[ARM]     [RUS]     [ENG]

ՙԽՈՋԱԼՈՒ՚-ի ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՏՐՎԵԼ

3987vagram_atanesyan.jpgՄեր հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 
նախագահ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ
-Պարոն Աթանեսյան, կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել Մոսկվայի՝ Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի հոդվածի վրա, որում հեղինակը մտահոգություն էր հայտնել առ այն, որ հայկական կողմը պատշաճ մակարդակով աշխատանք չի տանում պետությունների հետ՝ Խոջալուի իրադարձություններին անաչառ գնահատական տալու առումով։ 
Ռուս քաղաքագետը միաժամանակ վկայակոչել է Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի կողմից ընդունված փաստաթուղթը, որում Խոջալուի դեպքերը որակվել են ցեղասպանություն։ Մենք գիտենք, որ Չեխիան այն պետություններից է, որոնք անմիջապես արձագանքել են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը՝ դատապարտելով Ադրբեջան-Հունգարիա գործարքը։  
-Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ընդունած փաստաթղթում, որ ստորագրել է կոմիտեի նախագահը, չկա ՙցեղասպանություն՚ բառը։ Ըստ երևույթին, դա ադրբեջանական մեկնությունն է, քանի որ բուն փաստաթղթում նշված է, որ տեղի են ունեցել ՙցավալի իրադարձություններ, որոնք հասցրել են մարդկային զոհերի՚։ Կատարվածը որակված է որպես Ղարաբաղյան պատերազմում խաղաղ բնակչության ամենազանգվածային սպանության դեպք։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու այդ երկիրն արձագանքեց Սաֆարովի էքստրադիցիային, իսկ ապա նաև Խոջալուի դեպքերին, ապա այստեղ, ըստ երևույթին, գործ ունենք ադրբեջանական կողմի ավելի հետևողական աշխատանքի հետ։ Չխուսափենք ճշմարտությունը խոստովանելուց։ Հայտնի է, որ Ադրբեջանը բավական ջանքեր և գումարներ է ծախսում Խոջալուն որպես հայկական կողմի ռազմական հանցագործություն ներկայացնելու ուղղությամբ։ Ադրբեջանը Խոջալուի վերաբերյալ ամենօրյա, չափազանց հետևողական քարոզչություն է իրականացնում. ՙԽոջալուին՝ արդարություն՚ նախաձեռնությունը հովանավորում է Հեյդար Ալիևի հիմնադրամը, որի տնօրենը Մեհրիբան Ալիևան է, տեղակալը՝ Ալիևների դուստր Լեյլան։ Վերջինս տարվա մեծ մասն անցկացնում է արտերկրում, հանդես գալիս որպես այդ նախաձեռնության հեղինակ։ Բնականաբար, եթե նման ակցիա իրականացվում է նախագահական ընտանիքի մակարդակով, արտերկրի դիվանագիտական, փորձագիտական ու նաև տեղեկատվական շրջանակներն ավելի ընկալունակ են գտնվում այդ անձնավորության հանդեպ։ Թերևս ավելի հաճախ քաղաքականության մեջ դերակատարություն է ունենում ոչ այնքան ճշմարտությունը, որքան լոբբինգը։ Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ընդունած հայտարարությունը պետք է համարել այդ լոբբինգի դրսևորումներից մեկը։ 
- Ցավոք, նույնը չենք կարող ասել հայկական կողմի մասին։ Ի՞նչ կարծիքի եք։
-Ուզում եմ դիմել ոչ դիվանագիտական ձևակերպումներին և խոսել անկեղծորեն։ Մեր մոտեցումն այդ խնդրին բոլորովին համակարգված չէ. յուրաքանչյուր քաղաքական, ռազմական կամ հասարակական գործիչ ասում է այն, ինչ մտածում է։  Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն արտատպել էր Լևոն Մելիք-Շահնազարյանի հոդվածը, որտեղ նա Խոջալուն բնութագրում էր որպես հայկական զենքի խոշորագույն հաղթանակ։ Հոդվածի որոշ ձևակերպումներ ձեռք են տվել ադրբեջանական կողմին, որն էլ վկայակոչելով դրանք՝ հայտարարել է. տեսեք,  Խոջալուի մասին ինչ է ասում հայ քաղաքագետը, ով 1992թ. եղել է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Ադրբեջանական կողմը բազմաթիվ հղումներ է անում Մարգար և Սեդա Մելքոնյանների համահեղինակությամբ հրատարակված գրքին, որը նվիրված է  Մոնթե Մելքոնյանի հիշատակին և որտեղ ցավալի վրիպումներ կան։ Գիրքը հեղինակել է մի անձնավորություն, ով երբեք ԼՂՀ-ում չի եղել և չի տեսել, թե ինչ է եղել Խոջալուում։ Ավելին՝ Մարգարը Խոջալուից հետո իր եղբորը նույնիսկ չի հանդիպել։ Դժբախտաբար, մենք չենք կարողացել կանխել իրականությանը չհամապատասխանող, ինչպես նաև վիճելի հանգամանքներ։ Ասենք նաև, որ բուն ռազմագործողության ժամանակ և դրան հաջորդած օրերին էլ Ղարաբաղի քաղաքական ու ռազմական իշխանությունները վերահսկողությունից դուրս են թողել Խոջալու այցելած այս կամ այն լրագրողին։ Իսկ ադրբեջանական կողմը վերջերս հրապարակել է Սանկտ Պետերբուրգի ֆոտոլրագրող Վիկտորիա Իվլևայի անունով լրագրողուհու լուսանկարների մի շարք, որ իբր դրանք արվել են 1992-ի փետրվարի 27-ին, Խոջալու գյուղում։ Հայկական կողմից արձագանք չեղավ. գոնե կարելի էր դիմել այդ կնոջը՝ հերքման համար։ Բացառված չէ, որ հրամցվածը մոնտաժված նյութ է։ Ադրբեջանցիները սովորաբար վերցնում են Կոսովոյում կամ Զագրեբում (Խորվաթիայի մայրաքաղաքը) տեղի ունեցած զանգվածային սպանություններին առնչվող լուսանկարներ՝ դրանք վերագրելով  Խոջալուին։ ՀՀ-ում Խոջալուի վերաբերյալ ինտերնետ-կայք է ստեղծվել՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն, որը փաստաթղթերի, լուսանկարների, նույնիսկ տեսանյութերի առատ աղբուր է, բայց քարոզչությունն, ընդհանուր առմամբ, բավարար չի կարելի համարել։  
- Խոջալուին առնչվող փաստերը, ականատեսների վկայությունները և առհասարակ  բոլոր նյութերը վերլուծության ենթարկելու խնդիր կա, ինչին, խոստովանենք, գրեթե ուշադրություն չի դարձվում։  
- Այսօր ունենք Խոջալուի իրադարձությունների իրավական գնահատականը տալու խնդիր։ Իրավական հսկա վակուում գոյություն ունի. պատկան մարմինները հավուր պատշաճի չեն աշխատում։ Ինձ հայտնի են նյութեր, որոնք շրջանառության մեջ է դրել, այսպես կոչված, Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովը, ով այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր է և մշտապես միջազգային գործուղումների մեջ է։ Բայց հայկական կողմից որևէ մեկը չի տրամադրում նյութեր այն երկրներին, որտեղ այդ գործիչը հանդիպումներ է ունենում։ Մամեդովը  Խոջալուի դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին տվել է բացատրություն, որ ինքն Աղդամից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող մի ձորակում 8-9 ժամ մի քանի հոգու հետ միասին մարտ է մղել իրեն շրջապատած հայ գրոհայինների հետ։ Ասել է, որ ինքն Աղդամ է հասել փետրվարի 26-ի ուշ երեկոյան։ Ոչ մեկը չի ասում. եթե Աղդամից 2-3կմ հեռավորության վրա հայ գրոհայինների հետ  8 ժամ մարտի մեջ մտնելը իրական դեպք է, ապա Աղդամում պետք է լսած լինեին այդ կրակոցները։ Պետք է նաև օգնության գային իրենց։ Հետևաբար, նրա ասածը սուտ է։ Իսկ Ադրբեջանի դատախազությանը բացատրություններ տալիս Էլման Մամեդովը չնշեց այդ փաստը։ Եթե նշեր, պարզ է, քրեական գործ պիտի հարուցվեր։ Է. Մամեդովն աշխարհով մեկ տարածել է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ կորցրել է իր 30 հարազատներին։ Փաստն այն է, որ այդ 30 հոգու մեջ ո՜չ նրա ծնողներն են, ո՜չ կինն ու զավակը, ո՜չ քույրն ու եղբայրը։ Ուրեմն, ովքե՞ր են նրանք։ 
Ադրբեջանական կողմն ասում է, որ մարդասիրական միջանցքի մասին տեղեկացված չի եղել։ Այդ դեպքում ինչո՞ւ Խոջալուից հեռացողները գնացել են Կարկառի հունով, ինչո՞ւ չեն հեռացել Խոջալու-Ասկերան մայրուղով, որը բաց է եղել։ Չէ՞ որ Ասկերանի ուղղությունից Խոջալուն չի գրոհվել։ 
Կամ՝ ո՞վ է մարդկանց տարել անտառի ուղղությամբ։ Ինչո՞ւ։ Բազմաթիվ հարցեր կան։
Դառնանք մի տեղեկատվության ևս, որն արձանագրել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը։ Փետրվարի 16-ին Խոջալուի 2 բնակիչ՝ Օրուջևն ու Մուսաևը, Խոջալուից հասել են Աղդամ։ Փետրվարի 18-ին խումբը հետ է վերադարձել, որին միացել է ևս 3 հոգի։ Խումբը 3000 փամփուշտ է հասցրել Աղդամից Խոջալու։ Ազգային անվտանգության նախարարությունը փետրվարի 11-ին Ադրբեջանի Անվտանգության խորհրդին է ներկայացրել փաստաթուղթ, որում պարզ գրված է, որ Խոջալուի բնակչության տարհանման 2 ճանապարհ կա. գազի գիծը մինչև Քյաթուկ և Շելլիի մերձակա Գարագայա տեղանքը, որտեղ նրանց կդիմավորեին Աղդամից հասած ուժերը։ Զանգվածային սպանությունների ամենամեծ վայրը Գարագայան էր։ Եթե այդ սպանություններն իրականացրել է հայկական կողմը, ուրեմն, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն է տարհանման ճանապարհը տրամադրել հայկական ինքնապաշտպանության ուժերին։ Պատկերացնո՞ւմ եք նման բան։ Եվ արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ուներ պատժիչ ջոկատ հասցնել մինչև Շելլի, որն Աղդամից կես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Մի խոսքով, նման հազարավոր հակասություններ կարող ենք գտնել ադրբեջանական կողմի ներկայացրած քարոզչական նյութերում։ Իսկ սրա համար փորձագիտական աշխատանքի կարիք է զգացվում։ Ես խոսում եմ տեղեկատվության բաց աղբյուրների մասին, բայց կան նաև փակ աղբյուրներ, որոնց մենք չենք տիրապետում։ Եվ պետք է պահանջ առաջադրել նաև այն խորհրդարաններին, որոնք նման հայտարարություններ են ընդունում։  Ի վերջո, Աղդամում դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 181 մարդու դիակ, մինչդեռ ադրբեջանական կողմը խոսում է 600-ից ավելի զոհերի մասին։ 
-Արդյո՞ք խորհելու տեղիք չի տալիս ԱՄՆ մի քանի նահանգների դիրքորոշումը Խոջալուի իրադարձությունների առնչությամբ։ Եվ  եթե մեր օտարազգի բարեկամներն են մտահոգություն հայտնում, ուրեմն, հայկական կողմն անելիք ունի։     
-Կարծում եմ, կա հոգեբանական արգելանքի խնդիր, որը նույնիսկ տեղերում է զգացվում։ Եթե այսօր փորձ է արվում միջազգային կոնյունկտուրային համահունչ ինչ-որ քայլ ձեռնարկել կամ որևէ տեսակետ արտահայտել, ապա դա ըմբռնման չի արժանանում։ Այսօր ադրբեջանական կողմը բավականին նրբորեն օգտագործում է հրեական լոբբինգի հնարավորությունը։ Օրինակ, քննարկման նյութ է դարձրել 1918թ. Ղուբայի իրադարձությունները։ Ստեփան Շահումյանի գլխավորած կոմունիստական ռեժիմի զորքերն այնտեղ  հետապնդում են իրականացրել, եղել են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և այս ամենը ներկայացվում է որպես հայերի կողմից լեռնական հրեաների դեմ կազմակերպված ջարդ։ Գիտենք, որ հրեաները շատ զգայուն են իրենց վերաբերող երևույթների հանդեպ։ Իսկ մենք չենք կարողանում մի հայտարարությամբ միանալ ցեղասպանության զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հարգողներին, որպեսզի վաղը մեր մասին ասեն, որ ԼՂՀ-ն Սումգայիթի զոհերին սգալու պահին հիշում է նաև Հոլոքոսթի զոհերին։ Մենք պետք է  աշխատենք հրեաների հետ, քանի որ ամբողջ աշխարհին են հայտնի հրեական լոբբինգի հնարավորությունները։ 
Անդրադառնանք Խոջալուին. ադրբեջանցիները վերջերս 100 000 ստորագրությամբ հանրագիր հրապարակեցին Սպիտակ տան պաշտոնական կայքում։ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ եթե այդքան մարդ որևէ հարցով դիմում է ամերիկյան կառավարությանը, վերջինս պարտավոր է արձագանքել դրան։ Իսկ ադրբեջանցիները դրեցին ՙԽոջալուի ցեղասպանության՚ հարցը։ Ճիշտ է, նրանք ստացան շատ կոշտ պատասխան, բայց դա այսօրվա պատկերն է։ Ի՞նչ կլինի վաղը։ Չմոռանանք նաև, որ ադրբեջանցիներին մեծապես օգնում է նաև Թուրքիան՝ բոլոր խողովակներով։ Ի՞նչ ասենք նրան, որ ԱՄՆ-ի 7 նահանգ Խոջալուի դեպքերի կապակցությամբ արդեն տարբեր բնույթի հայտարարություններ են ընդունել։ Եվ եթե Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեն ինչ-որ հայտարարություն է արել, մենք չպիտի դրանից հետո սկսենք աշխատել այդ երկրի հետ։ Բոլոր երկրների հետ պետք է համակարգված աշխատանք տանել՝ շրջանառության մեջ դնելով փաստաթղթերի մի հավաքածու։ Բոլոր պետություններն ունեն իրենց կայքէջերը, որոնցում էլ պետք է տեղադրվեն այդ նյութերը, իսկ դրա համար անհրաժեշտ է համատեղել դիվանագիտական, հայկական սփյուռքի կառույցների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների ջանքերը։ 
- Խոջալուի խնդիրը տարիների հետ կարծես ավելի մեծ հնչողություն է ստանում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։  
-Ադրբեջանական կողմից չափազանց սուր է դրվել հարցը հատկապես վերջին տարիներին։ Տարբերակը, որ առաջ եմ քաշում, կարող է չափազանց համարձակ թվալ, բայց դրանում համոզված եմ։ Փորձ է արվում ադրբեջանական իշխանություններին ապահովագրել հետագա բացահայտումներից։ Մեր խնդիրն է ձգտել իրավական գնահատականի. եթե պետք է, կողմերը թող ստեղծեն  հանձնաժողով, որը կբացի ադրբեջանական պաշտպանության նախարարության փաստաթղթերը։ Մասնավորապես, փետրվարի 25-ին ժամը 14.30-ին նշանակված է եղել Ասկերանի վրա հարձակման  և Խոջալուի ապաշրջափակման գործողություն։ Այդ ժամին, սակայն, ոչ մի հրամանատար Աղդամի զորակայան չի ներկայացել։ Ինչո՞ւ չի իրականացվել այդ ռազմագործողությունը։ Աղդամի զորքերի հրետանու հրամանատար, գնդապետ Նեչիպորենկոն վկայել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչին, որ ինքը, կատարելով Ֆ. Հաջիևի հրամանը, ՙգրադ՚ կայանքից 2 լրիվ լիցք, այսինքն՝ 80 հրթիռ է արձակել Խոջալուի ուղղությամբ, որպեսզի օդանավակայանը ավերվի։ Իսկ ամենամեծ խուճապը, ըստ իրենց, առաջացել է օդանավակայանի մերձակա տները հրդեհվելուց հետո։ Նման փաստերն իրար կողքի դնելով՝ կարող ենք հստակ պատկերացում կազմել իրադարձությունների մասին։ Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանում բոլորը սպասում էին Մութալիբովի հրաժարականին։  
Ադրբեջանի այն ժամանակվա քաղաքական իրավիճակի գնահատականը տալու համար բավական է վկայակոչել Ժողովրդական ճակատի վերջնագիրն Այազ Մութալիբովին, որը տպագրվել է 1992թ. փետրվարի 18-ին, ՙԱզադլըղ՚ թերթում. ՙ...Եթե դուք կամավոր չհեռանաք, Ադրբեջանի ժողճակատը ստիպված կլինի չխուսափել արյունահեղությունից՚։  
 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ