[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

P4010141.jpgՀոդվածն ուզում եմ սկսել հայտնի ասացվածքով. ՙԱնցյալը գտնվում է ներկայի մեջ, ներկան շնչում է ապագայով՚:
Այսօր հպարտության զգացումով եմ գրում, որ անցյալ դարի 60-70 ական թվականներին մեր անմիջական նախաձեռնությամբ և օժանդակությամբ կառուցվեց նախկին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի  գործկոմի նոր շենքն  իր դահլիճով, որտեղ էլ կայացել է մեր ազգային- ազատագրական պայքարի 25¬ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ 1988 թվականի փետրվարի 20-ին այդ շենքի դահլիճում է տեղի ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարաման  խոհրդի արտահերթ պատմական նստաշրջանը: 
Կցանկանայի հակիրճ ներկայացնել շենքի կառուցման հետ կապված որոշ մանրամասներ:
1969 թվականին, երբ մարզգործկոմի նախագահ էի, մի առիթով  ՙԱդրպետնախագծում՚ հանդիպեցի մի հայազգի տաղանդավոր ճարտարապետի`  Հովհաննիսյան ազգանունով։ Իմանալով իմ ով լինելը, նա դիմեց ինձ. ՙՄուշեղ Գրիգորիչ, կխնդրեմ Ձեր միջնորդությունը Նախարարների Խորհրդի թույլտվությամբ Ստեփանակերտում մարզգործկոմի մի նոր շենք կառուցելու հարցում՚:
Գաղափարն իսկույն գլուխս մտավ, անմիջապես դիմեցի Նախարարների Խորհրդի նախագահ Էնվեր Ալիխանովին։
Նա իմ ներկայությամբ զանգահարեց ՙԱդրպետնախագծի՚ տնօրենին և հանձնարարեց ամենասեղմ ժամկետում ընտրել մի հարմարավետ նախագիծ և ներկայացնել իրեն:
1970 թվականին պլանի մեջ մտցվեց շենքի կառուցումը: Նախագծով նախատեսվում էր վեց հարկանի շենք` բոլոր հարմարություններով և վերելակով:
Գործող կարգի համաձայն` շենքի կառուցումը պիտի համաձայնեցնեի կուսմարզկոմի հետ: Խնդրեցի կուսմարզկոմի առաջին քարտուղար Գուրգեն Մելքումյանին` բյուրոյի անդամներին հավաքել, որպեսզի հարցը ներկայացնեմ:
Բյուրոյի նիստում կուսմարզկոմի երկրորդ քարտուղար, Բաքվից գործուղված էմիսար Նիկոլայ Վոլոդինն ինձ ասաց. ՙԱյդ էր պակաս, որ մարզգործկոմը բարձր լինի կուսմարզկոմից՚: Պատասխանեցի` ՙԸնկեր Վոլոդին, ոչ թե մարզգործկոմը կուսմարզկոմից, այլ մարզգործկոմի շենքը կուսմարզկոմի շենքից, ձեր աշխատողների թիվը մարզկոմի բաժիններում կազմում է մոտ 50 հոգի, իսկ  մարզգործկոմում, վարչությունների հետ միասին` 350 հոգի՚:
Բյուրոյի անդամներից միայն մարզկոմի քարտուղար Ալեքսանդր Հարությունյանը պաշտպանեց ինձ` ասելով. ՙՕհանջանյանն իր հոր տունը չի կառուցում, ինչո՞ւ եք առարկում՚: 
Օգտվելով կուսմարզկոմի առաջին քարտուղարի անվճռականությունից` որոշեցին շենքը կառուցել 5 հարկանի, առանց վերելակի: Ինչևիցե, եթե այն ժամանակ շենքը կառուցված լիներ ըստ նախագծի,  անհրաժեշտություն չէր լինի հետագայում կառավարական նոր մասնաշենք  կառուցել: 
Այդ տարիներին է կառուցվել նախկին Լենինի անվան, ներկայիս Վերածննդի հրապարակը, որտեղ էլ հետագայում անցկացվեցին մեր ազգային-ազատագրական պայքարի բազմամարդ ցույցերը, հանրահավաքները: 
Այդ տարիներին, Ադրբեջանի ազգայնամոլների կամքին հակառակ, կառուցվեց  Ստեփանակերտի օդանավակայանը։ Մայրաքաղաքում տեղադրվեց  հայկական ԽՍՀ մշակույթի  վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, մեր հայրենակից Սարգիս Բաղդասարյանի ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշակոթողը, որը դարձել է Ադրբեջանի ազգայնամոլների աչքի գերանը:
Նրանք ամեն գնով ցանկանում էին մեզ մեղադրել  ազգայնամոլության մեջ: Լկտիաբար ասում էին. ի՞նչ նպատակ եք հետապնդել քանդակը` հայկական կարմիր տուֆով, տեղադրելով Ստեփանակերտում,  դրանով ցանկանում եք ապացուցել, որ այդ հողից, այդ տարածքից միայն ու միայն ղարաբաղյան տարազով ապագա տատիկներն ու պապիկներն են ծնվո՞ւմ:
Մեր բացատրությունները, որ այդ քանդակը մշակութային մեծ արժեք ունեցող գեղարվեստական գործ է, որն Իտալիայում կայացած ցուցահանդեսում արժանացել է  առաջին կարգի դիպլոմի, որ այն  խորհրդանշում է ընտանիքի համերաշխությունը, բարեկեցությունը, նվիրվածությունը, երկարակեցությունը, նրանց կողմից անտեսվում էին: 
Եթե Ադրբեջանի ազգայնամոլների այդպիսի պահվածքը հասկանալի պատճառով կարելի էր տանել, միանգամայն անտանելի էր Բաքվից գործուղված էմիսար, կուսմարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի վերաբերմունքը:
Մի քանի ամիս աշխատեցի նրա հետ` որպես մարզգործկոմի նախագահ։ Մի առիթով իրեն յուրահատուկ ղարաբաղյան բարբառով երեսովս տվեց. ՙՏուք էլ իբր թե կործ ըք ըրալ, էս հինչը՞ք ցեց կցրալ ստեղ, իզուր տեղը կլխնես դարդ ու բուլա սարքալ՚: Ես, որ բնավորությամբ հանգիստ մարդ եմ, չկարոզացա հանդուրժել այդպիսի կշտամբանքը. ՙՉգիտեմ՝ այդ քանդակն ում համար է դարդ ու բուլա դարձել, ինձ և ինձ նման շատ-շատերի համար հարգանք ու պատիվ է՚:
Իմ այդ պատասխանը նմանատիպ այլ պատասխանների  հետ միասին հիմք հանդիսացավ, որպեսզի ավելի քան 14 տարի ապրեմ Բաքվում։ Բնակարանս գտնվում էր կառավարության շենքի մերձակայքում, որտեղ գիշեր ու ցերեկ ապաստան էր գտել թուրք ազերիների գորշ գայլերի ոհմակը: Թե ինչպես էին իրենց պահում, ինչպիսի լուտանքներ էին թափում հայերի, հատկապես ղարաբաղցիների հասցեին, բառերով արտահայտել հնարավոր չէ:
Ցավով ուզում եմ նշել, որ ԽՍՀՄ կուսակցական կառավարական բարձրագույն ատյանները, միջազգային հանրությունը արժանի գնահատական չտվին սումգայիթյան ցեղասպանությանը: Ինքս անձամբ ականատես եմ եղել և մասնակցել անմեղ զոհերի հուղարկավորման բոլոր արարողություններին: Ղարաբաղում լայն թափ ստացած զանգվածային ցույցերից խուսափելով` Ադրբեջանի ղեկավարությունը որոշել էր սումգայիթյան զոհերին, որոնք հիմնականում ղարաբաղցիներ էին, հուղարկավորել Բաքվի Լոկբաթանի և ՙՈւթերորդ կիլոմետր՚ կոչվող հայկական թաղամասի գերեզմանատներում: Նրանք, զգալով իրենց մեղքը, աղվեսի կեցվածք ընդունելով, կանչել էին ինձ (այն ժամանակ աշխատում էի որպես Ադրբեջանի ՙԳյուղքիմիա՚ հանրապետական միավորման նախագահի առաջին տեղակալ) և Ադրբեջանի անտառտնտեսության, փայտամշակման նախարար Ա. Հայրիյանին, որպեսզի մասնակցենք հուղարկավորման արարողություններին: Բաքվի դիահերձարանում դիակները տեսնելուց հետո դժվարանում եմ  հասարակ բառերով նկարագրել խոշտանգված, կաշիները քերթված, գազանների ձեռքն ընկած մարդկանց։ Մինչև հիմա էլ չեմ մոռացել Մելքումյանների ընտանիքի հինգ խոշտանգվածներին: 
Օգտվելով վերադասի թողտվությունից` ադրբեջանցի ազգայնամոլները սկսեցին իրենց գայլային ժանիքները սրել ամբողջ հայ ազգի բնակչության դեմ և իրականացրին Բաքվի, Կիրովաբադի և մյուս ջարդերը: 
     1989 թվականին հազարավոր հայերի հետ վերադարձա իմ ծննդավայրը: 1990 թվականից իմ հայրենակիցների հետ տարա մեզ պարտադրած պատերազմի բոլոր դառնությունները։
  1993 թվականին մեր նորաստեղծ  ԼՂՀ ղեկավարությունն ինձ առաջարկեց գլխավորել նորաստեղծ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 7 տարուց ավելի եղել եմ այդ պաշտոնում։ 
Վերհիշելով այս ամենը` կցանկանայի հիշեցնել, որ ավագ սերունդը, 70 տարի շարունակ գտնվելով Ադրբեջանի հակահայկական քարոզչության ճնշման տակ, ձեռքերը ծալած, նստած, երկնայինից ողորմություն խնդրելիս և գլուխ պահելիս չի եղել, նրանք էլ են արել իրենցից կախված ամեն ինչ՝ հայկական շունչն ու հոգին, կամքը, պայքարը, գիրն ու գրականությունը, մշակույթն ու արվեստն Արցախ աշխարհում պահպանելու համար: 
Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումները  ցուցադրեցին, որ Արցախի երիտասարդությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հարենիքի ապագայի համար և պատրաստ է պահպանել ու պաշտպանել նախնիներից ժառանգած ազգային արժեքները:
Ավարտելով խոսքս` սրտանց շնորհավորում եմ Արցախյան ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ։ 
 
 
 
Մուշեղ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ