[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՈՒՄԳԱՅԻԹԸ՚ ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթի ողբերգության մասին բազմաթիվ գրքեր ու գրքույկներ, ժողովածուներ ու փաստաթղթեր, հարյուրավոր հոդվածներ կան։ Սամվել Շահմուրադյանի ՙՍումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններում՚ երկհատորյակի մեջ ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին։ Եվ մեղքը հեղինակինը չէ։ Ողջ ընտանիքը զոհվել էր փետրվարի 29-ին։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից սկսած։ Եվ չնայած դրան, բարձր ամբիոնից հայտարարեց, թե զորքերն ուշացել են երեք ժամով, իսկ Մելքումյանների ընտանիքը  ոչնչացվել է փետրվարի 29-ին։
Մեկ այլ հետազոտող Հրայր Ուլուբաբյանը հրատարակել է երեսուն փաստաթղթեր մահվան մասին։ Դրանց մի մասը լրացված է ռուսերեն տեքստով՝ ՙԲժշկական տեղեկանք մահվան մասին՚ վերնագրով բլանկների վրա, մյուս մասը՝ ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով ՙՄահվան վկայականների՚։ Բոլորի ախտորոշումը համարյա թե միանման է. ՙԳանգոսկրի բեկորային կոտրվածքներ, որովայնի ներթափանցիկ կտրված-ծակված վերք, այրվածքներ՚։ Այդ ախտորոշումներն ունեին Մելքումյանների ընտանիքի բոլոր հինգ անդամները, որոնք ապրում էին Սումգայիթի 42ա թաղամասի 26 շենքի 21-րդ բնակարանում։ Հայրը՝ Սողոմոն Մարգարի Մելքումյանը, ծնված 1931 թվականին, մայրը՝ Ռաիսա Արսենի Մելքումյանը, ծնված 1934 թվականին, որդիները՝ Իգորը և Էդվարդը, ծնված 1957, 1960 թվականին, դուստրը՝ Իրինան, ծնված 1961 թվականին։ Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում տեղի ունեցած դատավարությունների ժամանակ ականատեսները ցուցմունքներ են տվել, որոնց համաձայն բոլոր հինգ  Մելքումյաններին ծեծից ու ծանակումներից հետո ողջ-ողջ վառել են հենց փողոցում։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ջիլան փոքրիկ գյուղից էին։ Արցախի իրենց հայրենիքում հիմա մնացել են միայն մի քանի հեռավոր ազգականներ։ Այդպես 1988 թվականի փետրվարի 29-ին անհետացավ մի ողջ տոհմ։ Հենց սա է ցեղասպանությունը (գենոցիդ)։ Հունարենից թարգմանված ՙգեն՚՝ նշանակում է ՙտոհմ՚, իսկ լատիներեն ՙցիդ՚՝  ՙսպանել, ոչնչացնել՚։ Նրանք վերջին զոհերից էին։ Գուցե յուրովի ճի՞շտ էր Գորբաչովը. եթե զորքերը երեք ժամ շուտ գային, կփրկվեին եղբայրներ Վալերի և Ալբերտ Ավանեսյանները, հայր և որդի Արմո և Արթուր Արամյանները, շատ-շատերը։ Ի դեպ, Արամյանները ծնունդով արցախյան Քյաթուկ գյուղից էին և իմ ազգականները՝ մայրական գծով։ Դժվար է նկարագրել մորս վիճակը այն արյունոտ օրերին։
Ականատեսները պատմում են, որ անպատժելիությունը այդ հոգեառներին ժամ առ ժամ ավելի լկտի ու համարձակ էր դարձնում։ Պատահական չէ, որ ամենից շատ զոհեր ու ջարդեր եղան հենց չորրորդ օրը, փետրվարի 29-ին։ Եթե Տուլայի օդադեսանտային դիվիզիայի 137-րդ ռյազանյան գունդը վերջապես չհասներ Սումգայիթ, ապա զոհերի թիվն անհաշվելիորեն կաճեր։ Գնդապետ Ալեքսանդր Լեբեդը, որը մարտին ընդունեց դիվիզիայի հրամանատարությունը, Սումգայիթ եկավ այն ժամանակ, երբ դեռ օդում ճենճերահոտ էր կանգնած։
Իր ՙՏերության համար եմ ցավում՚ գրքում արդեն գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Լեբեդը գրելու էր. ՙԱյն ժամանակ, 1988 թվականի փետրվար-մարտին սկսեց գրվել անկանխատեսելի, անսպասելի, վայրի, տեղ-տեղ՝ արյունոտ, տեղ-տեղ էլ ծայրահեղ ստոր էջ և՜ զինուժի, և՜ հայրենիքի պատմության, և՜ իմ անձնական կենսագրության մեջ։ Ամենացավալին կայանում է նրանում, որ միջոցների ընտրության մեջ ստորությունը, անազնվությունն ու տհասությունը բխում էին մարդկանցից, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում պետությունում։ Նրանք այնտեղ, վերևներում ինչ-որ սեփական բարձր ռազմավարական նպատակներ էին հետապնդում, խարդավանքներ հյուսում, կնքում ցանկացած գործարքներ, այդ թվում նաև սատանայի հետ, իսկ ներքևում, հենց նրանց մատուցմամբ, նրանց ակտիվ մասնակցությամբ կամ դիտավորյալ անմասնությամբ տեղի էր ունենում ժողովուրդների թունավորումը, աճում ու ծավալվում էր արյունալի անօրինությունը, դրվում էին մեծ պետության փլուզման ու կործանման հիմքերը (եթե կարելի է դրանք հիմքեր անվանել)…Սումգայիթում  ես առաջին անգամ Աֆղանստանից հետո, իմ հարազատ հողի վրա (այն ժամանակ այդպես էի կարծում) տեսա հրկիզված բեռնատարներ ու ավտոբուսներ, այրվող տներ, մարդկանց բնականից սև, բայց կրած սարսափներից ճերմակած մազեր և աչքեր, աչքեր…Այդ ժամանակ էլ առա միջնադարյան սադիզմի հոտը, գազանային, անմարդկային դաժանության հոտը, թանձր միայուսված տխմարության հետ…՚։
Թվում է, թե իր ողջ էությամբ ՙսումգայիթը՚ պետք է բացեր վերակառուցման նախաձեռնող Գորբաչովի աչքերը, որն ուներ թե՜ իրական (եթե չասենք՝ անսահմանափակ) իշխանություն, և՜ դրա կիրառման շոշափելի մեխանիզմներ, որպեսզի ոչ միայն վճռականորեն պատժեր չարին, այլև այն ժամանակվա  լավագույն լուծումը գտներ Ղարաբաղի և Նախիջևանի հարցերը լուծելու համար։ Հանուն արդարության պետք է ասել, որ Քաղբյուրոյի փետրվարի 29-ի վերը նշված նիստում  Միխայիլ Գորբաչովը բավական հանգամանորեն խոսեց Նախիջևանի հայկական ինքնավար հանրապետության խիստ սրված խնդրի մասին. ՙԵս հարցնում եմ Վիկտոր Միխայլովիչին (ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Չեբրիկովը - Զ.Բ.)՝ ի՞նչ ես դու այնտեղ արել սահմանային գծի հետ։ Նա ինձ ասում է, թե Նախիջևանում, որտեղ անցնում է սահմանագիծը, մեր սահմանապահներն ունեն իրենց հողաշերտը, որի վրա տեղադրված են ուղեկալները։ Իսկ սահմանամերձ գոտու ողջ խորությունը որոշում են տեղական մարմինները, տվյալ դեպքում՝ հանրապետական (ադրբեջանական - Զ.Բ.)։ Եվ ի՞նչ որոշում է ընդունվել։ Ողջ Նախիջևանը  համարվել է սահմանամերձ գոտի։ Ազատ մուտքն այնտեղ արգելվել է։ Բայց չէ՞ որ այնտեղ թաղված էին ցեղասպանության զոհերը, այնտեղ են նրանց գերեզմանները։ Այնտեղ հայկական մշակույթի 90 հուշարձան կար, որից միայն մեկն է մնացել։ Եվ վե՜րջ։ Ոչ մեկին թույլ չեն տալիս այն պատճառաբանությամբ, որ դա սահմանամերձ գոտի է՚։
Ի դեպ, նա, չգիտես ինչու, ոչինչ չասաց Ջուղայում ոչնչացված հազարավոր ու հազարավոր շիրմաքար-խաչքարերի մասին։ Չէ՞ որ ես իրեն այդ մասին էլ էի ասել։
Սումգայիթյան ջարդերից հետո առաջին օրերին Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը շոկի մեջ էր։ Տրամաբանորեն նրանք սպասում էին մի ինչ-որ քաղաքական գնահատականի՝ դրանից բխող կազմակերպչական և իրավաբանական հետևություններով։
Սակայն բառացիորեն մեկ  օր անց կենտրոնական թերթերը, ասես պայմանավորված, սկսեցին գրել բացառապես ՙԼեռնային Ղարաբաղի իրադարձությունների և դրանց շուրջ՚։ Ավելի շատ գրում էին ժողովուրդների բարեկամության մասին։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի ուրախ հարսանիք, որտեղ փեսան ադրբեջանցի էր, հարսը՝ հայուհի։ Նորապսակ ՙարտիստները՚ խցիկի առջև բոցաշունչ ինտերնացիոնալիստական ճառեր արտասանեցին։ Հանցագործության հետքերը ջնջելու գծով առանձնակի ակտիվություն հանդես բերեց ԽՍՀՄ դատախազությունը։ Ավելի ու ավելի հաճախ էին ասում. ՙԵղել են զոհեր տարբեր ազգությունների ներկայացուցիչներից՚։ Զանգվածային սպանությունների օրը (փետրվարի 28-ին) ՙՍումգայիթի կոմունիստ՚ թերթը առաջնորդող հոդվածում գրում էր. ՙՍումգայիթցիների, ինչպեսև մեր հանրապետության բոլոր աշխատավորների շրջանում ջերմ արձագանք գտավ ԽՄԿԿ Կենտկմի գլխավոր քարտուղար Գորբաչովի դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովրդին։ Հազարավոր մարդիկ լսում էին այն աշխատանքային կեսօրին, քննարկելով աշխատավայրում և տանը, գործընկերների և բարեկամների հետ։ Բառացիորեն մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հաղորդվեց Միխայիլ Գորբաչովի դիմումը, սկսեցին խմբագրություն գալ տարբեր ազգությունների մարդիկ…՚։ Այդ փարիսեցիությունն ու լկտիությունը շարունակվեցին հետագա բոլոր օրերի ընթացքում։ Իսկ 1988 թվականի մարտի 4-ին ՙՍումգայիթի կոմունիստ՚ թերթը տպագրեց տեղեկատվություն այն մասին, որ ՙստեղծվել է կառավարական հանձնաժողով Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Սեիդովի գլխավորությամբ։ Լուծվում են բոլոր հարցերը՝ կապված բնակելի տների և հասարակական շենքերի վերանորոգման հետ՚։ Ահա թե ինչպիսի ՙբոլոր հարցեր՚ էին լուծվում այն ժամանակ, երբ անմեղ զոհերի արյունը դեռ չէր հասցրել չորանալ քաղաքի ասֆալտի վրա։
Բաքվի կուսակցական և կոմերիտական թերթերում տպվում էին նյութեր, որտեղ հայի կերպարը տրվում էր որպես Ադրբեջանի երդվյալ թշնամու։ Իսկ ջարդարարներին վերագրվում էր այն մեղքը, թեՙՍումգայիթը վերածվեց բնապահպանական դժոխքի՚։ Եվ արդեն բոլորովին սանձարձակվեցին, երբ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նիստին Գորբաչովը, ամբողջովին մերժելով ՙցեղասպանություն՚ տերմինը ՙսումգայիթի՚ առումով, ողջ երկրով մեկ հայտարարեց. ՙՑեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է, իսկ Սումգայիթում գործել են ընդամենը հասարակության թափթփուկները։ Եվ դա ասում է ղեկավարը այն պետության, որը վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված համաձայնագիրը ՙՑեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին՚։ Իսկ չէ՞ որ դրա մեջ ընդգծվում է. ՙՑեղասպանության տակ պետք է հասկանալ հետևյալ գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգային, ռասայական կամ կրոնական խումբ լիովին կամ մասնակիորեն որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով. նման խմբի անդամների սպանությունը, նման խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ կամ հոգեկան խանգարումներ պատճառելը՚։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահը որպես փաստարկ բերում էր նաև զոհերի թիվը։ Իբր, երեսուներկու սպանվածները քիչ են։ Մինչդեռ, համաձայն Գլխավոր Ասամբլեայի համաձայնագրի՝ ՙքանակական բնութագիրը որոշող չէ ցեղասպանության հանցագործության դեպքում։ Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարված է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով՚։ Այնպես որ, հայերի զանգվածային սպանությունները, զանգվածային ճնշումները և վտարումները Խորհրդային Ադրբեջանի կազմ մտած նրա պատմական հայրենիքից, ինչպես նաև Սումգայիթից և Բաքվից, համաձայն  միջազգային բոլոր օրենքների, որակվում են որպես ցեղասպանություն։
Պատահական չէ, որ հենց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1988 թվականի տխրահռչակ նիստից հետո, որը հեռարձակվեց Կենտրոնական հեռուստատեսությամբ, հայտնվեցին հրապարակումներ, որտեղ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրում էին հենց զոհին։ Սումգայիթի փախստականներին վռնդում էին փողոց։ Հայերի դեմ վիրավորական հարձակումների կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդային, այլև արտասահմանյան մամուլում։ Ադրբեջանական բանաստեղծը գրում էր ՙՖիգարո՚-ում (1988 թվականի հոկտեմբերի 24). ՙԵթե նույնիսկ չլիներ ՙսումգայիթը՚, հայերը կհորինեին այն։ Հայ ժողովուրդը մազոխիստ է։ Նրան պետք է հավերժ պայքարել, արբել մահով և դժբախտությամբ՚։ Պատահական չէ, որ 1989 թվականի փետրվարին, ողբերգության առաջին տարելիցին, Բաքվի ցույցերում սումգայիթյան մարդասպանները հայտարարվեցին հերոսներ, և նրանց պատվին քեֆեր կազմակերպվեցին։ Հիրավի, որքա՛ն ճիշտ էր Փյոդոր Տյուտչևը. ՙԵվ նորից ճիշտը խնջույքի նստած դահիճն է, իսկ զոհերը  հանձնված են չարախոսության՚։
Կազմակերպված հանցագործության անպատժելիությունը, որը համատարած կեղծիքի, բռնության և ազգային հարցերը ՙլուծելու՚ գործուն նախադրյալներ է ստեղծում, դարձավ ահռելի երկրում սկիզբ առած ՙսումգայիթների՚ շղթայական ռեակցիայի նախապատճառ։ Երևանի համալսարանի պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, հենց որ պարզվեց, որ Կրեմլը չի էլ մտածում ցավակցություն հայտնել Սումգայիթի զոհերի հարազատներին ու մերձավորներին, առաջիններից մեկը թվարկեց գալիք ՙսումգայիթների՚ անունները. Շուշի, Կիրովաբադ, Օշ, Թուրքմենիա, Ֆերգանա, Հյուսիսային Կովկաս։
Ցավոք, վերակառուցման նախաձեռնողն այդպես էլ չհասկացավ, որ այլընտրանք չունի ՙսումգայիթին՚ քաղաքական և իրավաբանական գնահատական տալուն։ Որպես խորհրդային վերջին պառլամենտի ժողովրդական պատգամավոր ինձ շատ անգամներ է վիճակվել հանդիպել Գորբաչովի, Յակովլևի, Լուկյանովի և պետության այլ ղեկավարների հետ։ Եվ ամեն անգամ ապարդյուն փորձել եմ համոզել նրանց, որ ՙսումգայիթի՚ ու ՙսումգայիթների՚ անպատժելիության ամենասարսափելի և վտանգավոր հետևանքներից մեկն այն է, որ ժողովուրդն արդեն խառնում ու միևնույն կույտի մեջ է նետում ՙխորհրդային՚ և ՙռուսական՚ հասկացությունները։ Հակառուսական տրամադրությունները և նույնիսկ դրանց եզակի բռնկումները Երևանի բազմահազարանոց ցույցերում, մեզ համար անհավատալի երևույթ էին, եթե չասենք՝ հիմարություն։  Իսկ սադրիչ հրապարակումներից ու հեռուստահաղորդումներից, կամ  պետական այրերի չմտածված ելույթներից հետո, ՙսումգայիթի՚ կազմակերպիչների նկատմամբ դատավարական  զավեշտից հետո սկսեցին հնչել թեկուզ թույլ, բայց հակառուսական նոտաներ։ Միաժամանակ դժվար չէր գուշակել. ՙսումգայիթների՚ տարածումը երկրում հանգեցնելու է նրան, որ և՜ դժբախտությունը, և՜ արյունահեղության մեղքն ու նույնիսկ պատասխանատվությունը գցելու են ռուսների վրա, եթե նույնիսկ բռնելու էլ լինեն  հանցագործների ձեռքը, ինչպես դա եղավ (ճիշտ է, դարձյալ մեծ ուշացումով) հունվարին Բաքվում, որտեղ իրականացավ Գորբաչովի ՙմարգարեությունը՚. կազմակերպված ցեղասպանության զոհեր դարձան 207 հազար բաքվեցի հայեր։ Իսկ խորհրդային (ռուսական) զինվորները, որոնք փրկում էին հրաշքով ողջ մնացած մարդկանց, օգնելով նրանց հասնել Կրասնովոդսկ, Մոսկվա և Երևան, ամեն տարի հունվարի 20-ին հեռուստաէկրաններից հայտարարվում են ՙԱդրբեջանում ժողովրդավարությունը սպանողներ՚։ Ի մեծագույն ափսոսանք, շուտով  քաղաքական շատ գործիչների և ժուռնալիստների համար հենց այդպիսի ՙհակառուսական՚ մոտեցումը ՙթեժ՚ կետերում  կատարվածի գնահատման նկատմամբ դարձավ համարյա թե նորաձևություն, եթե չասենք՝ համարձակության դրսևորում։
1988-1989 թվականների Բաքվի հակահայկական ցույցերում կոչ էր արվում. ՙՊետք է ողջ Ադրբեջանը, Նախիջևանը, Ղարաբաղը մաքրել հայերից, որպեսզի նրանց զրկենք վրիժառության հնարավորությունից՚։ Ահա այսպես միմյանց ձայնածեցին ՙսումգայիթի՚ կազմակերպիչները և երիտթուրքական գաղափարախոսության ջատագովներից մեկը՝ Բահաէդդին Շաքիրը, որը 1915 թվականի հայերի ցեղասպանության հրեշավոր ծրագրի քննարկման ժամանակ նախազգուշացրեց. ՙՄենք ստանձնել ենք շատ կարևոր, ծանր պարտականություն և եթե այն չկատարենք մինչև վերջ, ապա համոզված եղեք, որ չենք փախչելու հայերի վրեժխնդրությունից՚։ Ինչպես հայտնի է, հենց այդ չարագուշակ միտքը դարձավ ուսումնական ձեռնարկ հիտլերականների համար, որոնք կազմակերպեցին Հոլոքոստը։
 
(Շարունակելի)
Զորի ԲԱԼԱՅԱՆ