[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ

P2190033.jpgՓետրվարի  14-ին կուսակցության մարզկոմի երկրորդ քարտուղար  Բոգոսլովսկին, ԽՄ ԿԿ Կենտկոմի քարտուղար  Ա. Լուկյանովի հետ  հեռախոսազրույցից հետո,  մարզկոմի աշխատակիցներին  հայտնեց, որ մարզի  սոցիալ-տնտեսական  բնույթի  խնդիրները լուծվելու են,  բայց  տարածքային հարց  չի  քննարկվի։ Բաշխելով ըստ   կազմակերպությունների  և ձեռնարկությունների, նա բոլորին   խնդրեց  անպայման  հայտնել այն մասին, որ ՙհատուկ  ծրագիր  է նախապատրաստվում  մարզի սոցիալ-տնտեսական  զարգացման  համար, և այն  մոտ  ժամանակներս  կհրապարակվի մամուլում՚։ Բ. Կևորկովը  գտնվում էր մեծ  շփոթմունքի մեջ և չէր շփվում  աշխատակազմի հետ։
Մինչ այդ,  փետրվարի 15-ին,  Ստեփանակերտում  և  շրջկենտրոններում (բացի Շուշիից) տեղի ունեցան  բազմահազարանոց  հանրահավաքներ, որոնց մասնակիցները  պահանջում էին  անցկացնել  քաղաքային և շրջանային  ժողովրդական պատգամավորների   խորհրդի  նստաշրջան։ Մարզկենտրոն էին մտցվել մարզի հարակից  շրջաններից բերված  ոստիկանության ուժեր։  Արտաքնապես  ադրբեջանցի ոստիկաններից  շատերը  քիչ  էին նմանվում  օրգանի  աշխատողների,  և, ազնվորեն  ասած, հանդուգն պահվածք ունեին։ Ժողովրդի մեջ խոսում էին, որ դրանք  ավազակներ են՝  ոստիկանական  հագուստով։ 
Համոզվելով, որ Կևորկովը  և Բաքվի էմիսարները չեն  կարողանում  գլուխ հանել ստեղծված  իրավիճակից, մարզկոմի  հրահանգիչ Ա. Ավանեսյանը դիմեց Բոգոսլովսկուն՝ առաջարկելով  հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու նպատակով  դիմել ԽՄԿԿ Կենտկոմ՝  մարզ  հանձնախումբ ուղարկելու խնդրանքով։ ՙՄենք գտնում ենք, որ դրա  անհրաժեշտությունը չկա,  իսկ իրավիճակը լիովին  վերահսկվում է՚,- պատասխանեց  Բոգոսլովսկին։ Ի միջի այլոց,  այս խոսակցությունից  մեկ ժամ առաջ պատրաստվել էր հեռագրի  տեքստ,  և մեզ մնում էր  այն ստորագրել  ու գնալ հեռագրատուն։
 Մենք  ազատվեցինք այն  վախից և  հեզ շողոքորթությունից, որը արմատավորվել էր  կուսակցական ֆունկցիոներների ուղեղներում, չնայած այդ  մարդկանց երբեք այդպիսին չեմ համարել։ 
Ինչպես և  ենթադրվում էր, ՊԱԿ բաժինը  Կևորկովին ներկայացրեց  ուղարկված հեռագրի բովանդակությունը, և հաջորդ օրը  Կևորկովն ու Բոգոսլովսկին որոշ   աշխատողների  ենթարկեցին հարցաքննության։ 
Բայց   Կևորկովին և Բոգոսլովսկուն  այդ ժամանակ  արդեն ենթականները  չէին հետաքրքրում։ Սակայն  նրանք իրենց  համար պարզեցին գլխավորը. կուսակցության  մարզկոմի  աշխատակազմի  մեծամասնությունը, որի վրա նրանք  հույս  էին դրել,  հայտնվել է ժողովրդի կողքին։ Դա Կևորկովի համար  ամբողջովին  ձախողում էր։ 
Այդ ժամանակ,  փետրվարի 17-ին, Մոսկվայում  իր  աշխատանքը  սկսեց ԽՍՀՄ Գերագույն  Խորհրդի  նստաշրջանը։  Առաջին օրը  միջնակարգ և բարձրագույն  դպրոցի վերակառուցման  հարցով ելույթ ունեցավ Ե. Լիգաչովը, իսկ հաջորդ օրը՝  Մ. Գորբաչովը։  Զեկույցում  նա նշեց, որ  ՙժամանակակից  պայմաններում  ազգային քաղաքականությամբ  մենք  պետք է  զբաղվենք  հիմնովին։ Բոլոր ուղղություններով՝ թե՜ թեորիայում,  թե՜ պրակտիկայում՚։ Խոստումնալից բառեր, բայց...
Բաքվի ղեկավարությունը  բոլորովին մտադիր չէր ետ կանգնել  և կարողացավ  Ստեփանակերտի  քաղկոմում, շրջկոմներում  նշանակել  ղեկավար-փոխարինողների Ադրբեջանի կոմկուսի   ԿԿ  աշխատողներից։ Սակայն դա անօգուտ մտահղացում էր։ 
Հանգիստ  չէին նաև  մարզի որոշ ազգայնամոլ  ադրբեջանցի  մտավորականության ներկայացուցիչներ, որոնց  մեծամասնությունը ընդհանուր ոչինչ չուներ Լեռնային  Ղարաբաղի հետ, այլ  ուղղակի  ուղարկվել էր  մարզ աշխատանքի՝ հանրապետության  նախարարությունների  և գերատեսչությունների կողմից։ 
Այդ օրերին  նրանք  հավաքվում էին հ.1 դպրոցում՝  Սաբիր  Ալիևի մոտ, քարոզչական աշխատանք էին տանում  մարզի  ադրբեջանական  վայրերում  և հարևան  ադրբեջանական  շրջաններում, իրենց  ժողովրդին  պատմում էին այն մասին, որ հայերը  ցանկանում  են ՙՀայաստանին  միավորել  ոչ միայն  ԼՂԻՄ-ը,  այլև Լաչինի, Աղդամի և Ֆիզուլու շրջանները՚։  Այդ ամենը  թափվեց այն հակահայկական  տրամադրությունների  բարեբեր  անդանստանի  վրա, որը աճեցվել  էր վերջին  տասնամյակներում գիտության, մշակույթի և արվեստի մի ամբողջ սերնդի  աշխատանքի շնորհիվ։ 
Մինչդեռ այդ օրերին  կայացան  ժողովրդական պատգամավորների  շրջանային  խորհուրդների  նստաշրջաններ, որոնք  որոշում էին ընդունել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական  ԽՍՀ կազմից  Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու  մասին։  Ժողովուրդը  պահանջում էր   ժողովրդական պատգամավորների  մարզխորհրդի նստաշրջանի  գումարում։
1988 թ. փետրվարի 20-ի օրը հավերժ մտել է հայ  ժողովրդի պատմության մեջ, և, անկասկած, արժանի  է  ավելի մանրամասն  նկարագրության։ Այդ  օրը Ստեփանակերտ եկան  Ադրբեջանի կոմկուսի  ԿԿ  առաջին քարտուղար Ք. Բաղիրովը և ԽՄԿԿ ԿԿ կազմակերպչական  բաժնի վարիչ Կոնդրատևը։ Նրանց  մասնակցությամբ  կայացավ կուսակցության մարզկոմի բյուրոյի  նիստը, որում  Ք. Բաղիրովը  պարտադրում էր  ընդունել  կուսակցության  մարզկոմի նախօրոք  պատրաստված  որոշման  նախագիծը։ 
Ինչպես ենթադրվում էր,  բոլոր մեղքերում մեղադրվում էր մարզի կուսակցական  կազմակերպությունը, իսկ  հանրապետության ղեկավարության հասցեին,  նրա  նախարարություններին և գերատեսչություններին  դույզն¬ինչ  հանդիմանություն չարվեց։ Բյուրոյի անդամները, բնականաբար,  մերժեցին այդպիսի նախագիծը։  Նստաշրջանի անցկացումը, որը  պիտի սկսվեր ժամը  16-00-ին,  ուղղորդվում էր հնարավոր և անհնարին խոչընդոտներով։  Հարևան ադրբեջանական  շրջաններում փակվել էին Ստեփանակերտ բերող ճանապարհները։  Բայց, չնայած դրան, պատգամավորների  մի մասը  զարտուղի ճանապարհներով  կարողացավ հասնել քաղաք։ 
Ժողովուրդը հրապարակում  վանկարկում էր . ՙՍեսիա՚։ Բաղիրովն իր կամպանիայով ստիպված էր գնալ  մարզգործկոմի դահլիճ՝ հույս ունենալով  օգտագործել նստաշրջանի  կանխման  վերջին հնարավորությունը։ Նա  պատգամավորներին խոստացավ  ԽՍՀՄ Պետպլանից հրավիրել մասնագետներ,  ամեն ինչ անել մարզի  տնտեսության զարգացման համար,  մարզի հայերի հոգևոր կյանքի բոլոր հարցերը լուծել և քիչ էր մնում ոսկեզօծեր  Լեռնային Ղարաբաղը։  Բայց,  իզուր. ժողովրդի կամքը  կատարելու՝ պատգամավորների համառությունը  կոտրել չհաջողվեց։ 
Նստաշրջանն ընդունեց  հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող որոշում  ԼՂԻՄ-ը  Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական  ԽՍՀ կազմ մտցնելու մասին։ Համընդհանուր ուրախությունը սահման չուներ։ 
Այդ նույն երեկոյան  Ք. Բաղիրովը, Վ.Կոնովալովը  Կոնդրատևի  ակտիվ համագործակցությամբ  ապատեղեկատվություն տվին  ԽՄԿԿ ԿԿ-ին, որ հրապարակում հավաքվել են մի քանի  հարյուր  ծայրահեղականներ  և ազգայնամոլներ, այլ ոչ թե  տասնյակ հազարավոր մարդիկ՝ պատերազմի, կուսակցության, աշխատանքի վետերաններ,  բանվորներ, կոլտնտեսականներ, ուսանողներ։  Այդ նույն  օրը  բազմահազարանոց  հանրահավաք կայացավ Երևանում։ Բաքվում  դեռևս հանգիստ էր...
;
 
  Հովհաննես ԼԱԶԱՐՅԱՆ 
 
(Սկիզբը՝  ՙԱԱ՚ թիվ 25)