[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՈՒՄԳԱՅԻԹԸ՚ ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Zori.jpgԳիտակցելով հայտնի ճշմարտությունը, թե դահիճների հանդեպ խղճահարությունը վերաճում է դաժանության զոհի նկատմամբ, հայերն այնուամենայնիվ չդիմեցին վրեժխնդրության։ Ժողովուրդը, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, չէր կարող չիմանալ, որ թշնամանքը որպես ինքնանպատակություն, ուղիղ ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում։ Իսկ զենք վերցրեց միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղին պատերազմ պարտադրեցին։ Շատ բան արվեց, որպեսզի ժողովուրդը ո՜չ ՙսումգայիթին՚, ո՜չ ՙբաքվին՚ կրոնական բնույթ չվերագրի։ 
Այդ բախումն իրոք, կրոնական չէր, և ոչ էլ նույնիսկ տարածքային, քանզի խոսքը ոչ թե տարածքի մասին է, որպես այդպիսին,  այլ հայերի պատմական հայրենիքի։
Պատժի անխուսափելիությունը հանդիսանում է օրենքի գերխնդիրը։ Իսկ ցեղասպանության նկատմամբ կիրառելի չէ վաղեմության սկզբունքը։ Ահա արդեն քառորդ դար սումգայիթյան ցեղասպանության զոհերը՝ ողջ, թե մեռած, սպասում են դատի՝ մարդկության դեմ այդ ծանրագույն հանցագործության իսկական կազմակերպիչների նկատմամբ։ Չկա ապագայի համար ավելի վտանգավոր բան, քան ներկայի կարճ հիշողությունը։
Հիշենք, թե ինչպես էր Հիտլերը 1939 թվականի օգոստոսին իր դահիճներին ճանապարհում Լեհաստան, նրանց հետքից գոչելով. ՙՄի՜ վախեցեք պատմության դատից։ Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին՚։ Եվ մոլորակի յոթանասուն միլիոն բնակիչներ դարձան չպատժված չարի շղթայական ռեակցիայի զոհեր։
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ՙՑեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին՚ համաձայնագրի 1-ին հոդվածի, պետությունները, որոնք ընդունել են այն, պարտավոր են կանխել և պատժել հրեշավոր չարագործությունը։ Եվ միաժամանակ գիտակցել, որ մեծագույն հաստատակամությունն էլ հենց մեծագույն գթասրտությունն է։ Եվ միայն հատուցում չստացած չարիքն է ծնում չարիք։
Այսօր, նշելով ՙսումգայիթի՚ քսանհինգ տարին, պետք է ամուր գիտակցենք, հիշենք և հիշեցնենք Թուրքիայում  և ապա թուրքական Ադրբեջանում պետական մակարդակով կազմակերպված և իրագործված հայերի ցեղասպանությունների աշխարհում չլսված ողբերգական շարքի մասին։ Պատրաստվելով միջազգային մակարդակով նշելու բազմաթիվ երկրների կողմից ճանաչված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարյուր տարին, մենք պետք է հիշենք ու հիշեցնենք աշխարհին, որ 1915 թվականի ապրիլի 24-ը պայմանական տարեթիվ է։ Դա իրոք, անմարդկային հրեշավորությամբ ահավոր մի օր է մարդկության պատմության մեջ։ Սակայն նման  երեսուն հազար արյունալի օրեր են եղել Օսմանյան կայսրության մեջ, սկսած 1893 թվականից մինչև 1923 թվական։ Խոսքը չի վերաբերվում կոտորածին, ջարդերին, զոհերին, որոնք թիվ ու քանակ չունեն, խոսքը ցեղասպանության մասին է, որը պաշտոնապես բարձրացվել է պետական քաղաքականության աստիճանի՝ Աբդուլ Համիդի, երիտթուրքերի, Աթաթուրքի օրոք։
Այս թեմային ես հաճախ եմ անդրադարձել։ Եվ այսօր, սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք պետք է ազնվորեն խոստովանենք. մենք ինքներս ենք մեղավոր նրանում, որ վերջին հիսուն տարում խոսելով հայերի ցեղասպանության մասին, միշտ չգիտես ինչու շեշտը դրել ենք միայն 1915 թվականի վրա։ Քանի՛ անգամ ենք ականատես եղել, երբ Թուրքիայի և նրա լոբբիստների դրդմամբ տարբեր պառլամենտներում և տարբեր միջազգային համաժողովներում, որտեղ քննարկվել է հայերի ցեղասպանության հարցը (հենց 1915 թվականը), անփոփոխ շահարկվել է այսպես կոչված ՙպատերազմական ժամանակի՚ գործոնը, նկատի ունենալով, որ 1915 թվականը Առաջին համաշխարհային պատերազմի թեժ տարին էր, երբ Թուրքիան պատերազում էր Ռուսաստանի դեմ, որ հայերը Ռուսաստանի կողմից էին, որ Թուրքիան՝ պատերազմական ժամանակի օրենքներով ստիպված էր տեղահանել հայերին, իբր՝ նրանց ռազմական գործողությունների թատերաբեմից հեռացնելու համար, որ վերաբնակեցման ժամանակ լինում են նաև դաժանություններ, և որ Թուրքիային պետք է պատժել իբր միայն դաժանության, բայց ոչ ցեղասպանության համար։ Ի դեպ, այդ ՙփաստարկը՚ տարիներ առաջ լկտիորեն բարձրաձայնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոտ-Ուոտը, առաջարկելով ՙցեղասպանություն՚ բառը փոխարինել ՙդաժանություն՚ բառով։ Իսկ հետաքրքիր է իմանալ, այդ ի՞նչ մի համաշխարհային պատերազմ էր ընթանում Ստամբուլում 1893-95 թվականներին, որտեղ զանգվածաբար կոտորեցին հայերին։
Այդ ի՞նչ պատերազմ էր ընթանում երիտթուրքերի օրոք, երբ Ադանայում միանգամից ոչնչացրեցին երեսուն հազար հայերի։ Եվ այսպես, երեք տասնամյակ անընդմեջ իրագործված ցեղասպանություն։ Եվ ամեն անգամ կազմակերպիչները մանրազնին նախապատրաստվել էին, ծրագիր կազմել, ճշտել հայերի հասցեները, դահիճներին բաժանել  երկաթե ձողեր և շշերով բենզին՝ հրկիզումների համար։
Ինչպես տեսնում ենք, լրիվ ՙմեկին մեկ՚՝ Սումգայիթի և Բաքվի թուրքական աշակերտների հետ։ Այնպես որ, այսօր թուրքերն ու լոբբիստները համառորեն շահարկում են հենց տասնհինգ թվականը, վկայակոչելով հայերի կողմից ընդունված օրենքը։
Չէ՞ որ հրեաների առջև ապաշխարած Գերմանիան չդիմեց ո՜չ լկտի արդարացումների, ո՜չ նենգ շահարկումների։ Գերմանիան, իհարկե, Թուրքիա չէ։ Եվ հրեաներն էլ իրենց ողբերգական Հոլոքոստը (հունարեն՝ ՙհիմնահատակ վառված տուն՚) ընդամենը մի որևէ կոնկրետ (ընդհանրական, խորհրդանշական) տարեթվով չեն նշում, այլ մշակել ու օրենք են մտցրել ցեղասպանություն տերմինի ծավալուն սահմանումը՝ հոլոքոստ, որը ՙհրեաների մեծ մասի (ավելի քան 60 տոկոսի կամ 6 միլիոն 100 հազարմարդու) ոչնչացումն էր գերմանական ֆաշիստների և նրանց հանցակիցների կողմից 1933-1945 թվականներին՚։
Իսկ մենք մեր բոլոր հրապարակումներում և բանավոր ելույթներում, բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական փաստաթղթերում անփոփոխ և ընդգծված նշում ենք ընդամենը մեկ, արդեն դոգմա դարձած բանաձև. ՙ1915 թվականի Հայոց ցեղասպանություն՚։ Նույնիսկ օրենքը (ոչ թե մի ինչ-որ ենթաիրավական ակտ կամ որոշում), որն ընդունվել է 1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի կողմից, այդպես էլ կոչվում է՝ ՙՕրենք Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայոց ցեղասպանության դատապարտման մասին՚։
Այսօր մեր Ազգային ժողովը պարզապես աներկընտրանք պարտավոր է ճշգրտում մտցնել (ընդամենը ճշգրտում) և ուղղել այդ հիրավի վտանգավոր անճշտությունը գործող օրենքում, առաջին հերթին փոխելով անվանումը, որը նոր խմբագրմամբ պետք է հնչի. ՙՀայաստանի Հանրապետության օրենք 1893-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և Արևելյան Հայաստանում հայոց ցեղասպանության դատապարտման մասին՚։ 
Վերջիվերջո խոսքը մի ինչ-որ ինքնանպատակ քայլի մասին չէ, այն մասին չէ, որ հնարավորինս շատ երկրներ ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Խոսքն առաջին հերթին առանց բացառության մեր բոլոր հայրենակիցների պայծառ հիշատակի հանդեպ  մեր սրբազան պարտականության մասին է, նրանց հիշատակի, ովքեր զոհ գնացին ոչ միայն սև 1915 թվականին, ոչ միայն Օսմանյան կայսրությունում, որի կազմի մեջ էր մտնում Արևելյան Հայաստանը, ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև Սումգայիթում և Բաքվում։
 
(Սկիզբը՝ թիվ 22, 23, 24, 25)