[ARM]     [RUS]     [ENG]

ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ը ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՈԳՈՒ ԱՐԳԱՍԻՔՆ Է

Քսանհինգ տարի առաջ արցախահայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր հիմնարար իրավունքներն ու ազատությունները, տեր կանգնելու Ադրբեջանի բռնապետության կազմից Արցախը դուրս բերելու և մայր Հայաստանին վերամիավորելու արդար պահանջին: Սակայն  Ադրբեջանն  ամեն ինչ անում էր՝ խոչընդոտելու այդ արդար պայքարը։
Իր ինքնության պահպանման համար  արցախցին զենք վերցրեց և հաղթեց իրեն պարտադրված պատերազմում: Մեր հարցազրույցը ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։
-Պարոն Բաբայան, ինչպիսի՞ն է Ադրբեջանի քաղաքականությունը՝   ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից:
-Նրա ամբողջ քաղաքականությունը հենց ուղղված է Արցախի դեմ, մեր երկրի գոյությանը, սոցիալ- տնտեսական զարգացմանը խոչընդոտելուն: Սա նրանց պետական հայեցակարգն է, և  փորձ է արվում այս ամենը դարձնել ազգային գաղափարախոսություն:
-Ինչպե՞ս է Ադրբեջանին հաջողվում շեղել միջազգային հանրության ուշադրությունը:
-Նա ոչ թե  շեղում է, այլ նրան ենթարկում է շանտաժի՝ օգտագործելով առաջին հերթին նավթի գործոնը և իր աշխարհագրական դիրքը:  Ադրբեջանը կամուրջ է Կենտրոնական Ասիայի,Կովկասի և Եվրոպայի միջև: Հետևաբար, օգտվելով, այսպես ասած, իր նպաստավոր դիրքից՝ նա ամեն ինչ անում է, որպեսզի ապակառուցողական դերակատարություն ունենա տարածաշրջանում։ Այնինչ, հնարավոր էր  կառուցողական մթնոլորտում հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ընդհանրապես տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
-Իսկ միջազգային կառույցները`  ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպե՞ս են վերաբերվում ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը:
-Բնական է, որ չկա որևէ ուժ, որ անկողմնակալ լինի։ Դա բացառվում է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կա հավասարակշռվածություն տարբեր երկրների մոտեցումների մեջ: Ինչ վերաբերում է արևմտյան հատվածին, ապա նրանց մոտեցումները նույնպես տարբեր են։ Կա ընդգծված աշխարհաքաղաքական մոտեցում, որն ավելի մեծ տեղ է տալիս  նավթին և Ադրբեջանի աշխարհագրական դիրքին, բայց միևնույն ժամանակ, նրանք չեն կարող անտեսել պանթուրքիզմի գործոնը։ Հնարավոր չէ անտեսել նաև ժողովրդավարության գործոնը, և այս տեսանկյունից Արցախի ժողովրդավարական լինելը թույլ չի տալիս, որ տարբեր երկրների մոտեցումների մեջ վերջնականապես գերիշխեն  աշխարհագրական և աշխարհաքաղաքական նկատառումները։ Հետևաբար, նրանք պիտի ինչ-որ ձևով պահպանեն հավասարակշռվածությունը՝ հաշվի առնելով նաև ժողովրդավարության այս գործոնը:
-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ  նմանատիպ խնդիրներ ունեցող որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Կոսովոն, հասել են իրենց ինքնորոշման ճանաչմանը։ Ինչպե՞ս է նրանց հաջողվել:
-Այստեղ ուրիշ խնդիր կա. նրանք անկախության ճանաչման հասել են ոչ թե ինչ-որ դիվանագիտություն ցուցաբերելով կամ էլ ինչ-որ ռազմավարություն մշակելով: Աշխարհաքաղաքական զարգացումները բերել են նրան, որ գերտերությունները նրանց ճանաչել են  ելնելով աշխարհաքաղաքական տարբեր նկատառումներից։ 
Միջազգային ճանաչումը կարևոր է, բայց միևնույն ժամանակ որոշիչ գործոն չէ, և մեզ համար այն չպիտի դառնա ինքնանպատակ: Միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության երեք գերխնդիրներից մեկն է. մյուսներն են՝ երկկողմ հարաբերությունների զարգացումը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս երեք գերխնդիրների լուծմանը հասնելու համար պետք է տարվի համապատասխան աշխատանք:
ԼՂՀ  ճանաչումը մեծապես կախված է արտաքին քաղաքական գործոններից, բայց նաև պետք է հասկանալ,որ մեր պարագայում ճանաչումն ունի իր յուրահատկությունները, քանի որ մենք ունենք ոչ միայն կարգավիճակի ճանաչման, այլ նաև սահմանների խնդիր: 
-Եթե ժողովուրդների ինքնորոշման  իրավունքն  ամրագրված է համապատասխան միջազգային ակտերում, ապա ինչո՞ւ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը ձգձգվում:
-Աշխարհաքաղաքական բազմաթիվ խնդիրների պատճառով, որոնք պետք է լուծվեն: Ներկա փուլում դիտարկվում Է լուծման մի տարբերակ, որը գրեթե երկու տասնամյակ արդեն գործում է, այն է`ստատուս քվոյի պահպանումԸ: Իսկ  դա լավագույն տարբերակն է, հաշվի առնելով աշխարհաքաղաքական տարբեր շահերի բախումը տարածաշրջանում:
-Արդյո՞ք այդ ուղղությամբ կարելի է վստահել գերտերությունների քաղաքական ռազմավարությանը: Դիվանագիտորեն ինչպե՞ս կորակեիք նրանց վարած քաղաքականությունը:
-Պետք է հաշվի առնել գերտերությունների քաղաքական շահերը։ Բարեբախտաբար, մենք ունենք հնարավորություն՝ պահպանելու հավասարակշռվածությունը գերտերությունների միջև:
Այս ամենից հետևում է, որ պետք է վարել ճկուն քաղաքականություն, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ:
-Արցախի խնդրի կարգավորումն ավելի շատ ինչո՞վ եք պայմանավորում:
-Խնդիրն ինքնին կարգավորված պետք է համարել: Մենք հարցը լուծել ենք: Այլ խնդիր է,որ հարևան պետությունը փորձում է վերանայել պատմությունը՝ թելադրելով իր կամքը, որին պետք է ցանկացած գնով դիմակայել: Լավագույն պատասխանն Արցախի հզորացումն է, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը։
-Ինչպե՞ս կարժևորեիք 25 տարի առաջ կատարվածը:
-Ստեղծվեց նոր իրավիճակ, որը արմատապես փոխեց հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքը:  Ազգային-ազատագրական շարժումը բերեց նրան, որ ունեցանք երկրորդ հայկական պետությունը և ամրապնդեցինք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Միաժամանակ սա նոր էջ է՝ նոր մարտահրավերներով ու հնարավորություններով, նոր խնդիրներով, սակայն գերնպատակը նույնն է՝ ունենալ հզոր պետություն, որպեսզի կարողանանք հարատևել։
- Որպես քաղաքագետ, խնդրի լուծման ինչպիսի՞ տարբերակներ եք տեսնում:
- Կա խնդրի լուծման երեք տարբերակ. առաջին՝ պահպանվում է այն, ինչ կա և որի կողմնակիցն է մեծամասնությունը։ երկրորդը  խաղաղ կարգավորումն է, երբ առանց ռազմական գործողությունների իրավիճակը հանգուցալուծվում է: Երրորդ տարբերակը պատերազմական գործողությունների վերսկսումն է: Առաջինի դեպքում պահպանվում է ստատուս քվոն, երկրորդ տարբերակին, այսինքն խաղաղ կարգավորմանը կողմնակից է ինչպես Ղարաբաղը, այնպես էլ միջազգային հանրությունը։ Իսկ երրորդ տարբերակի հեղինակն Ադրբեջանն է`իր ռազմաշունչ հայտարարություններով: Թե որ տարբերակը կլինի, ցույց կտա ժամանակը, բայց ինչքան մենք հզոր լինենք, այնքան իրավիճակը խաղաղ կկարգավորվի: Խաղաղության հիմնական գրավականը հզոր պետությունն է:
-Արցախի ապագայի ձեր տեսլականը՝ ևս 25 տարի անց:
¬ Ամեն ինչ կախված է Արցախի ժողովրդից։ Ապագան մերը կլինի մեր քրտնաջան աշխատանքի, մեր երիտասարդության ակտիվ ներգրավվածության շնորհիվ, քանի որ 25 տարի հետո նոր սերունդ է լինելու: Բայց կարևոր է նաև, թե  ինչպիսին է լինելու այդ սերունդը, ինչպիսի մոտեցում է ունենալու իր սեփական ժողովրդի, պետության հանդեպ, դիտարկելո՞ւ է այն որպես բարձրագույն արժեք. ահա  թե ինչից է  կախված է մեր ճակատագիրը: 
 
 
Նուշիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ