[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵԹԵ ԶՈՀՎԵՄ, ԳԵՐԵԶՄԱՆԻՍ ՇԱՏ ԾԱՂԻԿՆԵՐ ԿԴՆԵՔ...՚

060301.jpgՇուտով կլրանա խաղաղության  19 տարին։ Թշնամին հեռու է վանված մեր հայրենիքի սահմաններից...Սահմանագլխին մեր հույս ու հավատ Զինվորը հսկում է երկրիս խաղաղությունը։ Ընդամենը երեկ վառոդի հոտը բռնել էր ամբողջ  հանրապետությունը, զրահամեքենաների թրթուրների ծանրությունից  ճռնչում էր արյունաթաց հողը։ Զենքի բոլոր տեսակներից հրետակոծվում¬արկակոծվում-գնդակոծվում էր մեր Անկախությունը։ 
Ավերակվում, մոխրակույտի էին վերածվում գյուղ ու քաղաք, տուն ու օջախ։ Օրեցօր դատարկվող Ստեփանակերտի փողոցներում հատուկենտ կանայք  էին երևում։ Տղամարդու շունչ չկար. Հայրենյաց պաշտպանները զենք էին վերցրել ու մեկնել ռազմաճակատ։ Պատերազմի դեմքը կանացի՞ չէ...Պատերազմը փոխում է փափկասուն օրիորդներին... Մենք սովոր ենք աղջիկներին պատերազմում որպես բուժքույր տեսնել, սակայն նրանց շարքերում ծնվեցին նաև  սնայպերներ՝ դիպուկ կրակող, նշանառու- հրաձիգներ։ Արցախյան պատերազմն էլ իր դիպուկահարն  ունեցավ՝ Մարգարիտը։
Ծնվել է 1960թ. Մարտունու շրջանի Հացի գյուղում՝ Վարդան և Արաքսյա Սարգսյանների օջախում... Աղջիկը մեծանում էր տղայավարի՝ ինչպես ասում են, սիրում էր սպորտը, ձի էր հեծնում, կրակում... Սուր միտք ուներ, դպրոցում էլ սովորում էր գերազանց, հատուկ ընդունակություններ դրսևորում մաթեմատիկայից։ Չորրորդ դասարանում  ստուգատեսի  ժամանակ լուծեց 5-րդ և 6-րդ դասարանների համար առաջադրված խնդիրները, նրան միանգամից փոխադրեցին 6-րդ դասարան։
Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատանքի անցավ Ղարմետաքսկոմբինատում, նախ ջուլհակուհի էր, հետո՝ կոմերիտկազմակերպության քարտուղար, վերջին տարիներին՝ հերթափոխի պետ։
1992-ին նրա կոչով 25 աղջիկներ զինվորագրվեցին արցախյան բանակին։ Որոշեցին կանանց վաշտ ստեղծել։ Այստեղ էլ փառավորվեց դիպուկահար Մարգարիտի անունը։
1992-93-ին մասնակցել է Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Աղդամի, Հադրութի, Կուբաթլուի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աղջկա համբավն օրեցօր տարածվում ու թնդում էր զինվորների շրջանում՝ Սնայպեր Մարգարիտա... ՙՍնայպեր՚ բառը դարձել էր անվան բաղադրիչ ու որոշիչ մասը։ Սակայն, եթե պետք էր լինում, նա կրակի բերանից հանում էր վիրավորներին, առաջին օգնությունը ցույց տալիս, ազատ ժամերին խնամում նրանց։
- Միշտ ասում էր՝ ինչքա՛ն կուզենայի ոչ մեկին ոչինչ չպատահի, թե մի բան լինելու է՝ թող ինձ հետ լինի,- պատմում են մարտական ընկերուհիները՝ Անահիտը,  Մարգարիտան, Վարդուհին, Գայանեն... Մարգարիտը երազում էր դպրոցում զինղեկ աշխատել, աշակերտներին դիպուկահարություն սովորեցնել։ Սակայն, ավա՛ղ, նրան այլ ճակատագիր էր տրված ի վերուստ։
1993թ. օգոստոսի 28-ին  դարանակալ թշնամու  գնդակից Մարգարիտն ընկավ խրամատում, յոթ զինակիցների հետ։ Բոլոր նահատակների անունները  կգրվեն հայոց նորօրյա պատմության մատյանում, ուր Սնայպեր Մարգարիտը կունենա  իր տողը...Քաջասիրտ արցախուհին հետմահու պարգևատրվել է ՙՄարտական Խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով։ 
Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան հ 9 հիմնական դպրոցի Փառքի սրահում (որտեղ ուսումնառել է նա)  Մարգարիտ Սարգսյանն ունի իր՝ հատուկ պատրաստված անկյունը։ Դպրոցական թանգարանում են պահվում Մարգարիտի կենդանության օրոք նկարահանված տեսաերիզը, նրա դիպլոմներն ու պատվոգրերը, որ ստացել էր մարզային (նախկին) ու հանրապետական մրցումներում՝ արժանանալով հրաձգության գծով չեմպիոնուհու կոչմանը։ Ունկերիս մեջ  դեռևս հնչում է Մարգարիտի մոր՝ բազմավաստակ մանկավարժ Արաքսյա Թավադյանի արցունքախառը պատումներն ու նրա խոսքերը, երբ ասում էր,  թե ինքը հպարտ է իր զինվոր-ազատամարտիկ դստեր համար, ով պատվով կրեց զինվորականի համազգեստը և եղավ հայրենիքին նվիրյալ զավակ։
Բոլոր պատեհ առիթներով հավաքվում են նրա մարտական ընկերուհիները, դասընկերները, հարազատները, միայն Մարգարիտն էր լինում բացակա՝ իր ՙապրելու կեսով՚, որ ՙպատվով մեռնել՚ է նշանակում ու կոչվում է սոսկ ֆիզիկական  մահ...Նրա ոգեղեն  կերպարը  դեռ շատ սերունդներ է դաստիարակելու... Իսկ խոսքերն այն, որ հնչեցին նրա շուրթերից պատերազմական մի ընդմիջման, մարտական մի դադարի պահի՝ ասված կատակով իբրև. ՙԵթե զոհվեմ, գերեզմանիս շա՛տ ծաղիկներ  կդնեք՚...այսօր հնչում է պատգամի պես՝ նրան ճանաչողների շուրթերից, ու շատ ծաղիկներ են դրվում նրա նկարակալի պատվանդանին, նրա գերեզմանին՝ ի հիշատակ քաջարի, արիասիրտ Արցախուհու։
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ