ամյակը, կարելի է միևնույն իրադարձությունների, Շարժման այս կամ այն մասնակցի դերի ու գործունեության վերաբերյալ լսել իրար հակասող տարբեր կարծիքներ ու գնահատականներ։ Այս ամենը ծնում է ասեկոսեներ, խեղաթյուրում  իրականությունը, որից պետք է խուսափել։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ազգային-ազատագրական պայքարի շարժիչ ուժը եղել է ժողովուրդը, որի մասին մենք  պարտավոր ենք միշտ հիշել։ Եվ ամենից առաջ հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին այդ պայքարին։ 
1988 թվականի փետրվարի 11-ին, ժամը 12-ի սահմաններում, կուսակցության  ԼՂ մարզկոմի պատասխանատու աշխատողներին ցուցում տվեցին հավաքվել  մարզկոմի բյուրոյի նիստերի դահլիճում։ Սովորաբար նման դեպքերում մեզ  նախազգուշացնում էին մեկ-երկու օր առաջ, ուստի մեզանից յուրաքանչյուրը սկսեց վերլուծել այդքան շտապ հավաքվելու պատճառը։ Բյուրոյի դահլիճ մտած՝  մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մռայլ դեմքից կարելի էր կռահել, որ ինչ-որ արտակարգ բան է տեղի ունեցել։ Նա համառոտակի տեղեկացրեց, որ վերջին ժամանակներս մարզում կազմակերպվում են ստորագրահավաքներ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նա արտահայտվեց, Հայաստանին ՙմիացնելու՚  համար։ Մարզից Մոսկվա են մեկնել ներկայացուցիչներ, իսկ երեք  կոլտնտեսություններում որոշումներ են ընդունվել այդ հարցի վերաբերյալ։  Միացման հարցով միութենական ատյաններին դիմող մարդկանց նա անվանեց  ՙծայրահեղականներ՚ և ՙազգայնամոլներ՚. նրանց սպառնաց պատժել վարչական, կուսակցական և քրեական կարգով, վտարել մարզից։ Այնուհետև Կևորկովը հայտնեց, թե իբր Մոսկվայից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ  Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի ՙմիացման՚ հարցը ԽՄԿԿ Կենտկոմում երբևիցե չի քննարկվել ու չի քննարկվելու, իսկ մարզի հասարակայնության  ներկայացուցիչներին միութենական մարմիններում չեն ընդունում ու մտադիր չեն  ընդունել։ Նա բոլորին հանձնարարեց մեկնել ձեռնարկություններ, կոլտնտեսություններ ու սովխոզներ և հայտնել այդ մասին։ Վերջում Բ. Կևորկովը  պաթոսով հայտարարեց. ՙԿմեռնենք, բայց Հայաստանի  հետ Ղարաբաղի միացումը  երբեք թույլ չենք տա՚։ Նա դժվար թե իմանար, որ դահլիճում ներկա գտնվող  հայերից ոչ մեկը, բացի իրենից, մեռնել չի պատրաստվում, այլ, ընդհակառակը,  յուրաքանչյուրը  երազել ու երազում է Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին։ 
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտ ժամանեցին Ադրբեջանի կոմկուսի  Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը, հանրապետության ՊԱԿ-ի  նախագահի տեղակալ Ն. Իմրանովը և կոմկուսի Կենտկոմի վարչական  մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադովը։ Նույն օրն էլ տեղի ունեցավ կուսակցության ԼՂ մարզկոմի  բյուրոյի նիստը, որտեղ Կոնովալովը  հաստատեց Կևորկովի՝ նախօրյակին արած հայտարարությունը։ Բաքվի իշխանությունները մինչ այդ ունեին  ԼՂԻՄ-ի  հայերի 1920 թվականի և հատկապես 1967 թվականի ազատագրական պայքարը ճնշելու փորձը և, հասկանալի է, հույս ունեին կարճ ժամկետում պատժել ՙծայրահեղականներին՚ և ՙազգայնամոլներին՚, այս անգամ վերջնականապես ու անդառնալիորեն վերջ տալ ԼՂԻՄ-ի հիմնախնդրին։ 
Փետրվարի 12-ին Ստեփանակերտում և շրջկենտրոններում նախատեսված էր  անցկացնել կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ՝ վերամիավորման  շարժումը դատապարտելու նպատակով` այն որակելով նացիոնալիստական, որպես առանձին ազգայնամոլների ձեռքի գործ, դրանցում ընդունել Ադրբեջանի համար ձեռնտու որոշումներ և ներկայացնել երկրի քաղաքական ղեկավարությանը՝ դրանով  իսկ  խեղդել ժողովրդական շարժումը։ Ստեփանակերտում կայացած ակտիվի ժողովում Բաքվից եկածները միացման կողմնակիցներին անվանեցին  ՙազգայնամոլներ՚ և ՙծայրահեղականներ՚, սպառնացին խստագույնս պատժել  նրանց։ 
Սակայն, ի զարմանս էմիսարների, ակտիվի մասնակիցները դատապարտեցին  Ադրբեջանի քաղաքականությունը և հանդես եկան Հայաստանի հետ Ղարաբաղի  վերամիավորման օգտին։ Առաջինը, որ խիզախեց փաստարկված քննադատության  ենթարկել ադրբեջանական իշխանությունների հակահայկական  քաղաքականությունը, Ստեփանակերտի  2718 ավտոշարասյան պետ Մաքսիմ  Միրզոյանն էր։ Նրանից հետո հեշտ էր ելույթ ունենալը։ Վերևներին չենթարկվելու  օրինակն արդեն կար։ 
Ասկերանի ակտիվի ժողովում ելույթ ունեցավ սովխոզի տնօրեն Յուրի Իսրայելյանը, որը պահանջեց Բ. Կևորկովի հրաժարականը։ ՙԿարմիր դրոշ՚ շրջանային թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանն առաջարկեց ընդունել վերամիավորման օգտին  որոշում։ Ակտիվի ժողովի ամբողջ ընթացքն այնքան էր խախտել ադրբեջանական  ղեկավարների պլանները, որ  Կոնովալովը բոլորովին կորցրել էր իրեն և  հայտարարել, որ ՙվերակառուցումը ժամանակավոր երևույթ է՚։
Ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայաստանի  հետ Ղարաբաղի  վերամիավորման մասին որոշում։ Իմանալով այդ մասին` Ասկերանի շրջակա գյուղերի բնակիչները հավաքվեցին շրջկոմի շենքի մոտ և անցկացրին  հանրահավաք։ 
Նույն ոգով անցավ ակտիվի  ժողովը Հադրութում, որտեղ, ինչպես  Մարտունիում,  կայացավ հանրահավաք։ Մարտունիում ակտիվի ժողով տեղի չունեցավ, որովհետև  Բաքվից եկածներին  չհաջողվեց մեկնել այնտեղ։ Բոլորին թվում էր, թե հենց այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, խորհրդային իրականության տասնամյակների ընթացքում  առաջին անգամ, խափանվեց վարչական համակարգի հուսալի լծակը՝ ակտիվը։ 
Ադրբեջանի ղեկավարները, ձգտելով սաղմնային վիճակում ճնշել ԼՂԻՄ-ի հայության շարժումը, գործի էին գցել սպառնալիքները, ահաբեկումը, շանտաժը, մի խոսքով՝ այն զինանոցը, որ տասնամյակներ շարունակ ՙփրկել է՚ իշխանություն ունեցողների հիմքերը։ Սակայն դրանով իսկ նրանք նկատելիորեն արագացրին իրադարձությունների ընթացքը, որոնք շուտով ամբողջ աշխարհում հայտնի դարձան որպես ՙիրադարձություններ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ՚։ Երկրում հայտարարված վերակառուցման երրորդ տարին էր ընթանում։ Հաջորդ օրը` 1988 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11-ին, Ստեփանակերտի Լենինի հրապարակում քաղաքի բոլոր ծայրերից մարդկանց խմբեր էին հավաքվել։ Մարզկոմի երկրորդ քարտուղար Վ. Բոգոսլովսկին մարզկոմի պատասխանատու աշխատողներին  առաջարկում է դուրս գալ ժողովրդի առաջ և արդեն հրապարակում հանձնարարում է ՙթիկունքից մտնել և ժողովրդին ստիպել ցրվել՚։ Բոլորը ՙճշտակատարներ՚ եղան և, անցնելով վերջին շարքերը, խառնվեցին հանրահավաքի մասնակիցներին։
Հանրահավաքի մասնակիցների մեջ կային նաև ադրբեջանցիներ, որոնք այն ժամանակ նույնպես արտահայտվեցին Հայաստանի հետ վերամիավորման օգտին՝ գտնելով, որ Հայաստանի կազմում կբարձրանա մարզի բնակչության կենսամակարդակը։ Ի պատիվ մարզկոմի երկրորդ քարտուղարի` նա մարզկոմի միակ ղեկավարն էր, որ մոտեցավ հանրահավաքի մասնակիցներին։ Կևորկովը, Կոնովալովը և նրա հետ ՙհյուր՚ եկածները, ովքեր սովոր էին տրիբունայից ընդունել  ՙաշխատավորների տոնական շքերթները՚, անհարմար վիճակի մեջ էին ընկել և տեղի ունեցածը դիտում էին կուսակցության մարզկոմի շենքի երրորդ հարկի պատուհանների վարագույրների ետևից։ Ելույթ ունեցողներ Ա. Կարապետյանը, Գ. Աֆանասյանը, Ս. Առուշանյանը Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատություն հեղեցին, պահանջեցին  Կևորկովի հրաժարականը և արտահայտվեցին Հայաստանի հետ մարզի միավորման օգտին։
Այստեղ առաջին անգամ հնչեց ՙմիացում՚ բառը։ Ցուցարարների մոտ կային Գորբաչովի, Գրոմիկոյի և Քաղբյուրոյի այլ անդամների նկարները։ Մարդիկ վանկարկում էին ՙմիացում՚, լոզունգներ վերակառուցման, հրապարակայնության, ժողովուրդների բարեկամության մասին` ի պաշտպանություն Գորբաչովի և լենինյան ազգային քաղաքականության։ Դա ժողովրդավարության սկիզբն էր Լեռնային Ղարաբաղում։ Երևում էր, ԼՂԻՄ-ի հայերը լրջորեն հավատացել էին վերակառուցմանը, հրապարակայնությանը և ժողովրդավարությանը։ 
Փետրվարի 13-ի երեկոյան կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստին հրավիրվել էին Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի շրջկոմների և Ստեփանակերտի քաղկոմի անդամները։ Նիստն անցկացվում էր Կոնովալովի, Իմրանովի, Ասադովի և նրանց օգնության հասած՝ Ադրբեջանի կոմկուսի  ԿԿ քարտուղարներ Օրուջևի ու Մեհթիևի մասնակցությամբ։ Ստեղծված իրավիճակի անկողմնակալ վերլուծության և դրանից դուրս գալու ուղիներ փնտրելու փոխարեն հանրապետության էմիսարները դիմեցին կոպիտ հարձակումների, շանտաժի, սպառնալիքների, ինչի մասին պատմեցին ՙմշակումից՚ հետո դուրս եկած՝ շրջանների ղեկավարները։ Նույն երեկոյան Ստեփանակերտի քաղկոմի քարտուղարներ Զավեն Մովսիսյանի և Հրանտ Մելքումյանի ներկայությամբ Ասադովի շուրթերից հնչեց հետևյալ սպառնալիքը. ՙՄարզ կարող են մտնել 100 հազար զինված ադրբեջանցիներ հարևան շրջաններից, և դա կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների՚։ Զգալով, որ հանրապետության իշխանությունները գիտակցաբար ավելի են լարում իրադրությունը, մարզկոմի աշխատողների մի մասն առաջարկեց հեռագրեր ուղարկել միութենական մարմիններին, սակայն ոմանք, ըստ երևույթին, վախենալով ամենազոր Կևորկովից, առաջարկեցին չշտապել։ Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը Ստեփանակերտի քաղկոմ կանչվեցին հարյուրավոր մարդիկ, կուսկոմիտեների քարտուղարներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, թաղային կոմիտեների ներկայացուցիչներ։ Քաղկոմի բյուրոյի անդամների ստորագրությամբ  Մոսկվա ուղարկվեցին հեռագրեր այն մասին, որ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը, հանրապետության ՊԱԿ-ը և ՆԳՆ-ն փետրվարի 14-ին պլանավորել են ՙքաղաքական սպանդ՚ Ստեփանակերտում։ Առավոտյան ժամը 9-ի սահմաններում Կևորկովը մտավ բյուրոյի դահլիճ և առանց որևէ բացատրության բոլորին առաջարկեց դուրս գալ հրապարակ և բառացիորեն խնդրել ժողովրդին, որ հանրահավաք չանցկացնեն և ցրվեն տները։ Չնայած վաղ առավոտվա ցրտին,  հազարավոր մարդիկ հրապարակում սպասում էին հանրահավաքին։ Մարզկոմի, քաղկոմի համարյա ողջ աշխատակազմը, հիմնարկությունների շատ ղեկավարներ մարդկանց համոզում էին ցրվել։ Հանրահավաքի կազմակերպիչ Արկադի Կարապետյանը ևս ցրվելու կոչ էր անում։   Այստեղ հարկ է նշել Իգոր Մուրադյանի և Հայաստանի ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանի տեղը Շարժման  կազմակերպման գործում։ 
Սակայն վերադառնանք հրապարակ։ Մենք ընկերոջս հետ Չ. Իսմայլովի և մարզգործկոմի շենքի 3-րդ հարկի ծայրի աշխատասենյակների պատուհաններին ՙֆիքսեցինք՚ հեռուստախցիկների օբյեկտիվներ և ուշադրություն դարձրինք ստեփանակերտցիներին հայտնի ՙՊյատաչոկ՚ պուրակի մոտ անփութորեն կայանված ՙշտապ օգնության՚ մեքենային։ Մենք ուղղվեցինք դեպի կասկածելի մեքենան։ Ճանապարհին հանդիպեցինք ՊԱԿ-ի աշխատակից Վոլոդյա Չիստյակովին և ցանկացանք որևէ բան պարզել։ Սակայն նա ազնվորեն խոստովանեց. ՙՇքերթը ղեկավարում են Բաքվից եկածները՚։ Ավելի ուշ՝ 1991 թվականի նոյեմբերին, ՊԱԿ-ի  այս աշխատակցին, որն Արցախում աշխատել է մի քանի տարի և ազնվորեն ծառայել խորհրդային պետությանը, Աղդամի շրջանի Շահբուլաղ տեղանքում սպանել են ադրբեջանցիները, թուրքական ավանդության համաձայն կտրելով գլուխը։ 
 
Հովհաննես  ԼԱԶԱՐՅԱՆ
(Շարունակելի)